Լրահոս
Օրվա լրահոսը

Չի վախեցել՝ 750 միլիոն դրամ է ներդրել, գործարան է աշխատեցնում

Սեպտեմբեր 23,2015 15:00

Չնայած Հայաստանի տնտեսությունում դեռ անցյալ տարեվերջից սկսած բացասական միտումներ էին նկատվում, եւ շատ փորձագետներ ոչ մի լավ բան չէին կանխատեսում, այնուամենայնիվ՝ կան մարդիկ, որոնք ռիսկ են անում Հայաստանում ներդրում կատարել, բիզնես բացել:

Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի 32-ամյա բնակիչ Սարգիս Պողոսյանին տնտեսական ոչ մի ճգնաժամ էլ չի վախեցնում. նա ասում է՝ բիզնեսը ճիշտ կառավարելու դեպքում ոչ հարկայինի, ոչ էլ տնտեսության անկում չի կարող խոչընդոտ լինել բիզնեսի զարգացմանը:
Պողոսյանին ոչ մի վատ կանխատեսում չի վախեցրել. նա այս տարվա մայիս ամսին շուրջ 750 միլիոն դրամ է ներդրել Եղեգնաձոի պահածոների գործարանը վերագործարկելու համար: Խորհրդային տարիներին հիմնված այս գործարանը 1990-ականներից սկսած չի աշխատել: Եղեգնաձորցի այս գործարարը որոշել է, որ գյուղմթերքների վերամշակման ոլորտը լավ էլ շահավետ է, համ էլ իր մարզի բնակիչներին օգուտ կտա. արդեն 200 աշխատատեղ կա գործարանում, որտեղ նաեւ Մալիշկա գյուղից են գալիս աշխատելու: Պողոսյանն «Առավոտին» ասում է, որ մթերվող պտուղ-բանջարեղենը ձեռք է բերում Վայոց ձորի մարզի տարբեր համայնքներից:

Sargis-poxosyan2

Գործարարը, կարելի է ասել, նոր բան է մտածել. գործարանում պահածոյացվում է նաեւ հայկական դոլմայի 6 տեսականի, որն ունի մինչեւ 2 տարի օգտագործման ժամկետ: Արտադրանքն արտահանվում է հիմնականում Ռուսաստան, Բելառուս, Բուլղարիա:
Մինչեւ Հայաստանում բիզնեսմեն դառնալը՝ Սարգիս Պողոսյանը 4 տարի առաջ ուսանողական ծրագրով մեկնել էր ԱՄՆ՝ ուսումը շարունակելու: Գործարարի պատմելով՝ աշխատել է ամենատարբեր ոլորտներում. «Մոտ մեկ տարի օրը 20 ժամ աշխատում էի՝ բենզալցակայանում բենզին էի լցնում, շինարարությունում բանվորություն էի անում, հետո գնում էի պիցցա առաքում: Հետո, որ ոլորտում բանվորություն էի անում, նույն ոլորտում սեփական բիզնեսս սկսեցի, չարչարվեցի, գումար տնտեսեցի ու եկա Հայաստան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սարգիս Պողոսյանը` ավելացնելով, որ այդ աշխատանքներից դուրս գալով՝ նույն գործերով սկսել է զբաղվել բիզնեսով եւ որոշակի գումարներ տնտեսելով` վերադարձել է հայրենի Եղեգնաձոր, որտեղ եւ վերաբացել է տարիների մոռացության մատնված պահածոների գործարանը:

Խոսելով Հայաստանում բիզնես սկսելու հեռանկարների մասին՝ գործարանի հիմնադիրը նշեց, որ լավ ու վատ հեռանկարները գործարարն ինքն է ստեղծում. «Իհարկե, կան բազմաթիվ արտաքին եւ ներքին դրական ու բացասական գործոններ, որոնք կարող են լավ ու վատ ձեւով անդրադառնալ մեր հիմնադրած բիզնեսի վրա: Բայց, ամեն դեպքում, հեռանկարը մենք մեզ համար ենք ստեղծում: Եթե չկա էլ հեռանկար, մենք, որպես այս երկրի քաղաքացի, որպես հայ՝ պետք է հեռանկար ստեղծենք մեզ համար, մեզնից հետո եկող սերունդների համար»:

Sargis-poxos3

Սարգիս Պողոսյանի խոսքերով՝ Եվրոպայից առաջարկներ է ստացել, քանի որ Վայոց ձորում հնարավոր է էկոլոգիապես մաքուր արտադրանք ստանալ. «Այսինքն՝ եթե մեր ֆերմերը լոլիկը տեղական շուկայում այժմ լավագույն դեպքում վաճառում է 150 դրամով, այն ժամանակ կվաճառի 500-600 դրամով: Մեր մարզում մեծամասամբ գյուղերի ընտանիքներից յուրաքանչյուրը 2, 3, 5 հազար քառակուսի սեփական հողատարածք ունեն, եւ ըստ մեր հաշվարկների՝ եթե մարդը համաձայնվի 3 հազար քառակուսի մշակել, մենք կարող ենք դեղորայքով, բուժանյութերով օգնել, որը հետո բերքի քանակից դուրս կգանք եւ տարբերությունները կհանենք, ու եկամուտ կստանա գյուղացին: Կտրամադրենք անվճար գյուղատնտեսական խորհրդատվություններ եւ վերջում ամբողջ բերքը կգնենք: Իսկ հաջորդ միջոցն այն է, որ մարդը իր սեփական հողը մշակելով՝ մեզ հետ պայմանագրային հիմունքներով աշխատի՝ դառնա իր հողի վրա աշխատող` 150 հազար դրամ աշխատավարձով, մենք էլ երաշխավորում ենք, որ ամեն ընտանիքից 2 հոգի կարող են այդ հողատարածքի վրա աշխատել»:

Պողոսյանը վստահ է, որ իր բիզնեսը հաջողելու է, ամեն ինչ հաշվարկել է. «Եթե մեկը ասի, որ հարկային քաղաքականության պատճառով ես իմ գործարանը փակեցի, «տակ տվեցի», չկա այդպիսի հասկացողություն: Մարդիկ հիմնականում տակ են տալիս բիզնեսի սխալ կառավարման արդյունքում: Շուկայում մրցակցային դիրք գրավելու համար պիտի մրցակիցների հանդեպ որոշակի առավելություն ունենաս: Եթե մեր երկրում աշխատուժը էժան է, ապա մենք պետք է մասնագիտանանք աշխատատար արտադրություն կազմակերպելու մեջ, կամ եթե մեր երկրում ունենք համով միրգ-բանջարեղեն, որը որ կարող ենք ճիշտ տեխնոլոգիայով, լավ մասնագետների շնորհիվ վերամշակել եւ բարձր որակի արտադրանք ստանալ, դա մեզ համար հիմք է՝ ճիշտ շուկա մտնելու, մարկետինգ անելու»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սաշա says:

    50_50 դեռ չի սպառնո՞ւմ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930