Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով ժամանեց Հնդկաստան

Սեպտեմբեր 26,2014 13:25

Սեպտեմբերի 25-ին Ծայրագույն Արևելքի երկրներ կատարելիք Հովվապետական այցի շրջանակներում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Հնդկաստան: Նույն օրը Նորին Սրբությունն այցելեց Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցի՝ Հնդկաստանի հայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Զավեն աբեղա Յազիչյանի, Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանի, եկեղեցական վարչության անդամներ տիկ. Սյուզան Ռուբենի, պրն. Սունիլ Սոբթիի և հյուրերի ուղեկցությամբ: Եկեղեցու հարակից գերեզմանատանն աղոթք մատուցվեց ննջեցյալների հոգիների հանգստության համար:

Այնուհետև Վեհափառ Հայրապետն այցելեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ հնդկահայոց համայնքի անդամների հետ, նաև օրհնեց և բժշկության աղոթք կատարեց ծերանոցի բնակիչների համար: Հանդիպումից հետո եկեղեցու գերեզմանատանը կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Հնդկաստանում ապրած հայորդիների:

Նույն օրը Ամենայն Հայոց Հայրապետն այցելեց Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան, որտեղ ճեմարանի պաշտոնեությունը և աշակերտներն ավանդական աղ ու հացով դիմավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին` առաջնորդելով ճեմարանի դահլիճ:
Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով և Հայաստանի, Հնդկաստանի և ճեմարանի օրհներգերով: Այնուհետև Վեհափառ Հայրապետին ողջունեց ճեմարանի կառավարիչ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը` հույս հայտնելով, որ Նորից Սրբության այցը կխանդավառի ճեմարանականներին` առավել ջանասիրությամբ և նախանձախնդրությամբ ուսանելու հեռավոր Հնդկաստանում:

Հանդիսության ընթացքում ճեմարանի երգչախումբը կատարեց նշանավոր հայկական, հնդկական և բենգալյան ազգային երգեր, եղան պարային ելույթներ, սաները ասմունքեցին Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» պոեմը: Նորին Սրբության այցի առիթով իրենց ուրախությունն արտահայտեցին նաև ուսուցիչները, այս հատուկ առիթով ուսուցչուհի Սոմա Սարկարի կողմից կատարվեց բենգալյան երգ:

Ցերեկույթին ներկայացվեց նաև հնդկայահոց պատմությունը 17-րդ դարից մինչև մեր օրերը:
Հանդիսությունն ամփոփվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը շնորհավորեց համայնքին, ճեմարանի աշխատակազմին և աշակերտներին վերջին տարում արձանագրված հաջողությունների և առաջընթացի առիթով: Հայոց Հայրապետը հորդորեց մանկավարժներին շարունակել իրենց բարի և ազնիվ առաքելությունը՝ կրթելու մանուկների նոր սերնդին, և հորդորեց կրթական հաստատության սաներին գնահատել և լավագույնս յուրացնել իրենց ջամբվող գիտելիքը:

Վերջում Հայրապետի այցի առիթով տեղի ունեցավ ճաշկերույթ՝ մասնակցությամբ աշակերտների, ուսուցիչների և հյուրերի:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930