Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասա՝ ով է coach-դ, ասեմ՝ ինչպես ես երգում դու»

Հուլիս 18,2015 12:30

Երաժշտարվեստում մեծագույն հարգանք են վայելում եւ խիստ պահանջված են կոնցերտմայստերները: Եթե նույնիսկ մասնագետներին հարցնենք, թե ովքեր են եղել, ասենք, Կալասին, Պավարոտիին, Դոմինգոյին կամ Գոհար Գասպարյանին, Գեղամ Գրիգորյանին նվագակցողները, հազիվ թե մտաբերեն: Մինչդեռ դասական երգչի բեմական կյանքում իսկապես անհրաժեշտ են բարձրակարգ կոնցերտմայստերները, որոնց Արեւմուտքում անվանում են coach (մարզիչ):

90 տարին բոլորած Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ի սկզբանե գործել է նվագակցության պատրաստման ամբիոնը (այսօր վերջինիս վարիչն է պրոֆեսոր Սենորա Գյուլբուդաղյանը), իսկ 2008 թվականից երկու տարին մեկ անցկացվում է Հեղինե Տեր-Ղեւոնդյանի անվան երիտասարդ կոնցերտմայստերների հանրապետական մրցույթը: Միջին եւ ավագ սերնդի երաժշտասերն անպայման կհիշի անվանի կոնցերտմայստերներ Օլգա Վագենգեյմին, Նինա Սաղյանին, Ասյա Բեգլարովային, Արուս Բաբալյանին, Օլգա Դանիել-Բեկին, Նելլի Դանիել-Բեկին, Վլադիմիր Արազյանին, Ջուլիետա Սվազյանին, Հովհաննես Փարաջյանին, Սեդա Սահարունուն, որոնք տարբեր ժամանակներում հանդես են եկել հայ անվանի երգիչների հետ: Այսօր էլ Ազգային օպերային թատրոնում այդ աշխատանքը սիրով են կատարում Օլգա Խաչիկյանը, Զարուհի Թոփչյանը, Լեւոն Ջավադյանը, Լյուդմիլա Խորոզյանը, Վասիլի Ռոլիչը:

Anahit_Ter_Tachatyan-2

Անահիտ Տեր-Տաճատյանը՝ ամուսնու եւ դստեր հետ:

Այս օրերին հայրենիքում է արտերկրում ճանաչված ու պահանջարկ վայելող դաշնակահար-կոնցերտմայստեր Անահիտ Տեր-Տաճատյանը (լուսանկարում): Նա ընտանեկան հանգամանքների բերումով 2000թ. մեկնել է Գերմանիա, հետո՝ Հունաստան եւ 2010թ. վերջնականապես հաստատվել Գերմանիայում: Երաժիշտը Վյուրցբուրգ քաղաքի Hochschule fur music-ի կոնցերտմայստեր է եւ Բիլեֆելդ քաղաքի պետական օպերային թատրոնի կոնցերտմայստեր-դիրիժորը:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Անահիտ Տեր-Տաճատյանը նշեց, որ 1990-ականների վերջին Հայաստանում անցկացված Արշավիր Տեր-Կարապետյանի անվան երիտասարդ վոկալիստների առաջին մրցույթում ինքն արժանացել է «Լավագույն կոնցերտմայստեր» գնահատանքին: Զրույցի ընթացքում քանիցս հիշատակեց Երեւանի կոնսերվատորիայում իր դաշնամուրային մասնագիտական դասարանի պրոֆեսորի՝ Կետի Մալխասյանի եւ նվագակցության պատրաստման ամբիոնի պրոֆեսոր Մարգարիտա Մելիք-Ստեփանյանի անունները: Ասաց, որ ընտանեկան հանգամանքների բերումով է ապրում ու ստեղծագործում արտերկրում, մանրամասնելով. «1998թ. ամուսինս՝ Արսեն Տեր-Տաճատյանը (հարվածային գործիքներ) աշխարհահռչակ պրոֆեսորներից մեկի՝ Մարք Լուտցից հրավեր ստացավ Վյուրցբուրգում կատարելագործվելու եւ այնտեղ էլ ավարտեց ասպիրանտուրան: Ճակատագիր է… Այսօր դուստրս՝ Էսֆիրան, դաշնամուր է ուսանում Դեթմոլդի բարձրագույն երաժշտական դպրոցում, զուգահեռ դասեր է առնում աշխարհահռչակ օպերային դիվա Շերիլ Սքյուդերից, որն, ի դեպ, մաեստրոներ Մուտտիի, Աբբադոյի սիրելի սոպրանոներից է»: Մեր զրուցակիցը հայտնեց, որ համագործակցել է աշխարհահռչակ այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Գենա Դիմիտրովան, Նելլի Միրիչոյուն, Կոստիս Պասխալիսը, Մարինա Կրիլովիչը, Դիմիտրիս Սպլատանյասը եւ, անշուշտ, Շերիլ Սքյուդերը, որը երկու «Գրեմմիի» մրցանակակիր է եւ «Deutsche grammophon»-ում Վագների ու Ռ. Շտրաուսի բոլոր օպերաների սոպրանոյի պարտիաները ձայնագրած միակ երգչուհին: Արվեստագետն ասաց նաեւ, թե վարպետության դասեր է անցկացրել այլ երկրներում, այդ թվում՝ Իտալիայում, Ռումինիայում, Լեհաստանում:

Անահիտ Տեր-Տաճատյանից խնդրեցինք մանրամասնել իր՝ կոնցերտմայստերի աշխատանքը երաժշտական բարձրագույն հաստատությունում եւ օպերային թատրոնում: «Կոնսերվատորիայում կոնցերտմայստերն ունի առանձին դասարան, որտեղ եւ «մարզում» է տարբեր պրոֆեսորների ուսանողների, իսկ օպերային թատրոնում կոնցերտմայստերը պատրաստում է դերերգեր, բեմական փորձեր է անցկացնում, օրինակ՝ Բիլեֆելդի օպերային թատրոնը, որտեղ ես աշխատում եմ, ոչ խաղացանկային է, թատերաշրջանում ունենում ենք 11 օպերային եւ 4 բալետային պրեմիերաներ եւ անպայման 1 ժամանակակից կոմպոզիտորի բեմադրություն: Թատրոնի երգչական հիմնական կազմում ընդգրկված են 3 սոպրանո, 2 մեցո սոպրանո, 2 տենոր, 3 բարիտոն եւ 2 բաս: Զուգահեռ թատրոնի 3 կոնցերտմայստերներս պատրաստվում ենք 3 պրեմիերաների, յուրաքանչյուր ներկայացման փորձերն էլ տեւում են շուրջ 2 ամիս, իսկ բեմական փորձերը՝ հստակ 6 շաբաթ: Նշեմ, որ մեր թատրոնը հրավիրում է նաեւ դիրիժորների, ինչպես նաեւ ըստ ներկայացման պահանջվածի՝ 1-2 երգիչ»,- հայտնեց տիկին Տեր-Տաճատյանը: Հավելեց, թե յուրաքանչյուր ամիս թատրոնում կայանում են սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության երեկոներ, որտեղ մասնակցում են նաեւ իրենք՝ կոնցերտմայստերները:

Զրույցի ավարտին դաշնակահարը ժպտալով ասաց Արեւմուտքում կոնցերտմայստերների անվան շուրջ տարածված հետեւյալ արտահայտությունը՝ ասա՝ ով է քո coatc-ը (մարզիչը), ասեմ՝ ինչպես ես երգում դու:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031