Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական կառավարությունը փորձում է հերքել իրենց դատարանների դատավճիռներով հաստատված փաստերը

Ապրիլ 13,2015 15:30

Դեռեւս 3 տարի առաջ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը հրապարակայնորեն ընդգծեց այն միտքը, ըստ որի՝ նկատի ուենալով, որ Հայոց եղեռնի փաստն առաջին հերթին արձանագրվել է 1919-21 թթ. թուրքական դատական ատյանների մի քանի տասնյակի հասնող մեղադրական դատավճիռներում, դրանք պետք է բեկումնային արժեք ունենան ինչպես մեր արտաքին քաղաքականության, այնպես էլ միջազգային տարբեր կառույցներում՝ խորհրդարաններում եւ դատական ատյաններում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացում: Այս կապակցությամբ նպատակահարմար ենք գտել այդ գաղափարի հեղինակին ուղղել մի քանի հարցադրումներ՝ պարզելու հետագա զարգացումների տրամաբանությունը:

-Պարոն Դանիելյան, տարիներ առաջ Դուք համոզված էիք, որ Ձեր տեսակետը վաղ, թե ուշ կդրվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման զարգացումների հիմքում եւ կդառնա նաեւ այդ ուղղությամբ մեր երկրի արտաքին քաղաքականությունը կանխորոշող գործոններից մեկը: Ինչպիսի՞ն է արձագանքը:

-Թերեւս, այդ հարցում չեմ սխալվել, քանզի առաջին անգամ պաշտոնապես արձագանք եղավ 2015 թ. հունվարի 25-ին Հանրապետության նախագահի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում. «համարելով նաեւ 1919-1921 թվականներին Օսմանյան ռազմական արտակարգ ատյանների կողմից «Իրավական եւ մարդկային օրենքների դեմ» այդ ծանր ոճրի ուղղությամբ կայացված դատավճիռները եղելության իրավական գնահատական»: Սա պատասխանատու դիրքորոշում է, ուստի այդ ուղղությամբ աշխատանքները, ըստ էության, նոր փուլ են թեւակոխելու:

Հավելեմ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներով բնավ չի ավարտվելու այդ ոճրագործության միջազգային ճանաչման ու դատապարտման ողջ գործընթացը, այն շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ թուրքական կառավարությունը հարկադրված չի լինի ոչ միայն պաշտոնապես ընդունելու իր երկրի դատական ատյանների կողմից հաստատված ցեղասպանության փաստը, այլեւ հարթելու դրա արդյունքում պատճառված մեծածավալ նյութական ու բարոյական վնասը: Հենց Հայոց եղեռնը հերքելու գործելաոճը ոչ այլ ինչ է, քան բարոյական ծանրագույն ոտնձգություն ոչ միայն Հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ:

-Ձեր հակառակորդները պնդում են, որ նշված դատավճիռները որեւէ իրավական հիմք չեն կարող լինել Հայոց ցեղասպանության փաստը հաստատելու համար, քանզի դրանցում անգամ «ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործվել:

-«Հոլոքստ» եզրույթն էլ չի օգտագործվել Նյուրենբերգյան դատավարությունում, ընդ որում, նույն պատճառաբանությամբ՝ ինչ եւ թուրքական հիշյալ դատավճիռներում: Նկատենք, որ «գենոցիդ» (ցեղասպանություն) եզրույթն առաջին անգամ ազգությամբ հրեա Լեմկեի նախաձեռնությամբ իր ամրագրումն է ստացել միայն 1948 թ. դեկտեմբերի «Գենոցիդի հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժելու մասին» Կոնվենցիայով: Էականը տվյալ դեպքում այն է, որ նշված դատավճիռներով հավաստված են համարվել փաստեր, որոնք տառ առ տառ համապատասխանում են ցեղասպանության հանցագործության հատկանիշներին, մասնավորապես բազմաթիվ պետական ու կուսակցական բարձրաստիճան թուրք գործիչների առաջադրվել է բացառապես էթնիկական հատկանիշներով ազգային որոշակի խմբեր ոչնչացնելուն ուղղված ծրագրեր մշակելու ու իրականացնելու մեղադրանք:

Հրապարակախոսական նյութի շրջանակներում չեմ կարող անհրաժեշտ խորությամբ անդրադառնալ նեղ մասնագիտական հարցադրումներին, պարզապես նկատեմ, որ այս փուլում խոսքը ոչ թե կոնկրետ անձանց ցեղասպանության համար դատապարտելու, այլ բուն իրադարձությունների ճշգրիտ իրավական գնահատականի մասին է: Հայոց եղեռնի փաստը միանշանակ մարդկության դեմ ուղղված ծանրագույն միջազգային հանցագործություն է:

Սակայն չենք կարող չանդրադառնալ խնդրի մեկ այլ նուրբ կողմին. թուրքական կառավարությունը չի հերքում մեծաթիվ մարդկանց զոհվելու, ինչպես նաեւ տեղահանումների ընթացքում մեծաթիվ մարդկանց մահանալու փաստերը, սակայն դրանք պատճառաբանվում են մի կողմից տեղական մարտերով, երբ հայերը փորձել են իրավիճակից օգտվելով, հարձակումներ գործել խաղաղ բնակչության վրա, իսկ մյուս կողմից տեղահանումների միջոցով թուրքական կառավարությունը փորձել է հայ բնակչությանը հեռու պահել ռազմական գործողությունների վտանգից:

Թուրքական կառավարությանը, ցավոք, ոչինչ չի խոչընդոտում վառ երեւակայությամբ միջազգային հանրությանը առասպելանման ստեղծագործություններ հրամցնելու «նվիրական» գործում, սակայն փաստերին իրավական գնահատական տվողը միայն եւ միայն արդարադատություն իրականացնող դատարանն է, ոչ թե պահի թելադրանքով կարճատես քաղաքականություն իրականացնող գործադիր կամ օրենսդիր իշխանությունը:
Ի դեպ, նույն պատճառաբանությամբ նաեւ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը 2012 թ. փետրվարի 28-ին կայացրեց որոշում, որով հակասահմանադրական ճանաչելով Հայոց եղեռնի փաստը հերքելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը, միաժամանակ ընդգծեց, որ կոնկրետ արարքը հանցագործություն է որակվում միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Կարծում եմ, հարկ էր հենց այդ փուլում քննարկման նյութ դարձնել թուրքական դատական ատյանների հիշյալ դատավճիռները:

-Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ են թուրքական իշխանություններն անտեսում իրենց «հայրենի» դատական ատյանների դատավճիռները:

-Նախ, թուրքական իշխանություններն ընդհանրապես փորձում են ամեն գնով շրջանցել այդպիսի դատավճիռների գոյության փաստը, իսկ որպես լավագույն հնարք, համարում են իբր արխիվային փաստաթղթերն ուսումնասիրելու նպատակով պատմաբաններից բաղկացած համատեղ հանձնաժողովների ձեւավորման գաղափարը: Ցավոք, ժամանակ առ ժամանակ, որոշ կարճատես քաղաքական գործիչներ նույնպես դրական են արտահայտվում այդ գաղափարի առնչությամբ, անգամ պատրաստակամություն են հայտնում առաջինը ներգրավված լինել դրանում: Հարկադրված եմ հիասթափեցնել՝ թուրքական կառավարությունը նախկինում հստակ արտահայտվել է, որ նշված դատավարությունների հիմքում դրված բոլոր փաստաթղթերը անհայտ անձանց կողմից հափշտակվել են: Իսկ երբեմն էլ կիսապաշտոնական տեսակետ էր հայտնվում, որ դրանք հենց ազգությամբ հայ արկածախնդիրներն են հափշտակել:

Սակայն չէի ասի, թե դատավճիռները թուրքական իշխանություններին չեն էլ անհանգստացնում: Նախ, դեռեւս 1923թ. մարտի 31-ին հատուկ համաներում հայտարարվեց, որի արդյունքում վերոհիշյալ մեղադրանքներով դատապարտված անձինք ազատ արձակվեցին (դրանցից շատերն անգամ հերոսացվեցին), իսկ արդեն 1930-ականների սկզբներին դատավճիռներ արձակած բոլոր դատավորներին ենթարկեցին մահապատժի:

-Դուք հույս հայտնեցիք, որ hանրապետության նախագահի հայտնի հռչակագրից հետո աշխատանքները նոր, ավելի համակարգված ու նպատակասլաց են դառնալու, ի՞նչ նկատի ունեք:

-Կարծում եմ, դատավճիռների իրավական վերլուծության անհրաժեշտության հարցը պաշտոնական փաստաթղթում արտացոլելն ինքնին երաշխիք է, որ նախապատվությունը կտրվի ոչ այնքան անհատական հետազոտություններին, որքան այդ հարցադրման առնչությամբ կառուցակարգային արմատական լուծումներին, չի բացառվում նաեւ համապատասխան մասնագիտական կենտրոնների ձեւավորումը, որն ի զորու կլինի արդեն համակարգված ու համառ հետազոտություններ իրականացնել եւ առաջադրել ավարտուն տեսք ունեցող գիտագործնական եզրահանգումներ:

Պատրաստեց՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930