Լրահոս
Օրվա լրահոսը

Փողփողան առագաստներ Կամ՝ Եթե աշխարհի բոլոր հեռուստացույցները…

Օգոստոս 11,2015 16:26

 

 Հայտնություն և զգուշություն

Կիսելյովը դուրս եկավ Ազգային Ժողովի շենքից ու, հրաժարվելով նստել իր տրամադրության տակ դրված ջիփ լեքսուսը՝ քայլեց դեպի Սիրահարների պուրակը` վարորդ գեներալին հրահանգելով գոյատևել մոտակայքում:

Շաբաթ օր էր, եւ Սիրահարների այգին լի էր ամուսնացող զույգերով, որոնք նկարահանվում էին այստեղ ու այնտեղ: Աշնան ոսկե արևի տակ՝ մայրիկներն ու պապիկները զբոսնում էին երեխաների հետ, կամ, նստարաններին նստած, դիտում, ինչպես են փոքրիկները խաղում ավազակույտի մեջ:

Գլխավոր Վերլուծաբանը Կիսելյովին վերջերս հետազոտություն էր ուղարկել, ըստ որի՝ նրա դեմ էր ժողովրդի ընդամենը տասը տոկոսը: Նա դա արել էր ձրի, ի նվեր Կիսելյովին: «Սա է իմ աուդիտորիան», մտածեց Կիսելյովը: «Ինչ էլ լինի՝ սրանց պիտի հեղափոխեմ: Սրանց սրտները շուռ տամ»:

Վարժ հայացքով՝ նա ժողովրդին խմբերի բաժանեց, առայժմս բացառելով երեխաներին:

«Եվ այսպես՝ տասը տոկոս: Այս ջահել հաստաքամակ մայրիկները, որոնք իրենց փոքրիկների հետ միասին թավալվում են ավազակույտում, գրավելով մի չորս փոքրիկի տեղ: Բացօթյա սրճարանի այս մի բուռ ուսանող ու ուսանողուհին, որ սանդվիչ են ուտում ու շաղակրատում, և նրանց ճռվողյունը գումարվում է ագռավների երգին ու հարսանիք նկարահանող ռեժիսորների հրահանգներին. «Հիմա այսպե՛ս կանգնեք. դիրքը փոխի՛ր. մեկ քայլ առա՛ջ գնա»:

Տեսնես սրանցից ո՞վ է թաքուն դիսսիդենտ: Ամուսնացող զույգե՞րը. տղաները՝ ոչ, հաստատ պարզ ու միամիտ, մի քիչ արդեն ցմփորիկ հայ տղամարդ են: Աղջիկնե՞րը. նրանք էլ են թվում նորմալ, խելոք ու հնազանդ, բայց նրանց հոգու խորքում ինչ ասես թաքնված կարող է լինել. ինչ-որ մի բան կա նրանց ներսում, որ նրանց պարանին շոր փռել թույլ չի տալիս, վերջին պահին պլստում են:

Ուսանողների մեջ երևի ամենաշատը կլինեն այդ տասը տոկոսից. մայրիկների մեջ էլ կարող են լինել թաքնված. ծերուկների՝ ոչ, նրանք բոլորը սովետին հավատարիմ զինվոր են»:

Երբ եկավ Հայաստան՝ սկսեց ծանոթանալ իրադրությանը: Պետք էր արագ ծրագիր մշակել անելիքների: Թվում էր, ամեն ինչ լավ է գնում: Կիսելյովն ուսումնասիրել էր հայի հոգին:

– Ի՞նչ է հայը, – հարցնում էր նա հավատարիմ հայ քաղաքագետներին:

Նրանք բացատրում էին, նշում աղբյուրները, Խորենացուց սկսած, Նարեկացու, Քուչակի միջով, մինչև Դեմիրճյանի հանրահայտ էսսեն ու վերջին շրջանի ստեղծագործությունները:

-Ի՞նչն է մեր թուլությունը, – հարցնում էր Կիսելյովը. – պատասխանեք, ի՞նչը կարող է վերջին պահին՝ խանգարել մեր առաքելության իրագործմանը:

Մի չաղ քաղաքագետ, որի անունը նա անընդհատ մոռանում էր, որը սակայն երկար տարիներ արդեն ի խորոց սրտի ծառայում էր Կիսելյովյան Գաղափարին, ասաց. «Հայն ուրիշ է»:

– Դա ի՞նչ է նշանակում, ի՞նչ նկատի ունեք, – բարկացավ Կիսելյովը:

-Չգիտեմ, չեմ կարող բացատրել, այ, օրինակ, եթե դուք Ռուսաստանում ասեք հեռուստացույցով, որ բոլորը պիտի գնան ու գազար ուտեն, ի՞նչ կկատարվի:

-Դե, այսօրվա դրությամբ՝ երեսուն տոկոսն իսկույն կգնա գազար առնելու, բայց տասնհինգ տոկոսը կառնի ու կմոռանա, ինչու են առել. քսան տոկոսը կմտածի՝ գազար տանը չկա, բայց կալարի գնալ առնելու, – ասաց Կիսելյովը հպարտորեն, որ այդքան լավ գիտի իրեն վստահված հանրությունը: – Իսկ մնացածներից միայն տասնհինգ տոկոսն է, որ կորոշի երբևէ գազար չուտել:

-Այ, տեսնու՞մ եք, – ասաց քաղաքագետը. – իսկ մեզ մոտ՝ բոլորը կասեն մենք գազար շատ ենք սիրում, բայց ուտել…

-Չի կարող պատահել: Այդքան թերահավա՞տ: Դա ի՞նչ ժողովուրդ է: Ո՛չ մի դիսցիպլինա չկա:

-Սա գալիս է մեր ողբերգական պատմական անցյալից, – ասաց քաղաքագետը:

Մնացած ներկաներն էլ, գլուխները տմբտմբացնելով,  պատշպանեցին.

-Սա կոչվում է նաղդ, – ասացին:

-Նարդի՞:

-Ոչ, նա՛ղդ, – բացատրեցին:

-Դալսյա վամ էտըտ նագդ:

-Ի՞նչն է հայի սրտին ամենամոտը, – ասաց Կիսելյովը:

-Երեխան, – ասացին խմբովին:

-Ա՜, շա՛տ լավ: Երեխա՞ն: Հը՜մմ, երեխա՜ն… Մի՞թե երեխան… Ի՞նչ կարելի է անել երեխայի հետ: Մի՞թե ոչ ձեր կարյերան, փողը, ցավի վախը գոնե…

-Ոչ, երեխան:

-Դե լավ, երեխան՝ թող լինի երեխան: Իսկ ի՞նչն է հայի սրտին ամենատհաճը:

-Հայի բախտը, – ասացին:

-Էլի սկսեցիք դուք ձեր անկապ-անկապ հասկացություններն առաջ բրդել, – սրտնեղեց Կիսելյովը: – Էսքան խելոք, հնազանդ, տաղանդավոր, կռվարար, հնադարյան ազգ եք իբր՝ ու էսքան ոչ պրոֆեսիոնալ… Բա՞խտս որն է… Մարդ ի՛նքն է իր բախտի դարբինը…

Ու խորհրդակցությունն ավարտեց:

Նա իհարկե գոհ չէր, որ իրեն գործուղել էին Հայաստան: Մինչև հիմա ստրեսը չէր փարատվել, աշխատում էր չհիշել, ինչպես, երեք ամիս առաջ, պուպսոդենտը [1] կանչեց իր առանձնասենյակ և, ֆշշացնելով փոշեկուլի շլանգի նման վերջավորություններով՝ ասաց մեղմորեն, որ «Լիճը» որոշել է Կիսելյովին գործուղել Հայաստան:

Պուպսոդենտի անսքող, ոչ տրոլլագանդիստական[2] տեսքին Կիսելյովը վաղուց էր սովոր: Գլուխը շլանգով խորանարդ մետաղյա մի սարքի կպած, ձեռքերի ափերը՝ բարակ մատներով վերջացող, ձեռնոցի պես հագցված նույնպես շլանգների, որոնք կրկին մտնում էին խորանարդ սարքի՝ մեխանիկական մարմնի մեջ: Ոտքերը՝ փայլուն կոշիկից ու պարծյանկայի վրա հագնված խնամված ու լավ ձգված ֆիռմա գուլպայից վերև՝ զսպանակներ, որոնք բարձրանում էին վեր ու կորչում զրահապատ տրուսիկ հիշեցնող շարժական թիթեղի մեջ, որը, ինժեներների ասելով, պաշտպանում էր նրա ամենակարևոր մասը՝ այն, ինչ, մի քիչ ցինիկաբար, ինժեներներն իրար մեջ անվանում էին «պուպսոդենտության ձվեր»:

Կիսելյովն արդեն տասնհինգ տարի է ինչ շփվում էր այդ կերպարանքի հետ, և առաջին անգամվանից հետո, երբ գիշերվա երեքին նրան արթնեցրին և ասացին, որ պուպսոդենտը Կրեմլում ուզում է իրեն տեսնել, նա հանգիստ էր դրան վերաբերում:

Պուպսոդենտն, իհարկե, այս հանդիպմանն էլ նրան գովեց ու ասաց, որ վերջին ծրագրի տակտիկական խնդիրը լուծված է: Կիսելյովին հերթական գաղտնի շքանշանը հանձնեց հատուկ ծառայությունների համար, ի լրումն օֆիցիալի, ֆշշացնելով շարժելով իր շլանգ-շոշափուկները: Անձամբ կպցրեց այն Կիսելյովի կրծքին, որը վերջինս աշխատում էր ցցել որքան կարելի է շատ, արտաքնապես՝ որպեսզի ցույց տա իր հավատարմությունը, հոգու խորքում, գուցեև ինքն իրեն էլ չբացահայտելով՝ աշխատելով, որ անմարդկային շոշափուկները հեռու մնան իր մարդկային, թեև գեյռոպինդցիների կողմից տասնհինգ տարի առաջ գենետիկորեն վերափոխված, սրտից, որի փոխարեն, ինչպես իրեն ասել էին, տեղադրվել էր երկաթյա կրակե մի շարժիչ:

Թաքցներ դա պուպսոդենտը թե ոչ՝ հասկանալի էր. Կիսելյովին արտաքսում են: Ինչու՞: Ի՞նչ էր որոշել «Լիճը»: Ի՞նչ սխալ էր գործել Կիսելյովը: Նա չգիտեր, և «Լիճը» լուռ էր: Հավատարիմ ծառայել էր, և ահա…

… Տասը տոկոսը մնացել էին, դարանած, չէին ինքնաբացահայտվում, գաղթե՞լ էին, իսկ ինչու՞ իմ սահմանապահներն ինձ չեն զեկուցում… Ու՞ր են իմ փղերը, իմ մահարաջաները… Ի՞նչ անել, ի՞նչ անել, մտածում էր Կիսելյովը՝ քայլելով Սիրահարների այգու ծուռմռտիկ արահետիկներով: Ո՞վ է մեղավոր:

Ժողովուրդը, նրան տեսնելիս, ճամփա էր տալիս ու բարի հայացքով նայում նրա աչքերի մեջ: «Ես արկածախնդիր չեմ», մտածեց նա: «Պետք է այնպիսի գործողություն, որը վտանգավոր չէ: Պետք է խոդ կանյոմ: Չի կարելի միանգամից: Պետք չէ խաղալ բախտի հետ:  Պետք է նախապատրաստական աշխատանք: Այսպես մի պոստմոդեռնիստական քայլ: Փափուկ, փափուկ… Որ բոլորի լեզուն կապ ընկնի»:

Նա ուշի ուշով ուսումնասիրում էր պատմական դասերը. Ուշու, Շտայնեռ, Վանդա, Ջունա,Կաշպիրովսկի, Կոելյո, Աբդուլ Համիդ, Երիտթուրքեր, Շահ Աբաս, Մուղդուսի, Միկոյան, Գուրջիև, Բլավատսկայա, Ռերիխ… Սակայն պատմական այս պահն անկրկնելի էր, ոչ մի դասական դաս չէր սազում:

Թու՞րքիա: Մեր բարեկամներն են: Ադրբեջա՞ն: Ջինը կարող է շշից դուրս գալ: Ա՛, Վրաստա՛ն: Բայց… չէ. դա չափազանց գեոպոլիծիկ կլիներ, սկզբում պուպսոդենտից հրահանգ է պետք: Իսկ գուցե Իրա՞ն: Բայց չգիտեր ինչու նա վախենում էր Իրանին ձեռք տալ: Ամերիկա՞: Չարժի. մեկ էլ հանկարծ Ամերիկան ու պուպսոդենտը հիմա լավ են իրար հետ: Հանկարծ դմբուզը մտովի խփեց ճակատին. «Ավստրա՛լիա: Իհա՛րկե Ավստրալիա: Սանկցիաներին մասնակցում է, կարծեմ ցեղասպանությունն էլ ճանաչել է, էս երկրում դեսպանություն էլ չունի»:

Նա կրնկի վրա շուռ եկավ ու քայլեց դեպի իրեն աչքերով ուշադիր հետևող ջահել ու խրոխտ գեներալը: Ճանապարհին տեսավ մի ծանոթ կերպարանք. Աբսողոմն էր՝ Գլխավոր Վերլուծաբանը: Կիսելյովն ուրախացավ, քանի որ եռում էր գաղափարը կիսելու ցանկությունից: Ափսոս նրան նախօրոք չհանդիպեցի, մտածեց:

Բարևեցին. միասին քայլեցին:

-Ուզու՞մ եք, ես ձեզ տեստ անեմ, – հարցրեց Աբսողոմը:

Նա սիրում էր մարդկանց կանգնեցնել ու հանկարծ անել Լյուշեռի և կամ, վատագույն դեպքում՝ գոնե Այքյուի տեստը:

-Հիմա ժամանակ չկա, – ասաց Կիսելյովը:

Ճռվողյուն լսվեց. մի հարսնացու, երեսի սպիտակ քողն առագաստի պես փողփողացնելով, վազելով ու տռճինկ տալով քարերի վրա՝ ճողոպրեց: Փեսացուն՝ սև կոստյումով, շվարած կանգնած մնաց նույն դիրքում, ինչ որ մի րոպե առաջ լուսանկարիչը խնդրել էր: Հարսնացուի ետևից վազեց մի քանի տղա, իսկ փեսացուի շուրջ հավաքված կանայք ճողոպրյուն բարձրացրին:

-Կադրը փչացրիք, կա՛դրը, – գոռաց նյարդայնացած ռեժիսորը:

Բայց նրան լսող չկար:

-Ի՞նչ է կատարվում, – հարցրեց Կիսելյովը:

-Աղջիկ են փախցնում: Հարսնացու, – բացատրեց Վերլուծաբանը:

-Ձեզ մոտ է՞լ կա այդ ծեսը: Բայց չէ՞ որ ինքն է փախչում:

-Այո: Մեզ մոտ օրենքով Կանանց և Տղամարդկանց Հավասարություն է, – ասաց Վերլուծաբանը:

-Եվ ի՞նչ:

-Եվ՝ ոչինչ. դա ինքնափախցնոցի է, հին հայկական ծես. ահա նա չհամաձայնեց ու փախավ:

-Վերջին պահի՞ն:

-Ոչ՝ նշանակում է «ոչ», – ասաց սկզբունքային Աբսողոմը: – Որ պահին էլ այն ասվի:

Կիսելյովը գլուխն օրորեց ու քայլեց դեպի հետիոտների անցումը: Ադյուտանտ գեներալի կողքից անցնելիս՝ «Մեր խումբը կանչիր», հրահանգեց. «Կես ժամից խորհրդակցություն է»:

-Դուք էլ եկեք, խնդրեմ, – քաղաքավար՝ դիմեց Աբսողոմին:

Անցման ասֆալտը, չգիտես ինչու, պլստան էր:
-Փողոցը զգույշ անցեք, – անհանգստացած ասաց գեներալը: – Ձեթ են թափել անշնորհքները:

Կիսելյովը նայեց աջուձախ:

-Ոչինչ, մեքենա չկա:

-Ոչ մեքենա կա, ոչ տրամվայ, – ասաց Աբսողոմը:

-Տրամվա՞յ: Իսկ ինչու՞ տրամվայ չկա:

-Վերջին Տրամվայն այս փողոցով անցել է հազար ինն հարյուր յոթանասուներկու թվականի հունիսի հինգին, – ասաց Աբսողոմը: – Հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը նկարել է այս փողոցով անցնող Առաջին Տրամվայը…

Գլուխն օրորելով, Կիսելյովը փողոցը զգուշորեն, ոտքերը քստքստացնելով անցավ: «Շատ զգույշ է պետք լինել, շատ զգույշ: Սա կարծես ականապատված դաշտ լինի»:

 Կամպանիայի ծրագիրը

… Երեք ժամ հետո նա դեռ, նախկին ցեկայի քարտուղարի իրեն հատկացված առանձնասենյակում, նկարագրում էր հավաքվածներին իր ծրագիրը:

«Նոամ Չոմսկին ասել է, – իր ճառը վերջացրեց Կիսելյովը.- եթե աշխարհի բոլոր հակագեյռոպինդիստները…»

-Իսկ դուք գիտե՞ք ինչ է ասել Մարշալ Մակլուհանը, – ասաց Գլխավոր Վերլուծաբանը:

-Ես չգիտեմ, թե ինչ է ասել ձեզ այդ շատ դուր եկող, երևում է, այդ մարշալը, – ծուռ քմծիծաղով ասաց Կիսելյովը, ձև թափելով, թե չգիտի ու չի էլ ուզում իմանալ, ով է Մ.Մ.-ն: – Փոխարենը ես գիտեմ, թե ինչ է ասել մարշալ Ռոկոսո՛վսկին:

Այդ պահին մեջ մտավ պատմաբանը.

-Իսկ ես կարող եմ ասել, թե ինչ է ասել մարշալ Բաղրամյա՛նը:

Բոլորը մի պահ ոտքի կանգնեցին: Սակայն, տեսնելով պատուհանից, որ Բաղրամյանը սովորականի պես իր ձին հեծած անշարժ է դիմացի մայթին՝ նորից նստոտեցին իրենց տեղերը:

Աբսողոմի կողքը նստած մի էռոծիկամազ ժուռնալիստուհի կիսաձայն նրան հարցրեց. «Կներեք, պարո՛ն լուծույթաբան, իսկ ի՞նչ է ասել այդ ձեր ասած մուշմուլլան»:

-Նախ՝ ոչ թե լուծույթաբան, այլ վերլուծաբան, – ասաց Աբսողոմը: – Երկրորդը՝ ոչ թե մուշմուլլա՝ այլ Բրեչմուլա: Իսկ Մարշալ Մակլուհանն ասել է. «եթե աշխարհի բոլոր հեռուստացույցները…» (նրա ասածի մեջտեղն աղջնակը չլսեց, քանի որ պատմաբանն էլի սկսեց խոսել, բայց աղջնակն անհարմար զգաց կրկին հարցնել, մանավանդ որ իրեն թվաց, որ Աբսողոմն անթարթ նայում է շորի տակ թաքնվել չկարողացող իր կրծքին): Իսկ դա ի՞նչ է նշանակում: Որ մարդս ունի վերլուծաբանական կամք… բայց, փառք աստծո, մեր երկրում դա անհնար է…

«Ժուկովսկին ասել է, որ եթե բոլոր հեռուստացույցներն ունենան կամք, մարդս կունենա կյանք», խնամքով գրեց աղջնակն այփադում, «ասում է մեր դասական վերլուծաման, մարշմելլոու Բարդուղիմեոս Փոխինձյանը»:

Պատմաբանի խոսքը կտրելով, Կիսելյովը ժուռնալիստներին դուրս հրավիրեց, հետո աչք ածեց շուրջբոլորը նստածներին.

-Իսկ հիմա՝ լուրջ: Կարծիքնե՞ր:

-Շատ խոհեմ ծրագիր է, – ասաց մի պառավ պառլամենտական. նրանց անունները նա լավ չէր կարողանում հիշել, դժվար էին, համ էլ ինչ տարբերություն, սրանն էլ շորի ինչ-որ ատրիբուտի էր նման. Վզկա՞պիչ. Փողկա՞պիչ: – Հատկապես հավանում եմ՝ որ ռիսկային չէ: Եվ ողջ հայ ժողովրդի անունից ձեզ և պարոն պուպսոդենտին անձամբ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում՝ նման ծրագիր մոգոնելու համար:

-Ի՞նչ պոբլեմներ կարող են լինել, – գոհունակ հարցրեց Կիսելյովը:

-Երբեմն լույսի անջատումներ են լինում տարերային, – ասաց «Հայ-ռուսական գազային բարեկամություն» ՀԿ-ի նախագահը:

-Ես դա հաշվարկել եմ, – ասաց Կիսելյովն անփութորեն. – ըստ սոցիոլոգիական տվյալների՝ դա լուրի ազդեցությունը կփոքրացնի երեք տոկոսի համար՝ երեք տոկոսով ընդամենը: Կխնդրենք լույս անջատող նախարարին, որ այս օրերին ձեռնպահ մնա:

Սկսվեց թեժ քննարկումը:

– Ատոմակայանը եղբայրական կոնտրակտ կկնքի թուրքականի ու իրանականի հետ, կլինի միջուկային եռանկյունի, կտա կանցնի իրենց բերմուձյանին, ոչ թե պարզապես օֆշոր կլինի, այլ մի ողջ օֆ ներքնաշոր:

– Գազի ու էլեկտրականության թանկացումները պիտի լինեն շախմատաձև, շատ լավ է, որ այդ առարկան ընդգրկել եք ձեր դպրոցներում:

– Պետք է նաև բուծել Պրժևալսկու մուստանգ, եղբայրական վիետնամական զեբրա:

– Կովկասյան վա՛գր:

– Եվրասիական դալար բարդի՛:

– Կրասնայա Լադա կալի՛նա:

– Գաղթաբայտերները պիտի փոխարինվեն տրանսֆերծիտերո՛վ:

– Գեյռոպան խաբելու է վիզաները վազելով վազ անի, վզներիցդ հանի ու վզակոթներիդ տա՛:

– Գոտեպնդվե՛ք, քանի չեն արձակել մեր փափուկ փորատակի գեոպոլիծիկ ղաիշն ու թափել փորոտիքը, լավ է էդպիսի ավանդական խաղ ունեք՝ լխտի, թե՞ ռշտի: Պարող պարկեշտ կանաչ մարդուկները պետք են, բայց տվյալ գեոէկոնոմիկ պահին անհնարին:

Ներսուդրսի նախարարությունը նշեց, որ տուրիզմը գնաց ներքև, ոչինչ, փոխարենը մենք կզարգացնենք տրյուիզմը: Սևանից թաքունով կդուրսծծենք ադրբեջանական նավթն ու Գեյդառապինձիան կմնա ձեռնունայն:

-Լրիվ ճիշտ եք ասում, պարոն Կիսելյով, – ասաց մի տարեց վերլուծաբան. – իզուր ընդե էն ջուրը լիքը, անտեր, թափում ենք, թափում՝ չի պրծնում, էն ա նավթը տակը լիքը, փորենք չորցնենք՝ դուրս գա: Կիսելով էլ կգնանք, կեսը ձեզ՝ կեսը մեզ:

-Ահա և քեզ, տատիկ, ռազմավարական հարաբերություններ, – ուրախ ձայնակցեց Կիսելյովը, – ամեն մեկի հետ դա չես ունենա, քիթդ կարճ ա, դու նա՞վթ ունես, դե սպասիր:

Խորհրդակցությունը փակ էր, այնպես որ նա չէր վարանում մի քիչ դուխ տալ տեղացիներին, հանգիստ լինելով, որ իր թեթև ֆռոնդան եղբայրական Ադրբեջանի դեմ բարեկամ Ադրբեջանին չի հասնի, իսկ ինչ էլ հասնի՝ պաշտոնական չի լինելու:

-Մոբիլայինները կարելի է հովհարային անջատումների ենթարկել, – ասաց մի երիտասարդ մարկետոլոգ Հայ-Ռուսական համալսարանից, – ֆրանսացիները մեր թաքուն դաշնակիցն են, կհամաձայնեն…

Կիսելյովն աչք ածեց ժողովը: Ներկաները մարսում էին գաղափարը: Հեռուստակայանները մտածում էին, ինչ օգուտ կարող են քաղել այս պլանից: Ռեյտինգ դիտող կազմակերպության ղեկավարն ինչ-որ բան էր հաշվում թղթի կտորի վրա: Ներքին ԵՎ Արտաքին Գործերը (վերջերս կազմավորված նախարարություն) մոբիլայինի մեջ բան էր գրում: Ինչ-որ մեկը սելֆի էր անում Կիսելյովի ֆոնին: Միայն Գլխավոր Վերլուծաբանն էր, որ, գանգուր մազերը ցից՝ թերահավատ էր նայում իր պաղ, փոքրիկ աչքերով:

-Բա՞ն եք ուզում ասել, – դիմեց նրան Կիսելյովը:

-Չի աշխատի, – արհամարհանքով ասաց Աբսողոմը, գլուխը թափահարելով:

Գանգուր երկար մազերը շաղ եկան իր ազնվազարմ երեսն ի վար:

Իսկույն երևում էր, որ նա կարդացել է ոչ միայն Օգյուստ Կոնտ, այլև Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը»:

Դահլիճով հառաչանք անցավ:

Կիսելյովը զարմացավ: «Պիտի համաձայնեի, որ ինձ տեստ աներ», մտածեց նա, տխրելով. «Բաց թողեցի մարդու հետ ընկերանալու հնարավորությունը»:

-Ինչու՞ չպիտի աշխատի, – ասաց նա: – Նրանք ուղիղ կգնան այնտեղ, ուր ես նրանց կուղարկե՛մ. ա՛յ, կտեսնե՛ս: Նրանք կլսեն իմ խոսքն ու կանեն, ինչ որ պե՛տք է:

-Ձեզ չե՞ն ասել, որ հայերն ուրիշ ժողովուրդ են, – հանդարտ ասաց Աբսողոմը, անթարթ նայելով Կիսելյովի աչքերի մեջ: – Պարզապես չի աշխատի և վերջ:

-Ես գնահատում եմ կոնստրուկտիվ կրիտիցիզմը, – ասաց Կիսելյովը, հայացքը փախցնելով, – Բայց ես չեմ գնահատում դեստրուկտիվ դիդակտիզմը:

-Ախր դուք համ նալին եք խփում, համ… – սկսեց Աբսողոմը, բայց տարեց պատմաբան ակադեմիկոսը վաստակի իրավունքով իր ձեռքը մեղմորեն դրեց նա ուսին, ու նա ձայնը կտրեց:

-Միգուցե ես մի նկատառում ասեմ, – ասաց ակադեմիկոսը. – նույնպիսի իրադրություն էր 1073 թվականի հունիսի երեքին՝ Եփեսոսում: Այնտեղի հայ համայնքի միայն երեսուներեք տոկոսը գործեց այնպես, ինչպես հրահանգված էր: Այն ժամանակ, իհարկե, հեռուստացույց չկար… Եվ դուք չկայիք… Եվ «Լիճը» չկար…

-Սկեպտիցիզմը լավ բան է, բայց մարդ պիտի ունենա: Դա չպիտի խանգարի, որ մենք մեր գործը լավ անենք: Կիսելյովյան Գաղափարը կհաղթանակի՛, – ասաց Կիսելյովը, խորհրդակցությունը եզրափակելով: – Իսկ այժմ՝ բոլորս դեպի նավամատույցներ: Չլինեմ չիմանամ որևէ մեկդ հոռետես բաներ է ասել ձեր անձնակազմներին: Մեզ պետք է միա՛յն հաղթանակ, և մենք գնի առջև չե՛նք վարանի:

Անձնակազմները գործի անցան: Օրուգիշեր, օրնիբուն՝ նրանք կամաց-կամաց լցնում էին ժողովրդի համբերության բաժակը:

Երեկոյան լուրերի թողարկմանը Կիսելյովը, ի թիվս այլ լուրերի, ասաց.

-Մեր չճշտված տվյալներով՝ օպոզիցիային հարող մի օլիգարխ բոլոր բարդիները բիրիկ վաճառել է Ավստրալիային:

Ի պատասխան իսկույն ստեղծվեց Հակաավստրալական Լիգան հետևյալ կարգախոսով. «Ոչ մի բարդի՝ ավստրալական թշնամուն»:

Կիսելյովը հայտարարեց, թե բարդիները, դու մի ասա, ոչ թե հայկական են, այլ շուռ տված ավստրալական, և նրանց կատարն իրականում արմատն է՝ որ անամոթաբար վեր են տնկել, գեղատեսիլ կատարն էլ՝ ընդհակառակը, թաղելով գետնի տակ:

Հետաքննող մի ժուռնալիստ պարզեց, որ դա արել էր ժամանակին Անաստաս Մռավյանի կողմից մերկացված մի տրոցկիստ քաղաքապետ. բերել էր տվել Ավստրալիայից այդ բարդիներն ու հրամայել շուռ տված տնկել Հայաստանով մեկ, այն էլ այնպես խորամանկորեն, որ նույնիսկ Չարենցը կամ չէր հասկացել, կամ էլ հասկացել էր բայց վախեցել էր դա իր բանաստեղծության մեջ ակնարկել:

Այդպիսով՝ գլխիվայր շուռ տալով ազգային ծառն ու իրար խառնելով ներքևն ու վերևը, կեղտոտն ու մաքուրը, աստվածայինն ու սատանայականը՝ Հայաստանում, ըստ «Քծնողական կոմիտե» կոչված կազմակերպության, սկիզբ էր դրվել գենդերային պրոբլեմածիկան ու, հետևաբար՝ ընտանեկան բռնությունը:

Լիգան ման էր գալիս փողոցներով, հենց որ բարդի էր տեսնում՝ հատում էր այն ու, տխուր երգելով՝ դագաղի պես մի քանի հոգով շալակած, արմատն առաջ գցած՝ տանում ծախում էին տեղական օգտատերերին, հետո գնում տուն ու պատուհանից ինչ զիբիլ կար-չկար՝ դուրս շպրտում:

Ի պատասխան գոյացավ մի սոցիալական չՇարժում՝«Մենք դեմ ենք բարդիների մարգինալացմանը» կարգախոսով (որ չքաղաքականացնեն՝ Ավստրալիայի անունը չէին ընդգրկել անվան մեջ):

Այն ստեղծեցին երկու կիսասփյուռքահայ տղա՝ թաքուն մի գիշեր մի մութ խաչմերուկում երբ հանդիպեցին. երկուսն էլ տպած վեպ կարդացող էին (դա հատուկ այդպիսի ակումբ էր՝ տպած հաստ գիրք կարդացողների, որոնց հետևում էին ծպտյալ ոստիկաններն ու որտեղ հանդիպեին՝ ծեծում, դրա համար ակումբը թաքուն էր գործում) ու որոշել էին փոխանակել. մեկը մյուսին տվեց «Սևանի ափին» վեպը, իսկ սա առաջինիս՝ «Վերջին ափին» վեպը՝ Ավստրալիայի մասին:

Տղաներն անուն չունեին, որ հանկարծ չբռնվեն: «Շարժում եթե ստեղծենք՝ կջարդեն», ասաց նրանցից մեկը: Դրա համար որոշեցին ստեղծել չՇարժում:

Դա անհանգստացրեց  Կիսելյովին.

-Ու՞մ եմ ես զանգում չՇարժումում, – հարցնում էր նա գեներալներից:

Նա չէր ցանկանում հասկանալ, որ չՇարժումում զանգող չունի: «Ինչպե՞ս թե, – ասում էր նա, – չէ՞ որ նրանք բոլորը մոբիլային ունեն»:

Սակայն նրանց պարագլուխները թաքուն էին մնում ու հրաժարվում էին իրեն հանդիպել: Հայաստանի դեմոկրատիայի մակարդակը նրան խելքահան էր անում:

«Մենք շատ ենք ծեծ կերել, ամեն ինչ տեսել ենք, ոչ մի կազմակերպված ընդվզում», ասում էր չՇարժումը:

«Ինչն է ավելի լավ՝ չՇարժումն արյան մեջ ջնջխելը թե հլու հնազանդ հպատակությունը… Եթե չկա գլուխ, այն չի կարելի կտրել»:

«Մենք զուտ բարդիների հարցով ենք, մի քաղաքականացրեք մեզ», ասում էր նա: «Մենք գառնուկների պես աննկատ կողքներովդ կանցնենք, կպայքարենք՝ դուք չեք էլ նկատի»…

«Եթե չկա գլուխ, կտրեք չՇարժումը», ասաց Կիսելյովը վերջապես, հոգնելով այդ ամենից, երբ չՇարժումն արդեն երկու շաբաթ է քեֆ էր անում, կարծելով, թե երկիրն արդեն գրավել է, և հրամայեց ջարդ կազմակերպել: 1798 ու կես մարդ ծեծի ենթարկվեց, կեսը մի կատու էր, որը սխալմամբ ընկել էր չՇարժման շարքերը և դժբախտաբար նույնպես ծեծի ենթարկվեց: 53 կոնկրետ զոհ եղավ, որից 32-ը՝ ծպտյալ ոստիկան (որ ցեղասպանություն չհամարվի), շատ չէր միջազգային տեռռորիստական չափանիշներով:

Միա՛յն առաջ

Մինչդեռ այդ նույն երեկոյան Կիսելյովը հեռուստատեսությամբ իր սովորական ելույթի ժամանակ հայտարարեց, որ Ավստրալիայի դատարանը դատապարտել է մի զտարյուն հայի տասնհինգ տարվա ազատազրկման՝ իր հինգ տարեկան բկլատ որդու վրա գոռալու համար:

Այդ լուրը քննարկելիս հաջորդ հաղորդման մեջ վերլուծաբաններից մեկն ակնարկեց, որ Ավստրալիան մի շարք այդպիսի սադրանքներ է կատարել պատմականորեն, նաև՝ Գալլիպոլիի ճակատամարտին մասնակցելով՝ փաստորեն խամրեցրել է հայոց ցեղասպանության պատմական նշանակությունը:

«Անջախ իր նավատորմի առագաստներն էր փողփողացնում», ասաց վերլուծաբանը:

Երբ հարց բարձրացավ, որ ախր Ավստրալիան ճանաչել է ցեղասպանությունը, բնականորեն վերլուծաբանի պատասխանն այն էր, որ դա անտիպոդության տակ քողարկված Գեյռոպինձիայի երեսպաշտության արգասիք է, և ճանաչել է հենց նրա համար՝ որ ազատորեն իր հակահայ գործունեությունը շարունակի իրագործել՝ Հայաստանի աչքից հեռու, Հնդկաստանի ետևը պատսպարված:

– Նաև, – հաջորդ օրն օն-լայն լրատվամիջոցներում ավելացրին տրոլլագանդիստները, -Հայաստանում կան և պատմականորեն եղել են մի շարք մարդիկ, որոնք ընդունել են թաքուն թշնամու քաղաքացիությունը և գաղթել այնտեղ, հատկապես՝ ամուսնանալով այնտեղի ֆեմինիստ կանանց հետ, մանավանդ որ վիզա, պարզվում է, չի պահանջվում: Ինչպիսի՛ օձություն…

– Ա՛յ, դա իսկական դավաճաններն են, – ասվեց հեռուստացույցով մեկ, որից հետո Ազգային Ժողովը հեշտությամբ գրեթե միաձայն օրենք ընդունեց այն մասին՝ որ ով որ Ավստրալիա գնա՝ համաշխարհային ճանաչում ստացած կլասիկ գերմանական պոետ, մտածող, արձակագիր, փիլիսոփա և պետական գործիչ է:

Պետությունների Ակադեմիան շուտափույթ կերպով կամավոր կերպով, առանց որևէ հրահրման,  հրապարակեց Ավստրալիայի բնիկներին նվիրված նոր հետազոտությունը, որի հիմքում ընկած էր այն թեզը՝ որ նրանք թաքուն կերպով պատկանում են թյուրքական ցեղերին, կրիպտոթուրք են, և հատուկ են հորինել իրենց ցեղասպանությունը, որպեսզի հակակշռեն հայկականը, իսկ իրականում՝ մերվելով սպիտակ բնակչությանը՝ գենեծիկորեն հասել են իշխանության և դավեր են դյութում Հայաստանի դեմ:

Մի երիտասարդ ռազմավարագետ հրապարակավ հայտատարեց, որ գաղտնի զրույց է ունեցել Կիսելյովի հետ, որի ժամանակ վերջինս Ավստրալիան քննադատել է նրա համար, որ այն չի բնակեցնում իր միջնամասը, թեև այն ավելի լեռնային չէ, քան մեր սիրելի Ղարաբաղը, որը, սակայն, չնայած իր դատարկությանը՝ նույնիսկ մնում է ավելի խիտ բնակեցված, քան Ավստրալիայի միջնամասի որոշ լայնատարած գրավյալ (ազատագրված) տարածքներ: Արդյունքում նրա ափերիզին բնակչությունը չափից խիտ է, ինչը բերում է դեմոգրաֆիկ խճողման և մարդիկ դրանից դրդված հաճախ ծովն են ընկնում և խեղդվում, խախտելով իրենց իրավունքները: Մինչդեռ Հայաստանը, եթե ծովից ծով լիներ, երբեք այդպես չէր վարվի իհարկե, իբր, ավելացրել էր հայասեր Կիսելյովը:

Հինգ երեսառած երեխա դուրս եկավ ցույցի քաղաքապետարանի դեմ, վանկարկելով, որ իրենք չեն հանդուրժի անտիպոդների պախարակումը, և նշելով, որ սա դավադրություն է վաղուց Ավստրալիա գաղթած պարուհի Մետաքսյա Աբլեպիխյանի դեմ, որը ձեռնարկել է Ադրբեջանը՝ որպեսզի միանգամից մի քանի թիրախ վնասազերծի.

Ա) Մետաքսիայի դստերը՝ կառավարող կուսակցության կարկառուն անդամ Ծիծակին վնասազերծելու միջոցով հարվածի ներկայիս իշխանությանը.

Բ) Նրա հորաքույր, դաշնակցության կարկառուն գործիչ Համբույր Խանումյանին դիպչելու միջոցով՝ հարվածի դաշնակցությանը.

Գ) Իսկ նրա եղբայր հանճարեղ տարեց կինոռեժիսոր, ՀԱԿ-ի հետ պատմականորեն սիլիբիլի արած  Ծիրան Աբլեպիխյանին դիպչելու միջոցով՝ հարվածի Լևոն Տեր-Պետրոսյանին և Կինոգործիչների ողջ Միությանը, ինչպես նաև նրանց միացած Մատենադարանին:

Սակայն երթի մասնակիցներն իրենց պաստառների վրա խառնել էին Ավստրալիան Ավստրիայի հետ, որը նույնպես ճանաչել էր ցեղասպանությունը: Դա ցույց տվեց Սիենենը, արդյունքում խառնաշփոթ ստեղծվեց ու երթի նշանակությունն ի չիք դարձավ, իսկ Արտաքին ԵՎ Ներքին նախարարը ստիպված Փարիզից թռավ Վիեննա՝ կոմպլեմենտարությունը վերականգնելու համար:

Սակայն վախեցած Վիեննան է՛լ ավելի խորացրեց ցեղասպանության ճանաչումը՝ պարտադրելով իր դպրոցականներին ոչ միայն կարդալ, այլև անգիր անել առնվազն երեք էջ Վերֆելի վեպից, սկզբից, մեջտեղից ու վերջից, ինչը բերեց կրկին ավստրո-հունգարական սկանդալի, որի արդյունքում Թուրքիան առաջին անգամ լրջով ուշադրություն դարձրեց նրա վրա, թե ինչ է կատարվում Հայաստանում, գլուխը թեքեց Հայաստանի կողմը, իսկույն զորավարժություններ կազմակերպեց Նախիջևանում ու մյուս կողմից՝ առաջարկեց այս անգամ էլ բոբսլեյային բանակցություններ, հաշվի առնելով, որ երկու թիմերն էլ այդ մարզաձևում շատ առաջադիմած դեռ չկան:

Հայաստանը համաձայնեց, քանի որ հույս ուներ, որ մրցույթը կկայանա Արարատի ստորոտներին:

Ավելին, «Հետքը» նյութեր հրապարակեց այն մասին՝ որ Կինեմատոգրաֆիստների տունը Դիլիջանում վաճառվել է հենց այն նպատակով, որպեսզի ռազմավարական հակակշիռ ստեղծեն Դիլիջանի հանրահայտ դպրոցին, իսկ արդյունքում Կոմպոզիտորների տունը մնացել է չնորոգված, և էլի հայտնի է թե ում պատկանող «Բեստ վեստերնը»՝ նրա տակը կառուցված, նրա արևը փակում է և ողջ հասույթն ինքն է ստանում:

«Հրապարակ» թերթը մի սկանդալային նյութ տեղադրեց, ըստ որի Ծիծակը քվեարկել էր ավստրալաքոչի դեմ օրենքի օգտին, չնայած իր մոր հանգամանքին, և որքան էլ Ծիծակը հերքեց ու դատի տվեց «Հրապարակին», որքան էլ վերջինս պնդեց, որ ինքը պարզապես վերահրապարակել է մի նյութ՝ տրոլլային մի կայքից՝ այդ հարցը մնաց չլուծված:

Միակ բանը որ դատարանն իրոք արեց՝ որոշեց «անտիպոդ» բառն արգելել, հավասարեցնելով «գենդեռ» բառին, իսկ մի այլ տրոլլային վեբկայք՝ երևի Գեյռոպինդիայի կողմից ֆինանսավորվող, գրեց, որ այս պատմությունը ոտնձգություն է հին հայկական տոհմածառերի նկատմամբ:

Չնախատեսված հանգամանքներ

Վերջապես, հայտարարվեց հանրաքվեի օրը: Հանրաքվեն փորձնական էր ու պարտադիր չէր՝ սահմանադրությունը փոխելու համար, սակայն Հայաստանի բնակչության կարևոր ստուգատես էր լինելու Կիսելյովի տեսակետից:

Հարցը շատ պարզ էր ձևակերպված. «Արդյո՞ք դուք համաձայն եք, որ Ավստրալիայի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ Ռուսաստանը սանկցիաներն ավելացնի՝ եղբայրական Ուկրաինայի նկատմամբ Ավստրալիայի ֆաշիստական վերաբերմունքի պատճառով, այդպիսով աղավաղելով մեր ազգային ճշմարտությունը, նկարագիրը, ինքնությունն ու անվտանգությունը»:

Վերջին պահին հարցը մոդիֆիկացվել էր, քանի որ Թուրքիայի զորավարժությունների պատճառով որոշվել էր, որ ուղղակիորեն Հայաստանի կողմից սանկցիաներ առաջադրելու հարցը կավելացնի տարածաշրջանային լարվածությունը:

Մի փակ խորհրդակցության ժամանակ նույնիսկ առաջարկվեց Ավստրալիան փոխարինել «Աստրալիայով», բայց Եկեղեցու ճնշման պատճառով չանցավ:

Արագ ժամանեց Կուրղինյանը: Թեև Կիսելյովի հետ նրանք հարաբերություններ վաղուց չունեին՝ Կիսելյովը չէր կարող առարկել, որ նա էլ ինչ-որ դեր կատարի, քանի որ երևի թե նրան էլ էր պուպսոդենտն ուղարկել, կամ համենայն դեպս պուպսոդենտի աշխարհազորի պահակախմբի սերժանտ Ավանեսովը:

Ավանեսովը շատ կարևոր դեր էր կատարում Ռուսաստան-Հայաստան բարեկամական համագործակցության մեջ: Վիկիպեձիան ասում էր, թե սերում է հին հայկական ծագումով տոհմից՝ ցեղասպանությունից մազապուրծ. ծնվել է Հայաստանի նախկին Չփլուբուլախ, հետո Գորձզագետ, այժմվա Կիսելյովկա գյուղում. մեծացել է, իհարկե, Թիֆլիսում. քսանհինգ տարի առաջ գաղթել է Սանկտ-Պետերբուրգ:

Իր հայրենի գյուղում Կիսելյովի կիսանդրին վերջերս էին տեղադրել հանդիսավոր կերպով, և դրա տեղադրմանն էլ եկել էին Ավանեսովը, Կիսելյովը, Կուրղինյանը, կիսանդրիի հեղինակ, ֆրանսահայ հայտնի քանդակագործ Բուռնաշը (Բուռնազ Շմավոնյան) և նույնիսկ մի արաբական շեյխի կին: Ավանեսովը Ռուսաստանում ազգանունը փոխել էր, շշուկներ էին գնում, թե Ավանակյան է եղել ժամանակին, և մինչ այժմ իր հարազատ գյուղում, որտեղ նա փառահեղ եկեղեցի էր կառուցել՝ ամենամեծը շրջակա տասնհինգ քառակուսի կիլոմետր տարածքի վրա, բնակվում էին իր բազմաթիվ ազգականները:

Բուռնաշը քանդակի իրավունքը գնել էր՝ վճարելով երեք միլիոն դրամ հիսունհինգ լումա, որպեսզի հնարավորություն ունենա իր պատմական հայրենիքում գոնե մեկ արձան տեղադրել, և քանի որ հրաժարվել էր վճարել քառասունհինգ միլիոն Երևանի համար՝ իրեն հատկացրել էին այդ տեղը, բայց նա՝ խորամանկը, տրոլլագանդիստական գիտությունների մարշալ Կիսելյովի կիսանդրին քանդակեց այնպես՝ ասես Կիսելյովն Ավանեսովը լիներ:

Պատմական այդ խիզախ քայլը՝ երբ հայրենիքի դժվար, օրհասական պահին  էլ համախմբված ժողովուրդը կարողացավ շողոքորթի փոխարեն իր ազգի հերոսին կերտել, ընդմիշտ մտավ ապագայի պատմության դասագրքեր:

Կիսելյովը զգում էր, որ Ավանեսովը տեղյակ էր Կուրղինյանի այցից: Ինքը նրա գործերին չէր խառնվում, սակայն, որպեսզի վերջինս համոզվի, որ ինքը լավ է գործում ՝ կրկին հրավիրեց խորհդակցություն, հանրաքվեին ընդառաջ, ու Կուրղինյանին էլ հրավիրեց: Բայց վերջինս չկարողացավ գալ: Ինչու՞: Կիսելյովն անհանգստացած էր ու զարմացած:

-Դժբախտ պատահար է պատահել, – շշնջաց գեներալը նրա ականջին:

Կիսելյովի սիրտը տրոփեց:

-Ի՞նչ պատահար:

-Հեռուստացույցի տակ է ընկել:

 

Հանճարեղ լուծումներ, ստեղծագործ մոտեցումներ

Պարզվեց, եռանդուն ծերուկը որոշել էր սեփական քարոզարշավն իրագործել, ու գնում էր տնից տուն, բնակարանից բնակարան՝ քարոզելու համար, որ, իբր, հանրաքվեի հարցին ժողովուրդը կողմ քվեարկի (դա դեռ պետք էր նրան պարզաբանել՝ թե ինչ էր նա այնտեղ քարոզում): Եվ ահա, շենքերից մեկից դուրս գալուց հետո, դժբախտ պատահարի զոհ էր դարձել. հինգերորդ հարկից մի մարդ շպրտել էր հեռուստացույցը, որը, ընկնելիս, երկար անտեննայի ծայրով դիպել էր Կուրղինյանի ականջին ու վերջինս քերծել:

Կիսելյովն անհանգստացավ. ինչու՞ է այդ մարդը հեռուստացույցը շպրտել:

Գեներալը բացատրեց, որ հետաքննություն է  գնում, որ մարդը կարծես թե Կիսելյովին հավատարիմ քաղաքացի է, սակայն իր տղան դպրոցում ռուս կրոնի պատմությունից երեք էր ստացել, դա իրեն բարկացրել էր, ինքը որոշել էր պատժելու համար հեռուստացույցը շպրտել տղայի վրա, ինչպես որ կարգն է, սակայն վրիպել էր ու փոխարենը հեռուստացույցն ընկել էր պատշգամբից, ջարդելով պատուհանի ապակին:

«Ես այդքան միամիտ չեմ, որ հավատամ դրան», ասաց Կիսելյովը: «Պահանջում եմ, որ ինձ զեկուցեն, թե ժամը քանիսին է դա եղել»:

Զեկուցեցին: Պարզվեց, որ հենց այն ժամին, երբ ինքն էր ելույթ ունենում:

«Ահա՜» ասաց Կիսելյովն ինքն իրեն: «Ես այլընտրանք չունեմ, բացի եզրակացնելուց, որ.

Ա) սա ոչ թե պարզապես դաստիարակչական ակցիա է եղել, այլ դավադրություն՝ իմ քաղաքականության դեմ, և

Բ) հարգարժան պարոն Կուրղինյանն էլ էր, անհերքելիորեն, դավադրությանը մասնակցում՝ բնակարաններ այցելելով հենց այն ժամին՝ երբ բոլորը, ինքն էլ հետները, պիտի օրենքով գամված լինեին հեռուստաէկրանին:

Ամո՛թ ձեզ, ուզում էիք ինձնից թաքցնե՛լ: Բայց չէ՞ որ ես փորձված եմ», եզրափակեց Կիսելյովն ինքն իր հետ խորհրդակցությունն ու խիստ վերջնական նկատողություն տվեց վարորդ գեներալին՝ անձնական գործի մեջ գրառմամբ հանդերձ:

«Իսկ Կուրղինյանին շուտափույթ կերպով տարեք ռեանիմացիայի բաժանմունք ու այնպես խնամքով բժշկեք, որ մինչև հանրաքվեի հաջորդ օրը լրիվ ապաքինված լինի, շտապել պետք չէ: Թող երկար պառկի, բայց լրիվ առողջ դուրս գա:  Նրա առողջությունը թանկ է հայրենիքին: Իսկ հեռուստացույց շպրտողին կախեք իր տղայի հետ միասին օրենքի ողջ անողոքությամբ՝ հանրային սեփականությունը պղծելու համար»:

Գեներալը պաղատեց, որ երեխային չկախեն, քանի որ դա վատ տպավորություն կարող էր թողնել: Բարեսիրտ Կիսելյովն ի վերջո համաձայնեց: Բայց հորը հրամայեց չխնայել:

Դժվարություն առաջացավ այն առումով՝ որ հեռուստացույցը մարդու սեփականն էր: Կիսելյովը ձրի վարձեց մի ձեռներեց իրավաբանի՝ իրեն նվիրված, որն ապացուցեց, որ.

Ա) գետինը, որին ընկավ հեռուստացույցը և կոտրած ասֆալտն է՛լ ավելի վնասեց՝ հանրային սեփականություն է:

Բ) հանրային սեփականություն է, այն էլ ինտելեկտուալ, նաև Կուրղինյանն ինքը, որպես հրապարակախոս, փիլիսոփա, գործիչ ու թատերական ռեժիսոր, ներառյալ իր տուժած ականջը: Այն էլ՝ այլ երկրի, այսինքն՝ միջազգային հանրության սեփականություն, ինչը միջազգային տեռռորիզմի հարցով հարց էր բացում Ինտերպոլի մասնակցության: Չէ որ Հայաստանում դեռ, սխալմամբ, միջազգային օրենքը գործում էր:

Գ) նաև հանրային սեփականություն է հեռուստաալիքը՝ որով Կիսելյովը խոսում էր, երբ հեռուստացույցը շպրտվեց:

Բայց Ինտերպոլին մեջբերել այս անգամ պետք չեկավ դեռևս. ազգային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Հայաստանը միջամտեց, խնդրելով, որ դա այդպես չդիտարկվի, առանց այն էլ հանցագործները հրապարակայնորեն կգլխատվեն: Հայաստանը տուժած կողմին պաղատեց, մի բանաստեղծուհի բաց նամակ գրեց, «Չէ՞որ դուք ի վերջո հայ եք, պարոն Կուրղինյան» վերնագրով, որ հարցն այդ ուղղությամբ չտարվի, և, որպես մեծահոգություն՝ Կուրղինյանը համաձայնեց, ռեանիմացիայից հատուկ երկտող գրեց Կիսելյովին:

Վերջինս, երկտողը ստանալով, կարդաց, «ծը-ծը-ծը» ասաց և, մի շարք ռազմաքաղաքական և գեոգյուղական նկատառումներից ելնելով, բայց հատկապես՝ որ ցույց տա իր մեծահոգությունը դեպի այս չարաճճի երկիրը, այդ գծին ընթացք չտվեց, նշելով, որ ամեն ինչ կախված կլինի հանրաքվեի արդյունքներից: Բայց անհասկանալի էր, թե նա ինչ նկատի ուներ:

Տրոլլագանդիստներն իհարկե ուրախացան ու թվիթերային շարժում սկսեցին՝ «Հա՞յ եք դուք արդյոք, պարո՛ն Կուրղինյան, թե՞…» վերնագրով: Շոյված Կուրղինյանը մեկ ասում էր հա, մեկ ասում էր չէ: Մեջ մտավ Ժիրինովսկին, ասաց, որ ինքն էլ է մի քիչ հայ: «Մենք բոլորս մի քիչ հայ ենք», ասաց նա Հնդկաստանում՝ ոտքերը Գանգեսի արծաթե ջրերում պարզաջրելուց հետո, երբ դուրս եկավ ու ձյունաթույր թարմ պարծյանկաները սկսեց փաթաթել (տեղացիների կողմից աղուհացի հետ միասին իրեն մատուցված):

Մի հանրահայտ երգչուհի հատուկ մի երգ նվիրեց նրան՝ «Հայ եմ ես, հայ ես դու, պադամ, պադամ, պադամ» կրկներգով:

Մի ռուսական նացիոնալիստական կայք գրեց այդ մասին. «Հայը հային հեծած հայ է քշում»:

Մյուսը ձայնակցեց. «Հայը հային լվանում է»:

Երրորդը հրապարակեց ծրագրային մի հոդված. «Խաչիկների արշավանքը»:

Չորրորդը սկսեց համարից համար հրապարակել մի գաղտնի փաստաթուղթ «Արարատյան իմաստունների արձանագրությունները» վերնագրով:

Մերձբալթների կողմից մի ֆիլմ նկարահանվեց՝ «Հավերժ թռչող արկածախնդիր Արմինիակուսը» վերնագրով, որը Միխալկովի կողմից ստացավ գլխավոր մրցանակը:

Առօրյա

Դատարանում շատ հետաքրքրիր քննարկում գնաց, թե եթե մարդն ուրիշ ալիք միացրած լիներ կամ ընդհանրապես միացրած չլիներ հեռուստացույցն այդ երեկո, արդյո՞ք Գ) մեղադրանքը կիրառելի կլիներ: Սակայն մնացածներն էլ հերիք էին, որ մարդուն կախեին հենց դատարանի դահլիճում՝ ի ցույց բոլորի:

Ալիքները խառնելու հարցը բացառելու համար՝ Կիսելյովը հիշեց անդրոպովյան ժամանակների իմաստությունն ու հեռուստացույցից պահանջեց, որ իր ելույթի ժամերին բոլոր ալիքները դա՛ հեռարձակեն:

Հեռուստացույցն ասաց թե մասնավոր սեփականության պայմաններում դա տեխնիկապես հնարավոր չէ, սակայն Կիսելյովի «աչքն ալմաստ» էր. նա արդեն նկատել էր, որ գիշերվա տասներկուսին հայոց հիմնը բոլորն են հեռարձակում, և այդ բլեֆը չանցավ: Նրան այդքան էլ հեշտ չէր «մատի շուրջ» ֆռցնել:

Թեև ծերացած, բայց դեռ առույգ Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող հանրային փաստաբանը հսկայական ճիգեր գործադրեց՝ մեղադրյալին արդարացնելու համար: Նա երդվյալ ատենակալներին տարավ էքսկուրսիայի՝ այդ մարդու ապրած թաղամաս, և ցույց տվեց, որ այնտեղ բոլոր հարևաններն են վերևից ամեն ինչ նետում ներքև:

Ատենակալներն ականատես եղան, ինչպես հենց ինքը՝ փաստաբանը, տուժեց իր քննչական էքսպերիմենտից, քանի որ հենց ամբաստանյալի շենքից շպրտված աղբն ընկավ իր գլխին: Սակայն նա չտխրեց, այլ դա որպես օրինակ բերեց, փորձելով ապացուցել, որ հանցակազմ չկա, քանի որ բոլորն են այդպես վարվում, և հատկապես՝ որ ամբաստանյալը հեռուստացույցը շպրտել է ոչ թե որպես «հեռուստացույց»՝ այլ որպես «ցանկացած իր»:

Այստեղ սակայն Կուրղինյանի փաստաբանն ուրախացավ ու ի չիք դարձրեց այդ ապիկար պաշտպանությունը, նշելով.

-Հարգելի երդվյալ ատենակալներ, խնդրում եմ ուշադրություն դարձնել այն փաստին, որ փաստորեն ամբաստանյալի փաստաբանն է՛լ ավելի է խորացնում իր պրոտեժեի մեղքը, քանի որ նրա պնդումից կարելի է հետևություն անել, թե ամբաստանյալը հեռուստացույցն աղբ էր համարում, ինչից հստակ ոտնձգության հոտ է գալիս տիրող կիսելյովակարգի նկատմամբ:

-Էլ ավելի մի՛ ծանրացրեք ձեր խեղճուկրակ հովանավորյալի մեղքը, ավստրալոպիծե՛կ հայբոլվան, – հայհոյեց նա հեռուստացույց շպրտած մարդու փաստաբանին, խորամանկորեն շրջանցելով «անտիպոդ» բառի արգելքն ու միանգամից երկու արժեքավոր հոմանիշ առաջադրելով հանրությանը:

Ամբաստանյալի փաստաբանը քոռուփոշման նահանջեց, մտքում հպարտություն զգալով, որ իր երկրի իրավաբանական լեզուն այդքան հարստացել է անկախության տարիների ընթացքում:

Խորապես անհանգստացած այդ միջադեպից, Կիսելյովը պահանջեց բոլոր վիճակագրական տվյալները՝ պատուհանից բան շպրտելու վերաբերյալ: Պարզվեց, որ այդ տվյալներն ուղղակի կապ ունեն ծառ կտրելու հետ. որքան ավելի ակտիվորեն է մասնակցում տվյալ թաղամասը «Մաքրել երկիրն ավստրալական բարդիներից» շարժմանը՝ այնքան շատ է նույն թաղամասը պատուհաններից բան-ման շպրտում:

Դա Կիսելյովին մի քիչ հանգստացրեց, որովհետև փաստորեն ստացվում էր, որ հենց իսկական հայրենասերներն են բան-ման շպրտում, և հեռուստացույցների քանակն այդ շպրտվող բան-մանի թվում մեծ տոկոս չէր կազմում:

Համենայն դեպս, Կիսելյովը հրավիրեց խորհրդակցություն ու պահանջեց, որ շտապ օրենք ընդունվի հեռուստացույց շպրտելն արգելելու վերաբերյալ:

-Չի օգնելու, – գանգուր գլուխը ճոճեց Գլխավոր Վերլուծաբանը:

-Ինչպե՞ս թե չի օգնելու:

-Այ կտեսնեք, հայի հոգին խորն է, – խորհրդավոր՝ ասաց Աբսողոմը:

Կիսելյովը քիչ էր մնում ասեր՝ «Արի գնանք տեստ արեք ինձ», բայց չգիտես ինչու չասաց:

Այն ծեր պառլամենտականն էլ ասաց, որ չեն հասցնի օրենք ընդունել, քանի որ առաջիկա մեկ շաբաթը՝ հանրաքվեին ընդառաջ, Հանրային Կապերի և Ինքնագործունեության նախարարի բոզի որդու միջնեկի ամուսնությունն է, որին հրավիրված է ողջ իսթեբլիշմենթը, բացի մի քանի թափթփուկներից, և ուրեմն նիստ չի լինելու:

Կիսելյովն իրեն չկորցրեց ու, հետաձգելով քննությունը՝ արդյո՞ք սա պառլամենտական բունտի յուրօրինակ տարատեսակ էր թե ոչ, պահանջեց.

-Այդ դեպքում որպես ձեր երկրի բարեկամ խնդրում և պահանջում եմ շտապ կարգով ընդունել ենթաօրենսդրական ակտ:

Ակտը հոժարական կերպով ընդունվեց նորաստեղծ Արտաքին ԵՎ Ներքին Գործերի նախարարության կողմից: Կիսելյովին բոլորը շնորհավորեցին՝ այդպիսի պայծառամիտ գաղափար հղանալու կապակցությամբ:

Այդ կապակցությամբ Արտաքին ԵՎ Ներքին Գործերի նախարարությունը նրան պարգևատրեց գաղտնի մեդալով՝ «հակաավստրալական սկզբունքներին աննկուն ծառայելու համար», և դարձրեց նրան Պետությունների Ակադեմիայի Թռուցիկ Անդամ՝ ցմահ թոշակ նշանակելով ամսեկան երեսունհինգ դրամ երեք լումայի չափով:

Ակտը հրաման էր տալիս կարմիր բերետավորներին՝ առանց քննության գնդակահարել ցանկացածի՝ ով դուրս կշպրտի հեռուստացույց:

-Գլխավորն այն է, որ նրանք հպատակվեն այսօր՝ այս հրամանին, վաղը՝ հակառակ, – բացատրում էր Կիսելյովը տրոլլագանդիստների տրենինգ կուրսին: – Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ նրանք տրամաբանություն հայտնաբերեն պուպսոդենտության վարքագծում: Տրամաբանությունն ի՞նչ է:

-Թու՛-լու՛-թյու՛ն, – վանկարկեց աուդիտորիան:

-Նորից, բա՛րձր. ի՞նչ է տրամաբանությունը:

-Ա՛- նիշխա՛- նությու՛ն, – գոռաց աուդիտորիան:

-Տրամաբանությունը դա ուժ է Գեյռոպինձիայի ձեռքին՝ աշխարհը հնազանդ պահելու համա՛ր, – ասաց Կիսելյովը: – Սովորե՛ք: Այն ստեղծել են ժիդոմասոննե՛րը: Մենք ո՞ր լոզունգով ենք առաջնորդվում:

-Այսօր չես ենթարկվի հրամանին՝ վաղը թշնամու կոֆե խմել էլ կսովորես, – գոռաց աուդիտորիան ամբողջ ուժով:

-Է՞լ որ լոզունգով ենք մենք առաջնորդվում, – սպառնալից ասաց Կիսելյովը:

-Էլ ոչ մի, էլ ոչ մի, – վախեցած՝ ձեռքները թափահարեցին հարցվողները:

-Ուրիշ էլ ի՞նչ լոզունգով, հը՞, – Կիսելյովը, աչքերը սպառնալի պտտեցնելով ակնակապիճներում, աչք ածեց լսարանը:

-Ուրի՞ ՜շ:

-Տռիր դու այսօր, իսկ ես վա՛ղը, – հանկարծ՝ տեղից գոռաց մի ջահել ու անվախ գերազանցիկ տրոլլագանդիստ:

-Ազա՛տ, – հրահանգեց բավարարված Կիսելյովը: – Պառկե՛լ: Ոտքի՛: Պառկե՛լ: Ոտքի՛:

Ակտը Կիսելյովին բավարարեց, թեև անհանգստությունը՝ ծնված Աբսողոմի խոսքերից, մնում էր: Նա հետևում էր իր և իր թիմի ելույթների ռեյտինգներին: Դրանք վայրիվերում էին, սակայն կարծես թե գոհացուցիչ էին:

-Ես անհանգիստ եմ, – հայտարարեց նա հավատարիմ գեներալին:

-Եթե ձերդ պայծառափայլությունը ցանկանար… – ասաց գեներալը:

-Ասա, ասա:

-Եթե, ասում եմ, անարժանիս խորհուրդը լսեիք…

-Լսում եմ, խոսիր:

-Եթե համաձայն եք՝ գիշերվա տասներկուսին ես ձեզ հրավիրում եմ «Սերպուխովսկի Ցենտրալ-Կարմիր Կալգոտկա» պանդոկի շոուին:

Գլամուռ

Պանդոկը գտնվում էր քաղաքի ծայրին, նախկին մի ԱԳԼՃԿ-ի ներսում: Կիսելյովի քամակը ցավում էր ջիփի՝ ասֆալտի փոսերի վրա թռվռալուց: Մթության մեջ ծիկրակում էր վարդագույն նեոնը: Երբ Կիսելյովը ներս մտավ, հաճույքով նկատեց կարմիր պաստառը՝ ձգված միջանցքի մի ծայրից մյուսը. «Ձեռքներդ հեռու՛ Կիսելյովշչինայից ու մեր հայրենիքի ճանապարհային ոստիկանությունից»:

Նրան ծանոթացրին պանդոկի տիրոջ, երեք գողերի, մի օլիգարխի և մի բարձրաստիճան ոստիկանի հետ: Կար ևս մեկը՝ եկեղեցական հագուստով, որին բոլորը հարգանքով կոչում էին «Պղծո»: Նա հաճույքով խաչակնքում էր բոլորին, Կիսելյովին էլ խաչակնքեց, հետո սկսեց խմել գարեջուր:

Հավաքույթը լուռ, անժպիտ դիտում էր ներկայացումը, երբեմն միայն խոր հառաչելով, ասես «Համլետը» դիտելիս լիներ: Երբ աղջիկներից մեկը մյուսի կոկորդը կծեց և ներկայացումն ավարտվեց՝

-Սիրուն աղջիկներ են, – ասաց Կիսելյովը:

Նրան հատկապես մեկը դուր եկավ, մի քիչ քոսոտ, բայց մի աչքը՝ կանաչ, մյուսը՝ կապույտ: Ինչ-որ անպաշտպան բան կար այդ աղջնակի մեջ:

-Անունն ի՞նչ է, – ասաց:

-Նատաշա, – ասացին. –Վանա ուկրանյուհի է. վերցված է, Պղծոյինն է: Անտալիայում են ծանոթացել: Ուրիշին ընտրեք:

-Մնացածին հատուկ ձեզ համար ենք բերել, – քմծիծաղով, ասաց օլիգարխը: – Ուկրա՛նյա: Ղրի՛մ: Բալակլա՛վա: Կռռասատա՛:

Կիսելյովը խեթ նայեց նրան:

-Դուք ի՞նչ էիր ուզում ասել: Դու ակնարկում եք սրբապիղծ «Կատվիկների ապստամբությու՞նը»:

Բարձրաստիճան ոստիկանը, որ մինչ այդ քնած էր, տեղում շարժվեց ու սկսեց արագ-արագ ասել.

-Արա բայց դե դու գիդես չէ՞ դու ուր ես ընգե ապե: Մենք կռված տղերք ենք ապե: Ձեր աղջկերքը որ չըլնեին է… Մե խատ գենեռալ ունեիք՝ Գալպերինը, ձեր էն մինիստրը, որ իմանաս հետը քանի յաշշիկ արաղ ենք տշշե… Հեյ գիդի հա՛ վախտեր: Մե յաշշիկ արաղ՝ մե խատ պուշկա, ապե: Վաձյանո: Բա, ըտենց էր: Էս ի՞շ դառանք, տո: Մի ժի վաշ խառոշ խածիմ, տո, վի ժի տոժի լյուձի, տո…

Բարձրաստիճան ոստիկանը հայերեն էր խոսում, այնպես որ Կիսելյովն ասածը չհասկացավ, բացի «Գալպերին», «յաշշիկ» և այլ ռուսերեն բառերից, ինչպես օրինակ՝ «խառոշ»: Սակայն այնուամենայնիվ Կիսելյովը զայրույթից կարմիր էր կտրել:

-Շտո գավարի՞տ:

-Գավարիտ, ս Գալպերինիմ մնոգո վոդկի պիլի: Ի ձևկի ու վաս կռասիվիե, գավարիտ, – դիվանագիտաբար թարգմանեց իր տրամադրության տակ դրված գեներալը:

Կիսելյովի զայրույթը զգալով, բարձրաստիճան ոստիկանն է՛լ ավելի սթափվեց.

-Ասածս ի՞նչ ա, – շարունակեց. – ասածս էն ա՝ որ պիտի մե քիչ խորքով, իրար հասկնալով, ազգի բոյ բուսաթ, մենք ախր ախպեր ազգ ենք, քուր ու ախպեր ազգ, քու սապոգը սիրեմ, պառծյանկիդ մուրազ, ազգի դավաճան խոմ չենք, մենք էլ մարդ ենք, չէ, մեր դեմ ախշար չկա, ապե, ինչ գեյդառապինձիա, ինչ Ավստրյա մավստրյա: Յա ադմիռալ Բաբկե՛ն: Կավո խոշ սպռասի, սկաժի «Բաբկենա զնա՞յիշ», սկաժուտ «զնաա-յեմ»: Ադմիռալա զնաա՞յիշ: Զնաա-յեմ… Մեկը թող ասի չգիդի՝ ղալաթ կանի, էդ ասածն իրա վերջի ասածը կլնի, կտանք շանսատակ կանենք, բռնաբարված հանդը կքցենք կկորի, ծծկեր սիբարիտը: Խաթրով, ապե, խաթրով: Բա, տենց բաներ: Ադմիռալ Բաբկե՛ն: Սլու՛շայուս:

Դա ասելուց հետո՝ բարձրաստիճան ոստիկանը հանկարծ կրկին մրափեց: Որպեսզի ստեղծված անհարմարությունը կոծկեն՝ գողակույտը որոշեց արագ գործի անցնել. գլխավոր գողը՝ նորակառույց Սիկտիրդար թաղի նայող Տորժոկցի Փղձկոն (նրան այդպես էին անվանել, որովհետև Բուտիրկայում տեղի-անտեղի փղձկալու մի տարօրինակ հատկություն էր ձեռք բերել, որը բացատրում էր իր քնքուշ սրտով), թավ հոնքերի տակից նայեց Կիսելյովին, փղձկաց ու ասաց.

-Հանրաքվեից հետո դու հատկացնում ես Մյասնիկյանի արձանի տարածքը:

-Դա ո՞րն է, – զարմացավ Կիսելյովը:

-Այն կարմրավուն մարդը՝ շինելով, – անհամբեր մեջ մտավ օլիգարխը:

Կիսելյովը զգաց, որ հիմարանում է:

-Բայց ինչու՞: Չէ՞ որ դա բելառուսական բոլշևիկ է:

-Այնտեղ եղել է հայկական մայդանփորձ, – ասաց Փղձկոն անողորմ: – Տիրոջդ ասա, այդ տեղը պիտի վերացվի: Ինքը կհասկնա:

-Կողքն էլ Գեյռոպինձիայի սանձարձակ դեսպանակույտերն են, – մեջ մտավ Պղծոն: – Զուր չէ, որ շրջակայքում ծաղկում էր գենդերիզմը, մինչև արմատախիլ չարինք այդ աղտավոր ախտը:

-Նրանք պիտի իմանան, թե ով է այս քաղաքի տերը, – խորիմաստ ասաց Փղձկոն:

-Շատ անշնուռոկ տեղ ա, – ասաց բարձրաստիճան ոստիկանը, արթնանալով. – չի սազում: Ըդենց դադարգ, կանանչ… մե քանի բոյով բուսաթով շենք տնգցրեք՝ քաղքը դառնա քղաք, տո տնաշեն: Հլը թե կարաք մեջը մե խադ էլ եգեղձի խցկեք՝ ձե մալոչ:

-Այնտեղ կտեղավորվի տասներեք գլենդեյլյան բարձրահարկ, – ձայնակցեց օլիգարխը:

-Իսկ դու՞ք ինձ ինչ կտաք, – հարցրեց Կիսելյովը:

-Մե՞նք, – զարմացավ գողականը: – Իսկ ի՞նչ պիտի մենք տանք:

-Դե, ինչի դիմաց եմ ես ձեզ այդ տերիտորիան տալու:

-Իմ սիրուն աչքերի դիմաց, – պատասխանեց Փղձկոն, փղձկալով և իր սիրուն աչքերը ֆռռացնելով, ու հավաքույթը հռհռաց:

-Ես կմտածեմ, – ասաց Կիսելյովն ու վեր կացավ:

Հավաքույթը մի անկյունում հավաքվեց ու խորհրդակցեց: «Բիրիկով չպառկի…»: «Նատուռի քյար ա…», իր անկյունից լսում էր գեներալը խմբից ելնող բացականչություններ:

-Լավ, ախպեր, – ասաց Փղձկոն, դառնալով արդեն գնալ պատրաստվող Կիսելյովին: – Մի բան էլ կարանք քեզ առաջարկենք. Լեննագանը կվերանվանենք Ալեքսանդրապոլ: Շեֆդ կհավանի՞:

-Իսկ ինչու՞ ոչ Պուպսոդենտոպոլ, – հետաքրքրվեց Կիսելյովը:

Վարորդ գեներալը սարսռաց ուրվագծվող հեռանկարից:

-Չի կարելի, – ասաց նա, – «Տոպոլը» պետական գաղտնիք է:

-Ամեն ինչ կախված կլինի հանրաքվեի արդյունքներից: Կհանդիպենք հանրաքվեի օրվա ավարտին՝ գիշերվա տասներկուսին, – չոր՝ ասաց Կիսելյովն ու դուրս եկավ, հպարտորեն՝ հայացք անգամ չգցելով ներս մտնող բարձրահասակ պարուհիների ծիծիկներին: Երբ ուզում էր՝ նա կարող էր իրեն տիրապետել:

-Բանկետն էստեղ կկազմակերպեմ, – հուզված՝ ասաց օբեկտի տերը, չայեվոյը տալով վարորդ գեներալին:

Կիսելյովն անշեղորեն քայլում էր դեպի իր բախտը: Վարորդ գեներալն անհանգստացած վազեց նրա ետևից:

-Էս ուր ենք հասել, է, էս ուր ենք հասել… Ամենաջյուսի կտորներին են ուզում թաթները գցել… Օ տեմպորա, օ Բորխես… Օ Մյասնիկյան, օ Սորոս… Էս ինչ խառն ա էս աշխարհն էսօր… Ոնց որ կինո լինի… Մաքուր ֆեյս… Չմեռանք էդ էլ տեսանք…

-Իսկ նրանք սովետակա՞ն մարդիկ են, – հարցրեց Կիսելյովը:

-Լրիվ, – ասաց գեներալը: – Չկասկածեք: Եթե ասել են՝ կանեն: Արեգակ կշպրտեն դեսուդեն, բան…

-Էդպիսի մի հարյուր մարդ լիներ՝ Օդեսան հիմա մերն էր, – ասաց Կիսելյովը:

-Կազմակերպե՞մ, – հարցրեց գեներալը:

-Ես կհարցնեմ, – ասաց Կիսելյովը մտազբաղ:

-Համենայն դեպս դուք գո՞հ եք:

-Նրանք մարդ են տալիս, իսկ ինձ պետք է՝ հոգի:

-Ես ձեզ կարող եմ ավելի լավ բան առաջարկել, – ասաց գեներալը: – Ձեզ հրավիրում են եկեղեցական ժողովի: Կգնա՞ք:

Կիսելյովը մտածմունքի մեջ ընկավ: Տեսած եկեղեցականն աչքերի առջև եկավ:

-Կմտածեմ:

Հետո, ամեն բառ հատ-հատ արտասանելով, ավելացրեց այն, ինչ իրեն սովորեցրել էր իր Ուսուցիչը՝ պուպսոդենտը.

-Մենք պիտի օգտագործենք բոլո՛ր միջոցները: Եթե սատանայի հոտ է գալիս՝ մենք իրավունք չունենք մեր գլուխներն ավազի մեջ ջայլամաբար թաքցնելու: Մենք պիտի դրանք հանենք ավազի միջից ու իսկույն ֆշշացնե՛նք: Այնպես, որ աշխա՛րհը սարսռա:

Հաջորդ օրը մի մարդ եկավ, որին գեներալն առաջարկեց ընդունել: Կիսելյովը դժկամորեն համաձայնեց: Մարդս առաջարկեց պիլոտային կոոպերածիվ հանրաքվե անցկացնել զուգահեռաբար, իբր որ եթե օֆիցիալը լավ չգնա՝ իրենց տվյալներով փոխարինեն: Խոստանում էր հարյուր քսան հազար դրամի դիմաց շատ լավն անցկացնել: Կիսելյովը հրաժարվեց: «Չկպավ», մտածեց գեներալը: «Մարդ չի, էլի, մարդ չի: Ամեն ինչ մերժում ա: Բա լավ ղեկավարն ամեն ինչ կմերժի…»:

Բայց պիլոտայինն առաջարկած մարդը համենայն դեպս ստեղծեց իր շտաբն ու սկսեց իր կողմից տրոլլագանդել հանրաքվե, ու Կիսելյովը չէր հասկանում, արդյո՞ք նրան Գեյռոպինդիան է ֆինանսավորում, թե՞ Սորոսը:

Իր հարցումները՝ պուպսոդենտի գրասենյակ, պատասխան չէին բերում, մինչև որ վերջապես դեսպանության պահակի զարմիկը՝ մի երեկո, երբ իրենք արդեն լավ նստել ու խմել էին մի ՀԿականի հետ, շշուկով իրեն ասաց, որ դա Ավանեսովի ծրագիրն է, «համենայն դեպս»: Եթե հանկարծ իր՝ Կիսելյովի մոտ ինչ-որ բան այնպես չգնա:

 

Կիսելյովը փոքրիշատե հոխորտում է

Ֆեյսը գրեց, որ մի քանի կրիմինալ հեղինակություն Կիսելյովի հետ փորձել են հանդիպում կազմակերպել՝ ընտրակաշառք կորզելու նպատակով: Դա ազդեց ռեյտինգի վրա, և այն սկսեց նշանակալի կերպով իջնել: Որ տակից դուրս գա՝ Կիսելյովը հայտարարեց, որ էլեկտրականությունը չի թանկանա մինչև հանրաքվեն: Դա մի քիչ լավացրեց ռեյտինգները, թեև էլեկտրականության շեֆն իսկույն բողոքեց պուպսոդենտին, և վերջինս անձամբ (սի՛ք) զանգահարեց Կիսելյովին:

-Ի՞նչ կա չկա, – հևալով, խռպոտ՝ հարցրեց պուպսոդենտը, որի ամեն խոսքի հետ լսվում էր ինչ-որ ճռռոց, երևի արհեստական թոքերի մխոցն էր ժանգոտել ու նայողները մինչև հիմա լայաղ չէի արել յուղել, կամ նման մի բան:

Կիսելյովը պարոն պուպսոդենտին զեկուցեց, որ հարցն ինքը կլուծի, և կանչեց էլեկտրականության շեֆին իր մոտ՝ կարպետի վրա, ձև թափելով, թե ինքն այդքան իշխանություն ունի, փաստորեն օգտագործելով պուպսոդենտի զանգը (որի մասին ինքն այնպես էր արել, որ էլեկտրականության շեֆի շպիոններն իսկույն իմանան)՝ որպես քարտ բլանշ:

-Երբ Ղրիմը գրավում էին, բանաստեղծները լուռ էին, – ասաց Կիսելյովն էլեկտրականության շեֆին: – Պիտի դիմանաս: Աշխարհում փողից ավելի կարևոր արժեքներ կան:

Ու, որպես հաշտեցում, թույլ տվեց, որ իր պարծյանկայից նա հոտ քաշի, պարծանքով պատմելով, որ հենց այդ պարծյանկայով էր ներկայացել պուպսոդենտին վերջին անգամ, երբ վերջինս նրան գործուղեց Հայաստան, ու ինքն այդ օրից այդ սիմվոլիկ պարծյանկան չի փոխել, քանի որ այն հաջողություն է բերում (բայց, փառք աստծո, խաբում էր):

Վերջում պայմանավորվեցին, որ հանրաքվեից հետո էլեկտրանակությունը կթանկանա ոչ թե մեկ լումայով, այլ միանգամից՝ երկու, և այդ երկրորդ լումայից ստացված շահույթը կբաժանվի հետևյալ կերպ. մի մասը՝ Կիսելյովին, մյուսը՝ պուպսոդենտին, երրորդը՝ հայոց պետականության այն գործիչներին և նրանց այն ազգականներին՝ որոնք հատկապես աչքի կընկնեն հանրաքվեի ժամանակ, որպես քաջալերում, իսկ եթե տակը բան մնաց՝ դա էլ կգնա էլեկտրականության շեֆին՝ որպես տուժած կողմ:

Սակայն Կիսելյովը կատաղած էր այդ վիկիլիքսությունից: Մարզադահլիճում վարժություն անելիս՝ նա գեներալին կանչեց իր մոտ ու հրամայեց.

-Ասա՛, ո՞վ է Ավստրալիան:

-Մեր ռազմավարական թշնամին, – ասաց գեներալն անվարան:

-Ո՛չ, հիմա՛ր: Դու չե՛ս կարող հասկանալ, թե ով է Ավստրալիան, մինչև չհարցնես: Պառկե՛լ:

Գեներալը հնազանդ պառկեց:

-Ո՞վ է Ավստրալիան:

-Մեր ռազմավարական գործընկերը, – տատամսելով, զեկուցեց գեներալը:

-Հիմա՛ր, – ասաց Կիսելյովը, – չէ՞ որ ձեր դասականն է ասել, որ պետությունը չունի մշտական բարեկամ ու մշտական թշնամի: Այդ էլ հո ե՞ս չեմ ասել: Ոտքի՛: Ո՞վ է Ավստրալիան:

-Պառկե՛լ:

-Ոտքի՛:

-Պառկե՛լ:

-Ոտքի՛:

-Գործընկե՛րը:

-Թշնամի՛ն:

-Բարեկա՛մը:

-Գործընկե՛րը:

-Գնացքից թռչելու ժամանա՛կը:

-Ո՛չ: Կրվեցի՛ր: Իսկ հիմա՞:

-Դու՛ վերցրու:

Գեներալը հոգնեց ու թոշնեց: Նա իր արժանապատվությունը խորապես խոցված էր իրեն զգում: «Ես կադրային գեներալ եմ», մտածում էր նա: «Իսկ ինչո՞վ եմ զբաղված: Իսկ կյանքն, ահա, անցնում է կողքներովս», մտածում էր նա, քանի որ վարժ պառկելիս ու ոտքի ելնելիս հանկարծ հիշել էր հերվա պարուհիներին: «Ու՞ր է շնորհակալությունը, ու՞ր է հարգանքը: Որոշված է. այս առաջադրանքն էլ կատարեմ՝ ու գաղթում եմ Իսլամական Պետություն: Կամ՝ Նովոռո՛սիա: Այնտեղ գիտե՛ն, թե ինչպես գնահատել կադրայիններին»:

Նա որոշեց կենտրոնանալ ու տակից դուրս գալ, ավելի խորամանկ գտնվել: Եթե ես ասեմ՝ թշնամին է, ինքը կասի՝ գործընկերն է, մտածեց գեներալը: Ասեմ ես, համենայն դեպս, որ թշնամին է:

-Թշնամի՛ն է, – ասաց գեներալը, շունչը հազիվ արտաբերելով:

Կիսելյովն ուշադիր նայեց նրան:

-Ձեր մեջ հրեական արյու՞ն կա:

Գեներալն էլի տվայտանքի մեջ ընկավ: Եթե ասեմ՝ կա, նա կկարծի, որ իրոք կա… ասեմ՝ չկա…

-Ինչպես կբարեհաճեք, ձերդ տրոլլագանդություն:

-Լավ, – զզվանքով ասաց Կիսելյովը: – Ձեզ էլ իմացանք: Սխալվեցիր, տղաս, դուք քո հաշիվն էլ չես կարողանում պահել. գործընկե՛րն է մեր, գործընկե՛րը: Ճիշտ ինչպես Իսրայելը: Ռազմավարական, ես կասեի՝ միջուկայի՛ն գործընկերը: Մե՛ր գործընկերը, ո՛չ թե ձեր: Իսկ ձեր՝ բարեկամը: Չէ՞ որ նա մեզ իր գոյությամբ օգնում է ձեր հարցերը լուծել: Ես կասեի՝ նույնիսկ շե՛ֆը: Բայց ձեր՝ թշնամի՛ն: Սու՜ս: Մարդու չասե՛ս:

-Ճիշտ այդպե՛ս:

-Սրբիչը տու՛ր:

Եվ, զզվանքով գեներալի ձեռքից վերցնելով եռագույն սրբիչը, Կիսելյովը սկսեց դեմքը սրբել ակտիվ տրենինգի արդյունքում առաջացած առատ քրտինքից:

Երկու օրից Կիսելյովը գոհունակությամբ գեյռոպինդ մի անամոթ ինտերնետային թղթուկում հոդված հայտնաբերեց, որտեղ ասվում էր, որ իրականում ինքն Ավստրալիայի դրածո է, քանի որ ամեն ինչ անում է հանրաքվեն տապալելու համար, մինչդեռ այն պետք է՝ Հայաստանի ռազմավարական կարիքներից ելնելով:

Սակայն սիրտն էլի հանգիստ չէր. հանրաքվեից երեք օր առաջ նա կանչեց Գլխավոր Վերլուծաբանին: Այս անգամ Աբսողոմը, չգիտես ինչու, ներկայացավ փողկապով, սակայն՝ կարմիր շալվար հագած ու չստերով: Կիսելյովն անհարմար զգաց հարցնել, թե նա ինչու է կարմիր շալվար հագել:

-Ի՞նչ է կատարվելու, – հարցրեց Կիսելյովը:

-Ռեյտինգներն ընկնում են, – ասաց Աբսողոմը:

-Բայց մենք արել ենք, ինչ կարող էինք: Է՞լ ինչ կարող ենք անել:

-Հայ ժողովուրդն ուրիշ ժողովուրդ է, – ասաց Աբսողոմը: – Նրան պետք է խորապես ճանաչել: Նրա վերաբերյալ սխալ պատկերացում ունեին Վոռոնցով-Դաշկովը, Եռմոլովը, Գոռբաչյովը:

-Ի՞նչ է նշանակում «ուրիշ», – ասաց Կիսելյովը:

-Մեր ժողովուրդը սիրում էր Ավստրալիան, – ասաց Վերլուծաբանը: – Եվ՝ Մետաքսյա ու Ծիրան Աբլեպիխյաններին, Համբույր ու Ծիծակ Խանումյաններին, Կոմպոզիտորների Տունը և, հատկապես, Մատենադարանը:

-Սիրում է այդ ամենն ավելի, քան ի՞նձ, – աչքերին չհավատաց Կիսելյովը:

-Գրեթե հավասարապես, – իր գիտությանը հավատարիմ՝ չխաբեց Աբսողոմը:

-Բայց ախր ի՞նչ կարող է նա այլևս անել: Երեք օրից հանրաքվեն է…

-Նրա հոգին խորն է, շա՜տ խորը, հազարամյակների՛ խորք ունի…, – ասաց Աբսողոմը:

-Դե տաս տոկոս է էլի…

-Ուղղեք ձեր կաղացող մաթեմատիկան, – զզվանքով ասաց Աբսողոմը: – Խոսքը ոչ թե տասը տոկոս առանձին մարդկային խմբի մասին է, այլ ժողովրդի արյան մեջ տարրալուծված մեկ տասնորդականի: Դուք գոնե հասկանու՞մ եք տարբերությունը…

Կիսելյովը հասկացավ, որ ստրատեգիական կոպիտ սխալ էր արել, տեստ չանցնելով Աբսողոմի հետ կամ գոնե գրանտ չտալով նրան: Բայց արդեն ուշ էր:

«Մեկ է չի ստացվի. դու որ էդքան անհասկացող ես՝ մոտդ չի ստացվելու», չարախինդ՝ մտքում մտածեց Աբսողոմը տանը, կարմիր շալվարը հանելով ու, խնամքով փաթաթելուց հետո՝ պահարանի մեջ դնելով:

 

Գիշերային մորմոք

Սակայն Կիսելյովը հանգիստ էր. նա գիտեր, որ վերջին զենքը դեռ իր ձեռքում է: Ավստրալիան չափազանց հեռու էր, որպեսզի, նույնիսկ գողականների օգնությամբ, շարժեր մասսաների սիրտը: Նա հենց սկզբից գիտեր իր պլանի այդ խոցելիությունը: Որքան էլ նա մոտեցրել էր Ավստրալիան հայի սրտին, որքան էլ աղերսներ էր ստեղծել նրա ու Ավստրալիայի միջև, դեռ կար անելիք, շատ կարևոր. դեռ պիտի դրվեր այդ կապի ագուցման վերջին ներկաբիծը. դեռ պիտի արվեր այն, ինչն այդ կապը կդարձներ անքակտելի քարկապ: Ի՞նչն է հայի սրտին ամենամոտը: Երեխան: Իսկ ի՞նչն է հայի սրտին ամենատհաճը: Հայի բախտը: Որտե՞ղ պետք է պահել տերևը:

-Որտե՞ղ պետք է պահել լիստը, գեներա՛լ, – ծաղրանքով դիմեց նա իր ուղեկցին:

-Ֆերե՞նց, – հարցրեց գեներալը:

-Ո՛չ, տխմա՛ր. Մելկին-Նիգգլի՛, – պատասխանեց Կիսելյովը: – Ձեզ ի՞նչ են դասավանդում ձեր էդ շտաբերում…

«Բրեստ-Լիտովսկ գիտեմ, – մտածում էր խեղճ գեներալը: – Ջեքսոն-Վանիկ գիտեմ… Պրոկտոր- Գեմբլ՝ գիտեմ… Մելկին-Նիգգլ՝ չգիտեմ…»

«Գաղափարը խփելու մեջ է», մտորում էր Կիսելյովը. «ինքնաթիռները հռնդյունով կսավառնեն օդում: Կոմբինացված հարված է հասցվելու ուղեղներին: Իսկ ես այդ պահին՝ կհղեմ իմ դիպուկ ուղերձը»:

Կիսելյովը հետազոտեց վերջին տվյալները: Հանրաքվեի գալ պատրաստվում էին բոլորը, ներառյալ դպրոցական երեխաները: Որպես բացառություն՝ որոշվել էր նրանց էլ ձայն տրամադրել, սակայն հստակ նշվել էր, որ դա Գեյռոպինդիայի քաղաքականությունից տարբեր մոտեցում է, ու իրենք էլի իրավունք չեն ունենալու իրենց ծնողներին դատի տալ՝ ծեծ ուտելու համար:

Բայց դա արվում էր որպես խրախուսանք, քանի որ ծնողների վրա թուղթ գրելու կամպանիան՝ որ Կիսելյովի դրդմամբ իրագործել էր Դպրոցների ու Դարբնոցների Նախարարությունը՝ որպեսզի երեխաները սովորեն թուղթ գրել իրենց ծնողների դեմ՝ եթե նկատեն, որ վերջիններս մտադիր էին դուրս շպրտել հեռուստացույցը կամ անել մեկ այլ կասկածելի ապօրինություն՝ հաջողությամբ էր պսակվել. Արտաքին ԵՎ Ներքին Գործերի Նախարարության կողմից ստացվել էր երկու հազար հինգ հարյուր երեսունմեկ մատնաթուղթ:

Դպրոցների ու Դարբնոցների նախարարն ավելին էլ կկազմակերպեր, քանի որ առաջարկել էր Կիսելյովին այդ թեմայով շարադրություն հանձնարարել երկրի բոլոր անչափահաս երեխաներին անխտիր, սակայն դիմացը պահանջել էր հիսունվեց հազար դրամ:

Կիսելյովը հպարտորեն հրաժարվել էր փողի դիմաց գործ անելուց ու ամոթանք էր տվել Դպրոցների ու Դարբնոցների նախարարին՝ Գաղափարի առջև, պատմական այդ օրհասական պահին մերկանտիլություն դրևորելու համար:

Տվյալները քիչ թե շատ գոհացուցիչ էին. հեռուստացույց շպրտելու համար մեղադրվել էր մոտ երեք հազար ընտանիքի հայր: Հանրաքվեի հարցին «այո» էր պատրաստվում ասել եկողների հարյուր երեսունիննը տոկոսը: Իհարկե դա ավելի քիչ էր, քան երեք շաբաթ առաջվա երկու հարյուր իննսունվեց տոկոսը, բայց էլի բավական էր:

Տոկոսն իջնում էր ամեն օր, բայց Կիսելյովը սրտանց հավատում էր, որ մնացած ժամանակում այն չի իջնի ավելի, քան տասն ամբողջ երեսունհինգ հարյուրերորդական տոկոսով, որը հազիվ, բայց էլի բավական կլիներ՝ հանրաքվեում հաղթելու համար: Մանավանդ որ իր հաղորդումը նայում էր բնակչության հարյուր իննսունվեց տոկոսը. դրա թիվն էլ էր իջել, բայց էլի նշանակալի թիվ էր կազմում:

… Վերջին օրը՝ հանրաքվեից առաջ, Կիսելյովն արթնացավ տհաճ մորմոքից. դոփում էին, դոփում էին, դոփում էին ձիերը. դին-տգդին… Երազում մի հայ, սովետական հին ժամանակներում գործուղման գալով Պերմսկի շրջանի Չուվակի գյուղը, կենակցել էր այնտեղ մի հաճելի կնոջ հետ, լռվել ու գործուղման ժամկետից մեկ ամիս ուշ վերադարձել տուն: Կարճ ասած, Կիսելյովը երազում տեսել էր, որ ինքը, թեև կիսով չափ, բայց հայ էր:

Սարսափած արթնացավ, գոռալով՝ «Ո՛չ, մա՛մա, ո՛չ»: Գուցե «Լիճն» ինչ-որ բա՞ն գիտեր, դրա համա՞ր նրան գործուղեց այստեղ… «Հանկարծ ադրբեջանցիները չիմանա՞ն, խայտառակ լինենք»: Հետո է՛լ ավելի վատ բան անցավ մտքով. «Գուցե ես Կուրղինյա՞նն եմ», մտածեց շվարած:

«Բայց ոչ», իսկույն էլ մխիթարեց ինքն իրեն. «Իմ գլխին դեռ ոչ մի հեռուստացույց չի ընկել. և նույնիսկ եթե հայ լինեի՝ ես շատ ավելի տաղանդավոր եմ, և ինձ միշտ տվել են շատ ավելի կլյովի կանայք»:

Ողջ օրը, քաղաքով ման գալիս, այս ու այն մարդուն տեսնելիս մտածում էր՝ «Գուցե սա իմ եղբայրն է կամ քույրը»: Բայց աշխատում էր վանել այդ ցնորքները: «Սովորական ստրես է. շատ եմ աշխատել: Այսօր ու վաղն էլ անցնի՝ և վերջ»:

Որոշեց, որպես մխիթարանք, հատուկ այս օրվա առթիվ գլուխը, որն առանց այն էլ կոկիկ էր, սակայն հավելյալ շուշաթրաշ անել իր վերջին ելույթին ընդառաջ:

Հասուն տարիքի վարսավիրուհին այնպես էր մերսում իր սկալպն էլեկտրական ածելիով, որ նա հաճույքից գռմռում էր: Ավարտելով իր մայրական էռոծիկան՝ վարսավիրուհին նրա կլպած գլխին թեթև խփեց ասաց «դե գնա, գնա քո քյանդըրբազ պալիծիկայով զբաղվիր պլպլան գլուխ»: Ինչ իմանար խեղճ կինը, թե ինչ է անելու այդ խեղճ ապիկարը:

 

Վերջին կրակոցը. դաշտային էթնոբանություն

…Կիսելյովն արդեն ավարտում էր իր փայլուն վերջին ելույթը, որտեղ կրկին հորդորեց բոլորին վաղը մի հոգու պես գնալ ընտրատարածք ու ցույց տալ վերջապես այդ փտած Ավստրալիային, թե որտեղ են գիշերում հայոց խեցգետինները (առմյա՛նսկիե ռա՛կի):  Անծիպոձիան և գեյռոպինձիան պիտի հաղթահարվե՛ն:

Այդ պահին երկնքից լսվեց ոչնչացուցիչների ահագնացող հռնդյունը: Դա հատուկ էր մտածված՝ առանց բացատրության, թող ժողովուրդը վախենար ու չհասկանար, այդ ինչ թռչող առմադա է գալիս: Եվ Կիսելյովը, մի պահ պաուզա անելով, երեսն իր սովորության համաձայն շրջեց դեպի հեռուստատաղավարի ձախ անկյուն ու կիսադեմով ասաց.

-Հենց նոր մեր թղթակիցը հաղորդեց Երևանից. ավստրալահայերը բուծում են մահմեդականություն ընդունած հատուկ տեսակի ճագարահայեր, որոնք սնվում են հղի հայ կանանց փորոտիքով, դառնալով շահիդուհի: Դրանք հետո ուղարկվում են Հայաստան ու ինքնապայթվում են հայոց մանկապարտեզներում:

Մի պահ կանգ առավ, որ ասածը լավ նստի ունկնդիրների հոգիներում: Մտածեց՝ ասե՞լ, թե՞ չասել շարունակությունը: Չդիմացավ. չէր կարող չասել, չնայած գիտեր, որ նախորդ ասածի ազդեցությունը քիչ մը կթուլանա դրանից. բայց՝ հակառակ դեպքում բիզնեսը կվնասվեր:

-Միայն ռուս հանրահայտ գրող Զիմբաբվինն է հայտնագործել այդ ճագարախտի դեմ բժշկական մեթոդը, որն արժի ընդամենը հինգ հազար ավստրալական դոլլար: Զանգահարեք այս հեռախոսահամարով՝ այդ մեթոդը գնելու համար: Գնումներն ընդունվում են հետևյալ մեթոդներով…

Այդպես ավարտելով իր վերջին հաղթական ելույթը՝ նա գեներալի հետ դուրս եկավ երևանյան լուռ փողոցներով վերջին շրջայցը կատարելու: Նա հատկապես ընտրեց կենտրոնից հեռու փողոցներն այս վերջին զբոսանքի համար, որպեսզի իր դիտարկումները չխոտորվեն պարսիկ ու ամերիկահայ զբոսաշրջիկների տարափի պատճառով: Փողոցները լուռ էին ու ամայի: Նա հանկարծ ուշադրություն դաձրեց, որ շատ շենքերում լույսեր գրեթե չէին վառվում:

-Լույս չկա՞ , – հարցրեց նա գեներալին:

-Իհարկե կա, – ասաց գեներալը:

-Իսկ ինչու՞ են բնակարանները մութ:

-Գուցե ուղղակի լույսը չեն վառել, որ հեռուստացույցն ավելի լավ նայեն, – իր հիպոթեզն առաջարկեց խորաթափանց գեներալը:

Բայց Կիսելյովն այդ բացատրությամբ չբավարարվեց: Զգուշորեն, որ պատուհաններից շպրտվող զիբիլն իր գլխին չընկնի, նա զիգզագներով վազեց (հիշելով չեչենյան պատերազմի երիտասարդ տարիները՝ անցած-գնացած, մոռացված, բայց այնքան հարազատ ու նոստալգիկ) ու մտավ շքամուտքերից մեկը:

Իրոք, զիբիլի քանակը փողոցներում գնալով ավելանում էր. մարդիկ դեն էին նետում ամեն ինչ, բացի հեռուստացույցներից: Դատարանները չէին հասցնում վերդիկտներ կայացնել, դատելով, թե արդյոք անտեննան, շնուռը կամ զեփփինգասարքը կարող են դասվել որպես «հեռուստացույցի անքակտելի մաս», թե ոչ: Մարդիկ ղզղնել էին: Քաղաքում չէր մնացել և ոչ մի ծառ: Հենց որ մի ծիլ էր հայտնվում՝ մարդիկ հավաքվում ու այն ոչնչացնում էին, հետո բարձրանում իրենց բնակարանն ու սկսում այնտեղից բաներ թափել լուսամուտից: Բնակարանները դատարկվում էին:

Հայտնվեցին հատուկ չարչի մուրացիկ սպեկուլյանտներ՝ որոնք «պատուհանից գցելու բան» էին վաճառում. առավոտները նրանք հայտնվում էին բակերում ու երգեցիկ երգում. «Շպրտելու բա՜ն, շպրտելու մա՜ն, շպրտելու բան-մա՜ն. ժավե՛լ»:

Լիֆտը, իհարկե, չէր աշխատում: Հևիհև՝ Կիսելյովը գեներալի հետ բարձրացավ վերջին՝ տասնվեցերորդ հարկը, ու ծեծեց բնակարաններից մեկի դուռը: Ձայն չկար: «Դատարկ է կամ չեն բացում», տրամաբանորեն մտածեց Կիսելյովն ու, մտքում նշում անելով, մոտեցավ մյուս դռանը: Ծեծեց: Էլի ապարդյուն:

Յոթը դուռ և երեք հարկ հետո դուռը վերջապես բացվեց: Երեխաների նոր լվացած ներքնաշորերի տաք հոտ էր գալիս: Կիսելյովին ներս հրավիրեցին: Նորմալ ընտանիք էր: Սակայն հեռուստացույցը, չգիտես ինչու, անջատած էր:

Կիսելյովը դարձավ գեներալին.

-Մի՞ թե այդպիսի օրենք չկա, որ եթե տանը հեռուստացույց կա՝ այն պիտի միացված լինի:

-Ոչ, – ասաց գեներալը: – Դուք ձեր լեկցիաներում ասացիք, որ Օրուելի մոտ այդպես էր, սակայն քանի որ սովետահայ ժողովուրդն ավելի զարգացած է՝ մեզ մոտ այդպիսի օրենք այդպես էլ չի ընդունվել: Չէ որ մեզ մոտ գրագիտությունն իննսունյոթ տոկոս էր կազմում:

-Հըմ-հըմ, – մտազբաղ ասաց Կիսելյովը:

Հյուրասեր տանտիրոջ առաջարկած թեյից հրաժարվելով՝ Կիսելյովն «այծիկ» արեց նորածնին, որից վերջինս լացեց, ու լուռ, թեև մի քիչ մխիթարված, դուրս եկավ:

Հաջորդ բնակարանում նույն պատկերն էր՝ թեյ էին խմում խմորեղենով, իսկ հեռուստացուցն անջատած էր: Ավելին՝ էկրանը ծածկած էր մի փոքրիկ գորգով՝ որի վրա եղնիկներ էին ասեղնագործված ու Մեսրոպ Մաշտոցը. Մաշտոցի բերանից դուրս էր ծորում հայկական այբուբենը:

-Պաչիմու՞ վի նի սմոտրիծի խեռուստացույց, – բարկացած ասաց Կիսելյովը: – Այն ձեզ համար կահու՞յք է, ինչ է: Սուվենի՞ր:

-Կախել ենք, որ փոշի չնստի, – ասաց տանտիրուհին: – Երեխան երբ առավոտները մուլտ է նայում՝ քշտում ենք վերև:

-Իսկ ի՞նչ է վրան նկարած:

-Սա մեր Մեսրոպ Մաշտոցն է, եղնիկի պես անմեղ՝ տառ է արտադրում: Հետո էլ վրացիների համար է արտադրելու, – ասաց տանտիրուհին: – Դուք գիտեի՞ք, որ վրացիների այբուբենն էլ ենք մենք արտադրել:

Բայց Կիսելյովի գլխում տեղ չկար այդ ինֆորմացիայի նշանակությունը հասկանալու: Այլ իրավիճակում նա գուցե այն շատ գնահատեր, իսկույն սկսեր պլանավորել, ինչպես կարելի է դա օգտագործել. սակայն այս պահին չէր կարող մտածել այլ բանի մասին բացի նրանից՝ որ իր հաղորդումն արդեն երկրորդ ընտանիքն է, որ չի դիտել:

Սենյակի պատին, պատվավոր տեղում՝ փակցված էր Կիսելյովի պորտրեն:

-Բայց չէ՞ որ դուք օրինաբարո, օրինակարգ, օրինապինչ ընտանիք եք, – բացականչեց Կիսելյովը: – Ի՞նչ է պատահել ձեզ:

Տանտիրուհին մոտեցավ հեռուստացույցին ու, գորգիկը հանելով, մեկնեց Կիսելյովին. – Ձեզ դուր եկավ սա, խնդրեմ դուք էլ մեզնից այս նվերն ընդունեք: Մեր բաջանաղուհին է գործել: Ոչինչ, ոչինչ, վերցրեք, մենք այլ բան կկախենք մեր էկրանին:

Կիսելյովի լեզուն կապ ընկավ: Նա անհարմար զգաց հրաժարվել:

Մյուս բնակարանում ընդհանրապես հեռուստացույց չկար:

-Ես խնդրում եմ անպայման համտեսեք մեր ավանդական հայկական խաշը, – ասաց տանտիրուհին:

Կիսելյովը չգիտես ինչու զզվում էր խաշից, բայց համաձայնեց: Մի քանի գդալ հենց ոտքի վրա կերավ, փսխուքը հազիվ զսպելով: Տանտիրուհին գդալը գրեթե զոռով էր կոխում նրա բերանը՝ ուտացնելով, հետո խնամքով նրա դունչուպինչը սրբում էր օգտագործված անձեռոցիկով, որից ծծկեր երեխայի անտանելի հոտ էր խփում Կիսելյովի քթին:

-Մի՞թե դուք չեք մասնակցել հեռուստացույց՝ խաշի դիմաց ծրագրին, – հազիվ կարողացավ հարցնել Կիսելյովն անխուսափելի ժամանող գդալների արանքում:

Ծրագիրը՝ պուպսոդենտի մտահղացումն ու նրա կողմից էլ ֆինանսավորվողը, հեռուստացույց էր տրամադրում նրանց՝ ովքեր խաշ էին ուղարկում Ավստրալիայի սովածներին որպես հումանիտար օգնություն: Շատ հաջող ծրագիր էր: Պարզվեց՝ ընտանիքը մասնակցել էր: Բա ու՞ր է հեռուստացույցը: Հեռուստացույցը չկար:

Հետագայում պարզվեց, որ այդ ծրագրի բոլոր հեռուստացույցները լևի էին, այսինքն Արտաքին ԵՎ Ներքին նախարարի փեսան՝ որն այն վերահսկում էր, ստեղծել էր կառուսել, ու տասնհինգ հատ հեռուստացույց կես տարի ֆռցնելով՝ ժողովրդից հավաքել էր երեք հազար տոննա չորացրած լավաշ, որն ուղարկել էր Շրի Լանկա ու այնտեղ թրջելուց հետո, որ ծանր լինի, վաճառել մի հայասեր շրիլանկացու՝ 1978ին Մոսկվայի Պատրիս Լումումբա համալսարանն ավարտած ու այդ տարիներից հայերին սիրող, որը որոշել էր ստեղծել Շրի Լանկայի միակ խաշարանը, որտեղ մատուցում էին շնաձկան խաշ՝ սխտոր լավաշով:

Հաջորդ բնակարանի մեղմ դեղին լույսի տակ Կիսելյովը նկատեց, որ հեռուստացույցի տեղում մի մեծ կոմպյուտերային էկրան է դրված:

-Մամա, մամա, ատզավիսյ, կտո՞ էտը. մամա, մամա, մամա…

Լսվում էր էկրանից մի կնոջ հեռու մոնոտոն ձայն:

-Կիսելյովն ա, – ասաց մայրը, մոտենալով էկրանին:

-Նիուժելի՞: Սոբստվեննըյ պեռսո՞նըյ: Պիրիդայ յիմու շտո մի յիվո օչինյ լյուբիմ… Վեսյ Լիպիցկ սլիձիտ վնիմածիլյնը զա յիվո միսսիեյ… Ֆսե մեստնըյե առմյանե նիդավնը ֆ ցեռկվի մալիլիսյ զա նիվո ի զա ֆսյու Առմենիյու, նաշ տեռ Մխիտառ մալիտվու պռաիզնյոս վա սպասենիե… Մոյ Պեծյա տոժե մալիլսյա զա նաս, վմեսծի ս նամի սա ֆսեմի…

-Շենոռագալուցյուն, – սկազալ Կիսելյով, նիմնոգո սծիսնյայասյ:

Այդ պահին կապը վատացավ. արդեն 11-ն էր, շուտով «Ֆեյսբուքի ձայնը» կսկսեր խոսել, երևում է, շտաբը միացրեց սկայպի «զագլուշկան»:

-Նա՛ռուշկու պադվիձի կ էկրանու, Նա՛ռուշկու, – պահանջեց տատիկը:

-Վնուչենկա ջան բուձ աստառոժնա, ատ պլախիխ ծյոծ կանֆետ նի բիրի վ ձյետսադու:

Վերջին բնակարանում, ուր նրանք այցելեցին, կար միայն մի փոշոտ նիհար ակնոցավոր տղամարդ: Նա կոմպյուտերի դեմ նստած, ինչպես երևում է, կպած խփում էր ստեղներին, քանի որ տպելու ձայնը լսվում էր դեռ փակ դռան ետևից: Գզգզված՝ նա դուռը բացեց ու նրանց ներս թողեց:

-Ինչի՞ վրա եք աշխատում, – հարցրեց Կիսելյովը:

-Գեյռոպինդիայի ինքնափլուզման սցենարն եմ գրում, – ասաց մարդը, ակնոցի կոտրած ապակու ետևից նրան նայելով:

Սա միակ տեղն էր, որտեղ հեռուստացույցը միացված էր: Սակայն այն դրված էր էկրանով դեպի պատը: Նրա դիմաց, աթոռակի վրա, շեկ կատուն էր նստած, որն ուշի ուշով հետևում էր էկրանին Կիսելյովի շարժումներին, բեղերը շարժելով, մռութն ու աչքերը նրա շարժումների ետևից տանել-բերելով ու մերթընդմերթ ջղայնորեն պոչը թափահարելով:

– Իսկ ինչու՞ եք դուք հեռուստացույցն այդպես շուռ տվել, – հարցրեց Կիսելյովը:

– Ալիքների վեստիբուլբուլյատորս չի աշխատում: Խնդրում եմ սարքեք… Վերջապես դուք եկաք…, – ասաց մարդը:

– Դա ի՞նչ է, – հարցրեց Կիսելյովը:

– Չգիտեմ:

– Ցույց տվեք, գուցե հասկանանք, – ասաց գեներալը:

– Չեմ կարող: Ծանրաբեռնված է: Կատվին կարող եմ ցույց տալ:

Բայց կատվին էլ Կիսելյովը չէր ուզում նայել:

Ջղայնացած՝ դուրս եկավ շենքից: Զիբիլը շարունակում էր երկնքից թափվել:

-Ինչու՞ չեն հավաքում, – ջղայն, հարցրեց նա գեներալին:

-Արգելվել է, քանի որ գետինը կարող է վնասվել, չէ որ հանրային սեփականություն է, – ասաց գեներալը: – Գերակա հանրային շահ:

-Բայց ինչու՞ է մեզ մոտ ամեն ինչ աշխատում, իսկ ձեզ մոտ ոչինչ երբեք ճիշտ չի աշխատում: Դու բոլո՛րդ դավաճան եք, անխտիր բոլո՛րդ, բոլո՛րդ, – ասաց Կիսելյովն ու, հուզված՝ ուղղվեց դեպի հանրաքվեի շտաբը:

«Դա դեռ կտեսնենք, թե ձեզ մոտ ինչն է  աշխատում ու ինչը չի աշխատում», չարախինդ մտածեց գեներալը, նրա ետևից քայլելով: «Հեսա որ սաղս էկանք ձեր մոտ…»

 

Անկեղծ, բայց ուշացած ափսոսանք

Շտաբը, որ ժողովուրդն անվանել էր «Կիսելյովյան գյուղաքաղաք» (որ տարբերեն Կիսելյովկա, նախկին Չփլուբուլախ գյուղից), մի հսկայական հարսանեկան վրան էր՝ խփված Հանրապետության հրապարակի մեջտեղում:

Երեկոյան բարձրացած ամառային փոշոտ քամուց շտաբի որոշ պատերն իրենց պահող մեխերից՝ հրապարակի ասֆալտի մեջ մեխված՝ պոկվում էին ու փողփողում, և հետաքրքրասեր քչաքանակ անցորդը, վրանը թունդ շրջապատող կարմիր բերետավորների մեջքի ետևը ծիկրակելով, կարող էր դիտել վրանի ներսը:

Իսկ ներսից դուրս նայող պատահական աշխատակիցը՝ կամավոր մի աղջնակ, ծամոն ծամող, աչքերը երազկոտ հառած հեռուներ, կամ՝ լատինական տառերով «եվրասիական բազե» գրությամբ շապիկով մի փողկապավոր երիտասարդ, կարող էին հանկարծ ու տեսնել ոչ միայն կարմիրբերետավորների աննկուն մեջքերը, այլև այդ քչաքանակ հետաքրքրասեր անցորդին, իսկ երբեմն քամին այնքան ուժեղ էր խփում՝ որ մեծ վրանի պոկված փեշն անամոթորեն փողփողում էր առագաստի պես, ու երևում էր նույնիսկ կառավարական շենքի ժամացույցը, իսկ նրանից էլ վերև՝ հանգող-մարմրող հեռուստաաշտարակը:

Այդ դրսի հետաքրքրասերը, սակայն, շատ բան չէր տեսնի, ներս նայելով, քանի որ միայն կտեսներ, որ սա պարզապես վրան չէ, այլ «մատրյոշկա» վրան է. մեծ վրանի մեջ առանձին վրանիկներ էին խփած՝ սոխի գլուխ հիշեցնող գույնզգույն կատարներով, մեծ և փոքր, որոնցից ոչ մեկի առաստաղը չէր հասնում վրանի բարձր առաստաղին, և որոնք սակայն պատսպարում էին անամոթ հայացքից իրենց ներսում կատարվողը:

Այդ վրանիկներից մեկը՝ երևի ամենամեծը, կարմիր կատարով, Կիսելյովի առանձնաշտաբն էր:

Մտնելով իր առանձնավրանը, Կիսելյովը, ուժասպառ, Մաշտոց-եղնիկով գորգիկը փռեց գետնին ու ծալապատիկ նստեց վրան, դեմքով դեպի պլաստիկե պատուհանը, որից, երբ քամին ուժեղ էր խփում ու մեծ վրանի փեշը քշտում՝ վերևներում ինչ-որ տեղ երևում էր հեռուստաաշտարակը,  լուսավորված մռայլ, հուղարկավորային գույներով, որոնք հանգում-մարում էին, կարծես թաքուն մորզեով «ՍՈՍ» ազդանշան հաղորդեին թուրքական սահմանից այն կողմ, դեպի Գեյռոպինձիա:

Կիսելյովը պահանջեց ռեյտինգային վերջին տվյալները: Գեներալը չեստ տվեց, դուրս եկավ և շուտով վերադարձավ՝ թուղթը ձեռքին:

Այդ պահին կառավարական շենքի ժամացույցը խփեց գիշերվա տասներկուսը: Հանրաքվեի օրը սկսվեց:

Կիսելյովը վերցրեց թղթիկը, զարմացած, որ այն այդքան կարճ է, ու, չոքերի վրա ճոճվելով, աչքերը հառեց թվերին: Նա ականջներին չհավատաց: Նա հիմար չէր, նա հասկանում էր, որ իր նախորդ տեսածն ու սա՝ մի դավադրության մաս են կազմում: Նա գիտեր, որ պատժի մասին հետո է մտածելու: Առայժմ պետք էր հասկանալ, ինչ է կատարվում ու ինչ անել:

Ըստ Գլխավոր Վերլուծաբանի՝ վերջին երեկոյան իր հաղորդումը նայել էր զրո ամբողջ զրո զրո հարյուրերորդական հինգ մարդ՝ ողջ Հայաստանում: Ռեյտինգային Ծառայությունն այլ թիվ էր տալիս՝ զրո ամբողջ զրո տասնհինգ, որից տասնչորսը՝ 70-89 տարեկան տնային տնտեսուհի:

Կիսելյովը սկսեց ճոճվել գորգիկի վրա՝ հետույքով եղնիկներին, Մեսրոպ Մաշտոցին ու հայոց տառերը տրորելով, մերսելով, ուրախ, որ իր հետույքի ու հայոց ասֆալտի միջև այդ կիսափափուկ գորգը կա գոնե փռած, չնայած մի մեծ փրկություն չէր: Հետո նա սկսեց ցածրաձայն, բայց աղիողորմ ու հայերեն՝ ոռնալ.

-Մամա դժան… Մամա դժան…

Այդ պահին կրկին ներս մտավ երիտասարդ գեներալն ու, աչքերը փայլատակելով՝ ասաց.

-Պարոն Կիսելյով, պարոն պուպսոդենտն է հեռախոսի մոտ, ուզում է ձեզ հետ խոսել:

Անհայտ է, Կիսելյովը լսեց, թե չլսեց խրոխտ գեներալին, բայց ռեակցիա չէր տալիս, շարունակում էր ճոճվել: Գեներալը նայում էր նրան, և նրա մեծ սև աչքերը կամաց-կամաց դառնում էին նեղ հրակնատներ և կամ՝ Հորադիզի շուրջ փորած զիգզագաձև խրամատներ: Հետո նա դուրս եկավ վրանից ու իրեն նայող գնդապետին ասաց. «Ինտերպոլ զանգիր»:

Նա հանկարծ հասկացել էր, թե ինչ էր խորհրդանշում Աբսողոմի կարմիր շալվարը: Մարդիկ կարծում էին, թե այն խորհրդանշում էր կառնավալային ծաղրածվություն, իսկ իրականում այն խորհրդանշում էր բոլոր տառապող անմեղների արյունը՝ «Մարսելյոզի» պես, բայց միայն այնքանով որքանով:

Ճոճքը թափ էր հավաքում: Երբ այն բավական թափով դարձավ՝ Կիսելյովը ճակատը հասցրեց ճաքած ասֆալտին, խփեց ու մղկտաց.

-Օ Պուպսոդենտ, Օ:

-Օ Տռոլլագանձիա, Օ:

-Օ Գեյռոպինձիա, Օ:

-Օ Յադզիռռնի Ուդառռ, Օ:

-Օ Կիսելյով Սեռգեյիչ, Օ:

-Օ Աբսողոմ, Օ:

Եվ այդպես մի յոթ անգամ ճակատը խփեց հրապարակի մեջտեղի կոշտ ասֆալտին, հենց այնտեղ՝ որի տակ, ասում են, ինչ-որ թանկարժեք փլատակներ են թաղված: Վերջին անգամն այնքան ուժեղ խփեց, որ աչքերից կայծեր թռան, իսկ մատրյոշկա վրաններն իր շուրջը սկսեցին ճոճվել:

Քամին է՛լ ավելի ուժեղ խփեց, ու վրանների փեշերն է՛լ ավելի ուժեղ փողփողացին: Կիսելյովի վրանիկին ամենամոտ կանգնած կարմիր բերետավորի մեջքը հանկարծ նույնիսկ, չգիտես ինչու, փշաքաղվեց:

Կիսելյովը հեծկլտալով մատները խոթեց իր բացակա մազերի մեջ, փորձելով դրանք փիտրել, բայց քանի որ դրանք չկային՝ սկսեց քերծել սեփական գանգատուփը, մինչև այն արյունլվիկ եղավ:

Հոգու խորքում՝ նա առաջին անգամ կյանքում ափսոսեց, որ գլխին մազ չունի: Բայց արդեն ուշ էր:

[1] Այդ բառն առաջացել էր «պուպսիկ» և լատիներեն «դենտ» արմատից, այսինքն՝ «փափուկ ատամ». դա «փափուկ ուժ» ձևավորելու գործընթացի կարևոր ակցիաներից մեկն էր:

[2] Այդ բառն առաջացել էր «տրոլլ« և «Գանդի» արմատներից՝ երբ պարզ էր դարձել, որ տրոլլերը պիտի գանդիական դիսկուրսն աբսորբեն, թե չէ բան չի ստացվի:

Գեւորգ ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի ՖԲ էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31