Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտական դիրքում  դիրքի ավագը կրտսեր սերժանտին դանակահարելուց հետո  փորձել է ինքնասպան լինել

Հուլիս 16,2015 14:42

Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչ, ավագ սերժանտ, 1993թ. ծնված Արծրուն Դիլբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի  համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի  պայմանագրային զինծառայող, 2014թ. օգոստոսի 29-ից  որպես մարտական դիրքի ավագ ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ,  2014թ. սեպտեմբերի  5-ին սպանության փորձ է կատարել ծառայակցի   նկատմամբ:

Նշված օրը, ժամը 14.30-ի սահմաններում, նույն դիրքում որպես դիտորդ  ծառայության նշանակված Մկրտիչ Սիրեկանյանի կողմից գետնատնակի դիտորդի պարտականություններն առանց համապատասխան հանդերձանքի իրականացնելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում, ծառայակիցների ներկայությամբ իրեն հարվածելու համար վրեժ լուծելու շարժառիթով, նույն օրը ժամը 17-ի սահմաններում վերջինիս տեսնելով գետնատնակին հարակից ասֆալտապատ ճանապարհին, մոտեցել է նրան, դեմ-դիմաց կանգնած՝ գրպանից հանել է արդեն իսկ բաց վիճակում գտնվող ծալվող դանակը եւ Մ. Սիրեկանյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ  դանակով հարվածել նրա կրծքավանդակի ձախ կեսին:

Մ. Սիրեկանյանի առողջությանը պատճառվել է սրտամկանի վնասումով միջկողային ծակած-կտրած, թափանցող վերքի ձեւով կյանքին սպառնացող ծանր վնաս:  Ծառայակիցներն անմիջապես միջամտել են,  Սիրեկանյանին տեղափոխել Իջեւանի բժշկական կենտրոն, ուր բժշկական վիրահատությամբ հաջողվել է փրկել նրա կյանքը: Ա. Դիլբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով («Սպանության փորձը»), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում դատաքննության ընթացքում, Ա. Դիլբարյանն իրեն  մասնակիորեն է մեղավոր ճանաչել, հայտնել, որ  այդ օրը գումարտակի պաշտպանական շրջանում մարտական դիրքերի ստուգողներ պետք է գային, ինչի կապակցությամբ ինքը կարգադրել է մաքրել հենակետի տարածքը: Տեսնելով, որ գետնատնակի դիտորդ, կրտսեր սերժանտ Մ. Սիրեկանյանը առանց բաճկոնի եւ սաղավարտի  է , կարգադրել է դրանք հագնել: Սակայն վերջինս չի ենթարկվել հրամանին, ասելով, որ ամեն ինչ լավ կլինի: Ծագած վիճաբանության ընթացքում Մ, Սիրեկանյանը բռունցքով հարվածել է Ա. Դիլբարյանի դեմքին, վերջինիս քիթն արյունահոսել է: Լվացվելուց հետո Դիլբարյանը մտածել է  վրեժխնդիր լինելու մասին:  Նա գետնատնակի մոտ տեսնելով իրեն ընդառաջ գնացող Սիրեկանյանին՝ գրպանից հանել է դանակը եւ հարվածել վերջինիս կրծքավանդակին:

Դիլբարյանը դատարանում հայտնել է, որ դանակահարումից հետո ինքն օգնության համար ջուր է  բերել,  երբ Սիրեկանյանը ուշագնաց է եղել, ինքը ցանկացել է ինքնաձիգով ինքնասպան  լինել, սակայն ծառայակիցները խոչընդոտել են:

Դատարանը ապացուցված է համարել, որ Ա. Դիլբարյանը դանակահարելով ցանկացել է ոչ թե  մահ, այլ մարմնական վնասվածք պատճառել, ինչն ապացուցվում  է արարքի կատարման պատճառով, հարվածի քանակով եւ  դանակահարումից հետո Ա. Դիլբարյանի դրսեւորած վարքագծով: Դատարանը վերաորակավորել է  Ա. Դիլբարյանի կատարած արարքը, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031