Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիրքն ընթերցելիս վիճում էի հեղինակի հետ».Ստեփան Սաֆարյան

Դեկտեմբեր 04,2014 21:59

Վերլուծաբան, «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանն այսօր «Խորհուրդ են տալիս հայտնիները»  նախագծի շրջանակներում ներկայացրեց Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկներ»  վեպը՝   սիրելի դարձած էջերը նախապես ծալված գրքի իր  օրինակի հետ միասին:

Վերլուծաբանն անկեղծացավ. սկզբում ցանկանում էր Ջեյն Օսթինի «Հպարտություն  և նախապաշարմունք»-ը  քննարկել, սակայն  այն արդեն  Անահիտ Բախշյանն էր ընտրել: Ստեփան Սաֆարյանին դա չկանգնեցրեց, փորձեց  տիկին Բախշյանին համոզել ու փոխանակվել գրքերով, սակայն փորձերն ապարդյուն էին: «Գրքակիռվը» ավարտվեց նրանով, որ  պարոն Սաֆարյանը  «Տարրական մասնիկները» կարդաց՝ սկզբում  դժվարությամբ, հետո արդեն՝ հաճույքով: Հատուկ նախագծի համար է ընթերցել գիրքն  ու շատ հավանել ժամանակին արգելված ստեղծագործությունը, հետագայում պատրաստվում է վերընթերցել:

«Ինձ համար գիրքը չափազանց դժվար էր կարդալ՝ չնայած նրան, որ լավ տիրապետում էի գրքում տեղ գտած ոլորտներին՝ իր ոճի, տարօրինակ կառուցվածքի, նաև՝ սյուժեների պատճառով: Գիրքն ընթերցելիս  անընդհատ վիճում էի հեղինակի հետ ու կռիվը շարունակվեց մինչև վերջին էջը: Այդ իմաստով եզակի գիրք է, այսպիսի բան ինձ հետ չէր պատահել: Անընդհատ կոնֆլիկտ ունեի Միշել Ուելբքի հետ,  փորձում էի հարմարվել անակնկալներին, բայց  ամեն նոր իրավիճակում էլի բախում էի ունենում»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Նա վստահեցրեց, որ  եթե ներկա գտնվողներից յուրաքանչյուրը խոսի գրքի մասին, բացարձակ տարբեր կերպով կներկայացնի:  Սրա «մեղավորը», ըստ Ստեփան Սաֆարյանի, գրքի բարդ ոճն է. «Ընթերցողը հայտնվում է բազմաչափ տարածության մեջ: Տեսարաններն անընդհատ փոփոխվում էին: Ես անընդհատ պատկերացնում էի, որ հասել եմ տարածության ինչ-որ  մի գագաթի, որտեղից այն կտրուկ բեկվում է և քո առջև ամբողջ տեսարանը, լանդշաֆտը, մորֆոլոգիան միանգամից փոխվում է: Եվ դու, իսկապես, շատ արագ՝ մի քանի էջերի մեջ, հայտնվում  ես  տարածության տարբեր վայրերի,ժամանակների մեջ: Անպատկերացնելի խաղ է կատարել հեղինակը տարածության և ժամանակի հետ: Նա մեծագույն տաղանդ է ունեցել՝ ճշգրիտ գիտության լեզվով մարդկային կյանքը շարադրելու համար:

Ուելբեքը ընտրել է երկու կերպար, որոնց օգնությամբ ցույց է տալիս ոչ միայն արևմտյան քաղաքակրթության էվոլյուցիան, այլ նաև այն պարադիգման, որն ավելացրել է կյանքը»:

Գրքի հիմնական գաղափարի մասին խոսելով, վերլուծաբանն ասաց. «Ոմանք «Տարրական մասնիկները» համարում են արևմտյան քաղաքակրթության շատ դաժան քննադատություն: Կա քննադատություն, բայց ես մերժում դրա տակ  չեմ տեսնում, այսինքն՝ Միշել Ուելբեքը չի մերժում մեր հիմնական քաղաքակրթությունը: Նա, թերևս, հեգնում է այն արժեքները, որոնցով շարունակում են ապրել մարդիկ, հեգնում է այն ձևը, որոնք ստանում են այդ արժեքների արդյունքում: Նա համարում է, որ եթե կյանքում չլինի փոփոխություն, ապա դա կբերի մայրամուտի: Գրքի ամբողջ ուղերձն, իմ կարծիքով, հենց սա է: Սա կվերաբերվի ամբողջ քաղաքակրթությանը թե կոնկրետ անձի՝ կարևոր չէ: Ի վերջո, եթե չփոխես ինչ-որ բան, մայրամուտն ավելի արագ կմոտենա»:

Սյունե ՍԵՒԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031