Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռն ավելի քան 1 մլրդ դոլարով կրճատվել է. «Ազգ»

Հունվար 29,2016 12:45

2015-ի հունվար-դեկտեմբերին 2014-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ արտաքին առեւտրաշրջանառությունն նվազել է 20,6 տոկոսով եւ կազմել գրեթե 4 մլրդ 741 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը Հայաստանից նվազել է 3,9 տոկոսով, կազմելով մոտ 1 մլրդ 487 մլն դոլար, իսկ ներմուծումըՙ 26,5 տոկոսով, կազմելով 3 մլրդ 254 մլն դոլար: Ներմուծման նման կտրուկ անկման արդյունքում զգալիորենՙ 1 մլրդ 115 մլն դոլարով կրճատվել է մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը: 2015-ին ներմուծումը արտահանմանը գերազանցել է 1 մլրդ 767 մլն դոլարով, այն դեպքում, երբ 2014-ինՙ 2 մլրդ 882 մլն դոլարով էր գերազանցել:

Ինչպե՞ս է փոխվել միջին աշխատավարձը 2015-ին

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, ըստ ազգային վիճակագրական ծառայության, 2015-ի հունվար-դեկտեմբերին բարձրացել է 7,7 տոկոսով եւ կազմել 184 հազար դրամ, մասնավոր հատվածում` 213 հազար դրամ, աճելով 7 տոկոսով, պետականում` մոտ 164 հազար դրամ, աճելով 8,2 տոկոսով:

Համեմատության համար բերենք 2014-ի միջին աշխատավարձի չափերը: Այն 171 հազար դրամ էր, մասնավոր հատվածում` 198 հազար դրամ, պետականում` 150 հազար դրամ: Բերվածից երեւում է, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանում միջին աշխատավարձն աճել է մոտ 13 հազար դրամով, որիցՙ մասնավոր անկազմակերպություններում 15 հազար դրամով, պետականումՙ 14 հազար դրամով:

Հիշեցնենք, որ միջին աշխատավարձի չափի մեջ ներառված է եկամտային հարկը, ինչը նշանակում է, որ իրական, կամ ինչպես ասում ենՙ մաքուր աշխատավարձը ներկայացվածից մոտ 25 տոկոսով ավելի ցածր է:

Սրանք 2015-ի սոցիալ-տնտեսական նախնական եւ ոչ ամբողջական ցուցանիշներն են: Այլ ցուցանիշների (մասնավոր փոխանցումներ, զբոսաշրջություն, անշարժ գույքի շուկա եւ այլն) հրապարակվելուն պես հնարավոր կլինի ավելի ամբողջական պատկեր տալ այն մասին, թե որքանո՞վ էր հաջողված կամ չհաջողված անցնող տնտեսական տարին մեզ համար: Առայժմ կարելի է ասել միայն մեկ բանՙ տարին ավարտեցինք տնտեսական աճով, հակառակ բազմաթիվ հոռետեսական կանխատեսումների, բայցՙ ցածր տնտեսական աճով: Ընդ որում, այս տարի, անգամ 2015-ի տնտեսական ոչ մեծ աճի ցուցանիշը պահպանելը շատ ավելի դժվար կլինի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031