Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների ուղտը կարող է լրագրողների դռան առաջ էլ չոքել

Ապրիլ 11,2015 15:00

Ապրիլի 1-ին ՀՀ գլխավոր դատախազը վերացրել է մի քրեական գործով կարճման
մասին որոշումը, ինչը նշանակում է, որ սկսվել է նախաքննություն, քրեական գործ՝
երկու ճանաչված փաստաբանների հետ կապված:

Երկու փաստաբաններին գլխավոր դատախազի որոշումը չի ուղարկվել, նրանք իրենց գործի մասին կիմանան, հավանաբար, մեր լրատվամիջոցից:

Փաստաբանների գործարար համբավը չվնասելու համար, մենք նկարագրենք, թե ինչ է տեղի ունեցել, առանց իքս-քրեական գործում առկա անուն-ազգանունները, անհատական տվյալները հրապարակելու: Հրապարակման շարժառիթն այն է, որ նման իրավիճակում կարող են հայտնվել նաեւ այն լրագրողները, ովքեր դռնբաց դատական նիստեր են լուսաբանում, դատարանը նրանց չի պարտավորեցնում ստորագրել այս կամ այն տվյալի, տեղեկություն չհրապարակելու կամ հրապարակելու համար, ինչը հետագայում կարող է դառնալ հնարավոր դատական վեճի առարկա, ինչպես այս դեպքում է:
Չորս տարվա ազատազրկման է դատապարտվում մի անձ:

Նրան կալանում են, եւ միակ վկան էլ, որի ցուցմունքն առիթ է դարձել նրան կալանելու համար, դատարանում հանդես է գալիս վկայությամբ:

Ամբաստանյալի պաշտպանները, ըստ փաստաբանների դեմ ոստիկանության բաժին տրված հնարավոր տուժողի հաղորդման, ապօրինի հավաքել, ձեռք են բերել, դատաքննության ընթացքում օգտագործել են իքս-կնոջ մասին տեղեկությունները, բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները: Մասնավորապես, տեղեկություններ այն մասին, թե իքս-կինը տառապել է հոգեկան հիվանդությամբ:

Փաստաբանները դատաքննության ժամանակ տեսնելով վկայի վարքաբանությունը, այս հանգամանքն են կարեւոր համարել, քանի որ կասկածի տակ է դրվել վկայի ցուցմունքի արժանահավատության հարցը:

Ի դեպ, իրեն տուժող համարող անձը հայտնել է ոստիկաններին, թե փաստաբաններն այդ գործով հրապարակային անդրադարձել են իքս-հեռուստահաղորդման ժամանակ էլ, ինչի հետեւանքով ամուսնալուծվել է վկայի ամուսինը:

Գործը հարուցվել է երկու տարի առաջ:

Սակայն գործի նախաքննության ժամանակ ապացույցներ ձեռք չեն բերվել, եւ հանցակազմի բացակայության հիմքով, գործի վարույթը կարճվել է:
Իրեն տուժող համարող, ոստիկանություն հաղորդում տված անձը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու, կարճման որոշումը վերացնելու համար:
Կրկին հարուցվել է քրեական գործ:

Դատաքննությանը մասնակցած փաստաբաններից քրեական գործով մնացել է, չգիտես ինչու, մեկը, որն այդ պահին ամենահնչեղ գործերից մեկով էր զբաղված:
Նախաքննության մարմնին այս փաստաբանը հայտնել է, որ դատաքննության ժամանակ վկայի դրսեւորած վարքագծից իր մոտ ձեւավորվել է կարծիք այն մասին, որ վկան տառապում է հոգեկան հիվանդությամբ:

Փաստաբանը հարցում է արել առաջին կարգի հաշմանդամ համարվող վկայի հետ կապված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, պարզելու նրա հետ կապված տեղեկությունները:

Փաստաբանին մերժել են, դատարանով է պահանջել եւ ստացել նրա մասին տեղեկությունները:

Գրությունը ստանալով՝ փաստաբանները դա հրապարակել են դատարանում:
Դռնբաց դատական նիստի ժամանակ՝ որպես թույլատրելի ապացույց, իսկ դատարանը չի նախազգուշացրել փաստաբաններին, որոնք մասնակցել են տվյալ գործի դռնբաց քննությանը, թե հրապարակվածը թույլատրելի չէ:

Դատարանը, անհրաժեշտության դեպքում, կարող էր որոշում ընդունել հրապարկման ժամանակ դռնփակ նիստ հրավիրելու մասին, ինչպես որ հաճախ լինում է: Սակայն ակնհայտ է, որ անհրաժեշտ չի համարել:

Նկատենք, որ իքս-հեռուստահաղորդումն անդրադարձել է տվյալ քրեական գործին 2013 թվականի հոկտեմբերի 8-ին:

Քրեական գործը երկրորդ անգամ մերժվում է, սակայն ինչպես արդեն հայտնեցինք, ապրիլի 1-ին դարձյալ «բացվում»:

Ի դեպ, շատ հետաքրքիր էր քննիչի մեկնաբանությունը, երբ մերժում էր քրեական գործ հարուցելը:

Ըստ նրա, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ութերորդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, որպեսզի հարգվի անձնական, ընտանեկան կյանքը, ապահովվեն բնակարանային անձեռնմխելիությունը:
Սակայն «միջամտությունն» անհրաժեշտ է բացառապես այն դեպքերում, երբ «դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի, արժանապատվության պաշտպանության համար»:
Այս գործով հղում էր արվել անգամ ՄԻԵԴ-ի «Գասկինն ընդդեմ Միացյալ Թագավորության» գործին, որին ՄԻԵԴ-ն անդրադարձել է դեռեւս 1989 թվականի հուլիսի 7-ին:

Դիմողը տեղական ինքնակառավարման մարմիններից խնդրել էր տրամադրել գործի վերաբերյալ տեղեկություններ, որոնք վերաբերել են դատավարության կողմերից մեկի մանկական շրջանին: ՏԻ մարմինը հրաժարվել էր տրամադրել, պատճառաբանելով, թե կտրամադրվի այն դեպքում, երբ կողմը տա իր համաձայնությունը՝ իր ընտանիքի անդամի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար:
Եվրոպական դատարանը գնահատել էր տեղական ինքնակառավարման մարմնի պահվածքը, հանգել էր նրան, որ դիմողին տեղեկատվություն չտրամադրելով, որոնք իրենց մեջ պարունակել են գաղտնիք, դրանով կարող էր խախտվել այլ անձանց ընտանեկան կամ անձնական գաղտնիքին վերաբերող հարցեր, դատարանը դիտել է ստորադաս շահ, քանի որ այն առնչվել է դիմողի շահերին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930