Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է հպարտ լինի ուսանողներով, որոնց ուղարկում է երկիր ներկայացնելու»

Մարտ 03,2016 13:00

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը՝
Ֆրանսիա մեկնող ուսանողների եւ տարածաշրջանային համագործակցության մասին:

Ավանդաբար Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները մեկամսյա պրակտիկա են անցնում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Դրա շնորհիվ նրանք հնարավորություն են ունենում ոչ միայն բացահայտել ֆրանսիական մասնագիտական միջավայրը, այլեւ կապեր հաստատել ֆրանսիացիների ու հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Բացի այդ, պրակտիկան արտերկրում մեծապես նպաստում է Հայաստանում լավ վարձատրվող աշխատանք գտնելուն:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը, այս տարի Ֆրանսիայում պրակտիկա կանցնեն իրենց լավագույն 44 ուսանողները, որոնք ընտրվել են 75 երիտասարդներից: Ռեկտորը ցանկություն ունի այդ թիվը հետագայում կրկնապատկել, ասում է, որ թիմի ու համալսարանի արտաքին կապերի եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանի հետ աշխատում է այդ ուղղությամբ:

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ուսանողների պրակտիկան Ֆրանսիայում լավ կազմակերպված լինի, եւ այդ 44 ուսանողները արդյունավետ անցկացնեն իրենց ժամանակը: Ինչ վերաբերում է մյուսներին, նրանք էլ Հայաստանում կանցկացնեն պրակտիկան: Ընդհանրապես, ինձ թվում է, որ բակալավրիատն ավարտած ուսանողների համար մեկ ամիսը բավարար ժամանակ չէ պրակտիկայի համար, հետեւաբար որոշել ենք մյուս տարվա ուսումնական պլանով ութ շաբաթ պրակտիկա նախատեսել: Դա նշանակում է ծրագրի փոփոխություն, որը, սակայն, հնարավորություն կտա պրակտիկայի ընթացքում օգտագործել ուսանողների ստացած գիտելիքները: Աշխատաշուկայում մեր ուսանողները հայտնի են ինչպես իրենց մասնագիտական, այնպես էլ մարդկային որակներով: Մենք միշտ աշխատաշուկայից, այսինքն՝ տարբեր ձեռնարկություններից մասնագետների ենք ներգրավում դասավանդելու գործընթացում, ինչը եւս ուսանողներին համապատասխան հմտություններով օժտելու գրավական է»,- հայտնեց Ժան-Մարկ Լավեստը: Նաեւ ասաց, որ պրակտիկայի մեկնող ուսանողներին հիշեցրել է, որ իրենք մեծ պատասխանատվություն ունեն իրենց ուսերին. «Պետք է լավ ներկայացնեն համալսարանն ու երկիրը»: Ռեկտորի խոսքով, որոշ ուսանողներ կհյուրընկալվեն հայկական համայնքներում, մյուսները քաղաքապետարաններում, որոշներն էլ՝ փաստաբանական գրասենյակներում:

Նրանց բոլորի թեմաներն այնպես են ընտրված, որ ուսանողները հմտություններով հարստացած կվերադառնան Հայաստան, մեկ ամսվա ընթացքում կկարողանան օգուտ քաղել, հնարավորինս ճանաչել երկիրը, ֆրանսիական մշակույթը եւ վերադառնալով հայրենիք, այդ ամենը կիրառել այստեղ: «Հայաստանը պետք է հպարտ լինի իր այն ուսանողներով, որոնց ուղարկում է Ֆրանսիա՝ երկիր ներկայացնելու: Պետք է ասեմ, որ նրանք իսկապես լավ դեսպաններ են»,- համոզված է Ֆրանսիականի ռեկտորը: Նա փաստում է, որ կան ձեռնարկություններ, որոնք տարիների ընթացքում հավատարիմ գործընկեր են դարձել Ֆրանսիական համալսարանի համար, քանի որ իրենց ուսանողները մշտապես հավուր պատշաճի են իրենց դրսեւորել: Այս տարի կրկնապատկվել է Ֆրանսիական համալսարանի հետ համագործակցող հաստատությունների ու ձեռնարկությունների թիվը: Ռեկտորը հավաստիացնում է, որ այդ հաստատությունները, երբ իմանում են, որ հյուրընկալելու են ուսանողների, որոնք Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի դիպլոմ ունեն, որը շնորհում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, վստահ են լինում, որ ընդունում են բարձր գիտելիքներ ունեցող երիտասարդների, որոնք վաղը լավ մասնագետներ են դառնալու: Ժան-Մարկ Լավեստը լուրջ հաջողություն է համարում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի համար Ժան Մուլեն Լիոն 3-ի նման ակադեմիական գործընկեր ունենալը:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Ջավախքի հետ համագործակցությանը: Ռեկտորը հայտնեց Ջավախքում ընդունելության նախապատրաստական դասընթացների կազմակերպման ծրագրի մեկնարկի մասին: Ասաց, որ նախապատրաստական դասընթացներ ներդնելով այնտեղ՝ հնարավորություն են տալիս ավելի լավ պատրաստվել ու ընդունվել Ֆրանսիական համալսարան: Նրա հավաստմամբ, ներկայումս 3-4 ուսանող ունեն Վրաստանից, ու իրենց նպատակը զուտ թիվն ավելացնելը չէ, այլ դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը եւ ընդունելության մրցույթին նախապատրաստելը: Ռեկտորը հավելեց, որ նախատեսում են, Վրաստանից բացի, համագործակցել Ռուսաստանի հարավի ու Իրանի հետ: Իրենց համալսարանը տարածաշրջանի կրթական շուկայում գրավիչ հաստատություններից մեկն է՝ որակի, մասնագիտական հնարավորությունների եւ ֆրանսիական հավատարմագրման շնորհիվ: Առաջիկայում Ֆրանսիական համալսարանի հնարավորությունները կմեծանան, երբ սկսեն անգլերեն լեզվով մագիստրատուրա ու ասպիրանտուրա իրականացնել, որտեղ անպայման կլինեն ֆրանսերենի դասաժամեր՝ ուսանողներին ֆրանսիական մշակույթի մեջ ներգրավելու համար: Իրանի հետ համագործակցության վերաբերյալ Ժան-Մարկ Լավեստն այս պահին ձեռնպահ մնաց «փակագծեր բացել», ասաց միայն, որ ամեն ինչ դեռ ծրագրերի մշակման փուլում է: Նաեւ հավելեց, որ այդ նպատակով առաջիկա ամսվա ընթացքում նախատեսված է իր այցը Իրան:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Ֆրանսիա մեկնող ուսանողները՝ ռեկտորի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031