Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ռաֆայել Խլղաթյանի ողբերգական մահվան ու ԵԱՏՄ-ի կապը

Սեպտեմբեր 03,2015 13:54

«Պատասխանատվության պահն եկել է: Ո՞ւր են այն բավական մեծ թվով մարդիկ, ովքեր ի հակադարձումը մեր փաստարկների, որ ԵԱՏՄ մտնելը սխալ է, ասում էին`խելոք տղերք եք, չե՞ք հասկանում, հեսա կտեսնեք`կաշառքով-բանով, կմտնենք, հարցեր կլուծենք»,- այսօր «Մեդիա կենտրոնում» Հայաստանի`Եվրասիական տնտեսական միության անդամակցության երկամյակի առիթով կազմակերպված քննարկման ժամանակ, հարցեր հնչեցրեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը: «Թող գան ու պատասխան տան ժողովրդին էլ, իշխանությանն էլ»,- ասաց նա`հավելելով, որ նման մարդիկ խաբեցին ու վատ վիճակի մեջ դրեցին ոչ միային հանրությանը, այլ նաեւ իշխանությանը թույլ չտվեցին լսել ճշմարտությունը:

Ստեփան Գրիգորյանն ապշած է օրերս Ռոստովում Ռաֆայել Խլղաթյանի ողբերգական մահվան  առիթով հայկական տարբեր խավերի ներկայացուցիչների մեկնաբանություններից. «Ոչ ոք իրավաբանորեն չի մտածում, չի ասում`օրենքը թող որոշի: Խոսում են`լավ ա, վատ ա, ճիշտ ա, սխալ ա: Մեքենաները ջարդվեցին`օրենք կա, բան կա, թող փոխհատուցվի, պիտի ծեծելով սպանե՞ն մարդուն»: Այս դեպքով, քաղաքագետը կարծում է՝ շատ հստակ ընդգծվում են աշխարհընկալման եւ մենթալիտետի դրսեւորումները ու Հայաստանի նախագահը բոլորի փոխարեն ընտրեց այդ արժեհամակարգը:

«Էն կինը, որ կառավարությունում պատասխանատու է (Ստեփան Գրիգորյանը նկատի ունի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Կարինե Մինասյանին- Ն. Գ.), ասաց`կարող էր լինել ավելի վատ: Կներեք, բայց մեզ կոնկրետ ասեք`ի՞նչ հաշվարկն էր սխալ, ինչո՞ւ, ո՞վ պիտի պատասխան տա: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, մեր մոտեցումը զգացմունքային է»,- եզրակացրեց քաղաքագետը:

Նա պնդում է, որ ՌԴ-ն ԵԱՏՄ-ն ստեղծել է, որպեսզի թույլ չտա, որ այդ պետություններն իրենից հեռանան ու դա բացառապես քաղաքական, ոչ թե տնտեսական ենթատեքստ ունի: «ՌԴ-ն իր ներսում օրենքներ է փոխում, որոնք հակասում են ԵԱՏՄ-ին: Սահմանել են, որ սպիրտի գինը չի կարող 10 ռուբլուց ավելի լինել: Դա նշանակում է, որ մեր կոնյակի համար ՌԴ շուկան կորցրեցինք: Հայկական բարձրակարգ կոնյակը չի կարող տասը ռուբլի արժենալ, բայց ՌԴ-ում այն սպիրտի տակ է անցնում»,-ասածը օրինակով հիմնավորեց քաղաքագետը:

«Ես համաձայն չեմ, որ արդյունք չկա: Կա բացասական արդյունք. դա էլ է արդյունք»,- ասաց բանախոսը`հղում անելով ներկրման եւ արտահանման ծավալների նվազման, Հայաստան-ՌԴ ապրանքաշրջանառության նվազման մասին պաշտոնական տվյալներին:

Լրագրողներից մեկը հարց հնչեցրեց `ՀՀ-ի անվտանգության հարցը ավելի ապահո՞վ է ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանի բերած հիմնական փաստարկը դա էր: «Միգուցե ՌԴ-ն Ադրբեջանին մի քիչ ավելի զենք վաճառեր»,- ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը`չհամաձայնելով այն կարծիքի հետ, որ եթե ՀՀ-ն մերժեր ԵԱՏՄ-ին անդամակցությունն, այն, ինչ որ եղավ Ուկրաինայում, կլիներ Հայաստանում: Հակառակը, պատգամավորը չի բացառում, որ մերժումը Հայաստանի համար ոչ թե վտանգներ, այլ հնարավորություններ բերեր: «Որոշումը եղել է քաղաքական ճնշման ներքո, ինչից հետո բոլորը հավաքվել ու մտածում էին, թե ի՞նչ փաստարկներ բերենք: Հարցը նման է`փնտրել սեւ կատու մութ սենյակում, որն այնտեղ չկա»,- ասաց նա:

Նա չի համարում, որ Սերժ Սարգսյանն այդ որոշումը, որ բնավ ՀՀ-ի շահերից չէր բխում, կայացրել է սեփական իշխանությունը պահելու համար: «Հայաստանն Արեւելյան գործընկերության եւ ՌԴ-ի կողմից ուներ մեկ նպատակ`Ուկրաինա: Ցավոք, Հայաստանը դարձավ այն երկիրը, որի վրա կարողացան ճնշումներ գործադրել: Որոշումը կայացնելիս չի եղել իշխանությունը պահելու խնդիր, մի քիչ ուրիշ խաղեր էին»,- կարծում է Թեւան Պողոսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930