Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկերից որոշները կամ կմիավորվեն, կամ` կփակվեն

Հունվար 21,2015 20:05

2014 թվականի վերջին կենտրոնական բանկի (ԿԲ)խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում գործող առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը բարձրացնել` ներկայիս 5 միլիարդ դրամ նվազագույն շեմը դարձնել 30 միլիարդ։ Ընդ որում, նոր ստեղծվող բանկերն արդեն այս տարի պետք է նվազագույնը 30 միլիարդ դրամ սեփական կապիտալ ունենան, որպեսզի թույլատրվի գործունեություն ծավալել, իսկ արդեն գործողներն էլ, ըստ ԿԲ-ի որոշման, մինչեւ 2017 թվականն իրենց կապիտալը պետք է հասցնեն 30 միլիարդ դրամի:

Միանշանակ է, որ ԿԲ-ի այս որոշումը հանգեցնելու է բանկերի խոշորացման, եւ որոշ բանկեր հնարավոր է, որ միավորվեն: Օրինակ` Հայաստանում գործող 21 առեւտրային բանկերից որոշների սեփական կապիտալը 10 միլիարդ դրամի շեմն էլ չի անցնում: Եթե այս բանկերը փորձեն իրենց կապիտալը մեծացնել, որպեսզի «ապրեն» նաեւ 2017 թվականից հետո, ապա ստիպված են լինելու կամ ներդրումներ կատարել, ինչը շատ դժվար կլինի, կամ էլ`միավորվել:

Aravot.am-ի հետ զրույցում նախկին բանկիր, «Կոնվերս բանկի» ստեղծող, ԿԲ խորհրդի նախկին անդամ Սմբատ Նասիբյանն ասաց, որ բանկերի միավորմամբ եւ խոշորացմամբ, դրանք  ավելի կայուն կլինեն, եւ ԿԲ-ի կողմից ավելի հեշտ վերահսկելի: «Ընդհանրապես գոյություն ունի բանկերի խոշորացման խնդիր, որովհետեւ բանկերի շահութաբերությունը ցածր է, սա բերում է նրան, որ մարժաները գցում են, հիվանդ բանկերը կարծես թե ազդում են խոշորների վրա: Բնական պրոցես է, բայց կարծես թե մեզ մոտ  մի քիչ շատ է»,-ասաց Նասիբյանը: Նրա  կարծիքով` 30 միլիարդ դրամն արգելող շեմ է, շատ քիչ երկրներ կան, որոնք այսպիսի բարձր շեմ են սահմանում: Բացի այս, ըստ Սմբատ Նասիբյանի, Հայաստանում մարժաններն ու բանակային համակարգի շահույթն այնքան փոքր է, որ կապիտալի այդքան մեծացումը «ROE»-ի (կապիտալի նկատմամբ շահութաբերության գործակիցը) առումով, առանց այն էլ Հայաստանում ցածր է. «Այդ գործակիցը մոտ 10 %-է, սա շատ քիչ է: Պատկերացրեք, որ կապիտալի գումարը մեծանում է, բայց շահույթը չի մեծանում, որովհետեւ համակարգի ցուցանիշը, ճիշտ է աճման միտում ունի` ծառայությունների մատուցման եւ որակի հաշվին, բայց միեւնույն է, շահույթի մեծությունը տարեկան 5% է: Ո՞վ ներդրում կանի Հայաստանի բանկային համակարգում, եթե շահույթ չի ստանալու: Կապիտալ ներդրում են, որ շահույթ ստանան, իսկ մեզ մոտ շահույթ ստանալու ակնկալիքները բավականին քիչ են: Երեւի, այն նպատակները, որոնց համար ԿԲ-ն որոշում է կայացրել, ավելի կարեւոր է համակարգի կայունացման համար»:

Aravot.am-ի այն հարցին` արդյոք 21 առեւտրային բանկերը մեր փոքր շուկայի համար շատ չե՞ն, պարոն Նասիբյանն ասաց. «Տեսեք` ամբողջ Հայաստանի բանկերի շահույթը կարծեմ` 100 միլիոն դոլարը չի անցնում, համեմատելու համար, ասեմ` եթե 5-10 միլիոն դոլար շահույթի համար են աշխատում, ծիծաղելու թիվ է: Այս բանկերն իրար մեջ մրցակցում են 100 միլիոնի համար, այսինքն, միջին հաշվով 10 միլիոն դոլար էլ չի ամեն բանկի համար, ուրեմն իրենց զարգացման համար փող չեն ունենում: Մյուս կողմից էլ, եթե բանկերը կապիտալը պիտի մեծացնեն»: Պարոն Նասիբյանի կարծիքով, բանկերը պետք է կարողանան ֆինանսական ռեսուրսներ ներգրավել, բայց հաշվի առնելով շահութաբերությունը, ապա ներդրողներին այնքան էլ ձեռնտու չի լինի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031