Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ընտրվի այն կիրառելու, ինչպես նաեւ վերակառուցելու, պահպանելու լավագույն տարբերակը». «Հայոց աշխարհ»

Փետրվար 06,2016 10:38

Երեւանի գլխավոր ճարտարապետ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ տեղեկացրեց, որ աշխատանքային խորհրդակցության ժամանակ մասնագետների հայտնած կարծիքները տարբեր են եղել` մասնավորապես կապված շենքի գործառական նշանակության հետ։ Սակայն բոլորը համամիտ են այն գաղափարի հետ, որ «Զվարթնոցի» հին մասնաշենքը պետք է պահպանվի եւ ընդգրկվի օդանավակայանի ընդլայնման եւ զարգացման ընդհանուր մաստեր պլանի մեջ` ծառայելով հենց օդանավակայանի կարիքներին:

«Քննարկումները շարունակական են լինելու, որոնց արդյունքում բոլոր մասնագետները պետք է մեկ ընդհանուր հայտարարի գան կլոր շինության պահպանության հարցում, ընտրվի այն կիրառելու, ինչպես նաեւ վերակառուցելու, պահպանելու լավագույն տարբերակը:

Նաեւ հնարավորություններ պետք է գտնենք «Արմենիա միջազգային օդանավակայանների» սեփականատիրոջ հետ անձնապես շփվելու, նրան խնդիրը ներկայացնելու եւ ընդհանուր համաձայնության գալու համար: Այդ շփումն առայժմ ցանկալի մակարդակով չի եղել: Թերեւս դրանով էլ հենց պայմանավորված է այն հանգամանքը, որ կողմերը միմյանց չեն հասկանում եւ չեն կարողանում համաձայնության գալ:

Հիմա ակնկալում ենք, որ նախարարության միջնորդությամբ հնարավոր կլինի դրան հասնել` երկու կողմերի համար ընդունելի նախագծի եզրահանգելու նպատակով: Մենք մոտ մեկ տարի ժամանակ ունենք լավագույն ընտրություն կատարելու համար: Այնպես որ աշխատանքները շարունակական կլինեն, եւ ես վստահ եմ, որ թե՛ մեր ճարտարապետներն ու հասարակությունը եւ թե՛ կոնցեսիոները գոհ կմնան կայացրած որոշումից»,- ասում է գլխավոր ճարտարապետը:

Տ.Բարսեղյանը կարեւորում է օդանավակայանի կլոր մասնաշենքը նպատակային ծառայեցնելու խնդիրը, այլապես դրա պահպանումը կարող է ինքնանպատակ դառնալ. «Շենքը պահպանելու գաղափարը բոլորիս համար շատ ցանկալի է, բայց դա չպետք է ինքնանպատակ լինի, այն չպետք է ձեւականորեն պահպանվի որպես կաղապար, այլ պետք է ֆունկցիոնալությամբ պիտանի լինի ընդհանուր օդանավակայանի կարիքների համար:

Ճարտարապետական քննարկումները հենց այդ նպատակով են հրավիրվելու, որպեսզի կարողանանք կլոր մասնաշենքի ֆունկցիոնալության համար ամենահարմար ու արդյունավետ տարբերակը գտնել»:

Ճարտարապետ ՍԱՇՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆԸ դրական է գնահատում խորհրդակցությունը` ասելով, որ դա քննարկումների առարկա դարձած շինության պահպանությանն ուղղված առաջին քայլն է, որին գործնականում սատարում է քաղաքաշինության նախարարությունը:

Այդ իսկ պատճառով հանդիպումը հավատ է ներշնչում, որ «Զվարթնոցի» կլոր շինության պահպանության հարցը վերջնականապես կլուծվի. «Խորհրդակցության ժամանակ որոշվեց, որ ամեն ինչ պետք է անել շենքը պահպանելու համար: Հակառակ կողմնորոշում չկար: Նարեկ Սարգսյանն ինքն էլ միտված է այդ գաղափարին, նա նույնպես քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: Դա արդեն լավատեսորեն է տրամադրում բոլորիս, որ ի վերջո կկարողանանք պահպանել մեր ճարտարապետական գոհարներից մեկը»:

Այն հարցին, թե շինության ֆունկցիոնալության համար ճարտարապետներն ի՞նչ առաջարկներ ներկայացրին քննարկման ընթացքում, Սաշուր Քալաշյանը պատասխանեց, որ, ճիշտ է, առաջարկները մի քանիսն էին, սակայն հիմնականում մասնագետները հակված էին այն օդանավակայանի կարիքներին ծառայեցնելուն։
«Առաջարկները մի քանիսն են, բայց դրանք դեռ վերացական են, քանի որ հստակ առաջարկի համար նախ պետք է որոշակի ուսումնասիրություններ կատարել շինության հնարավորությունների, այս կամ այն չափորոշիչներին համապատասխանելու վերաբերյալ: Բայց հիմա առաջնային խնդիրը այն պահպանելն է, որի համար պետք է հնարավոր միջոցներ գտնենք անմիջապես պարոն Էռնեկյանի հետ հաղորդակցվելու, նրա հետ համաձայնություն ձեռք բերելու համար: Հետագայում արդեն նրա հետ կդիտարկենք շենքի հնարավոր գործառույթները»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Ճարտարապետը նշում է, որ շինությունն այնպիսի վիճակում է գտնվում, որ այն լիովին հնարավոր է ամրացնել, վերականգնել, վերանորոգել եւ դեռ երկար տարիներ շահագործել առանց որեւէ ռիսկի: Իսկ ոմանց պնդումները, թե շենքը վթարային վիճակում է, եւ այն շահագործելը խիստ վտանգավոր է, մասնագետը հերյուրանք եւ շինծու եզրակացություն է համարում, որոնց միակ նպատակը կլոր շենքը բիզնես նպատակների համար հողին հավասարեցնելն է:

Ի դեպ, Սաշուր Քալաշյանը մտավախություն ունի, որ մասնագիտական քննարկումների ընթացքում, օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու փորձերը կարող են շարունակվել, ճիշտ այնպես, ինչպես փորձեցին անցած տարեվերջին օդանավակայանի պետական մասնաշենքի ճանապարհը քանդել քաղաքային իշխանությունների թույլտվությամբ: Այնինչ այն ժամանակ եւս օդանավակայանը շահագործողի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն կար առայժմ շինությանը ձեռք չտալ եւ համատեղ քննարկել մաստեր պլանի մեջ այն ներառելու տարբերակները:

Եվ եթե Անահիտ Թարխանյանը ժամանակին չարձագանքեր, ապա հավանաբար քանդման աշխատանքներն արդեն սկսված կլինեին: Բարեբախտաբար դեռեւս ոչնչի ձեռք չեն տվել: Ահա ինչու այժմ իրենք միջոցներ են փնտրում նման անսպասելի քայլերը կանխելու համար: Դրանցից մեկն էլ հին մասնաշենքը պահպանելու գործում շահագրգռված հասարակական կազմակերպություն ստեղծելն է, որը հավանաբար կտեղակայվի հենց այդ շենքում:

Ճարտարապետ ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, որը մասնագիտացած է հատկապես օդանավակայանների նախագծման գործում, նշում է, որ անգամ երկու տարի շարունակ չշահագործվելուց եւ բարձիթողի վիճակում մնալուց հետո հին մասնաշենքը այնպիսի վիճակում է, որ լիովին կարելի է նորոգել, վերակառուցել ու շարունակել անվտանգ շահագործել։

«Այդ շինությունը երկար տարիներ աշխատել եւ արդարացրել է իրեն, հիմա նորի հետ համադրությամբ առավել եւս այն կարող է իր գործառույթը կատարել: Գուցե այն այսօրվա չափորոշիչներին չի համապատասխանում որպես լիարժեք օդանավակայան, քանի որ ԽՍՀՄ տարիներին անձնագրային եւ սահմանային ստուգման կետեր չլինելու պատճառով նման կառուցվածքներ նախատեսված չեն այնտեղ, բայց այդ բացը կարող է լրացնել նոր մասնաշենքը:

Իսկ հինը կարող է ծառայել որպես ուղեւորների մեկնման եւ ժամանման մասնաշենք: Այդ նպատակին իր չափորոշիչներով համապատասխանում է: Իսկ եթե հաշվի առնենք, որ նման նոր շենք կառուցելու համար շատ ավելի մեծ ներդրումներ կպահանջվեն, քան եղած շինությունը վերանորոգելու համար, ապա օդանավակայանը շահագործողին նույնպես ձեռնտու է այն պահպանելու տարբերակը»,- համոզված է Լ. Խաչատրյանը։

Ճարտարապետ ԱՆԱՀԻՏ ԹԱՐԽԱՆՅԱՆԸ, որը նույնպես ներկա է եղել խորհրդակցությանը, նշում է, որ հին մասնաշենքի` որպես պատմաճարտարապետական արժեքի ճակատագրով մտահոգ է նաեւ Նարեկ Սարգսյանը, որը կփորձի հանդիպել «Արմենիա միջազգային օդանավակայանների» սեփականատիրոջ` պարոն Էռնեկյանի հետ եւ նրա հետ կքննարկի նոր օդանավակայանի զարգացման հեռանկարում պետական շենքը ներառելու եւ պահպանելու հարցը:

Միայն այդ ժամանակ պարզ կլինի` համատեղ նախագծային խո՞ւմբ է ձեւավորվելու կլոր մասնաշենքը գլխավոր մաստեր պլանում ներգրավելու համար, թե՞ մեր մասնագետների եւ ներդրողի մասնագետների կողմից երկու առանձին խմբեր կստեղծվեն, որոնք փոխադարձ համաձայնությամբ կաշխատեն եւ մեկ ընդհանուր նախագիծ կներկայացնեն:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29