Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Անդրանիկ Մանուկյանը հարցեր տա, չեմ պատասխանի»

Ապրիլ 18,2024 13:00

Ասաց դատարան հրավիրված փորձագետը

ՀՀ վարչական դատարանում (դատավոր՝ Կ. Զարիկյան) ապրիլի 15-ին շարունակվեց «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդ»-ի համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի գործով դատական նիստը: Հերթական անգամ նիստից բացակայում էր Երեւանի քաղաքապետարանը:

Դատարան էին ներկայացել երրորդ անձ ճանաչված «Օկտագոն» ՍՊ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Խուրշուդյանը, Անդրանիկ Մանուկյանը եւ նրա ներկայացուցիչներ Վահե Սեդրակյանն ու Ալբերտ Կանդալյանը:

Դատավորը տեղեկացրեց, որ Փորձաքննությունների ազգային բյուրոյից ստացվել է գրություն, համաձայն որի՝ դատարանի ծանուցագրին ի պատասխան, դատակոչել փորձագետ Թումասյանին, պարզվել է. «Թումասյանը չի հանդիսանում հաստիքային փորձագետ», նրա մասին տվյալներ հետեւաբար չկար…

Դատարանը լսեց «Բաբայան Լատ-նախագիծ» ՍՊԸ տնօրեն, փորձագետ Հուսիկ Բաբայանին եւ Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետ Գագիկ Ենգիբարյանին:

Հիշեցնեմ, որ նախորդ դատական նիստին վարչական դատարանն արդեն իսկ լսել, հարցեր էր տվել փորձագետ Արտաշես Հովհաննիսյանին, ով Անդրանիկ Մանուկյանի՝ Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/4 տան հարեւանությամբ «Օկտագոն» ընկերության կողմից բազմաբնակարան շենքի կառուցման հետ կապված տվել էր եզրակացություն, համաձայն որի՝ շինարարությունն ընթանում է քաղաքաշինական նորմերին համապատասխան:

«Բաբայան Լատ-նախագիծ» ՍՊԸ տնօրեն Հուսիկ Բաբայանը, ըստ էության, պնդեց իր եզրակացությունը, որը հաստատվել է 2023 թ. ապրիլի 27-ին:

Նա ասաց, որ իրեն դիմել է Անդրանիկ Մանուկյանը, մի քանի անգամ Թումանյան փողոց 2-րդ անցուղի 5/4 հասցե իր կողմից կատարվել է ստուգայց-հետազննում: Նա ասաց, երբ իրեն դիմել է բնակիչը, ապա ինքը տարածքում ուսումնասիրությունները սկսել է, երբ շենքի 6-7-8 հարկը կառուցված էր: Եվ տեսել է շեղումներ: Նա պնդեց, որ շինարարության հետեւանքով են Անդրանիկ Մանուկյանի տանը հայտնվել ճեղքեր, ճաքեր:

Հարցուպատասխաններից պարզ դարձավ, որ հիմքերի համար փորված փոսորակի խորությունը հասնում է մինչեւ 7, 0 մ, իսկ աշխատանքների կատարումը ընթացել են դինամիկ ցնցումներով` խարխլելով եւ թուլացնելով տվյալ տեղամասի շենք-շինությունների հիմքերի տակ գտնվող հիմնատակերը, այդ թվում նաեւ՝ Անդրանիկ Մանուկյանի բնակելի տան հիմքերը: «Հիմնական կոնստրուկցիաներում առկա էին զգալի ճաքեր, վնասվածքներ, մասնավորապես՝ քարե պատերում միջանցիկ, թեք եւ անկյունագծային (0,2-0,5 մմ) ճաքեր, քարե երկայնական պատերում միջնապատերի աննշան շերտավորում եւ նստվածք, ծածկի առանձին տարրերում կան տեղափոխություններ: Ըստ եզրակացության, շինարարական աշխատանքների ժամանակ չեն պահպանվել շինարարական տեխնոլոգիական պահանջները, որոնց հետեւանքով Մանուկյանի բնակելի տանը պատճառվել է վնաս (ճաքեր, նստվածքներ՝ հատկապես հիմնատակերում), ուստի Թումանյան փողոց 2-րդ անցուղի հ. 5/4 հասցեի բնակելի տան կրող եւ պատող կոնստրուկցիաներում պետք է իրականացվեն ամրացման եւ վերականգնման կոնստրուկտիվ միջոցառումներ»,- հայտնել էր եւ դատարանում նույնը պնդեց փորձագետը:

Դատարանի կողմից հարց ուղղվեց փորձագետին խախտումների մասին, երբ արձանագրել եք, փաստացի՞ էր, թե՞ նախագծի հիման վրա եք ասում: Նա պատասխանեց, որ վեր է հանել երկուսի ազդեցությունը: Նա խոսեց նաեւ կառուցվող բազմաբնակարան շենքի հեռավորության մասին:

Անդրանիկ Մանուկյանը բազմիցս է շեշտել, որ իր տան եւ կառուցապատման փուլում գտնվող շինության միջեւ հեռավորությունը կազմում է մոտ 6 մետր, իսկ փաստացի շինարարական աշխատանքներն իրականացվում են մոտ մեկ մետր հեռավորության վրա. «Թեկուզ շինարարության թույլտվությունը տրված է մինչեւ բազմաբնակարան շենքի 2 նիշի կառուցման համար, միեւնույն է՝ օրենքի տեսակետից ք. Երեւան, Թումանյան, 2 անցուղի, 5/9 հասցեի եւ իրեն պատկանող անշարժ գույքի եւ կառուցապատման փուլում գտնվող շինության միջեւ հեռավորությունը պետք է լինի 18 մետրից ոչ պակաս, սակայն փաստացի այն կազմում է մոտ 1 մետր: Եվ որ Թումանյան, 2 անցուղի, 5/9 հասցեի հողամասի չափերը թույլ չեն տալիս նման հարկայնությամբ շինությունը կառուցել՝ սահմանելով վերը նշված չափերը»:

Նշվեց, որ «Քաղաքաշինություն. քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» հրամանով հաստատվել են «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում» շինարարական նորմերը՝ համաձայն հավելվածի: Որոշման հավելվածի 79-րդ կետի համաձայն՝ շենքերի երկար կողմերի միջեւ հեռավորությունները (կենցաղային խզումներ) հարկավոր է ընդունել. 2-3 հարկանի շենքերի համար՝ 18 մ, 4 հարկի՝ 24 մ-ից ոչ պակաս, իսկ շենքերի երկար կողմերի եւ բնակելի սենյակներից պատուհաններ ունեցող կողաճակատների միջեւ՝ 10 մետրից ոչ պակաս: Երկու եւ ավելի սեկցիայով բնակելի տների երկար կողմերի միջեւ հեռավորությունը պետք է լինի առավել բարձր շենքի բարձրության կրկնակի չափից ոչ պակաս: Վերակառուցման եւ այլ բարդ քաղաքաշինական պայմաններում նշված հեռավորությունները կարող են կրճատվել՝ սեյսմակայուն շինարարության եւ սեյսմիկ ռիսկի նվազեցման, ինսոլյացիայի, լուսավորվածության, հակահրդեհային պահանջների պահպանման պայմանով, ինչպես նաեւ բացառելով բնակելի շենքերի եւ խոհանոցի լուսամուտից լուսամուտ դիտելիությունը (լուսամուտների՝ դեմհանդիման չգտնվելու պայմանով): Նշված հեռավորությունները կարող են փոխվել, հաշվի առնելով քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոնք պետք է իրականացվեն՝ համաձայն համապատասխան ոլորտի նորմատիվ փաստաթղթերի պահանջների:

Անդրանիկ Մանուկյանը, նրա ներկայացուցիչները հարցեր ունեին երկրորդ փորձագետին՝ Գագիկ Ենգիբարյանին, որը հարցն առհասարակ չէր լսում, այլ անհասկանալի մեջբերումներ կատարում իր եզրակացությունից, չպատասխանելով բուն հարցին: Վիճարկվող եզրակացությունը համապատասխանում է գործող շինարարական նորմերի հակահրդեհային պահանջներին:

Հիշեցնեմ, որ այս գործով «Էքսպերտ Ըդվայս» ՍՊԸ-ի կողմից տրված փորձագետի եզրակացության համաձայն, Անդրանիկ Մանուկյանի տան եւ հարակից բնակելի շենքի միջեւ տարածությունը կազմում է 4 մետր, ինչը նշանակում է, որ բազմաբնակարան բնակելի համալիրի փաստացի տեղակայմամբ խախտվում են «Շենքերի եւ շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերի մի շարք կետերի պահանջները»:

Դատարանը մի քանի անգամ հորդորեց՝ պատասխանել կոնկրետ հարցերին, իսկ փորձագետն «ազարտի» մեջ հրաժարվեց, թե Անդրանիկ Մանուկյանի հարցերին չի պատասխանի…

Այս փորձագետը խոսեց հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման մասին, նախատեսվող երեք մուտքերի, ինչի կապակցությամբ, Մանուկյանը նկատեց, որ հնարավոր չէ իրենց մուտքով նման տեխնիկա մտնի, աշխատի…Նաեւ նշվեց Թումանյան փողոցի նեղ, անբարեկարգ փողոցների մուտքերը:

Փորձագետը հրդեհաշիջման աշխատանքների համար ասաց, թե դա «մարտական բացազատում» է, հատուկ տեխնիկայով, այնքան հեռուն գնաց, որ Անդրանիկ Մանուկյանը հարցրեց. «Դուք շինարարատեխնիկակա՞ն փորձագետ եք, թե՞ հրդեհաշիջման»…

Այս փորձագետը շենքերի միջեւ հեռավորության հետ կապված էլ խախտումներ չտեսավ…

Դատական նիստից հետո Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ Ալբերտ Կանդալյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ զուգահեռ քաղաքացիական գործով դիմելու է Վճռաբեկ դատարան:

Բանն այն է, որ հարեւան հողամասի նկատմամբ գույքային իրավունքների իրավահաջորդ են փորձում հանդես գալ Հմայակ Հարությունյանը, Լեւոն Օրդուխանյանը: Հմայակ Հարությունյանը հղում էր կատարել Երեւանի քաղաքապետի 08.07.2010 թվականի «Երեւանի Թումանյան փողոցի 2-րդ անցուղու հ. 5/2 բնակելի տան նկատմամբ Հմայակ Հապետնակի Հարությունյանի իրավունքները վերականգնելու մասին» թիվ 3027-Ա որոշմանը, որով վերականգնվել է Երեւան, Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, թիվ 5/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ նրա սեփականության իրավունքը 51.62քմ մակերեսով հողամասի եւ դրա վրա գտնվող 51.62քմ մակերեսով շենք-շինությունների նկատմամբ:

Ալբերտ Կանդալյանն այս կապակցությամբ ասաց. «Հմայակ Հարությունյանը հայց էր ներկայացրել դատարան, վաղեմության ժամկետով ձեռք բերող իրեն ճանաչել, հիմքում դրել էր քաղաքապետարանի որոշումը, որը վիճարկվել էր վարչական դատարանում: Վարչական դատարանն ասել էր, թե Անդրանիկ Մանուկյանը եւ որոշումը կապ չունեն իրար հետ: Առաջին ատյանի դատարանը մերժել էր «իրավահաջորդին», իսկ վերաքննիչ դատարանը օրերս որոշում է կայացրել հայցը բավարարել: Նրանք չեն կարող իրավահաջորդ ճանաչվել ՔՕ 187-րդ հոդածի 2-րդ մասի կիրառմամբ, ինչը եւս անհիմն է դարձնում Հմայակ Հարությունյանի կողմից որպես հայցվոր վեճի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջը՝ ձեռքբերման վաղեմության ուժով (դատավոր՝ Դանիել Մխեյան, 2023թ. ապրիլի 19): Այսինքն, նույն հարցի մասին կա դատարանի որոշում, որով հայտնվում է, որ թե Հարությունյանը, թե Օրդուխանյանը չեն կարող իրավահաջորդ լինել: Կողմը հրաժարվել էր իր գույքից, տվել Օրդուխանյանին, դատարանն ասել է՝ «հըլը մի հատ տեր դարձեք», ապա վիճարկեք իրավահաջորդությունը: Հղում են կատարում «Ցեսիայի պայմանագրին», որով նույնպես տասը տարին չի ապահովվել, տիրապետելու, տնօրինելու… Վերաքննիչ դատարանն ի վնաս մեզ որոշում է կայացրել, որը կվիճարկենք Վճռաբեկ դատարանում, չնայած որեւէ հույս չունենք»:

Փաստաբանին քաղաքացիական դատարանի առաջին ատյանում ընթացող գործընթացի ժամանակ («Քաղաքացի Արթուր Մեսչյանը դեմ էր բազմաբնակելիին, որպես գլխավոր ճարտարապետ՝ թույլատրել է» «Առավոտ», 2023 հոկտեմբերի 6) հարցրել էի. «Երբվանից «ավելացավ» նոր իրավահաջորդը, նկատի ունեի «սեփականության իրավունքի ճանաչման պահանջի իրավունքը զիջողը», Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչը հղում էր կատարել ընդդեմ իր վստահորդի՝ Հմայակ Հարությունյանի, Ալբերտ Հակոբյանի հայցերին, որով. «Դատարանն արձանագրել էր, որ ինքնուրույն որեւէ հիմք եւ ապացույց չի ներկայացվել առ այն, որ Լեւոն Օրդուխանյանը հանդիսանում է ք. Երեւան, Թումանյան փողոց 2-րդ անցուղի 5 տուն հասցեում գտնվող ընդհանուր 51.62 քմ մակերեսով հողի փաստացի եւ վաղեմային տիրապետում իրականացնող անձ: Դատարանը գտնում է, որ ինքնուրույն գնահատման է ենթակա նաեւ Լեւոն Օրդուխանյանի կողմից ներկայացված «ցեսիայի» պայմանագիրը, արդյո՞ք Լեւոն Օրդուխանյանը կարող է գնահատվել Հմայակ Հարությունյանի իրավահաջորդը նյութական իրավունքի տեսանկյունից եւ արդյո՞ք ՔՕ 187-րդ հոդվածը ինքնին ենթադրում է դրանով կարգավորված իրավահարաբերության մեջ իրավահաջորդություն»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930