Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին շրջանում Հալեպից Հայաստան է ժամանել մոտ 200 մարդ

Մայիս 21,2015 15:57

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նախ` վարչապետն անդրադարձել է ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխություններին, որոնց համաձայն բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար ստացված հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսներն, ըստ էության, վճարում է պետությունը՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը: Կառավարության ղեկավարը նաև շեշտել է, որ այս փոփոխությամբ գործադիրը երկու կարևոր խնդիր է լուծել՝ աջակցել քաղաքացիներին, որպեսզի նրանք մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերեն և նպաստել շինարարության ոլորտի ակտիվացմանը: Ուստի ցանկալի է, որ հնարավորինս շատ մարդ օգտվի այս արտոնությունից:

Հովիկ Աբրահամյանն այնուհետև հավելել է, որ ներկայումս քաղաքացիներից ահազանգեր են հնչում, որ գործընթացը բավական բարդ է, մեխանիզմները՝ ոչ այնքան հասկանալի, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվողների համար: Հաշվի առնելով այս հանգամանքը և ականջալուր լինելով քաղաքացիների մտահոգությանը, վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարել է կարճ ժամկետում ուսումնասիրել հասարակության արծարծած հարցադրումները՝ հաստատված մեխանիզմներն առավելագույնս պարզեցնելու համար և գործընթացի ավարտից հետո պատշաճ կարգով իրազեկել հանրությանը:

Հիշեցնելով, որ ՀՀ կառավարության նախորդ նիստում Սիրիայի իրավիճակի վերաբերյալ պարզաբանում տալու հանձնարարություն էր ստացել ՀՀ սփյուռքի նախարարությունը, կառավարության ղեկավարը ամբիոնի մոտ է հրավիրել սփյուռքի նախարարին: Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է հատկապես Հալեպում ստեղծված դրությանը և այն միջոցներին, որ սփյուռքի շատ կազմակերպություններ ձեռնարկում են տեղի հայերին օգնելու համար: Վերջին շրջանում Հալեպից Հայաստան է ժամանել մոտ 200 մարդ: Նախարարությունը գումարել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ՝ հասկանալու, թե Հայաստանը ինչ կարող է անել և ինչպես աջակցել մեր հայրենակիցներին: Նախարարը հանդիպել է նաև բարեգործական կառույցների, ՄԱԿ-ի փախստականների գործերի հանձնակատարի ներկայացուցչի հետ, ճշտել, թե ինչ հնարավորություն կա սիրիահայերին օժանդակություն ցուցաբերելու համար:

Նշելով, որ սիրիահայ երեխաների թիվը Հայաստանում գնալով ավելանում է, նախարարը վստահեցրել է, որ հնարավոր է 300-ից ավելի երեխաների ամառային հանգիստը կազմակերպել ճամբարներում:

Վարչապետն առաջարկել է նաև համապատասխան նախարարություններին՝ համակարգել այդ աշխատանքը և առավելագույն աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031