Այսօր Եռյակի հանրահավաքին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն Ազատության հրապարակում իր ելույթում ասաց, որ միայն իշխանափոխությամբ կարելի է երկիրն այս իրավիճակից դուրս բերել. «Ես կոչ եմ անում քաղաքական մյուս ուժերին, կազմակերպություններին, եթե դուք դեմ եք արտաքին քաղաքականությանը, ներքին քաղաքականությունը պետք է փոխեք մեր քաղաքացիների հետ միասին: Այս իշխանություններին մենք օր առաջ պետք է հեռացնենք: Ուրեմն միասին դեպի հաղթանակ, մինչեւ վերջնական հաղթանակ»:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքերով՝ ըստ Միգրացայի միջազգային կազմակերպության, արտերկրում միգրանտի կարգավիճակում գտնվող շուրջ 770 հազար ՀՀ քաղաքացի է եղել: Սրանք այն մարդիկ են, որոնք դեռեւս ՀՀ քաղաքացի են, բայց պաշտոնապես դիմել են այդ պետություններին՝ կեցության կարգավիճակ ստանալու համար. «ՌԴ-ում միայն վերջին տարիներին 400 հազար հայ մարդ քաղաքացիություն է ստացել: Հայաստանում կտրուկ նվազել են ամուսնությունները, կտրուկ աճել են ամուսնալուծությունները: Մեր հարեւան երկրներում միայն մեկ տարվա ընթացքում ծնվում է այնքան մարդ, ինչքան չկա Հայաստանում: Հայաստանը, հայությունը տարածաշրջանից վերանում է: Գյուղերը վերանում են: Սա այս իշխանության դմբո քաղաքականության արդյունքն է: Հայաստանում կա 142 հազար երեխա, որոնք դպրոց չեն հաճախում: 62 տոկոս մի տարվա մեջ ներդրումները ՀՀ-ում պակասում են: Հայաստանում մարդիկ փող չեն դնում: Հո ապուշ չեն, դնեն Սաշիկի գրպա՞նը լցնեն»:
Հավաքվածները, հատկապես Սաշիկ անունը լսելուց հետո, բուռն արձագանքեցին:
Արամ Մանուկյանը նաեւ ասաց, որ ՀՀ-ի առկա բնակչության 25 տոկոսը թոշակառու է: Եթե 15 տոկոսից ավելի է, այդ երկրները աշխարհում համարվում են ոչնչացող. «Հայաստանը ծերացող երկիր է: Սա ողբերգություն է: Հայը թողնում է իր երկիրը, մի քանի փնթի, մի քանի փողասեր, մի քանի անգրագետ եկել եւ գրավել են այս երկիրը: Կամ այս շարժումը մաքրում է այդ մի քանի հոգուն, կամ Հայաստանը սպառվում է: Խնդիրը ոչ թե պետք է լուծել, այլ անհապաղ պետք է լուծել: Սերժ Սարգսյանը գյադաների ժամանակ եկել է ու չի գնացել: Գյադաների հարցը պետք է լուծել այս երկրում»:
Կարդացեք նաև
Իր ելույթի վերջում նա հայտարարեց, որ մեզ պետք է անսերժ Հայաստան. «Սերժիկ, հեռացի՛ր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































