Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը հիշեցնում է իր գրազը, Վարդան Այվազյանը նետում՝ «Ձե՞զ ինչ, որ ժողովուրդն ընդվզել է»

Փետրվար 02,2015 18:19

Այսօր ԱԺ-ում քննարկվեց «Շրջանառության հարկի» մասին խնդրահարույց նախագիծը, որով հիմա էլ առաջարկվում է փաստաթղթավորման պարտադիր պահանջը հետաձգել մինչեւ հուլիսի 1-ը:

ՀՀԿ պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն իր խոսքում ասաց, որ ժողովրդի բողոքի ալիքից չէ, որ իրենք գնում են փոփոխությունների, այլ գտնում են, որ խնդիրներ կան՝ օրենքն ուժի մեջ դնելու համար:

Սա բարկացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին: Նրա խոսքերով՝ «Եթե քաղաքական ուժը շրջանցում է խնդիրը եւ բլեֆ է անում, դրանով քաղաքական ուժի նկատմամբ հարգանքը չի աճում: Շաբաթ օրով կառավարությունը բանուգործ թողել էր, հանկարծ որոշեց, որ հիմնավոր փոփոխությունների կարիք կա այս օրենքում, հասավ այստեղ, արտակարգի ձեւով մտավ օրակարգ: Ինչո՞ւ չեք իրականության հետ հաշվի նստում եւ ասում, որ կա պրոբլեմ: Միրումյանի հետ նստեիք, ձեր ասած հիմնավոր տեսակետները բերեիք, ոչ թե ափալ-թափալ այսպես քննարկեիք: Անընդհատ կրկնում եք, որ ընդվզումն արդյունք չի տվել: Միայն ընդվզման արդյունքում կառավարությունը շաբաթ օրով որոշում կայացրեց: Ազնիվ եղեք ասեք»:

Վարդան Այվազյանն էլ պատասխանեց. «Ասենք ընդվզել են, ձե՞զ ինչ, դո՞ւք ինչ կապ ունեք դրա հետ: Ասենք, մարդիկ երկու միկրոֆոն են հանել, միտինգ են արել, չի նշանակում ժողովուրդը: Ես ձեզ տղամարդավարի ասում եմ՝ սա դեռ ամբողջապես որպես փաստաթուղթ չենք ապահովել: Պրոբլեմ ունենք, ասում ենք: Այդ ճնշումն էլ դուք չեք կազմակերպել, ժողովուրդն է կազմակերպել: Ժողովուրդը պրոբլեմ ունի: Խնդիր կա, եթե ունեք լուծումը, ես շատ մեծ ուշադրությամբ պատրաստ եմ մնալու եւ փորձեմ այդ խնդիրը լուծելու: Հստակ ասում ենք՝ օգնության կարիք ունեն 58 մլն շրջանառության հարկ ունեցողները: Բայց պետք է իմանանք, որ այդ 58 մլն-ն իրական 58 շրջանառություն ունեցողներն են: Դուք լուծումն առաջարկեք: Մենակ ասեք վատ է, դրանից ոչ մի բան չի փոխվում: Տունը կամաց-կամաց են սարքում, պարոն Մանուկյան: Բա ժողովրդին պետք է լսենք, իր պրոբլեմն է, քաղաքական կամքը դրանում է: Բայց դրա հետ կապված լուծումը պետք է տալ»:

Արամ Մանուկյանն էլ հակադարձեց, թե «Մինչեւ ժողովրդի ըմբոստացումը մենք մի քանի անգամ կազմակերպեցինք քննարկում Գալուստ Սահակյանի մոտ եւ այն վտանգների մասին, ինչ հիմա կա, մենք զգուշացնում էինք: Նույնիսկ գրազ էի գալիս՝ սա չի լինի, չեք կարողանալու իրականացնել: Երբ ասում ենք պրոբլեմ կա, եկեք սենյակում լուծենք, չեք գալիս, հետո ժողովուրդն ըմբոստանում է, դա եմ ուզում արձանագրել: Ժողովուրդը չի իրականացնի այն, ինչ դուք առաջարկում եք: Մինչեւ հիմա լուծումը չունեք ոնց անեք այդ բարեփոխումը»:

Վարդան Այվազյանն ասաց, որ լուծումն իր մեջ կա. «Երբ հիմա ուզում են գույքագրել, մոտ 69 տոկոսը փետրվարի 1-ի դրությամբ ներկայացրել է, որ ինքը պատրաստ է աշխատել այս տարբերակով: Բայց մաքսազերծման ամբողջ գործընթացը դրա հետ պետք է կապված լինի: Ոսկու շուկայի հետ կապված խնդիրն այլ խնդիր է: Դա էլ պետք է կարգավորվի, որովհետեւ եթե կեսը լուծում ես, կեսը չես լուծում՝ մեջտեղում խնդիր է լինում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728