Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Սերժը, Ռոբերտը, Լևոնն ու մյուսները ընդամենը ժամկետային ծառայողներ են» (Տեսանյութ)

Օգոստոս 21,2014 10:48

«Սասուն» ջոկատի Արշոյին Հրազդանում բոլորն են ճանաչում: Առաջին կարգի հաշմանդամ, քսաներկու տարի անվասայլակի ծանրությանը սովոր ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը երբեք չի կորցնում իր լավատեսությունը: Թե ինչու է պատերազմ գնացել, առանց վարանելու պատասխանում է` մեր պետականության, դրոշի, էրեխեքի համար: «Փառք Աստծու, այսօր երկու զավակ ու հինգ թոռ ունեմ»:

«Առավոտի» հետ հանդիպման ընթացքում մեր զրուցակիցը հպարտությամբ խոսեց վերջին շրջանում հայ-ադրբեջանական առճակատման և հայոց բանակի համախմբված դիմադրության մասին: Նա նշեց, որ 18-ամյա զինծառայողներն այսօր առավել մարտունակ են և պատրաստ պատերազմի: «Բավական է` իմ նման մեկը կանգնի զինվորի կողքին, և նա կոգևորվի: Թեկուզ կալյասկայի վրա խփեն ինձ, ես էլի կգնամ: Պիտի մոռանանք ամեն ինչ: Թքած կառավարության ու նախագահության վրա»:

Այն հարցին, թե արդյոք կիսու՞մ են նույն կարծիքն իր ազատամարտիկ ընկերները, բանախոսը պատասխանեց. «Շատերը հիասթափված են: Բայց վերջին օրերին ամեն առավոտ գնում-գալիս են, թե` Արշո՛, բա ի՞նչ ենք անելու, չե՞նք հավաքվում»:

Arshavir_Bozinyan_2

Զրույցի ժամանակ հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է ազատամարտիկը հոգում ընտանիքի ապրուստը: Պարզվեց, որ երկու որդիներն էլ արտագնա աշխատանքի են: Անդրադառնալով պետական կենսաթոշակին` նա հավելեց, որ նախագահը ամաչում է բարձրաձայնել, որ ազատամարտիկի կենսաթոշակը 5000 դրամով է ավելացել, այն դեպքում, երբ իրենը եռապատկվել է: «Փոխարենը ասում է, թե թոշակները 20-40 %-ով բարձրացրել են»:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ չեն պահանջում իրենց իրական հասանելիքը, պարոն Բոզինյանը պատասխանեց, որ զինվորը չպետք է մտնի քաղաքականություն: Նրա կարծիքով` կառավարությունն իր բոլոր սխալներն արդարացնում է նորանկախ պետություն լինելու պատճառաբանությամբ: «Ինչքա՞ն կարող ենք մեզ նորաստեղծ համարել` 5, 10, 20 տարի: Բայց չէ՞ որ մենք հազարամյակների պետություն ունեցող ժողովուրդ ենք»:

Վկայակոչելով պատերազմի տարիներին հայ ազգի ունեցած ձեռքբերումները` նա մեկնաբանեց, որ 1994թ հայ-ադրբեջանական պատերազմը իրականում ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դեմ էր: «Մենք կռվում էինք հզոր Թուրքիայի դեմ մեր բոբիկ հալով, բայց հաղթանակ տարանք»:

Մեծ պարտություն է համարում առաջին պետականության կորուստը. ինչպես ինքն է ասում` հայը հային չէր սիրում, չէր հավատում: «Մենք նորից պետականություն կորցնելու շեմին էինք: Բայց էդքան տառապանքից հետո մեջս ժպիտ զգացի, երբ հասկացա, որ ամեն ինչ կորած չի: Սերժը, Ռոբերտը, Լևոնն ու մյուսները ընդամենը ժամկետային ծառայողներ են. իրենց անուններն ուղղակի կգրվեն պատմության էջերում»:

Հանդիպման վերջում ազատամարտիկը կոչ արեց մայրերին երեխաների մեջ փոքրուց սեր սերմանել դեպի բանակը: «Գիտեմ` մենք մի օր հպարտանալու ենք մեր բանակով, պաշտպանության նախարարով և նախագահով: Ամեն ինչ լավ է լինելու»:


Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031