Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. hրադադար

Հունիս 10,2015 13:00

«Տո՛ւր ձեռքերդ համբուրեմ, մա՛մ ջան, դու էս քո ձեռքերով ես ինձ մարդ դարձրել»
«Վաղինակը երեք տարեկան էր, պատրաստվում էինք մանկապարտեզ տանել, դրա համար պետք է պոլիկլինիկա գնայինք՝ անալիզներ հանձնելու: Թաղային բժշկուհին հարցրեց՝ Վաղինա՛կ ջան, որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու: Հետո բժշկուհին անկետայի թուղթը շրջեց, ասեց՝ մի հատ նկարի, տեսնեմ դու նկարել գիտե՞ս, որ գնաս մանկապարտեզ: Վաղինակս զենք ու տանկ նկարեց: Բժշկուհին զարմացած հարցրեց՝ Վաղինա՛կ ջան, էս ի՞նչ ես նկարել, ի՞նչ ես ուզում դառնալ, Վաղինակս բարձր ձայնով հպարտորեն ասաց՝ զինվոր եմ դառնալու»,- վերջին բառերն արտասանելիս՝ Վաղինակի մոր՝ Նազիկի ձայնը նվաղում է, նա արագ սրբում է աչքերից հոսող արցունքներն ու զսպելով հուզմունքը՝ շարունակում խոսքը:

Վաղինակ Բաղդասարյանն ընտանիքում երկրորդ որդին է, ծնվել է 1993թ. ապրիլի 1-ին, սակայն նրա ծննդյան ամսաթիվը համարվում է ապրիլի 2-ը:
«Ծննդաբերելուց հետո բժիշկն եկավ, ինձ մոտեցավ, ասեց՝ որդի եք ունեցել, ասեցի՝ շատ շնորհակալություն, ես մի որդի էլ ունեմ, մենք աղջիկ էինք ուզում, ասեց՝ չէ՛, տղա ես ունեցել, բայց ես կխնդրեի, որ իր ծննդյան օրը փոխենք ապրիլի երկուսը, քանի որ ապրիլի մեկը խաբելու օրն ա, քո տղան ում ասի, մեկ ա, չեն հավատա, որ իր ծնունդն ա, կիմանան, թե կատակ ա անում: Էդպես փոխեցինք ու երեւի փոխեցինք նաեւ նրա ամբողջ ճակատագիրը»,- ասում է մայրը:

Մայրը պատմում է, որ Վաղինակը շատ կազմակերպված եւ խելոք երեխա էր. «Բակում շատ աննկատ երեխա էր, չէր սիրում ուրիշ տղաների պես կանգնել պատերի տակ: Ո՛չ ծխում էր, ո՛չ հայհոյել գիտեր, ինքը շատ մեղմ, մի կողմ քաշված, ինքն իր անելիքն իմացող երեխա էր: Բնավորության ինչ-որ գիծ կար ինձնից, միշտ պլանավորում էր, թե ինչ պետք ա աներ, որ օրն անիմաստ չանցներ»:

Վաղինակը շատ ուշադիր ու հոգատար որդի եւ եղբայր է եղել. մայրը պատմում է, որ ամեն անգամ, երբ ինքը ծանր իրերով միայնակ տուն էր գալիս, Վաղինակը բարկանում էր, որ մայրն իրեն չի կանչել օգնելու: «Երեք երեխա ունեմ, երեքին էլ նույն ձեւով եմ դաստիարակել, բայց ինքը յուրահատուկ էր: Միշտ, երբ գնում էի շուկա, եթե հանկարծ ծանր-ծանր տուն էի գալիս, բարկանում էր, ասում էր՝ ինչի՞ ես էդքան ծանր գրկած տուն գալիս, ինչի՞ չես զանգում, որ գամ քեզ օգնեմ: Դե շուկան մոտ ա մեր տանը, ասում էի՝ ա՛յ բալես, ինչի՞ ես ջղայնանում, երկու քայլ ա, էլի: Վաղինակս էլ ասում էր՝ չէ՛, դու էդքան գնաս աշխատես, չարչարվես, մի հատ էլ շուկայից ծանր-ծանր տուն գա՞ս: Երեկոյան, եթե մի քիչ ուշ էի տուն գալիս, ասում էր՝ մա՛մ, հենց տեսնում ես մութն ընկել ա, զանգի, որ ես գամ քեզ կանգառից տուն բերեմ,-հիշում է մայրն ու շարունակում: -Աղջիկս երաժշտական դպրոց էր հաճախում, առաջին տարին ես էի տանում դպրոց, հաջորդ տարի էլ չէի հասցնում աշխատանքիս հետ, ասացի, որ եղբայրներով տանեն: Դաշնամուրի ուսուցչուհին ասում էր՝ զարմանում եմ, թե ինչքան հոգատար եղբայր է Վաղինակը, քրոջ ձեռքը մի վայրկյան բաց չի թողնում, էնքան հանգիստ եմ, որ Վաղինակն ա գալիս. դասը դեռ չվերջացած, տասը րոպե շուտ Վաղինակն արդեն այստեղ է լինում, որ հանկարծ քույրն իրեն դրսում չսպասի»:

Հարեւանուհիներից Լարիսան ասում է, որ չնայած շատ մտերիմ է ընտանիքի բոլոր անդամների հետ, սակայն Վաղինակին միշտ ավելի շատ է սիրել:
«Մի հրաշալի երեխա էր ինքը: Ամեն ինչը չափված-ձեւված էր, ոչ մի ավելորդություն չէիր տեսնի նրանից: Բոլորին, առանց վարանելու, հասնում էր, օգնում էր: Բակի բոլոր երեխաներին զբաղեցնում էր: Եղբորս երեխային շատ էր սիրում, միշտ խաղում էր հետը: Եղբորս կինը կատակով ասում էր՝ աջ ձեռքս ա Վաղինակը»,- պատմում է հարեւանուհին:
Որդու մասին խոսելիս՝ մայրը նաեւ նշում է, որ որդին շատ էր սիրում հայ գրականություն, հատկապես՝ Վահան Տերյանի պոեզիան եւ Հովհաննես Շիրազի՝ մորը նվիրված բանաստեղծությունները:

Դպրոցն ավարտելուց հետո Վաղինակը որոշում է ոսկերչության դասընթացների գնալ, չնայած ուզում էր Ճարտարագիտական համալսարան ընդունվել, բայց նրան մտահոգում էր այն, որ ծնողների համար դժվար կլինի ուսման վարձը վճարել:

«Ինչ պատրաստում էր, բերում էր, որ տեսնեի, ասում էի՝ սրանից եմ ուզում, ասում էր՝ համբերի՛, մա՛մ ջան, բանակից կգամ, ինչ սարքեմ, քոնը կլինի,- պատմում է մայրն ու մեղմ ժպիտով հայացքը թեքում մատնեմատի մատանուն,- ձեռքիս մատանին իմ ամենաթանկ նվերն ա, ոչնչի հետ չեմ փոխի: Վաղինակիս առաջին գործերից է: Քննության համար էլ մի սիրուն մատանի էր սարքել, բերեց, ցույց տվեց, ասեցի՝ շատ լավն ա, բեր մի հատ էդ ձեռքերդ պաչեմ, ասեց՝ տո՛ւր ես քո ձեռքերը համբուրեմ, մա՛մ ջան, դու էդ քո ձեռքերով ես գումար վաստակել ու ինձ մարդ դարձրել»:

Ի տարբերություն ավագ եղբորը, Վաղինակը շատ նրբանկատ էր իր հագուստի եւ իրերի նկատմամբ:

«Ինչն իրան էր վերաբերվում՝ ինքը շատ բծախնդիր էր, շատ մուզ-մուզ, եթե մի բան անում էր, պետք ա տեղը տեղին լիներ: Մեր հարեւանուհու աղջկա մատանու քարն ընկել էր, որտեղ տարել էին, ստից կպցրել, տվել էին: Խնդրեց, որ Վաղինակը կպցնի. էնքան ամուր էր կպցրել, որ մինչեւ հիմա կա: Ինքն իր աշխատանքի նկատմամբ շատ բծախնդիր էր: Առհասարակ շատ կոկիկ էր. առավոտյան վեր էր կենում, իր անկողինը հավաքում էր, դարակը դասավորում էր: Տան համար եթե մի նոր բան էինք առնում, շատ էր ուրախանում ու ամեն բանի վրա դողում էր,- ասում է մայրն ու հիշում, թե ինչպես էր որդին հավաքում տարբեր իրեր, որոնք թվում էր, թե այլեւս պիտանի չեն լինի: -Էնքան էր սիրում տարբեր բաներ հավաքել, ասում էի՝ ա՛յ տղա, զիբիլ ա էս բոլորը, ասում էր՝ չէ՛, մամա, զիբիլ չի: Պլաստմասսայի շշից խաղալիք մեքենա էր սարքել, լույսեր էր դրել: Վերամբարձ կռունկ էր սարքել, կեռիկի պես բան էր կախել, վրան մագնիս էր դրել, թելով պտտացնում էր, իջնում էր ու մեխ էր վերցնում: Մի հին ռադիո ունեինք, մի օր ջղայնացա, ուզում էի աղբը նետել, վերցրեց, ամբողջը քանդեց, անտենան օգտագործեց որպես ծաղիկի հենակ, մնացած մասերով էլ փոքրիկ վինտիլյատոր սարքեց»:

mayry--Naziky_3

Նազիկն ասում է, որ Վաղինակը շատ էր սիրում մարտի 8-ը, Ամանորը եւ բոլոր տոներին բացիկներ, գեղեցիկ հուշանվերներ էր պատրաստում ու նվիրում:

2011թ. մայիսի 27-ին Վաղինակն անցնում է զինվորական ծառայության:

«Վաղինակին խոստացել էինք, որ իր զորացրվելու ժամանակ գնալու ենք զորամաս ու իրար հետ տուն գանք: Չնայած այդ դեպքից հետո շատ դժվար էր մեզ համար, բայց խոստումը պահեցինք, գնացինք… Մի կես ժամ չէի կարողանում զորամաս մտնել… Հարցրեցին՝ ի՞նչ է պատահել, ասացի, որ եկել ենք Վաղինակիս տանենք, բայց դատարկ պետք է վերադառնանք,- կսկիծը սրտում հիշում է մայրը եւ շարունակում: -Երբ իմացան, թե ովքեր ենք, մեզ կանչեցին ներս, բոլորը ցավակցում էին, ասում էին, որ միշտ հիշում են, մոմ ու ծաղիկներ են դնում նրա նկարի առջեւ: Մեկ-մեկ մտածում եմ, որ իսկապես հերոսի մայր եմ ու հպարտանալու տեղ ունեմ: Ուրախ եմ, որ այդպիսի երեխա եմ դաստիարակել, գուցե իր մեջ իմ խրատն ա խոսել, որ հայրենիքին պետք ա պարտքը տա, միգուցե իր պարտքն էլ հենց դա էր»:

Վաղինակ Բաղդասարյանը զոհվել է 2012թ. սեպտեմբերի 25-ին՝ ադրբեջանական կողմի դիպուկահարի գնդակից: Նա 19 տարեկան էր:
Վաղինակի գրած նամակը մոր ծննդյան օրվա առթիվ.
Ների՜ր մայրիկ, որ ծնունդիդ ներկա լինել չեմ կարող,
Ճամփաներս փակ են պարիսպներով ահավոր,
Ների՜ր մայրիկ, որ ծնունդիդ վարդեր բերել չեմ կարող,
Թոռոմել են արդեն նրանք, ինչպես սիրտս կարոտից:
Ների՜ր մայրիկ, որ ծնունդիդ ներկա լինել չեմ կարող,
Ընդամենը ես կգրեմ. մա՛յր իմ, ծնունդդ շնորհավոր:

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Առավոտ» օրաթերթ
09.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930