Լրահոս
Օրվա լրահոսը

Անսխալականության բարդույթը

Դեկտեմբեր 12,2015 10:00

Յուրաքանչյուր մարդ ունի կարծիք արտահայտելու եւ կարծիք փոխելու իրավունք: Միայն ավանակն է, որ միշտ, անկախ որեւէ հանգամանքներից, մնում է միեւնույն կարծիքի: Այնպես որ՝ «բռնացնել» մարդուն, թե` այն ժամանակ դու այնպես էիր մտածում կամ գործում, իսկ հիմա` այսպես, բանավեճի լավագույն ձեւը չի: Բայց եթե խոսքը հանրությանը հայտնի մարդկանց մասին է, նրանք, հավանաբար, պետք է բացատրեն, թե ինչու է փոխվել իրենց դիրքորոշումը, որպեսզի իրենց այսօրվա տեսակետն ավելի անկեղծ եւ ազդեցիկ հնչի:

Երբ առաջին կամ երկրորդ նախագահի կողմնակիցներն ասում են, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են, նրանք, հավանաբար, պետք է ողջ ճշմարտությունն ասեն` որ բոլոր նախորդ ընտրությունները եւ հանրաքվեները նույնպես կեղծվել են ճիշտ նույն մեխանիզմներով: Կամ գոնե պետք է սուտ ասեն` «այո, եղել են խախտումներ, բայց շատ թեթեւ, եւ դրանք չեն ազդել այդ միջոցառումների արդյունքների լեգիտիմության վրա»: Մանավանդ, երբ երկրորդ նախագահի գրասենյակն է բողոքում կեղծիքներից, մարդիկ կարող են մտածել, որ այդ գրասենյակը դեմ է բողոքող մարդկանց ծեծելուն, բայց կողմ է նրանց գնդակահարելուն:

Ես, օրինակ, պատշաճ չեմ լուսաբանել 1995-96 թվականների կեղծված ընտրությունները եւ հանրաքվեն՝ «թիմի նախկին անդամ» կեղծ եւ ոչ պրոֆեսիոնալ կարծրատիպից ելնելով եւ փորձի պակասի պատճառով: 1998-ի ընտրություններից սկսած՝ այդ առումով ամաչելու բան, կարծես թե, չունեմ: Բայց դա չի նշանակում, որ 20 տարի անց ես ամբողջությամբ գոհ կլինեմ նրանից, թե ինչպես եմ աշխատում այսօր: Իհարկե, բազմաթիվ թերություններ ունեմ, որոնք այս պահին չեմ տեսնում:

Երբ մարդիկ, հետադարձ հայացք գցելով անցյալի վրա, չեն ընդունում, որ վատ, սխալ բաներ են արել, արդարացնում են իրենց վարքը կամ ժխտում են անժխտելին, դա, այսպես ասենք, տարօրինակ է:

Բայց ինչո՞ւ ենք խոսում միայն քաղաքական գործիչների մասին: Վերջերս Հայաստան էր եկել «Աբրահամ Ռուսո» ստեղծագործական կեղծանունը կրող հայազգի երգիչը եւ հանդես էր  եկել  ազգային-հայրենասիրական երգերով: Բայց նույն անձնավորությունը, երբ 90-ականներին էր եկել Երեւան, կտրականապես հերքում էր իր հայ լինելը: Ավելին՝ թուրքական մի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա պնդում էր, որ կիսաթուրք է, կիսաարաբ: Ենթադրում եմ, որ այն ժամանակ շոու-բիզնեսի շահերը պահանջում էին, որ նա հանդես գար այդ «լեգենդով»: Բայց դրա մասին նա  պետք է հիմա բացահայտ ասեր. որից հետո նույն հայրենասիրական երգերը կերգեր ավելի «հանգիստ խղճով»:

Թե չէ ստացվում է, որ «նախկին կիսաթուրքը» հայերեն երգում է թուրքերին կոտորելու մասին: Փոքր-ինչ անբնական է: Կամ՝ գուցե դա միայն ինձ է թվում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Դուք անում եք շատ ավելին քան …« բազմաթիվ թերություններ ունեմ, որոնք այս պահին չեմ տեսնում»…
    Ոչ միայն չեք տեսնում, այլև այն մարդկանց, որոնք դրանք տեսնում են՝ համարում եք ձեր թշնամիները, ինչ-որ բանով «տառապողներ»… ևն։ Կան մարդիկ՝ որոնք հենց հիմա են տեսնում ձեր թերությունները՝ չեք ուզում 20 տարի խնայեք?
    …..«Թե չէ ստացվում է, որ «նախկին կիսաթուրքը» հայերեն երգում է թուրքերին կոտորելու մասին: Փոքր-ինչ անբնական է»…. եթե մաքուր «ոչ-թուրքն» հայերեն երգում թուրքերին կոտորելու մասին, դա ձեզ միանգամայն «բնական» է թվում?…)))))…
    Ստացվում է, որ հենց Աբրահամ Ռուսոն ասի, որ ինքը մաքուր հայ է՝ արդեն «հանգիստ խղճով» կարող է երգել թուրքերին կոտորելու մասին, և դա՝ միանգամայն բնական է..))))..

  2. Armen says:

    Հարգելի Արամ ,

    Մեր հարգելի Արսենը ինչպես ճիշտ շատ տեղին ու ֆակտերով նշեց այն կարևոր ճշմարտությունը նշեց, որ ամեն մի գիտակից մարդ նախքան մյուսներին խելք սովորացնելը կամ որն է ճիշտ, որը սխալ բացատրելը, նախ ինքը իրեն հարցնի թե ես այդ պահով ինչպես եմ ինձ պահել ու պահում , հետո նոր մյուսներից դա պահանջել :

  3. Հ.Շ. says:

    այդ երգիչը ինծի բնաւ ծանօթ չէ

    սակայն, նկատի ունենալով որ թունդ ազգայնական երգերու շուկան, այժմու ժամանակներին, սահմանափակ է (քանի որ “politically correct” ժանր մը չէ…), անոր այդ յանկարծակի հայացումը, ազգային անհատական զարթօնքը, հաւանաբար տարբեր պատճառներ ունի

    ի դէպ, իր ասպարէզին սկիզբները, Շարլ Ազնաւուրն ալ երկար ատեն դժկամած է իր հայ ծագումը յայտնելու, կամ ընդունելու

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031