Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ամենը շատ խորն է. բացում է մեր աչքերը եւ դիպչում մեր սրտերին…»

Հուլիս 27,2015 12:30

Հայ ժողովրդին Ցեղասպանության ժամանակ օգնություն ցուցաբերած նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բիորնն այս լուսանկարն արել է 1910 թվականին: Լուսանկարում պատկերված 13 հայ փոքրիկ աղջիկների ձեռքերում Նորվեգիայից օգնություն ստացած տիկնիկներ են:

Ըստ լուսանկարչուհու հուշերի՝ երեխաներն անհամբեր սպասում էին, թե երբ կավարտվեն լուսանկարչական աշխատանքները, որ իրենք սկսեն իրենց խաղը: Բայց նրանց խաղն ընդհատվեց, որովհետեւ 1915 թվականին նրանք էլ դարձան Ցեղասպանության զոհեր:
Հետագայում Բիորնը փնտրել է աղջիկներին, բայց, բնականաբար, չի գտել…
Հենց այս լուսանկարն է դարձել այն նախագծի հիմքը, որով Հայաստանը ներկայացել է Պրահայում արդեն 13-րդ անգամ անցկացվող միջազգային Քվադրինալեին: Սա աշխարհի թերեւս ամենաճանաչված բեմական ձեւավորման փառատոնն է, որը չորս տարին մեկ անգամ համախմբում է թատերական գործիչների ամբողջ աշխարհից:

Մեր երկիրն այս միջոցառմանը մասնակցում է երկրորդ անգամ:
Առաջին անգամ մասնակցել է 2011 թվականին՝ բեմանկարչուհի Նելլի Բարսեղյանի ջանքերով: Փառատոնի մասին նա իմացել է «դրսի»՝ իրեն ծանոթ բեմանկարիչներից: Նույնիսկ զարմացել է, որ 40 տարուց ավելի պատմություն ունեցող փառատոն է, բայց Հայաստանում ոչ ոք դրա մասին չգիտի: «Որոշեցի ծրագիր ներկայացնել մշակույթի նախարարությանը: Ծրագիրը հավանության արժանացավ: Որոշվեց, որ սա պարտադիր բան է հայկական թատրոնի զարգացման համար, ու այդպես մասնակցեցինք Քվադրինալեին»,- «Առավոտ»-ի հետ զրույցում պատմեց Նելլի Բարսեղյանը:

6-3
Այս տարի Հայաստանը ներկայացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով, որի գաղափարային հիմքը, ինչպես արդեն նշեցինք, Բոդիլ Կատարինե Բիորնի կողմից արված «Մի քանի փոքրիկ հայ աղջիկներ իրենց տիկնիկների հետ» վավերագրական լուսանկարի պատմությունն է:
«Կարմիր կարկուտը» կառուցվածքային առումով բաժանված է մի քանի մասերի՝ ֆիլմ, որի ռեժիսորը Վահան Ստեփանյանն է, պատկերային լուծումներ (առաստաղից կախված եւ կանացի ընկերք հիշեցնող կարկուտներ, տիկնիկների քարացած հայացքներ, չորացած հողով լի մետաղյա ամաններ, փայտե ձի, ձեռագիր գրվածքներ պատերին եւ այլն), իսկ երրորդ մասը երաժշտությունն է. Տիգրան Համասյանը մշակել է Ներսես Շնորհալու «Նոր ծաղիկ» տաղը: Սակայն մատուցման տեսակետից սրանք անջատ չեն. մեկը մյուսին լրացնելով՝ դառնում են մեկ ամբողջություն:

6-4
Նախագծի հեղինակներն են՝ բեմանկարիչ-համադրողներ Նելլի Բարսեղյանը, Լիլիթ Ստեփանյանը, լուսանկարիչ, ռեժիսոր Վահան Ստեփանյանը, կոմպոզիտոր, դաշնակահար Տիգրան Համասյանը:

Նախագիծն իրականացվել է «Էյվա» արվեստների հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինության աջակցությամբ:
Նելլի Բարսեղյանն ասում է, որ վաղուց էին մտադիր Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ինչ-որ նախաձեռնությամբ հանդես գալ: Եվ ահա նկատել են, որ փառատոնի «Ընդհանուր տարածք, երաժշտություն, եղանակ, քաղաքականություն» խորագիրը հրաշալի հենասյուն կարող է դառնալ իրենց ասելիքը տեղ հասցնելու համար:

6-5
Մեր զրուցակիցն ասում է, որ ծրագիրը ներկայացնելիս միայն մի մտավախություն են ունեցել. կարող է՝ թույլ չտան «Ցեղասպանություն» բառի կիրառումը: Բայց կազմակերպիչները ոչ միայն չեն արգելել, այլեւ այս մասին նշել են իրենց պաշտոնական կայքէջում:
«Կարմիր կարկուտ»-ի հեղինակները տպավորված են ե՛ւ այցելուների, ե՛ւ կազմակերպիչների արձագանքներից: Նկատենք, որ ըստ Պրահայի Քվադրինալեի պաշտոնական տվյալների՝ շուրջ 70 երկրների մասնակցությամբ հունիսի 18-28-ն անցկացված 13-րդ միջազգային փառատոնին շուրջ 180 հազար այցելու է գրանցվել:

Կաֆկայի տանը տեղակայված հայկական տաղավարում տեղադրված «Տպավորությունների գրքում» այցելուներից մեկը գրել է. «Երեխաներ-ուրվականներ. նրանք այստեղ են. այս ճիչերն ու ձայները պետք է լսելի դառնան բոլորին»…

Իսկ Ն. Բարսեղյանն ասում է, որ տաղավարում միայն Տիգրան Համասյանի երաժշտությունն էր, ուրիշ ոչ մի ձայն կամ շշուկ: «Այսինքն՝ Համասյանն իր երաժշտությամբ կարողանում էր այդ ճիչերն ու ձայները լսելի դարձնել,- համոզված է բեմանկարչուհին,- իսկ տաղավարում դրված տիկնիկները տպավորություն էին ստեղծում, թե երեխաներն այդտեղ են, մինչդեռ նրանցից միայն իրենց տիկնիկներն են մնացել»:

6-2
Մեր զրուցակցի խոսքով՝ շատ այցելուներ արտասվելով են շրջել հայկական տաղավարում, երկու այցելու նույնիսկ չեն կարողացել ներս մտնել. «Դեռ մուտքի մոտ չհասած՝ կամացուկ ճչացին՝ մեռած երեխանե՛ր… ու շրջվելով հեռացան. տպավորությունն ուժեղ էր»:
Եվրոպացի մի երիտասարդ, Ն. Բարսեղյանի պատմելով, մոտ մեկ ժամ հատակին նստած ուսումնասիրել է Ցեղասպանության մասին տարբեր տեղեկություններ, վերապրածների հուշեր եւ այլ նյութեր պարունակող պատկերագիրքը, որը հետո նվիրել են նրան. «Մի քիչ դժվար էր հավատալ, որ եվրոպացի երիտասարդին կարող է այդ ամենը հետաքրքրել, բայց արի ու տես, որ ոչ միայն նրան, այլեւ շատերին էր հետաքրքրում: Որոշ մարդիկ ծանոթ էին Ցեղասպանությանը, որոշները նոր էին լսում այդ մասին, բայց գրեթե հավասարապես հետաքրքրվում ու հարցեր էին տալիս»:

«Տպավորությունների գրքում» գրառումներ կատարողների մեջ նաեւ թուրքեր են եղել՝ «Շնորհակալություն», «Ներողություն», «Բարեւներ Թուրքիայից» եւ այլ նմանատիպ գրառումներով. «Նաեւ սրտիկներ ու ծաղիկներ էին նկարել: Նրանցից բացի, էլի մարդիկ կային, որոնք նկարել էին իրենց զգացողությունները»,- ասում է Ն. Բարսեղյանը:
Բրիտանացի մի աղջիկ էլ իր զայրույթն է արտահայտել, թե ինչու չեն դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա՝ այդ անպատժելիությունն է Սիրիայում կատարվող իրադարձությունների պատճառը:

6-6
«Հետո նա նաեւ Համասյանի երաժշտությանն էր անդրադարձել. գրել էր, որ մեկ տարի է՝ անդադար լսում է նրան ու հիմա արդեն հասկանում է, թե որտեղից է գալիս այդ երաժշտության խորությունը»,- պատմում է մեր զրուցակիցը:

Նրա փոխանցմամբ՝ շատ են եղել շնորհակալական խոսքերը. շնորհակալություն նաեւ նրա համար, որ կատարվածի մասին բարձրաձայնում եւ լսելի են դարձնում աշխարհին:
«Այս ամենը շատ խորն է. բացում է մեր աչքերը եւ դիպչում մեր սրտերին: Ես հիմա այս սենյակում կանգնած լաց եմ լինում, բայց պիտի լացենք, որ ավելի լավը դառնանք»,- գրել է մեկ ուրիշ այցելու:

Հավելենք, որ հայկական տաղավարին նաեւ միջազգային մամուլն է անդրադարձել: Ուշագրավ է հատկապես Deutsche Welle-ի անդրադարձը, որը, ըստ էության, Քվադրինալեի մասին է գրել, բայց շեշտը կարծես թե դրել է հայկական ցուցադրության վրա:

ՍԻՐԱՆՈՒՇ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031