Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի ողբերգության դասերը. «Ժամանակ»

Հունվար 12,2016 10:55

Հայաստանի հասարակությունն այսօր սգում է Գյումրիում մեկ տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի՝ Ավետիսյանների ընտանիքի գնդակահարության տարելիցը: Մեկ տարի առաջ հին Նոր տարին դիմավորել պատրաստվող Հայաստանը «դիմավորեց» իր պատմության հերթական ողբերգությունը:

Գյումրիում մեկ տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունն իր դրսևորումով բոլորովին համեմատելի չէ այն ողբերգությունների հետ, որ հայ ժողովուրդն ապրել է իր կյանքում, այդ թվում և՝ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում: Բայց իր բնույթով, իր ազդեցությամբ, իր առաջացրած հասարակական արձագանքով և ցնցումով այդ ողբերգությունը իր տեղն է զբաղեցրել նորագույն պատմության երկու այլ արյունահեղությունների՝ Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի կողքին, սև էջերում:

Գյումրիի ոճրագործության կամ Պերմյակովի գործի մասին անցնող տարվա ընթացքում ասվել կամ խոսվել է բազմաթիվ անգամներ, բազմաթիվ տեսանկյուններից, տարբեր մակարդակներում: Եվ անկասկած, այդ գործը բաց վերքի նման շարունակելու է իր զգացողությունը թողնել Հայաստանի հասարակական և պետական ընթացքի վրա, ինչպես շարունակում են թողնել Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը: Ողբերգություններն ընդհանրապես ունեն այդ «հատկանիշը», և հենց դրանով են նաև ողբերգություն, դրանում է նաև նրանց ողբերգական էությունը, ոչ թե լոկ կատարվածի ծանրությամբ:

Ողբերգության սարսափելի հատկանիշներից է շարունակվելու, կրկնվելու հատկությունը, երբ չեն քաղվում անհրաժեշտ դասերը: Մենք անհրաժեշտ դասեր չքաղեցինք Հոկտեմբերի 27-ից, մենք չենք քաղել դասերը Մարտի 1-ից: Ի՞նչ դասեր ենք քաղել մենք հունվարի 12-ից: Ընդ որում՝ խնդիրը այստեղ, իհարկե, ոճրագործությունների, ողբերգությունների բացահայտումը չէ միայն: Ավելին՝ միգուցե ամբողջական բացահայտումը, լիարժեք բացահայտումը հենց լինելու է ավելի հետագայի արդյունքը, որ կլինի անհրաժեշտ դասերը քաղելու պարագայում: Մենք բոլորովին չենք փորձում համեմատել արյունալի այդ էջերը, մեկը բխեցնել մյուսից: Սակայն մեկ բան այդ ամենում ընդհանուր է՝ հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը, մենք բոլորս:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031