Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը մտահոգված է ԵԽԽՎ-ի զուսպ վերաբերմունքով. «Իսկ ո՞րն է եղել Ադրբեջանի պատասխանը» 

Հոկտեմբեր 02,2014 21:24


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի ժամանակ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Ադրբեջանում տիրող իրավիճակին, ԵԽԽՎ զուսպ պահվածքին, ինչպես նաև վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ակտիվորեն տարածվող մի ապատեղեկատվությանը:

Ելույթում մասնավորապես ուշադրություն է  հրավիրվում հետևյալ հանգամանքին. «Որպեսզի չխոսեմ որպես հայկական պատվիրակության անդամ՝ թույլ տվեք մեջբերել զեկույցը . «Վեհաժողովն արտահայտում է իր մտահոգությունը Ադրբեջանում զարգացումների և տեղ գտած թերությունների վերաբերյալ, մասնավորապես քաղաքական դրդապատճառներով մեծաքանակ քրեական հետապնդումների, լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ընդդիմության կողմնակիցների վրա գործադրվող ճնշմումների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության շարունակական վատթարացման վերաբերյալ»: Ադրբեջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ նախաձեռնություններ են ներկայացվել, զեկույցներ և բանաձևեր են ընդունվել, և շատերն էլ դեռ նախապատրաստական փուլում են գտնվում: Մարդու իրավունքների իրավիճակի մասին արտահայտվել են բազմաթիվ մտահոգություններ մեր իսկ կողմից, անգամ չեմ նշում Ադրբեջանում իրավապաշտպանների քրեական հետապնդումների վերաբերյալ բանաձևի ընդունմանն ուղղված ԵՄ Խորհրդարանի վերջին նախաձեռնությունը, նշված գործողությունները դատապարտվել են ԱՄՆ-ի կողմից, «Human Rights Watch»-ի, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների: «The Amnesty International-ը» իր հրապարակային հայտարարության մեջ ոչ միայն մեկ անգամ ևս նշել է այն հանգամանքը, որ մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը Ադրբեջանում օրեցօր վատթարանում է, այլև հանդես է եկել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի վարած քաղաքականության քննադատությամբ, մեջբերում եմ. «Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը չի մշակում ուժեղ եւ համախմբված դիրքորոշում Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչը իր հերթին ազդանշան է առ այն, որ ԵԽԽՎ-ն ինքն է դժվարանում գործել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա սպասելիքներին համապատասխան»:

Արփինե Հովհաննիսյանը հարց է բարձրացնում՝ իսկ ո՞րն է եղել Ադրբեջանի պատասխանն այս ամենին ու շարունակում. «Նախագահ Ալիևի կոպիտ և բռի ելո՞ւյթը այստեղ` Եվրոպայի Խորհրդում, հայտարարությո՞ւնը, որ Ադրբեջանում չկան քաղաքական բանտարկյալներ: Դրան հաջորդեց այն, որ ընդամենը մի քանի ամիս անց փորձագետն, որն այստեղ` Եվրոպայի Խորհրդում, ելույթ էր ունենում Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին, ինքը դարձավ քաղաքական բանտարկյալ: Դա՞ էր իրենց պատասխանն իրենց երկրում քաղաքական բանտարկյալների իրավիճակի մասին մեր հնչեցրած հարցերին»:

Հայ պատվիրակը նշում է, թե ԵԽԽՎ նախագահի՝ մեկ շաբաթ առաջ Բաքու այցելության հետ հույսեր էին կապում, թե նրա այցը կտա շոշափելի արդյունքներ և միևնույն ժամանակ հայտարարում. «Ակնհայտորեն մենք դյուրահավատ էինք, միակ դրական ձեռքբերումը, որ մենք կարող ենք փաստել, այն է, որ նա հանդիպել է 98 քաղբանտարկյալներից 2-ի հետ: Ակներև է, որ սա այն առավելագույն է, որին Վեհաժողովը կարող է հասնել մարդու իրավունքների, ժողորդավարության և օրինականության պաշտպանության իր պայքարում: Մենք կարող ենք գրել հազարավոր զեկույցներ, բայց այս մերժողականության և անտարբերության մթնոլորտում դա կորցնում է իր իմաստը»: 
Արփինե Հովհաննիսյանը եզրափակելով նշում է. «Վերջին օրերի ընթացքում այս դահլիճում ադրբեջանական պատվիրակության լոբբիի կողմից և և ընդամենը մի քանի ժամ առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից համառ փորձեր են կատարվում համոզել այս Վեհաժողովին, որ Ադրբեջանը ահաբեկված և մտահոգված է այն իրադարձություններով, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում, և այսպես կոչված ռուսական ագրեսիայի հաջորդ զոհը Ադրբեջանն է: Ցավոք սրտի, կան գործընկերներ, որոնք ընդունում են այս պնդումները: Այս համատեքսում թույլ տվեք երկրորդել Ադրբեջանի փոխվարչապետ Էյուբովի խոսքերը, որ ասել է. «Ոչ ոք չի կարող ծնկի բերել Ռուսաստանը, այն չի ընկրկի, ընդհակառակը ավելի կհզորանա: ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է գիտակցեն, որ կատարել են լուրջ սխալ՝ բանակակցությունների լեզուն փոխելով սանկցիաների լեզվի»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031