Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկածներ, անվստահություն, անհամապատասխանություններ. «Ազգ»

Հունվար 16,2015 12:46

Մենք, ինչպես ամեն նորմալ մարդ, կողմ ենք գործի իրավական գնահատականներին միայն: Սակայն հասարակությունում առկա տրամադրություններն անտեսելն ու դրանք չբարձրաձայնելն էլ ճիշտ չէ` սպասելով հանդերձ տրամաբանական իրավական եզրակացությունների: Եվ, իհարկե, լրագրողը պետք է տարբերվի սոցիալական ցանցում կարծիք հայտնողներից, որոնք առանց խորանալու ասում են` մաս-մաս անել, ձեթի մեջ տապակել, ընտանիքին կոտորել եւ այլն, չփորձելով որոնել սարսափելի հանցագործության շարժառիթները: Չնայած` շատերն էլ զարմանում են բազմաթիվ անտրամաբանական փաստերից, որոնք, ի դեպ, հղում անելով հանցագործի առաջին ցուցմունքներին, նաեւ հայկական իրավապահներն են բարձրաձայնել: Ու դրանց մասին արդեն բազմաթիվ հոդվածներ են գրվել, բայց միեւնույն է, հանրությունը դեռ չի հասկանում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության շարժառիթների տրամաբանությունը, փաստաշարի անհեթեթության պատճառով:

Սոցիալական ցանցերում շերլոկհոլմսերի մի ողջ բազմություն է վարկածներ առաջ քաշում: Անհավանականները` մի կողմ, բայց արժե նաեւ այն վարկածի ուղղությամբ աշխատել, որ գուցե մի ողջ խումբ են եղել հանցագործները, խմած զինվորներ, մեքենա էլ են ունեցել, չգիտենք` ի՞նչ նպատակներով են եկել հենց այդ տուն, ինչից` ինչ է ստեղծվել, հետո իրենցից ամենախոցելիին են հանձնել գուցե, էն էլ արդեն հոգեկան հիվանդ են սարքում: Թե` հոգեկան հիվանդներն ինչու եւ ինչպես են ծառայում ռազմաբազայում: Բացի այդ` հանցագործության ձեռագիրը, սվինով երեխային վնասելը, լրիվ հանցագործության այլ` մեր ազգին քաջ հայտնի ստերեոտիպ է հիշեցնում, լավ է, գոնե, որ վեց ամսական փոքրիկը փրկվեց, ու հիմա կարծես առողջանում է: Կամ Պերմյակովի մոտ հայտնաբերված երեք հեռախոսն ո՞ւմն էին, եթե գողացված են` ինչու, ոսկեղենը չի գողացել` հեռախոսներն է վերցրել, ում հետ է կապվել. կամ միգուցե հանցակիցների՞նն են…

Այս վարկածները ծնվում են պաշտոնական վարկածի անտրամաբանական լինելու եւ հանցագործության շարժառիթների հստակ չերեւալու պատճառով, ու իսկապես հայկական իրավապահ մարմինները շատ բան ունեն պարզելու:

Ու, բնականաբար, հանրության մոտ ծագող հարցերը պատասխան են ուզում, եթե այդ հարցերը պատասխան չունենան, այժմ Գյումրիում եւ Հայաստանում բարձրացող արդարացի բողոքի ալիքը դժվար կլինի լիցքաթափել, կավելանան հարցադրումները, թե այդպիսի զինվոր ունեցող, արածները պարտակել ցանկացող սահմանապահն արդյոք ի վիճակի՞ է պաշտպանել հայոց սահմանը: Ու սա քաղաքականացնելու, ու հատկապես հակառուսականության հետ որեւէ աղերս չունի` պարզ ինքնապահպանման բնազդից բխող, երկիր ու պետություն ունեցողի վարքագիծ է:

Իսկ հանցագործին (հանցագործներին) Հայաստանի իրավապահներին չհանձնելու եւ այս առիթով երկուստեք` ռուսական եւ հայկական կողմերից ՌԴ սահմանադրության վաթսունմեկերորդ կետի մատնացույց անելը ավելի խփեց Հայաստանի իշխանությունների եւ իրավապահ մարմինների` հանրության մոտ վստահությանն ու վարկին` հիմք տալով նաեւ կասկածելու, որ հանցագործությունն իրապես բացահայտելու մասին պետք է հույս չունենալ:

Իսկ միգուցե հենց ռուսական կողմը, իր ռազմական բազայի հեղինակության բարձրացման նպատակահարմարությունից ելնելով` կատարվածի հետաքննությունը հանձնի հայ իրավապահներին, մանավանդ ռուսական հրապարակումներում էլ մտահոգություններ, սպանդի պատճառով հայ-ռուսական հարաբերությունների` գոնե կենցաղային մակարդակով չվատթարացնելու ուղղությամբ, կան:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031