Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նույնիսկ թոշակառուն բացակայում է, իրավունք չունի՞ իր վաստակած թոշակը ստանալու

Փետրվար 02,2015 15:00

Արձագանքելով «Առավոտ» օրաթերթի 2015 թվականի հունվարի 28-ի համարում տպագրված «Թոշակառուն պարտավոր է բանկ ներկայանալ» հոդվածին, որը Սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) պատասխանն էր քաղաքացի Մ. Մանուկյանի բարձրացրած մտահոգություններին, պարոն Մանուկյանը գտնում է, որ ՍԱՊԾ-ն յուրովի է մեկնաբանում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը: Նրա ներկայացմամբ. «Իմ հայրը՝ Գ. Մանուկյանը, 87 տարեկան է, ունի 62 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժ, 2-րդ կարգի հաշմանդամ է, զրկված է տեղաշարժվելու հնարավորությունից, թոշակը ստանում է «Արդշինինվեստբանկ»-ի VISA քարտով, եւ որպեսզի շարունակի թոշակի հետագա ստացումը, նա, ըստ պատկան մարմինների, պարտավոր է ներկայանալ բանկ՝ այդ եղանակով ապացուցելու իր ողջ եւ առողջ լինելու փաստը: Այդ հոդվածում ես բարձրացրել եմ հետեւյալ հարցը՝ արդյոք ՀՀ քաղաքացին պարտավո՞ր է, որ ինքն անձամբ ապացուցի իր ողջ եւ առողջ լինելու փաստը: Եթե որեւէ մեկը կասկածում է, ապա դա նրա խնդիրն է, եւ ինքը պետք է այն լուծի՝ չառաջացնելով անլուծելի խնդիրներ ՀՀ քաղաքացու համար:

Այժմ անդրադառնամ ՍԱՊԾ-ի արձագանքին: Այդ հոդվածում փաստվում է, որ «ՀՀ-ում կենսաթոշակի վճարումն իրականացվում է 2 եղանակով՝ կանխիկ՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով, եւ անկանխիկ՝ ՍԱՊԾ-ի հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկերի միջոցով: Առաջին եղանակի դեպքում նշվում է, որ «թոշակառուի ընտրությամբ կենսաթոշակը վճարվում է փոստում, կամ փոստատարն անձամբ այցելում է թոշակառուի բնակչության պետական ռեգիստրում գրանցված հասցե եւ վճարում կենսաթոշակը»: Այս դեպքում արդյոք թոշակառուն կարիք չունի՞ ապացուցելու իր ողջ եւ առողջ լինելու փաստը, թե՞ ՍԱՊԾ-ն այս դեպքի համար ունի այլ մեխանիզմ, եւ ո՞րն է այն: Երկրորդ եղանակի դեպքում տեղեկացվում է ինձ, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում ասված է. «Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալ (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ եւ հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին»: Այս դեպքում տեղաշարժվելու հնարավորությունից զրկված թոշակառուին առաջարկում են ներկայանալ բանկ՝ ապացուցելու համար իր ողջ եւ առողջ լինելու փաստը, որպեսզի շարունակվի նրա կենսաթոշակի վճարումը:

Օրենքը վկայակոչելուց առաջ լավ կլիներ ՍԱՊԾ-ում այն վերլուծեին: Արդյոք օրենքը մերժո՞ւմ է թոշակառուի իրավունքը՝ անկանխիկ եղանակով ստանալու իր թոշակը, եթե նա չի կարողանում ներկայանալ բանկ՝ ապացուցելու համար իր ողջ եւ առողջ լինելու փաստը՝ ելնելով առողջական խնդիրներից: Եթե մի պահ փորձենք հավատալ այն բանին, որ նման պրոցեդուրայի միջոցով ՍԱՊԾ-ը ուզում է պարզել թոշակառուի բացակայությունը ՀՀ-ից (եւ ոչ նրա ողջ եւ առողջ լինելու փաստը), ապա այդ դեպքում տեղաշարժվելու հնարավորությունից զրկված թոշակառուի ներկայությունը ՀՀ-ում կարելի է պարզել՝ այցելելով թոշակառուի բնակարան: Ինչը առաջարկել եմ բանկում, եւ որը մերժվեց այն փաստարկով, որ թոշակառուին պետք է նկարեն բանկում՝ ՍԱՊԾ պահանջով: Այստեղ տեղին է նշել, որ ՍԱՊԾ-ի կողմից դիտարկված օրենքը չի ենթադրում նման մեթոդների կիրառում: Դժվարանում եմ ասել, թե ինչ սկզբունքներով է ղեկավարվում ՍԱՊԾ-ը՝ նման մոտեցում ցուցաբերելով հասարակության այս խոցելի խավի նկատմամբ, եւ որոնք են դրանց դրդապատճառները: Ես հեռու եմ այն մտքից, որ տամ գնահատական ՀՀ օրենքին, բայց որպես ՀՀ հարկատու քաղաքացի՝ ուզում եմ բարձրացնել հետեւյալ հարցը. եթե ՀՀ թոշակառուն բացակայում է երկրից, ի՞նչ է, իրավունք չունի՞ իր քրտինքով վաստակած թոշակը ստանալու:

Ստացվում է մի տպավորություն, որ ՍԱՊԾ-ն ունի միայն իրավունք եւ չունի պարտականություն հասարակության այն խավի նկատմամբ, որի հոգսերը լուծելու համար է կյանքի կոչված: Արդյոք այդ կառույցի պարտականությունը չէ՞, որ թոշակառուն ստանա իր հերթական թոշակը փետրվար ամսին: Փոխանակ ՍԱՊԾ-ն հանդես գար յուրովի մեկնաբանությամբ խնդրո առարկա հարցի կապակցությամբ, լավ կլիներ իր վրա դրված պարտականությունները կատարեր՝ վերացնելով իր իսկ կողմից առաջարկված արհեստական խոչընդոտները»:

Մ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԵՊՀ դոցենտ, ֆ.մ.գ.թ.

«Առավոտ» օրաթերթ
31.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728