Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը նորանոր պահանջներ է դնելու, ու Նիկոլ Փաշինյանը «հանուն խաղաղության» կկատարի այդ պահանջները․ «Փաստ»

Փետրվար 10,2024 10:20

Ալիևի պահանջ-պարտադրանքով Հայաստանը կարող է հրաժարվել միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատներից ու հայցերից կամ, առնվազն, կարող է պետականորեն չաջակցել դրանց քննության հետագա ընթացքին: Նման հետևության են մղում, օրինակ՝ իրավապաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանի՝ օրերս մամուլում արտահայտած մտքերն ու հայտնած տեղեկությունները: Մասնավորապես, անդրադառնալով Ադրբեջանի կողմից պատանդառված և բանտում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան ղեկավարների խնդրին՝ իրավապաշտպանը նկատել է, որ նրանց ազատությանը հասնելու համար Հայաստանի Հանրապետությունը այլ գործելակերպի հնարավորություն ուներ, այսինքն՝ ոչ թե գերիների կամ ռազմագերիներին վերաբերող ընդհանուր հիմունքներով կարող էր հարցը բարձրացնել, այլ հենց պատանդառության:

Այսպես, փորձագետը վկայում է. «Տարբերակ կարող էր լինել 8 բարձրաստիճան պաշտոնյաների մասով նոր միջպետական գանգատի ներկայացումը, ինչը, այո, քաղաքական առումով միգուցե անցանկալի ազդակ կլիներ Ադրբեջանին, բայց ավելի արդյունավետ կպաշտպաներ այդ քաղաքացիների իրավունքները: Այստեղ գործի քննությունը կարող էր ավելի կարճ լինել, որովհետև գանգատի առարկան շատ որոշակի էր, և մենք որոշ գործընթացներ արագացնելու ճանապարհով կարող էինք, օրինակ՝ միջպետական գանգատով ունենալ իրավունքների խախտման արձանագրման դատական ակտեր: Եվ իհարկե, ՀՀ-ն հնարավորություն ունի ՄԱԿ-ի Միջազգային դատարանում պատանդառության կոնվենցիայի հիմքով գանգատ ներկայացնել, և ես կարծում եմ՝ թե՛ նախկինում ռազմագերիները և թե՛ ներկայում հատկապես բարձրաստիճան ղեկավարները առավելապես ունեն առևանգվածի, պատանդի կարգավիճակ, և նրանց պատանդառությունը կապված է քաղաքական օրակարգի հարցերի բավարարման պահանջների հետ: Սա շատ ազդեցիկ միջոց կլիներ, սակայն ՀՀ-ն նոր միջպետական գանգատ չի ներկայացնում, և ես կարծում եմ, որ այս հարցում Հայաստանի իշխանությունները ենթարկվում են ադրբեջանական ճնշումներին»:

Այստեղ «բանալի արտահայտությունը» այն է, որ «ենթարկվում են ադրբեջանական ճնշումներին»: Ըստ որում, սա ոչ միայն փորձագետի ընդհանրական տպավորությունը կամ կարծիքն է, այլև նա վկայակոչում է որոշ տեղեկություններ, որոնք իրենք ստանում են: Նրա խոսքով, ըստ այդ տեղեկությունների, «հայ-ադրբեջանական» բանակցություններում շատ բացասաբար է գնահատվում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը միջազգային իրավական գործընթացներում, և որպես խաղաղության օրակարգի նախապայման՝ կարծես թե դիտարկվում է Հայաստանի կողմից միջպետական գործերից հրաժարվելը:

Ադրբեջանական իշխանությունները (դե, հասկանալի է) հատկապես թիրախավորում են կամ թիրախավորելու են ՄԱԿ-ի դատարանում խտրականության հիմքով գործընթացը: Բնականաբար, Եվրոպական դատարանի գործընթացներն էլ ռիսկի են ենթարկված: Այնպես որ, հարցը միայն Սահմանադրությունը կամ Անկախության հռչակագիրը չեն: Հարցը, ի դեպ, միայն միջազգային ատյաններում ՀՀ-ի անունից ներկայացված գանգատներով գործերը չեն: Չմոռանանք՝ Ալիևը խոսում էր նաև բազմաթիվ օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտեր վերանայելու մասին: Վաղը, մյուս օրը, չկասկածեք, Ալիևը նորանոր պահանջներ է դնելու: Ու Նիկոլ Փաշինյանը, «հանուն խաղաղության», «հանուն ինքնիշխանության», «հանուն» նման այլ բաների, իսկ իրականում հանուն իր իշխանությունը պահելու կկատարի այդ պահանջները:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829