Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսանկարը ապրումների ու հույզերի արդյունք է

Նոյեմբեր 21,2019 12:30

Ծրագրավորում, լուսանկարչություն, ֆուտբոլ. իրար հետ կապ չունեցող այս մասնագիտությունները հեշտությամբ տեղավորվել են Եսայի Դուրմազյանի կյանքում։

Համեմատականներ անցկացնել երեքի միջեւ չի փորձել, ասում է՝ ամեն մեկն իր ուրույն տեղն ունի։ Միաժամանակ մի քանի գործով զբաղվելը, նրա կարծիքով, չի խանգարում, այլ օգնում է: «Դրանք ստեղծում են ներքին մրցակցություն, որպեսզի ամեն անգամ ինքդ քեզ գերազանցես տարբեր ոլորտներում»,- բացատրում է լուսանկարիչը։

Եսայի Դուրմազյանի նկարներում տարբեր գույներ չեք գտնի, սեւ ու սպիտակն են գերակշռում: «Կարծում եմ` լուսանկարելիս ամենակարեւորը մարդկանց այնպիսի նկար փոխանցելն է, որը պարզ ու հույզերով լի կլինի»,- ասում է լուսանկարիչն ու հավելում, որ ինքն էլ ձգտում է պարզ մարդ լինել։

Եսային սիրում է մարդկանց նկարել, ծանոթանալ նրանց ապրելակերպին ու լսել նրանց իրական պատմությունը. «Իմ ուշադրությունը գրավում են այն բոլոր տեսարաններն ու դետալները, որոնք շատերը հնարավոր է չտեսնեն ու չպատկերացնեն»։

Լուսանկարիչը աշխատում է «Մարդկային գործոն» նախագծի վրա, ինչպես նաեւ Արցախյան ու Ապրիլյան պատերազմների մասակիցների մասին ֆոտոշարք է անում։ Արժեւորում է հատկապես Ապրիլյան պատերազմին նվիրված իր ցուցահանդեսը, որի նպատակը հայրենիքը պաշտպանող մարդուն ճանաչելն էր, ստվերում մնացած հերոս տղաներին չմոռանալը: «Ցուցահանդեսն այնքանով էր ստացվել, որ տղաները ներկա էին միջոցառմանը, նայում էին իրենց դիմանկարներին նայող մարդկանց, սա իրենց հերոսության գնահատականն էր»,- ընդգծում է Եսային։

Ասում է՝ որպես ծրագրավորող, իր  նպատակը բարձր վարձատրվող աշխատանք գտնելը չէ, ավելի կարեւոր է ունենալ փոքրիկ ֆիլմ՝ նվիրված զինվորներին։

Միլենա ՄՈՎՍԵՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930