Գազի ոլորտի պատմության մեջ կան մարդիկ, որոնց գործունեության մեծությունը բնութագրվում է ոչ միայն ստեղծած օբյեկտների քանակով և կառուցված գազատարների երկարությամբ, այլ ավելի ընդգրկուն ներդրումով։ Նրանք ստեղծում են ամբողջական արտադրական համակարգեր, ձևավորում մասնագիտական ավանդույթներ, համախմբում մարդկանց ընդհանուր գործի շուրջ։ Հենց այդպիսի մարդկանց է, իրավամբ, կարելի համարել համակարգաստեղծ։
Այդպիսի եզակի մարդկանցից էր Գեորգի ԹԱԹԱՐՅԱՆԸ՝ ինժեներ և շինարար, արտադրության կազմակերպիչ և ղեկավար, ով նշանակալի հետագիծ է թողել Խորհրդային Միության և հատկապես Հայաստանի գազի արդյունաբերության պատմության մեջ։ Նրա մասնագիտական գործունեությունն ընդգրկել էր լայնածավալ շինարարության տասնամյակներ՝ ԽՍՀՄ տարբեր տարածաշրջաններում մայրուղային գազատարների կառուցումից մինչև Հայաստանի գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի զարգացում։
Գեորգի Թաթարյանը ծնվել է 1926 թվականի հունիսի 24-ին։ Աշխատանքային գործունեությունը սկսել է դեռ պատանի տարիքում, իսկ արդեն 1940-ականների վերջին աշխատում էր Խորհրդային Միության տարբեր անկյուններում։ Անցել էր երկար ճանապարհ՝ բրիգադավարից և աշխղեկից մինչև շինարարական վարչության, տրեստի պետ, ապա՝ ոլորտային միավորման ղեկավար։ Նրա ամբողջ մասնագիտական կենսագրությունն անմիջականորեն կապված էր նավթագազային ենթակառուցվածքների շինարարության հետ։
Այդ տարիները ոլորտի բուռն զարգացման ժամանակաշրջան էին․ կառուցվում էին հազարավոր կիլոմետրեր մայրուղային գազատարներ և բարդ ինժեներական կառույցներ, իսկ աշխատանքները հաճախ ընթանում էին դժվարամատչելի վայրերում, բնակլիմայական ծանր պայմաններում։
Կարդացեք նաև
Գեորգի Թաթարյանի աշխատանքային կենսագրության առավել նշանակալի էջերից էր «Ուրենգոյ — Պոմարի — Ուժգորոդ» գազատարի շինարարությունը։ Կային նաև այլ բարդ կառույցներ՝ «Օրջոնիկիձե — Թբիլիսի» գազատարը, որն անցնում էր Կովկասյան լեռնաշղթայով, «Օրենբուրգ — ԽՍՀՄ պետական սահման» («Սոյուզ») գազատարի Կարպատյան լեռներով անցնող հատվածը։ Խորհրդային Միությունում կառուցվող խողովակաշարերի առավել դժվարամատչելի լեռնային հատվածները վստահվում էին «Զակտրուբոպրովոդստրոյ» տրեստի կոլեկտիվին, որը ղեկավարում էր Թաթարյանը։ Դա վկայում էր ինչպես կոլեկտիվի մասնագիտական բարձր մակարդակի, այնպես էլ նրա ղեկավարի նկատմամբ ունեցած վստահության մասին։
Գեորգի Թաթարյանի կենսագրության մեջ առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում աշխատանքը Հայաստանում։ Հենց այստեղ նրա՝ շինարարի, ինժեների և կազմակերպչի մեծ փորձը ամբողջությամբ դրսևորվեց։ Նրա գործունեությունը համընկավ հանրապետության գազի համակարգի ինտենսիվ զարգացման ժամանակաշրջանի հետ։
Թաթարյանի անվան հետ է կապված մի շարք խոշոր նախագծերի իրականացումը, այդ թվում՝ «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս», «Բերդ — Սևան», «Եվլախ — Նախիջևան — Գորիս — Իլյիչևսկ — Երևան» մայրուղային գազատարների շինարարությունը։ Նա մասնակցել էր Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանի արդիականացման և զարգացման աշխատանքներին։ Այսօր Աբովյանի ԳՍՊԿ–ը գազամատակարարման համակարգի կարևորագույն բաղադրիչներից է և Հայաստանի ռազմավարական օբյեկտներից մեկը։
1980-ականներին Գեորգի Թաթարյանը գլխավորում էր Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկը՝ «Հայգազարդ» արտադրական միավորումը։ Մինչև 1990-ական թվականները հանրապետությունում ընդհանուր առմամբ կառուցվել էր 1700 կմ գերազանցող մայրուղային գազամուղներ և ավելի քան 50 գազաբաշխիչ կայան: Գազիֆիկացման ցուցանիշներով Հայաստանը ԽՍՀՄ հանրապետությունների շարքում առաջիններից էր. քաղաքներում այն կազմում էր 82,6 տոկոս, իսկ գյուղական վայրերում՝ 83,3 տոկոս:
Գեորգի Թաթարյանը չէր սահմանափակվում ընթացիկ արտադրական խնդիրների լուծմամբ, ձգտում էր տեսնել ոլորտի զարգացման հեռանկարները։ Դեռևս քառասուն տարի առաջ նրա նախաձեռնությամբ մշակվում էին բնական գազի հեղուկացման և պահպանման, ինչպես նաև վերագազիֆիկացման համալիրի ստեղծման նախագծեր։ Դա տեղի էր ունենում շատ ավելի վաղ, քան հեղուկացված բնական գազը դարձավ համաշխարհային էներգետիկ շուկայի նշանակալի բաղադրիչ։ Նախագծերը կյանքի չկոչվեցին, սակայն դրանց մշակման փաստն ինքնին վկայում է Թաթարյանի՝ հեռանկարային մտածելակերպի, ապագայի տեխնոլոգիական հնարավորությունները տեսնելու և իր ժամանակից զգալիորեն առաջ անցնող լուծումներ փնտրելու ունակությունների մասին։
Ամենածանր փորձություններից մեկը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժն էր։ Գեորգի Թաթարյանը նշանակալի դեր ունեցավ ավերված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների կազմակերպման գործում։ Նրա ջանքերով այդ աշխատանքներում ներգրավվեցին գազի ոլորտի ձեռնարկությունների մասնագետներ Խորհրդային Միության տարբեր շրջաններից։ Արտակարգ պայմաններում հատկապես դրսևորվեցին նրա փորձը, կազմակերպչական ունակությունները և պատասխանատվություն ստանձնելու կարողությունը։
Գեորգի Թաթարյանի հեղինակությունը չէր սահմանափակվում մասնագիտական հանրության շրջանակներով։ 1980-ականների վերջին նա ընտրվեց Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։ Սակայն պետական և հասարակական ասպարեզում ևս նա առաջին հերթին մնում էր արտադրության մարդ՝ շինարար, ով սովոր էր ապրել շինարարության ռիթմով և աշխատանքը գնահատել կոնկրետ արդյունքով։
Թաթարյանի կյանքում աշխատանքը առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում. նրա համար այն պարզապես մասնագիտություն չէր, այլ ապրելակերպ։
Նրա կյանքի մեծ մասն անցել է ոչ թե հարմարավետ աշխատասենյակներում, այլ խողովակաշարերի կառուցման հարթակներում և շինհրապարակներում՝ եռակցողների, շինարարների, հավաքակցողների կողքին, այն մասնագետների, որոնց աշխատանքն ու պրոֆեսիոնալիզմը հատկապես բարձր էր գնահատում։
Երկարամյա աշխատանքի, շինարարության ու գազի ոլորտների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Գեորգի Թաթարյանը արժանացել էր պետական պարգևների, այդ թվում՝ Աշխատանքային Կարմիր դրոշի և Ժողովուրդների բարեկամության շքանշանների։ 1985 թվականին նրան շնորհվել էր «Հայկական ԽՍՀ վաստակավոր շինարար» պատվավոր կոչումը։ Հետմահու նա պարգևատրվել էր «Անանիա Շիրակացի» մեդալով։
Գեորգի Թաթարյանը կյանքից հեռացավ 1991 թվականի ապրիլի 4-ին։
***
2026 թվականին լրացավ Գեորգի Թաթարյանի ծննդյան 100-ամյակը։ Տարելիցի կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանի նախաձեռնությամբ Ընկերության վարչական համալիրի տարածքում տեղադրվեց Գեորգի Թաթարյանի հուշարձանը։ Բացման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 7-ին և նվիրված էր գազի ոլորտի աշխատողների մասնագիտական օրվան։
Արարողությանը Աշոտ Հակոբյանը հատկանշեց Թաթարյանի դերը Կովկասյան լեռների բարձրադիր հատվածներով անցնող «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» մայրուղային գազատարի կառուցման գործում․
«1980-ականների սկզբին Գեորգի Թաթարյանը կարողացավ խորհրդային կառավարությանը ներկայացնել այդ գազատարի կառուցման անհրաժեշտությունը, լուծել բոլոր տեխնիկական խնդիրները և կազմակերպել 1200 մմ տրամագծով խողովակներով շինարարությունը։ Եվ բնական գազը, որը ներկայում ստանում է Հայաստանը, մատակարարվում է հենց այս լեգենդար մարդու կառուցած գազատարով»։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի խոսքով, անհրաժեշտ է պահպանել Թաթարյանի, նրա փառահեղ աշխատանքային ուղու մասին հիշատակը, և հենց այդ պատճառով էլ ծնվեց հուշարձանի գաղափարը․
«Ես իմ պարտքն եմ համարել պահպանել Գեորգի Թաթարյանի հիշատակը, քանի որ նրա ժառանգությունը, իրականացված նախագծերի մասշտաբը և անսահման նվիրվածությունն իր գործին շարունակում են մնալ Հայաստանի գազի ոլորտի պատմության կարևոր և անբաժանելի մասը, իսկ նրա աշխատանքային ուղին՝ օրինակ է մեզ համար»։
Կան կենսագրություններ, որոնք չեն ավարտվում դարաշրջանով, այլ շարունակում են ապրել նաև այսօր։ Տասնամյակներ առաջ կառուցված մայրուղիներով, ինչպես նախկինում, բնական գազ է փոխադրվում: Գեորգի Թաթարյանի օրոք ստեղծված օբյեկտները միասնական համակարգի մասն են, իսկ նրա կողմից ձևավորված մասնագիտական ավանդույթներն ու արժեքները փոխանցվում են մասնագետների նոր սերունդներին։
Հենց դրանում է, թերևս, դրսևորվում Գեորգի Թաթարյանի անհատականության առանձնահատկությունը՝ գործը, որին նա նվիրեց կյանքը, շարունակվում է։
«Առավոտ» օրաթերթ
23.09.2026




















































