Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր վերքը դեռ չի «սպիացել»…

Մարտ 11,2015 12:30

Մենք, որպես կինոռեժիսորներ՝ երբեւէ հանդես չենք եկել որեւէ ֆիլմի վերլուծական կամ քննադատական հոդվածով, բայց այժմ ստիպված անդրադառնում ենք «Սպի» ֆիլմին, քանզի այն հանիրավի արժեւորվեց՝ մի տեսակ էյֆորիկ էֆֆեկտի ազդեցության ներքո։ Միայն այն բանի համար, որ ազգությամբ թուրք ռեժիսորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային` պետք չէ ցնծալ, հատկապես այն պարագայում, երբ ոտնահարվում է ազգային արժանապատությունդ։

Արվեստում առավել կարեւոր է մատուցման ձեւն ու գաղափարը, որը պատմությունը վեր է բարձրացնում իրականությունից՝ տալով նրան ոգեղեն արժեք, ինչը բացակայում էր այս ֆիլմում։

«Սպի» ֆիլմն իրականում ավելի շատ վնասում է Հայոց ցեղասպանության մասին եղած պատկերացումները, քան օգնում նրա ճանաչմանը։

Ի՞նչ է արել ծագումով թուրք՝ գերմանացի կինոռեժիսոր Ֆատիհ Աքընը, եթե կարճ ասենք՝ նա նրբորեն եւ խորամանկորեն սրբագրել է Հայոց ցեղասպանության իրական պատճառներն ու նպատակները։ Այս ֆիլմով նա իրականացրել է այսօրվա Թուրքական կառավարության մտադրությունը՝ այսինքն, ինչ-որ թեթեւակի ժեստով ցույց տալ աշխարհին իրենց «մարդասիրական» վերաբերմունքը Հայոց Ցեղասպանությանը, որից ավելի շատ աշխարհում կխճճվեն, քան կպարզեն եղելությունը։

Ֆիլմի առաջին իսկ կադրը՝ սեւ ֆոնի վրա գրվող մակագրությունը «Առաջին աշխարհամարտի ժամանակ կորցրած տարածքներից հուսահատված՝ օսմանցիները դարձան Գերմանիայի եւ Ավստրո-Հունգարիայի դաշնակիցը։ Կայսրության մեջ գտնվող փոքրամասնությունները մեկ գիշերվա մեջ դարձան թշնամի…»։

Թուրքագերմանացի ռեժիսորը հայերին դասում է «ազգային փոքրամասնությունների» շարքը։ Արդյո՞ք բարոյական է սեփական հայրենիքում հային համարել «ազգային փոքրամասնություն»…

Ինչեւէ. անդրադառնալով ֆիլմի գեղարվեստական վերլուծությանն ու  հեղինակի քաղաքացիական դիրքորոշմանը՝ ցավոք աչք են զարնում աղաղակող փաստեր, որոնք գեղարվեստականի հարթությունից մեզ տեղափոխում են պատմականի, իրավականի հարթություններ, եւ այսպես շարունակ։ Սա նշանակում է, որ մեր վերքը դեռ չի «սպիացել», դեռ չմակարդված արյուն կա…

Եթե Ֆատիհի համար ցեղասպանությունը հեռավոր անցյալի մի «արկածային» պատմություն է, ինչպես եւ արտացոլել է իր ֆիլմի հատկապես երկրորդ հատվածում, զուտ մի մարդու, մի ընտանիքի պատմություն, ով ներկայացված է, ինչպես ֆիլմի սկզբնական տիտրերում է գրում, որպես «ազգային փոքրամասնության ներկայացուցիչ», ապա մեզ համար՝ նախ եւ առաջ ազգային ողբերգություն է, հոգեբանական լուրջ խնդիր։ Եվ մենք չենք կարող նայել, լսել, իմանալ եւ այլ ձեւերով առնչվել մեր ցավին, չտալով դրան բարոյական եւ փիլիսոփայական ընդհանրացում։

Այս ֆիլմում, ինչպես ցանկացած 20-միլիոնանոց բյուջե ունեցող ֆիլմերում՝ ներգրավվել են պրոֆեսիոնալ մասնագետներ. դերասաններ, նկարիչներ, դեկորատորներ, հատուկ էֆեկտներ իրականացնողներ, արտադրողներ եւ այլն, բայց երբեք էլ դա չի հանդիսանում հաջողության երաշխիք, քանի-որ փողի շատությունից դեռ ոչ մեկի տաղանդը չի շատացել։

Մասսայական տեսարանների ծավալները, տեղանքի եւ նույնիսկ երկրների բազմազանությունը, օգտագործված հանդերձանքի եւ պարագաների առատությունը, ամեն-ամեն ինչ կար, որպիսզի ֆիլմը դառնար «էպիկական», ինչպես ինքն էր ուզում, բայց միեւնույն է, եթե չկա հոգին՝ տվյալ դեպքում հեղինակի կարեկցանքը, չկա՛ վերապրումը, չկան ներքինից եկող հույզերը, ոչինչ էլ ազդեցիկ չի լինի։ Եվ պատահական չէ, որ միջազգային մամուլը, կինոլրագրողները բացասական են գնահատել այս աշխատանքը՝ անվանելով այն՝ «ֆեյք» (կեղծ)։ Մասնագետները կարող են զանազանել «ֆեյքը» եւ չնկնել դրա ազդեցության տակ, բայց հանդիսատեսը, հատկապես օտարերկրյա՝ կնկալի ներկայացվածն այնպես, ինչպես մատուցել է հեղինակը։

Մեզ համար թեման այնքան զգայուն է, որ մեր հայրենակիցներից շատերին թվում է, թե լավ է, որ մի թուրք (տվյալ դեպքում «թուրքը» նույնանում է դահճի հետ) հանկարծ, թեկուզ կիսաձայն, կիսաճշմարիտ, մի խոսքով՝ կիսատ-պռատ զղջում է, ապաշխարհում, բայց հետն էլ ստորաբար ստում, որ իբր իր պապերը հարկադրված են դա արել, իբր նրանք էլ են զոհ գնացել պատմական այդ ժամանակաշրջանին… Կեղծիքը ոչ կյանքում, ոչ էլ արվեստում տեղ չունի։ Կեղծիքից է ծնվում ամեն տեսակ չարագործություն։ Եվ եթե այսօր էլ Ֆատիհ Աքընը լինելով «ճանաչված» կինոռեժիսոր Եվրոպայում, շարունակում է իր թուրք նախահայրերի կեղծիքը, ապա ինչով է տարբերվում նա նրանցից…

Չէր կարող այս ֆիլմը ազնիվ ու անկեղծ ստացվել, քանզի հիմնված էր կեղծ հարաբերությունների վրա։ Չէր կարող այդքան մակերեսային ու միատարր  լիներ հայ տղամարդու կերպարը, ով անցել է այդ դժոխային ճանապարհով եւ ողջ է մնացել։ Չէր կարող հայը այդպես «անդարդ» նստել ու հռհռալ 1918 թվականին Չապլինի ֆիլմը դիտելիս (էպիզոդներից մեկում), այն էլ այն դեպքում, որ Չապլինն այդ ֆիլմը («Փոքրիկը» The Kid) նկարահանել է 1921 թվականին…

Թերեւս ֆիլմի գլխավոր խնդիրը՝ մասնագիտորեն ասած՝ դրամատուրգիական սխալն է։ Կառույցը ամուր չէ, այլ կերպ ասած՝ արժանահավատ չէ։ Մենք չենք տեսնում կերպարներ, որոնց պետք է կարեկցենք, ինքներս նույնանանք նրանց հետ ու վերապրենք նրանց հույզերը։ Կերպարների փոխարեն մենք տեսնում ենք «դերակատարներ», որոնք առնվազն իրենց մեջ պետք է կոդավորած ամփոփեին այդ հույզերը, բայց դա էլ չկա, որովհետեւ երիտասարդ «վարպետին» ծանոթ չէ նյութը, ինչից պետք է կերպարներ ստեղծեր, նրան ծանոթ չէ սովի ու համաճարակի, հուսալքության,  տառապանքի ու կորստի զգացումը, սարսափի ու անելանելիության մթնոլորտը, որոնք վերապրել են մե՛ր տատերն ու պապերը, ո՛չ իրենը։ Իրականում նա չի փորձել խորանալ իրակա՛ն պատմության մեջ…

Քանի-որ Ֆատիհ Աքընը իր կարիերան կառուցել է Գերմանիայում, առավելեւս ֆիլմի գլխավոր արտադրող ընկերությունը (Պանդորաֆիլմզ) գերմանական է, բնականաբար նա չի անդրադարձել գերմանացիների համագործակցությանը, աջակցությանը եւ վերջապես անմիջական մասնակցությանը Հայոց Ցեղասպանությանը։

Որտե՞ղ էր Ռաս-ալ-այնը՝ հյուսիսային Սիրիայում կամ դեռ Տիգրան Մեծի ժամանակներից՝ Հայաստանի տարածքում։ Ինչեւէ, իսկ ի՞նչ էր կատարվում Ռաս-ալ-այնում իրականում՝ այնտեղ այսպես կոչված «տեղափոխման ճամբար» էր, ինչպես Դեյր Զորում եւ այլն։ Իսկ ու՞ր էին տեղափոխում այդ կանանց ու երեխաներին… բոլորին հայտնի է, բայց միեւնույն ժամանակ չի ասվում, նույնիսկ ակնարկ չի արվում Բեռլին-Բաղդադ գերմանական երկաթուղու կառուցման մասին, որի հանգուցային կետերից մեկը հենց Ռաս ալ այնում էր։ Եվ հենց այնտեղ էին ճանապարհին հարկադրաբար աշխատում հայ տղամարդիկ եւ հենց իր գլխավոր հերոսը՝ Նազարեթ Մանուկյանը։

Գալով գլխավոր հերոսին՝ (դերակատար Թահար Ռահիմ) նա տիպաժով բացարձակ չի համապատասխանում տվյալ կերպարին։ Չանդրադառնալով նրա դերասանական ունակություններին՝ ասենք որ նրա մոտ չի ստացվել նաեւ վերամարմնավորումը։ Ոչ-թե մարմնավորումը, այլ վերամարմնավորումը։ (Երբ դերասանը տիպաժով չի համապատախանում տվյալ խառնվածքին, բնութագրին, նա ստիպված է լինում կերտել այլ էություն, հետեւաբար՝ վերամարմնավորել։ Սա հատուկ է թատրոնին, քանի որ թատրոնում գոյություն ունի մշտական դերասանական կազմ, իսկ կինոյում ընտրվում են դերասաններ եւ հենց նման ձախողումներից խուսափելու համար առավելությունը տրվում է խառնվածքով համապատասխանող դերասաններին)։

Ցավոք Թահար Ռահիմի Նազարեթը չունի կենսագրություն, հային բնորոշ մշակութային անցյալ, ինչը որ իրականում մեր ազգային առանձնահատկություններից մեկն է եւ որը որ կառանձնացներ հային Արեւմտյան Հայաստանը գրաված օսմանլիներից։

Բայց Թահար Ռահիմի մեղքը չէ եւ ոչ էլ մյուս դերակատարների, որ կերպարները համոզիչ չեն, դրա միակ պատասխանատուն ռեժիսորն է։

Անկեղծ ասած, անհասկանալի է, թե ինչու՞ էր Աքընը ընտրել ազգությամբ արաբ դերասանին՝ հայի կերպարի համար, այն դեպքում, երբ ցանկացած հայ դերասան շատ ավելի լավ կմարմնավորեր այդ «կերպարը» հայտնի պատճառներով։ Եվ ոչ էլ Թահար Ռահիմը կամ ֆիլմում ներգրավված ճանաչված այլ դերասաններ միեւնույն է չէին փրկելու ֆիլմը ոչ արվեստի, ոչ էլ վաճառքի տեսանկյունից։

Անդրադառնալով հնչյունային շարքին՝ այն ոչ ավելին է քան ուսանողական վատ աշխատանք։ Յուրաքանչյուր էպիզոդ սկսում եւ ավարտվում է նոր երաժշտությամբ, չկա նրանց կապող որեւէ ընդհանուր լեյտմոտիվ։ Երաժշտությունը իլյուստրատիվ բնույթ է կրում՝ դառնալով ինքնանպատակ եւ պատահական։ Իրականում կինոյում հնչյունային շարքը, որն իր մեջ ներառում է նաեւ երաժշտական ձեւավորումը՝ նույնքան կարեւոր է, որքան պատկերային շարքը, երբեմն առաջնային։ Հետեւաբար հնչյունային շարքը պետք է ունենա կոնկրետ դրամատուրգիական կշիռ։

Եվս մեկ կարեւոր հանգամանք, որ սքողված է այս ֆիլմում՝ դա այն է, որ չգիտես թե ինչու թուրքերը խոսում են թուրքերեն, արաբները՝ արաբերեն, կուբացիները՝ իսպաներեն, իսկ ամերիկացիներն ու հայերը խոսում են՝ անգլերեն… Ինչու՞։ Միթե Աքընը չգիտեր, որ հայերը խոսել եւ խոսում են հայերեն հազարամյակներ ի վեր…

Սա Երեւանյան հանդիսատեսը կարող է չնկատել, քանի որ այստեղ ֆիլմը ցուցադրվում է կրկնօրինակված։

Շատ մասնագիտական դիտարկումներ կարող են ընկալելի չլինել, ուստի չենք ուզում ծանրաբեռնել ընթերցողին։ Թերեւս ավելի կարեւոր է հայեցակարգային թերացումը կամ դիտավորությունը հեղինակների կողմից, որը մեզ ստիպեց անդրադառնալ այս ֆիլմին։

Իսկ թե ինչու՞ են Գերմանիայում գնահատում Աքընին, կարծում ենք, որ պարզից էլ պարզ է…

ԱՐՍԵՆ ԱԶԱՏՅԱՆ

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Լուսանկարը՝ ArmeniaTV-ի կայքից:

«Առավոտ» օրաթերթ
10.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031