Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր. «Շունը կես ժամով ձագին կորցնում է, գնում է ոստիկանություն»

Մայիս 01,2015 15:00

Երեւանի բնակիչ Նարինե Նիկողոսյանը, որը պնդում է, թե իր երեխային ծննդատնից դուրս գրվելուց րոպեներ հետո ապօրինաբար իրենից բաժանել են եւ արդեն 2 տարի է՝ չի տեսակցել իր փոքրիկին, Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Նիկողոսյանը առաջին ատյանի դատարան էր դիմել՝ պահանջով՝ վերացնել Քննչական կոմիտեի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչի կայացրած քրեական գործը կարճելու որոշումը: Նիկողոսյանի եւ նրա ներկայացուցչի՝ Լեռնիկ Հովհաննիսյանի պնդմամբ՝ քննիչը քրեական գործը լիարժեքորեն չի կատարել եւ գործով կարեւոր հանգամանքներ հաշվի չի առել: Առաջին ատյանի դատարանը մարտի 23-ին մերժել էր Նիկողոսյանի բողոքը եւ համարել էր, որ քննիչը պատշաճ կերպով է կատարել իր աշխատանքը:

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանում լսվեց առաջին ատյանի որոշման դեմ բողոքը:
Նիստին Նիկողոսյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ ինչ-որ գործարք է տեղի ունեցել Նիկողոսյանի ծանոթ բժիշկ Կալուստյանի եւ Ադյանի միջեւ, ինչի արդյունքում, առանց Նիկողոսյանի համաձայնության, նորածինը հայտնվել է Էդիսոն Ադյանի խնամքի տակ: Հիշեցնենք, որ Նարինե Նիկողոսյանը վստահեցնում է, որ Էդիսոն Ադյանը չի հանդիսանում իր երեխայի կենսաբանական հայրը, իսկ Ադյանն էլ պնդում է, որ ինքն իմացել է, որ երեխան իրենն է, Նարինե Նիկողոսյանը հրաժարվել է երեխայից եւ ինքնակամ է տվել փոքրիկին:

Երեկվա դատական նիստին, երբ Նիկողոսյանի փաստաբանն ասաց, որ բժշկի եւ Ադյանի ու նրա ազգական Յուրա Ադյանի միջեւ երեխայի առուվաճառքի գործարք է տեղի ունեցել, դատավոր Արղամանյանը հարցրեց՝ «Երեխայի առուվաճաքն, ըստ ձեզ, նրանք իրականացրել են առանց մոր համաձայնությա՞ն»: Փաստաբանն էլ պատասխանեց՝ «Միանշանակ, եւ այդ ուղղությամբ քննություն չի կատարվել: Գործի քննության ժամանակ լրագրողներ են կապնվել բժիշկ Կալուստյանի հետ, քննչական մարմինը պատճառաբանել է, որ չի կարողացել հայտնաբերել բժշկին: Քրեական գործը կարճելուց առաջ գոնե հարցում անեին, պարզեին՝ բժիշկը հանրապետությունո՞ւմ է, թե՞ ոչ»: Ապա դատավորը հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ է արել բժիշկը, ինչին ի պատասխան՝ փաստաբանը վստահեցրեց, որ Նիկողոսյանի վստահությունն է ձեռք բերել եւ գործարք արել Ադյանի հետ:
«Շատ կներեք, եթե ես իմ մեքենան չեմ վաճառում, ո՞նց կարող են այն վաճառել»,- ասաց դատավորը: «Եթե դուք ձեր մեքենան վստահեք բրոքերին կամ բժշկին, կարող է վաճառել»,- պատասխանեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ բժիշկ Կալուստյանն «Առավոտի»՝ «Բժիշկը բացառում է, որ երեխային գողացել են, կամ որեւէ գործարք է եղել» (6.03.2015) հրապարակման մեջ վստահեցրել է, որ գործարք տեղի չի ունեցել, որ Նարինեին ծննդաբերությունից 3-4 ամիս հետո է տեսել, երբ կինը գնացել է բժշկի մոտ եւ ասել, որ պատրաստվում է Ռուսաստան մեկնել, ուստի երեխային հոր մոտ է թողնում:

Նարինե Նիկողոսյանը երեկ Վերաքննիչ քրեական դատարանում ասաց, որ Էդիսոն Ադյանը կապ չունի իր երեխայի հետ. «Թող գենետիկական փորձաքննություն անեն, պարզվի, որ ինքը չի իմ երեխայի հայրը, որպեսզի ես կարողանամ ապացուցել, որ ինքը սուտ է խոսել»:
Դատավորի հարցերին պատասխանելով՝ Նիկողոսյանն ասաց, որ մոտ 2 տարի է, ինչ երեխային չի տեսել՝ հենց ծննդատնից դուրս գրվելուց հետո:

Դատավորն էլ ամբողջ նիստի ընթացքում բազմաթիվ անգամ Նիկողոսյանից հետաքրքրվում էր` ինչո՞ւ Նիկողոսյանն անմիջապես երեխային իրենից բաժանելուց հետո չի դիմել ոստիկանություն, այլ 8 ամիս հետո: Նարինե Նիկողոսյանն էլ մի շարք անգամ հնչեցրած նույն հարցին գրեթե նույն պատասխաններն էր տալիս: Նիկողոսյանի վստահեցմամբ՝ ինքն իրեն անպաշտպան է զգացել, առողջական ծանր վիճակում է եղել, չի իմացել՝ ինչ պիտի անի:

«Նիկողոսյան, եթե ձեր համաձայնությունը չի եղել, տեսել եք ձեր երեխան չկա, պիտի կուրծք տաս, տեսել ես՝ տարել են, գողացել են, փախցրել են, ինչո՞ւ չես դիմել ոստիկանություն»,- հարցրեց դատավորը, որին Նիկողոսյանը պատասխանեց, թե Ադյանն իրեն վախեցրել է, ասել է, ուր էլ դիմի՝ Ադյանը կարող է գործը փակել:

Դատավոր Աղրամանյանն էլ հետեւյալ դիտարկումն արեց. «Ցանկացած մարդ մտնի ցանկացած ոստիկանություն, ասի՝ իմ երեխային գողացել են, դա բավարար է, որպեսզի զբաղվեն գործով: Լինում են դեպքեր երեխայի վաճառքի, արդյոք դուք ինքներդ չե՞ք մտել նույն գործարքի մեջ»: Նիկողոսյանը վստահեցրեց՝ «Ոչ»:
Նիկողոսյանի փաստաբանն էլ ավելացրեց՝ «Եթե գործարք է եղել, թող բացահայտեն, չկոծկեն: Քննիչը գիտի՝ ով է երեխայի հայրը, հայրը ցուցմունք է տվել, Նիկողոսյանը դատարանում ասել է անունը, ինչո՞ւ քննիչն այդ ուղղությամբ քննություն չի տարել»:
Նիստին դատախազն էլ նկատեց. «Գենետիկական փորձաքննություն նշանակելու դեպքում, եթե նույնիսկ հաստատվեր, որ երեխայի հայրը Էդիսոն Ադյանը չէ, ապա Քրեական օրենսգրքի 167 հոդվածով այդ հանցակազմը չի կարող առաջանալ, հայր լինել-չլինելը տվյալ հանցակազմի համար նշանակություն չունի, եւ այդ պատճառով տվյալ գործը նախաքննության ընթացքում չի նշանակվել: Առաջին ատյանի որոշման վերացման որեւէ հիմք չկա»:

Դատարանում Նիկողոսյանի փաստաբանը մասնավորապես պնդում էր, որ քննիչը բջջային հեռախոսազանգերի վերծանումներին պատշաճ ուշադրություն չի դարձրել, դատագենետիկական փորձաքննություն չի նշանակել, երեխայի անունով գոյություն ունի 2 ծննդական, մեկի մեջ Նիկողոսյան ազգանունով է, մյուսի մեջ՝ Ադյան, այսինքն՝ գոյություն է ունեցել կեղծ ծննդական, այս եւ այլ հանգամանքներ չի պարզել:

Դատավորը նորից Նիկողոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ երեխային իրենից բաժանելուց անմիջապես հետո չի դիմել ոստիկանություն. «Շունը կես ժամով ձագին կորցնում է, գնում է ոստիկանութուն»:

Դատական նիստին ներկա չէին Ադյանն ու նրա ներկայացուցիչը, քանի որ դատարանը գտել էր, որ դրա անհրաժեշտությունը չկա, սակայն Ադյանը գրավոր դիմել էր դատարան՝ մյուս նիստին ներկա լինելու համար: Դատավորը զարմացավ, որ Ադյանը դիմում է գրել դատարանին, քանի որ իրենք Ադյանին որեւէ ծանուցում չեն ուղարկել: Գործի դատաքննությունը հետաձգվեց մայիսի 15-ին, որպեսզի Ադյանն էլ ներկա լինի:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սերիալի լավ նյութ է, ափսոս է: ասող խոսող դատավոր, անհասկանալի իրավիճակ ու պարզաբանումներ ծնողների կողմից, փաստաբանական ճկունություն և գործի ձգձգում, էլ ինչ եք ուզում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031