Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Առաջին դասարանցուն դուրս են թողել դպրոցից

Մարտ 07,2015 13:00

Երեխայի հայրը՝ Իգոր Չեպելը, պնդում է, որ ոտնահարվել են
երեխայի իրավունքները

«Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վերջերս նիստ է հրավիրել, որի արդյունքում որոշվել է լուծարել առաջին դասարանցի Հովհաննես Չեպելի ներկայացուցչի հետ պայմանագիրը:

Հովհաննեսի հայրը՝ Իգոր Չեպելը, մտահոգված է: «Առավոտի» հետ զրույցում նա պատմեց, որ Դիլիջանի 2-րդ դպրոցում սովորող իր որդին, մասնակցելով «Այբ» դպրոցի 2014թ. հայտարարված մրցույթին, փայլուն ցուցանիշներով ընդունվել է «Այբ» դպրոցի առաջին դասարան, ինչի համար դպրոցից զանգել ու շնորհավորել են. «Ես ու կինս տարբեր կարծիքներ ունեինք՝ այն առումով, որ ես ուզում էի երեխան տարի չկորցնելու համար սովորի երկրորդ դասարանում, իսկ կինս ցանկանում էր, որ տղաս սովորի առաջին դասարանում, որպեսզի իրենց ծրագրին համահունչ սովորի: Մի խոսքով՝ երեխան ընդունվել է առաջին դասարան: Հիմա տարվա կեսից տղայիս հեռացրել են դպրոցից, ասում են՝ իբր ստել ենք ու չենք նշել, որ երեխան ուրիշ դպրոցում է սովորել: Ի դեպ, հոգաբարձուների խորհրդի նիստը հրավիրել են առանց ծնողի մասնակցության եւ 6 հոգով որոշել Հովհաննեսին դուրս թողնել դպրոցից:

Բայց չէ՞ որ այդպես ոտնահարվել է երեխայի կրթության իրավունքը, խախտվել «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթները: Տարվա կեսից տղայիս այլ դպրոցներ չեն ընդունում, բոլորն ասում են՝ միտում կա, եթե ուզում էին հանել, թող ավելի շուտ ասեին: Ու «Այբը» ոչ մի կերպ էլ չի օժանդակում, որ մեր երեխային գոնե այլ դպրոց ընդունեն: Եթե հարցը չլուծվի երեխայի իրավունքների վերականգնման համատեքստում, դիմելու ենք դատարան»: Ծնողը կասկածներ ունի, որ իրենց երեխային դուրս թողնելով, գուցե ինչ-որ մեկի երեխայի համար են տեղ բացում: «Մեր երեխան լավագույն սովորողներից է, ուսուցիչները կարող են փաստել, նկարն էլ «Այբի» դպրոցի պատին փակցված է, հիմա ո՞նց են այդ երեխային անմարդկային ձեւով դպրոցից հանում ու սթրեսի ենթարկում»,- տարակուսանքով ասում է Իգոր Չեպելը:

Նա դիմել է ռուսական համայնքի ղեկավարին, Մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության եւ ԿԳ նախարարություններ:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին գրած նամակում ծնողը, ներկայացնելով իրավիճակը, նաեւ խնդրել է պարզաբանել. «Արդյոք ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքը թույլ չի՞ տալիս վերը նշված ընթացակարգով երեխայի գործերը մեկ դպրոցից տեղափոխել այլ դպրոց (առաջինից նորից առաջին դասարան), եւ արդյոք մեր կողմից խախտվե՞լ է օրենք կամ ընթացակարգ, որը կարող է հիմք հանդիսանալ առաջին դասարանցի երեխային հեռացնելու դպրոցից՝ ուսումնական տարին չբոլորած»: ԿԳ նախարարությունից աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանի ստորագրությամբ ստացվել է նման պատասխան. «Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝ սովորողների ընդունելությունը ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով՝ դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի եւ հաստատության ու ծնողի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ համաձայն օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասի՝ ոչ պետական ուսումնական հաստատությունում, մասնագիտացված հանրակրթական դպրոցում կամ այլընտրանքային ծրագրում ընդգրկված սովորողի ազատումը կամ այլ ուսումնական հաստատություն տեղափոխումը կարող է կատարվել ծնողի եւ տվյալ ուսումնական հաստատության միջեւ կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանվելու դեպքում»: Ըստ էության, դպրոցից հեռացված առաջին դասարանցու հորը հետաքրքրող հարցերին նախարարության կողմից պատասխան չի տրվել:

Իգոր Չեպելը պնդում է՝ իրենք չեն թաքցրել, որ երեխան այլ դպրոցից է գալիս, եւ հետո, նրա ձեւակերպմամբ, մրցույթը տառաճանաչության համար հայտարարված չի եղել: Ավելին, ծնողի հավաստիացմամբ. «Այբից» հատուկ զանգել-հետաքրքրվել են՝ առաջի՞ն, թե՞ երկրորդ դասարանում եք ուզում ձեր երեխան սովորի»: «Ո՛չ քննությանը մասնակցելու պայմաններում, ո՛չ դպրոցի կանոնադրության մեջ, ոչ էլ նույնիսկ պայմանագրում նման կետ նախատեսված չի եղել, ըստ որի՝ հնարավոր կլինի ենթադրել, որ նման արգելք գոյություն ունի»,- ասում է երեխայի հայրը:

«Դիլիջանի դպրոց» կրթական հիմնադրամից երեխայի ծնողին ուղարկված էլեկտրոնային նամակում, սակայն, նշված է, որ իրենց որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ դպրոցի ընդունող հանձնաժողովի ընդունելության ժամանակ չի ներկայացվել Հովհաննես Չեպելի՝ Դիլիջանի 2-րդ հանրակրթական դպրոցում սովորող լինելու փաստը: Ըստ այդ նամակում շարադրվածի. «Արդյունքում երեխան այդ պահին դպրոց դիմող մյուս երեխաների նկատմամբ ունեցել է մրցակցային առավելություն: Սրանով անտեսվել են դպրոցի որդեգրած արժեքներն ու սկզբունքները, որոնք բանավոր ձեւով ձեզ ներկայացվել են դպրոցի ընդունելության բաց դռների եւ հարցազրույցների՝ ծնողներին վերաբերող փուլում: Ցավում եմ, որ փաստի մասին դպրոցը տեղեկացել է շատ պատահական եւ երեխայի ուսման պրոցեսը սկսելուց բավական ժամանակ հետո: Հուսով ենք, որ դպրոցի՝ եւս մեկ փոփոխությունը Հովհաննեսի վրա բացասական ազդեցություն չի ունենա: Մեր թիմն անկեղծորեն սիրում է Հովհաննեսին եւ պատրաստ է հետագայում էլ օգտակար լինել նրան ցանկացած հարցում: Մենք միանշանակ ուրախ կլինենք, եթե նա շարունակի շփումն իր դասընկերների հետ, ցանկության դեպքում մասնակցի դպրոցում կազմակերպվող միջոցառումներին»:

«Առավոտը» փորձեց կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաեւ «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոնա Կոշեցյանից: Վերջինս ասաց, որ բոլոր հիմնավորումները եւ մեկնաբանությունները հստակ տրվել են ծնողին եւ պատկան մարմիններին, ու նոր մեկնաբանություններ անելու պատճառ այս պահին չունեն:
Ինչ վերաբերում է առաջին դասարանցի Հովհաննեսին, ծնողի ասելով՝ երեխան դպրոցից դուրս թողնվելուց հետո տխուր է, ընկճված, ուզում է վերադառնալ իր սիրելի դպրոցը, որտեղ ուսուցիչը իրեն ակտիվ եւ լավ սովորելու համար օգնական էր կարգել: Բացի այդ, առաջին դասարանցին ինչո՞ւ պետք է տուժի մեծահասակների թյուրընկալումների պատճառով:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    Առանց չափազանցնելու, ԱՄՆ ում սա կդիտարկվեր մարդու իրավունքների կոպիտ խախտում և դիսկրեմինացիա ու որպես բարոյական փոխհատուցում, երեխան իր ծնողների հետ կստանար մոտ մեկ միլիոն դոլարի փոխհատուցում: Իսկ Հայաստանում` Եվրասիական միության տարածքում, մարդը իրավունքներից զրկված է: Ինչպես ասում են, ապրում ենք քարե դարում. ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր սկզբունքով:

  2. Հասմիկ says:

    «Դիլիջան կենտրոնական դպրոց» կրթական հիմադրամի պաշտոնական մեկնաբանությանը կարող եք ծանոթանալ այս հղումով https://dcs.am/dilijan_school/data/upload-files/2015%2003%2010_DCS_Notice_Final.pdf

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031