Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր բախտը բերել է Հայաստանում»

Մարտ 25,2015 13:00

Ամերիկյան «Դեյվիդ Դորֆման Դենս» պարային
թատրոնի հիմնադիր Դեյվիդ Դորֆմանը տպավորված է

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մարտի 21-ին Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում ներկայացրեց «Անավարտ» խորագրով ժամանակակից պարային բեմադրությունը, որի պրեմիերան անցյալ տարի օգոստոսին կայացել էր Նյու Յորքի հայտնի Բրուքլինյան երաժշտական ակադեմիայում: «Նյու Յորք Թայմսն» այն որակել էր որպես «Հաշտեցման որոնման փորձ՝ Մերձավոր Արեւելքից մինչեւ Ամերիկա»:
Հավելենք, որ մշակութային դիվանագիտության ծրագրի շրջանակում միավորվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների «Դեյվիդ Դորֆման Դենս» պարի թատրոնը, Թուրքիայի «Քորհան Բաշարան» համույթը եւ հայ պարողները` Դավիթ Գրիգորյանը, Կարեն Խաչատրյանը, Ֆրիդա Յորքը:

«Դեյվիդ Դորֆման Դենս» թատրոնի հիմնադիր Դեյվիդ Դորֆմանը (լուսանկարում) սիրով զրուցեց «Առավոտի» հետ:

Նրանից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ուղերձ ունեցող այս նախագիծը կոչվում է «Անավարտ», հնարավո՞ր է մեկ այլ նախագիծ ծնվի՝ իբրեւ շարունակություն այս ամենին եւ ունենա՝ դիցուք, «Հաջողված» կամ «Ավարտված» անունը: «Հետաքրքիր պատմություն հիշեցի ձեր հարցից: Ես ու կինս վաղուց ենք պարում միասին: 20 տարի առաջ մի ներկայացման մեջ էինք երկուսով, եւ այն կոչվում էր «Մոտենալ անհանգստությանը»: Այդ ժամանակ դեռ ամուսնացած չէինք: 10 տարի անց, երբ արդեն ամուսնացած էինք, մեկ այլ ներկայացման մեջ հանդես եկանք, որը կրում էր «Մի որոշ հանգստություն» խորագիրը: Այստեղ գալուց առաջ երրորդ դուետն ենք նախատեսում, անունը դեռ չենք որոշել, գուցե դնենք «Հանգստություն»: Հիմա, ինչ վերաբերում է «Անավարտ» ներկայացմանը… Ո՞վ գիտի, միգուցե ինչ-որ մի պահի հանգուցալուծում լինի եւ ծնվի «Ավարտ» անվանումով ներկայացում, գուցե ծնվի՝ վստահաբար չեմ կարող ասել: Մարդկային բնույթն է այնպիսին, որ անավարտը մեր կյանքում ավելի շատ է, ու պետք է բոլորս մեր ջանքերն ուղղենք նրան, որ անավարտները ի վերջո դառնան ավարտուն: Իմ բոլոր բեմադրությունները խաղաղության կարգավորման մասին են, ես միշտ այդ մղումով եմ առաջնորդվում»,- ասաց մեր զրուցակիցը:

dorfman-2

Քորհան Բաշարանը (ձախից), Արինա Արարատյանը, Շողեր Գալստյանը եւ Դեյվիդ Դորֆմանը:

Մեր դիտարկմանը, որ «Անավարտ» ներկայացումը նաեւ Ստամբուլ է գնալու, ի՞նչ գնահատականներ է ակնկալում Հայաստանից եւ Թուրքիայից, Դեյվիդ Դորֆմանը նշեց. «Ես ոչ թե ակնկալիք, այլ հույս ունեմ, որ այս ներկայացումը մարդիկ բաց սրտով կընդունեն, ու այն որոշ փոփոխությունների կբերի: Եթե անգամ մեկ մարդու գլխում եւ սրտում էլ ինչ-որ բան փոխվի, դա եւս ողջունելի է… Կուզենամ, որ բոլորը բոլորի հանդեպ փոխեն վերաբերմունքը, նաեւ հայը հայի հանդեպ, թուրքը՝ թուրքի… Մեզ համար պատիվ է, որ Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցի հիշատակման օրերից առաջ ենք այստեղ գտնվում, եւ որպես արվեստագետներ բեմ բարձրանալով՝ փորձելու ենք ցույց տալ մեր մոտեցումը»:

Հայտնի պարուսույցը չհամաձայնեց այն կարծիքին, թե այս ներկայացման մեջ ներգրաված տարբեր ազգի եւ կրոնի մարդիկ նույն հույզերն են ապրում, ասաց, որ, այսպես թե այնպես, մարդ արարածը բազմազան է եւ անկանխատեսելի: Իբրեւ պրոֆեսիոնալ նա բարձր գնահատեց հայ պարողներին. «Նրանք հոյակապ են: Մենք մեկ տարի առաջ ընտրեցինք Դավիթ Գրիգորյանին ու Կարեն Խաչատրյանին, նրանք եկան ԱՄՆ, հինգ շաբաթ միասին աշխատեցինք: Այսօր նախագծին է միացել նաեւ Ֆրիդա Յորքը: Նա եւս շատ լավ աշխատանք է կատարում: Պարուսույց Արինա Արարատյանը պրոֆեսիոնալ ու կենտրոնացած անձնավորություն է, եթե հարկ լինի չորս ժամ պարապել, կպարապի: Բոլորն էլ հաճելի մարդիկ են, այնպիսի մարդիկ, որոնց հետ կուզենամ ամեն օր շփվել»:
Զրույցի ընթացքում պարզեցինք, «Դեյվիդ Դորֆման Դենսի» հիմնադիրը եղել է Գառնիում, Գեղարդում, Զվարթնոցում, գիտի, որ 301թ. հայերը քրիստոնեություն են ընդունել: Նա հիացմունքով նշեց. «Հայաստանում ես զգացել եմ հայ ժողովրդի սերը՝ իր երկրի, հողի հանդեպ: 30 տարի է՝ ճամփորդում եմ շատ երկրներում, բայց ոչ մի տեղ նման բանի չեմ հանդիպել. հայերի սերն իրենց ավանդույթների հանդեպ առանձնահատուկ է, ամեն տեղ չէ, որ քեզ միանգամից կարող են տանել ու ցույց տալ իրենց ժառանգությունը, մի խոսքով, մեր բախտը բերել է Հայաստանում ու մեզ հաջողվել է շատ բան տեսնել»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031