Լրահոս
Օրվա լրահոսը

Տարվա ամենահիթային անեկդոտները Գյումրիից

Հունվար 01,2016 16:16

Դեռեւս 2012 թվականին գյումրեցի մի քանի երիտասարդներ՝ Արսեն Վարդանյանը, որը Գյումրիում առավել հայտնի է «Շիրակի բազե» անվամբ, Լուիզա Պետրոսյանը եւ Էլիս Գինեցյանը ստեղծել են «Կատակում են գյումրեցիները» ֆեյսբուքյան խումբը: Այժմ այս խումբն ունի 37.862 անդամ:

Aravot.am-ի հետ զրույցում «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության անդամ, 2015 թվականին «Հայեր հոլդինգ» ընկերության կողմից  «Տարվա գյումրեցի» ճանաչված Արսեն Վարդանյանն ասաց. «Երբ բացեցինք «Կատակում են գյումրեցիները» ֆեյսբուքյան խումբը, այդ ժամանակ կային ինչ-որ խմբեր, բայց մենք ուզեցինք առանձնանալ մեր գյումրիական կոլորիտով: Մյուս խմբերում մի բան տեղադրվում էր, մարդկանց մի մասը որպես հումոր էր դիտում, մյուսները քննադատում էին, թե դրա ի՞նչն է հումոր: Մենք որոշեցինք այս ամեն ինչից դուրս գալ, խումբ ստեղծել ու տեղադրել այն, ինչ-որ Գյումրիում է տեղի ունենում, Գյումրիում է ծնվում ու առօրյա է: Սկզբում անդամները շատ քիչ էին, խումբը արհեստականորեն ուռճացնելու խնդիր չէինք դրել մեր առջեւ, հիմա էլ դրա կարիքը չունենք, թե տեսեք մեր խումբն է, էսքան մարդ բերենք, հավաքենք, կոպիտ ասած, բռնի կերպով մարդ չի եկել մեր խումբ: Հետո, երբ սկսեցինք քիչ-քիչ ավելացնել, տարբեր մարզերից սկսեցին մեզ միանալ:

Սկզբում միայն Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններից ծնված անեկդոտներն էին, հետո հասկացանք, որ բարբառի հետ կապված խնդիրներ կային, այլ բաների մասին սկսեցինք գրել՝ համեմելով, համ ու հոտ տալով. մեր ընկերները կամ ուղղակի ծանոթները սկսեցին գրել՝ էս էլ կատակում են վանաձորցիները, գիտեք մենակ դո՞ւք եք: Լայքերով չենք առաջնորդվում, առաջնորդվում ենք ժողովրդականությամբ ու մեկ էլ մի չափանիշով՝ ինչքան չկրկնված են անեկդոտները, ծեծված չեն: Մենք գյուղերում բանահավաքով ենք զբաղվում, որեւէ գյուղ որ գնում ենք, մի հատ էլ հետաքրքրվում ենք, թե էս վերջերս ի՞նչ է եղել ձեր մոտ, այնպիսի մի բան, որ պատմեք, մեռնենք խնդալուց: Հավաքում ենք, բերում ենք, որովհետեւ շատ կարեւոր է, որ ինչ-որ մի տեղ հավաքի այս ամենը»:

Հարցին՝ երբեւէ անեկդոտների մրցույթ հայտարարե՞լ եք խմբում, Արսեն Վարդանյանն ասաց. «Մի անգամ մեր ընկերներից «Անի» ֆոտոսերվիսի ներկայացուցիչներն առաջարկեցին, թե բերեք որոշենք ամսվա ամենահամով կատակը, որը չենք լսել, վերջն է, անունը մրցույթ չդնենք, մեծ է, փոքր է, սիմվոլիկ է, բայց անունը մրցույթ չլինի, հավեսով անեկդոտ պատմեն, որովհետեւ մարդկանց դուրը գալիս է. գործից գալիս են, ընթերցում են անեկդոտները, կտրվում են քաղաքական, մյուս թեմաներից, մտնում են խումբ, մի ժամ, կես ժամ: Իսկ երբ նայում են անեկդոտ չկա, նույնիսկ դիտողություն են անում՝ թե էս չհասկացա, էսօր անեկդոտ չկա հա՞ խմբում: Գիտեք ինչի՞ է նման, մոլի ծխողներ կան, չէ՞, որոնք մտնում են խանութ, իրենց սիգարետը չկա, նեղվում են, թե՝ իյաա, էս իմ պապիռոզը չկա հա՞…», -ասում է Արսեն Վարդանյանը:

Նա ասաց, որ անգամ ցանկություն են ունեցել տպագրելու Գյումրիի անեկդոտները, բայց այն բավական ծախսատար է, այս դեպքում մասնագետներ եւս պետք է աշխատեին՝ մեկ-երկու լեզվաբան: Հաշվի առնելով ծախսատար լինելն ու իրենց զբաղվածությունը՝ այս գաղափարը դեռ մնում է չիրագործված: «Մենք իհարկե, կոպիտ ասած, դախլի տակ պահվող անեկդոտներ ունենք, որոնք խուժանական են, որեւէ քաղաքական գործչի մասին են, մեր քաղաքապետի կամ այլոց մասին իրական պատմություններ են, մենք էլ հետները շփվում ենք ու ծնվում են անկեդոտները, բայց դրանք պահում ենք դեռ: Հետագայում կարող է մի շարք ունենաք «Քաղաքի մականունները», խոսքս հիմիկվա մականունների մասին է, էն ժամանակ մականուններ կային, օրինակ՝ Լպուստ Սուրեն եւ այլն, հիմա հավաքում ենք մականունները»:

Արսեն Վարդանյանը նաեւ ասաց, որ  Գյումրու բարբառով գրված անեկդոտները երբեմն ստիպված են եղել մեկնաբանել մյուս տարածաշրջանների ընթերցողների համար, բայց զգացել են, որ դրանք կորցնում են իրենց համն ու հոտը, հետո սկսել են անհատական նամակներով մեկնաբանել: «Հետո առաջարկում ենք, Ձեր CV-ների մեջ «Լեզուների տիրապետում» կետի տակ ավելացնել նաեւ Գյումրու բարբառ»,- կատակում է մեր զրուցակիցը:

Ինչեւէ, Արսեն Վարդանյանը մեզ առաջարկեց մի քանի անկեդոտներ, մենք էլ մեր հերթին առանձնացրեցինք մի քանիսը «Կատակում են գյումրեցիները» ֆեյսբուքյան խմբից.

1.Մեկ կմոտենա թերթի բուտկին, կսե. -«Իրավունք» կա՞:

-Չի եղել ու չի էլ էղնի:

-Իսկ «Հայաստանի Հանրապետությու՞ն»:

-Սաղ ծախած է:

2. Լեննականցին Թիլվիզ կերտա թրաշվելու, կսե.`բայց իմացի հաաա, որ լեննականցի եմ, կարգին թրաշ էրա…

Վարսավիրը առանց սաբոն քսելու կսկսե.

-Ծո ի՞նչ կենես…

-Բա ամոթ չի՞ լեննականցու երեսին սաբոն քսեմ:

-Ախպեր, քիչմ քսե, ես կողքի գյուղերից եմ…

3.Իրական դեպք դպրոցում դասի ժամանակ.

– Երեխաներ, ո՞վ կարող է ասել` ո՞վ է ՀՀ նախագահը

Դասարանի ամենածույլիգներից մեկը ձեռ կբարձրցնե, թե ես սեմ, ես սեմ, լավ էլի, ես սեմ… Դասատուն մտքի մեջ կսե՝ դժվար էլ գիտենա էլի, բայց որոշեգը հարցնե, կսե՝ սա Աղունիկ ջան

– Սերժ Քոչարյանը..

կողքի նստած տղեն դառնա գը, կսե.

– Ըտոնք վերջը նշանվան հա՞:

4.Ազգային հավաքականներից մեկը պարտվում է, որդին մոտենում է հորը, հարցնում.

-Պապ, ֆուտբոլիստն ի՞նչ է:
-Ըդիկ մասնագիտություն է, ստեղծված է հայրենիքին տխրեցնելու համար:

5.Ամբաստանյալ, ի՞նչը քեզ դրդեց թալանել ոսկերչական խանութը:

-Պատուհանի վրա գրված էր. «Բաց մի թողեք ձեր շանսը»:

6. Մարդս 4 տարի է Ամերիկա է, հմի նամակ է գրել, կսե երկու երեխեքին վերցրու, արի ըստեղ:

-Է, դու էլ գնա:

-Հա՜, էրտալն էլի էրտամ, բայց թե ըդիկ 4 տարի առաջ էր, 2 երեխա, հմի 4 է դառել:

7. Ֆռունզի քիթը մյուսների քթերի համեմատ մեծ էր: Ծանոթներից մեկը մի օր՝ էլի մեծ քթով մարդ, մոտենում է ու սկսում է պարծենալ.

-Տաղանդավոր մարդիկ մեծ քիթ բդի ունենան, չե՞ Ֆռունզ ջան:

-Չէ: Մեծ քթի ծակ:

8. Դատավորը ներս է կանչել վկային, կսե.

-Դուք պարտավոր եք խոսել ճիշտը, ասել այն, ինչ տեսել եք սեփական աչքերով:

-Խնդիր չկա, դատավոր ջան:
-Ե՞րբ եք ծնվել:
-Էտ մեկն արդեն չեղավ դատավոր ջան, ըդիկ չեմ տեսել:

9. Ուրեմն մեկմ կզանգե տաքսի սերվիս, թե հըբը տաքսի էի պատվիրել, օր նորմալ ժամին օդանավակայան էղնիմ, տերներդ մեռնի, ավտոն չկա:

Էս գաթախկված տաքսի ծառայությունից կպատասխանեն.

-Հազար անգամ կներեք, մեքենան ուշացրել ենք, բայց թե հանգիստ մնացեք, ինչխ էլ էղնի ինքնաթիռը ուշացում կտա, կհասցնեք թռնել:
-Հեքիաթ մի պատմե ընձի, ինքնաթիռը հաստատ ուշացում է տալու, ես օդաչուն եմ:

10.Ծո, ընչի՞ չես նշանվի:
– Մուկուչ ջան, ինչ աղջիկ կբերեմ մերս չի հավնի:
– Է, դու էլ իրա նման մէկին բեր, նայեմ չի հավնի:
– Իրա նմանին էլ կբերեմ, հերս չի հավնի:

11. Տեր հայր, մեղք եմ գործել:
-Սա տեսնիմ, սիրտդ հովնա:

-Սաշիկին եմ խաբել:
-Ըդիկ մեղք չէ:
-Հը՞բը:
-Հրաշք է:

12.Սերժը փողոցով կքելե, մեկ էլ մեկը մեջքի հետևից կդմբդմբցնե։
-Բարև։
-Բա՞րև։
-Սահմանադրությունն եմ։
-Իյաաաաա, իրո՞ք, ընպես ես փոխվել. չճանչցա:

Լուսանկարը՝ Արսեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Էլի կըրնամ սխալնների ուղղում էնեմ, բայց դե արտեն համը կելնի…..
    https://www.aravot.am/2015/12/29/643813/

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031