Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրական հովիվը» ոչխարներին կպաշտպանի գայլերի հարձակումից

Սեպտեմբեր 26,2014 15:30

Վերջին տարիներին, ինչ գայլերն ակտիվացել են եւ սկսել են մեծ վնաս պատճառել գյուղացիներին՝ հոշոտելով մեծ քանակությամբ ոչխարների եւ արդեն նաեւ՝ խոշոր եղջերավորների, կառավարությունը որոշել է գայլորսի դուրս գալ: Կառավարության վերջին նիստին՝ սեպտեմբերի 18-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում կայացրեց բնապահպանության նախարարության միջոցով 20 միլիոն դրամ տրամադրել 200 գայլ որսալու համար՝ ամեն մի որսված գայլի դիմաց խոստանալով 100 հազար դրամ:
Գայլերից ազատվելու այս տարբերակն այնքան էլ որոշ բնապահպանների եւ ոլորտի մասնագետների սրտով չէ, քանի որ աշխարհում հայտնի են գայլերի դեմ պայքարելու ավելի արդյունավետ մեթոդներ, որոնք ե՛ւ բյուջեի փողերն ու կենդանիներին են խնայում, ե՛ւ խնդիրն են լուծում:

«Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» հիմնադիր Ռուբեն Խաչատրյանի համոզմամբ՝ 20 միլիոն դրամի շրջանակներում կարելի է «էլեկտրական հովիվներ» ձեռք բերել, որը եւ արդյունավետ միջոց է կենդանիներին պաշտպանելու համար, եւ ավելի մատչելի գնով կպաշտպանվեն մեծ տարածքները: Այս տարի, ըստ Ռուբեն Խաչատրյանի, հիմնադրամի կողմից մշակվել է այլընտրանքային պայքարի միջոց՝ գայլերի որսը կանխելու եւ ընտանի կենդանիների պաշտպանության համար, որը փորձնական կիրականացվի Արարատի մարզում. «Ծրագիրը միտում ունի սարերում այլընտրանքային էլեկտրաէներգիա օգտագործելով՝ ստեղծել էլեկտրական ցանցով պատված տարածք, որը կոչվում է «էլեկտրական հովիվ»:

Մեր զրուցակցի խոսքերով՝ համակարգը թույլ չի տա ոչ անտառի կենդանուն բնակավայր դուրս գալ, ոչ էլ ընտանի կենդանուն՝ վայրի տարածքներ մուտք գործել:
«Առավոտի» հետ զրույցում Ռուբեն Խաչատրյանն ասաց, որ գայլերն ու արջերը շատ զգայուն են էլեկտրաէներգիայի նկատմամբ, եւ մեկ անգամ դիպչելով՝ այդ կենդանիներն այլեւս հեռու կմնան էլեկտրական տարածքից. «Այս համակարգը կօգնի անվնաս պահել կենդանիներին, եւ նաեւ մասշտաբային ավելի մեծ տարածքներ ապահով կլինեն»:
Մինչեւ 3 հեկտար տարածք հսկող «էլեկտրական հովիվը», ըստ Ռուբեն Խաչատրյանի, կարժենա 800 դոլար. «Էլեկտրական ցանցերով կարելի է հսկել մինչեւ 5 հեկտար՝ կախված համապատասխան տարածքից եւ ռելիեֆից: Այս տարբերակով ե՛ւ անասնատերը, ե՛ւ վայրի բնությունը վնաս չեն կրի»:

Նրա կարծիքով՝ պետք է անցյալից հետեւություններ անել. «Օրինակ՝ սովետական ժամանակահատվածում հովազին «խփելու» համար պարգեւավճար էր սահմանված, քանի որ էլի անասնապահությանն էր սպառնում, բայց այսօր, երբ հետ ենք նայում, զարմանում ենք, թե ինչպե՞ս կարելի էր նման մոտեցում ցուցաբերել: Վստահ եմ՝ ապագա սերունդներն էլ նույնն են մտածելու մեր մոտեցումների մասին, որոնք այսօր կան: Գայլերի դեմ պայքարելու այս մեթոդը զարգացած մի քանի երկրներում հաջողության է հասել, մենք էլ այս տարի կփորձարկենք, եւ եթե արդյունքը գոհացուցիչ եղավ, այլ մարզեր եւս կընդգրկվեն ծրագրում»:

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը եւս կարծում է, որ «էլեկտրական հովվի» մեթոդն ամենաարդյունավետ պայքարի ձեւերից մեկն է:
«Առավոտի» հետ զրույցում գյուղապետն էլ գտնում է, որ պայքարի այս եղանակով անասնապահները ավելի ապահով կլինեն. «15 օր առաջ էր, երբ շրջակա գյուղերի արոտավայրերում գայլը հարձակվել եւ վնասել էր 11 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների, իսկ եթե արոտավայրը հսկվեր «էլեկտրական հովվի» կողմից, ոչ մի վնաս գյուղացին չէր կրի»: Ըստ գյուղապետի՝ ինչքան էլ գումար տրամադրվի գայլերի որսի համար, այդուհանդերձ՝ հարցը լուծում չի ստանա, քանի որ շատացել են գայլերը, եւ եթե հիմա՝ այս սեզոնին, գայլը միայնակ է հարձակվում, ապա երբ ձմեռը մոտենա, ոհմակով կլինեն, եւ պայքարելն էլ շատ ավելի դժվար կլինի. «Կարելի է նաեւ խոշոր անասնապահների գրանցված զենք տրամադրել. ինչո՞վ «խփեն» գայլին, երբ զենք չունեն, եւ բացի այդ՝ հովվի կյանքը ապահով կլինի. ինչքան էլ շները պահպանում են հոտը՝ հովիվը իրեն ապահով չի զգում»,- ասաց Ռաֆիկ Անդրեասյանը:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Rafael says:

    Էս ամբողջ հոդվածից պարզ չդարձավ, թե` ինչ է իրենից ներկայացնում այդ էլեկտրական հովիվը և ինչպես կարող է այդպիսի հսկայական տարածքներ վերահսկի: Ասում են արտասահմանում դա էֆեկտիվ է եղել, բայց ոչ մի կոնկրետ օրինակ: Հերթական գումարների անհետ կորուստի հոտ է գալիս այս նախագծից: Երկրորդը` իսկ եթե մարդիկ պատահաբար դիպչեն այդ, այսպես կոչված հովվին, այդ ժամանակ ով է պատասխան տալու դրա համար: Եվ երրորդը` եթե գայլերին մեկուսացնել վայրի միջավայրում, ապա դրանից նրանց կերակրացանկը չի մեծանա և նրանք ուղղակի սովամահության կմատնվեն, ինչը, ըստ ինձ ավելի դաժան է, քան դրանց որսալը: Չէ որ գայլերը տնային կենդանիների վրա են հարձակվում` անտառներում իրենց բնական կերի պակասի պատճառով:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930