Լրահոս
Օրվա լրահոսը

Օդապարուկների օր Սևանում

Նոյեմբեր 17,2014 14:27

Նոյեմբերի 16-ին Սևանա լճի մոտ տեղակայված Արտանիշ գյուղի հրակից դաշտերից մեկն անսովոր մարդաշատ էր: «Օդապարուկների օր» բացօթյա միջոցառումը ուրախ աշխուժությամբ էր լցրել ոչ միայն դաշը, այլև այն ծածկող երկինքը:

Կազմակերպիչները հավատացած են, որ «Օդապարուկների օրը» ոչ միայն բացօթյա ժամանցի նոր մշակույթի ձևավորման լավ գործիք է, այլև մեր բնակլիմայական պայմանները արդյունավետ օգտագործելու հնարավորություն: Ափին տեղակայված Արտանիշ գյուղի հարակից դաշտերում օդապարուկների թռիչքը խանգարող շինություններ չկան, փոխարենն այստեղ փչող քամիները կարծես հատուկ ստեղծված են այս բացօթյա գունեղ ժամանցի համար:

«Քամիներն իմ մասնագիտությունն են,- ասում է նախաձեռնության գաղափարի հեղինակը` առագաստանավային սպորտի վարպետ, «Հայկական ճամբար» ՀԿ ղեկավար Սամվել Ռոստոմյանը:- Ջրում մենք վաղուց ենք քամիներն օգտագործում, մտածում էին դրանք նաև ցամաքում օգտագործելու մասին, ուստի առաջարկեցինք այդ հրաշալի քամիներն օգտագործել օդապարուկներ պարացնելու համար»:

Հրավերին արձագանքած մարդիկ Արտանիշ էին եկել տարբեր չափերի ու ձևերի օդապարուկներով: Միջոցառման նախապատրաստական փուլում կազմակերպիչները բոլոր ցանկացողներին հրավիրել էին «Հայկական ճամբար» ՀԿ գրասենյակ, որտեղ վերջիններս ավիամոդելավորող Ջորջ Նալբանդյանի օգնությամբ պատրաստված փայտե հատուկ կարկասների հիման վրա հնարավորություն էին ստացել պատրաստելու և ձևավորելու սեփական օդապարուկը: Ուստի պատահական չէր, որ օդում պարող օդապարուկների հիմնական մասը պատրաստված էր հենց մասնակիցների կողմից:

Միջոցառման մասնակիցների զգալի մասը օդապարուկ թռցնում էր առաջին անգամ: Հունի մեջ մտնելու համար, սակայն, երկար ժամանակ պետք չէր: Երեք ժամ շարունակ մասնակիցները դաշտում «քամի էին որսում» ու հետևում իրենց օդային բարեկամի ճախրանքին: «Շնորհակալություն կազմակերպիչներին հիանալի և անմոռանալի օր պարգևելու համար: «Պրեմիերան» հրաշալի անցավ, միջոցառումը կայացավ և այսօրվանից կնախապատրաստվենք մյուս տարվան: Երեխաները այս հրաշալի օրը չեն մոռանա ողջ կյանքում»,- իր տպավորությունների մասին է պատմում փոքրիկ դստեր հետ Արտանիշ եկած Սպարտակ Հովհաննիսյանը:

Կազմակերպիչներն այս անգամ հատուկ մրցույթներ չէին նախատեսել, սակայն ժյուրին խրախուսական մրցանակներ հանձնեց  միջոցառման «Ամենաանսպասելի» և «Ամենառոմատիկ» օդապարուկների տերերին: Խորհրդնշական բաժակներ ստացան նաև գրանցված ամենամեծ և ամենափոքրիկ մասնակիցները:

Նախագիծն իրականացվել էր «Օսըմ» (Awesome) հիմնադրամի երևանյան մասնաճյուղի ֆինանսավորմամբ: Խորհրդանշական է, որ «ԱմենաՕսըմ» մասնակից» անվանակարգի հաղթող ճանաչվեց 1-ին համարի մասնակիցը, ում սեփական ձեռքերով պատրաստած օդապարուկը ամենից բարձրն էր ճախրում::

Գաղափարի հեղինակ Սամվել Ռոստոմյանը կարծում է, որ միջոցառումը կարող է դառնալ ամենամյա. «Ամբողջ աշխարհում հոկտեմբեր ամսվա 2-րդ կիրակին նշվում է որպես օդապարուկների օր: Մենք էլ կարող ենք միանալ այդ շարժմանը: Կարծում եմ Արտանիշի դաշտերը հրաշալի տեղ են օդապարուկների ամենամյա փառատոնի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930