Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն մի հանցագործ ուզում է մաքրել իր հանցագործության հետքերը». թուրքագետ

Մայիս 21,2015 15:05

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգային երգի, պարի խմբի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը մտահոգված է մեր հարևանների կողմից հայ ազգային մշակույթի յուրացման խնդրով:

«Հիմա ամբողջ Վանի արվեստը թուրքերը ներկայացնում են որպես իրենցը: Մենք վերջերս եղանք Վանում: Նրանք անգլերենով գրքեր էին տպագրել, որտեղ ամբողջը ներկայացնում էին որպես թուրքական արվեստ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա՝ ընդգծելով, որ մենք պետք է այնքան գիտակ լինենք, այնքան առողջ մտածելակերպ ունենանք, որ կարողանանք պահել ու պահպանել մեր ազգային մշակույթը:

«Ցեղասպանությունը շարունակվում է, քանի որ շարունակվում է նաև ժխտողականությունը»,- հավելեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ցեղասպանություն ասվածը միայն ֆիզիկական բնաջնջումը չէ: «Երբ մենք մեր ինքնությունն ենք կորցնում, գուցե ֆիզիկապես մեզ ոչնչացնելու կարիք չկա էլ»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:

Ինչո՞ւ են ոչնչացնում մշակութային հուշարձանները։

«Ոչնչացնում են, որովհետև այդպես մաքրում են այն հետքերը, որոնք հետագայում կարող են մեր պահանջների համար հիմք ծառայել։ Ամեն մի հանցագործ ուզում է մաքրել իր հանցագործության հետքերը: Այսօր այնտեղ մի կողմից ջնջում են այդ հետքերը, նյութական ապացույցները, մյուս կողմից էլ, յուրացնելով դրանց մի մասը, լեգիտիմացնում են իրենց գործողությունները»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:

Թուրքագետի խոսքով՝ Արևմտյան Հայաստանի քաղաքների, գյուղերի հին բնակիչները շատ լավ գիտեն, որ դրանք եղել են հայի գյուղեր, ցույց են տալիս՝ որոնք են հայկական տները, մշակութային ժառանգությունը, բայց նրանք շատ քիչ են մնացել, իսկ նորեկների համար միևնույն է:

«Մշակութային ցեղասպանության դեպքում շատ դժվար է ապացուցել, որ դա միտումնավոր, պետական հրամանով է ոչնչացվել: Այսօր այնտեղ հազար ու մի պատճառաբանություն են բերում դրանց ոչնչացման հետ կապված՝ երկրաշարժի գոտի, տարիների ընթացքում քանդվել և այլն»,- ավելացրեց Ա. Հովհաննիսյանը:

Ըստ թուրքագետի՝ մենք չպետք է ձեռքներս ծալած նստենք. որպես պետություն՝ պետք է յուրաքանչյուր դեպքի արձագանքենք, անկախ նրանից՝ ունենք դիվանագիտական հարաբերություններ, թե ոչ: «Միջազգային ասպարեզում պիտի միշտ ներկայանանք առաջարկություններով: «Մշակութային ցեղասպանություն» եզրույթն այսօր օգտագործվում է պատմության մեջ: Այդ մասին անընդհատ է պետք խոսել, քանի որ մեր մշակույթը շարունակում է յուրացվել, ոչնչացվել մեր հարևանների կողմից: Բացի այն, որ ափսոս է, մյուս կողմից էլ բազմաթիվ խնդիրների առջև է կանգնեցնում՝ ինքնության, պահանջատիրության և այլնի հետ կապված»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031