Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. Քաղաքական նարցիսիզմի հոգեբանական արմատները

Ապրիլ 04,2016 14:00

Երբ դիմացինդ ընկալվում է որպես
սեփական ինքնագնահատականը ճշգրտելու գործիք

Ես հաճախ մտածում եմ՝ ինչո՞ւ են մարդիկ, հատկապես քաղաքական գործիչները իրենց մասին խոսում երրորդ դեմքով: Օրինակ՝ եթե ես ինքս իմ մասին ասեմ՝ «Արամն այդպիսի մարդ չի…», «Արամն էս ժողովրդի համար…»: Իմ դեպքում դա ծիծաղելի է, չէ՞, հնչում, ինձ դա շատ զավեշտական է թվում: Իսկ շատերի համար դա սովորական է: Ո՞րն է այդ հոգեբանական պաթոլոգիայի հիմքը:

Բացատրության իմ վարկածը ներկայացնելու համար հիշենք հին հունական առասպելը: Լինում է, չի լինում, մի չքնաղ երիտասարդ՝ Նարցիս անունով, որը շատերի սիրտն էր կոտրել, այդ թվում Էխո անունով մի հավերժահարսի, որն այդ սթրեսի պատճառով սկսել էր միայն կրկնել իր հետ խոսացողի վերջին բառերը՝ մի խոսքով, դարդից չորացել, արձագանք էր դարձել: Եվ ահա Նարցիսից նեղացածները դիմում են սիրո աստվածուհի Աֆրոդիտեին՝ երիտասարդին պատժելու խնդրանքով, ինչը աստվածուհին իրականացնում է: Նարցիսը սիրահարվում է ջրի մեջ իր արտացոլմանը: Բայց երբ փորձում է համբուրել իր սիրո առարկային, իրականում համբուրում է սառը ջուրը, որը հպման արդյունքում աղավաղում է սիրելի պատկերը: Այդպես Նարցիսը նստած դարդ է անում պաղ աղբյուրի մոտ՝ ոչ ուտում է, ոչ խմում եւ ի վերջո, իհարկե, մահանում է: «Աբիժնիկ» հավերժահարսները որոշում են նրան թաղել, բայց նրա տեղում ոչինչ չեն գտնում՝ բացի համանուն ծաղկից, որը մենք անվանում ենք նարգիզ: (Ի դեպ, այդ դեղին ծաղիկը թեեւ իսկապես գեղեցիկ է, բայց բավականին համեստ տեսք ունի):

Բնական է, որ ցանկացած անհատականության մեջ կա նարցիսիզմի որոշակի չափաբաժին: Հոգեբանական պաթոլոգիան առաջանում է այն դեպքում, երբ մարդու ճշմարիտ «ես»-ը փոքր է, դատարկ եւ նրա մեջ հսկայական մասշտաբների է հասնում կեղծ «ես»-ը: Այդ պարագայում շրջապատող մարդիկ ընկալվում են իբրեւ «հայելիներ» այդ ցանկալի, բայց կեղծ «ես-ը» տեսնելու համար: Երբ «հայելին» հարմարավետ կերպար չի ներկայացնում, առաջ է գալիս կա՛մ ամոթի, կա՛մ էլ նախանձի զգացմունքը, ու սկսվում է «հարմար հայելիների» փնտրտուքը: Հենց դա է պատճառը, որ պաթոլոգիաներ ունեցող գործիչներն այլեւս չեն ընկալում սեփական «ես»-ը, որն իրենց ներսում է, այլ ցանկանում են ներկայացնել այն «ես»-ը, որը հայելու մեջ է, եւ որին նրանք սիրահարված են: Պատկերը գտնվում է իրենցից դուրս, եւ դրա համար էլ «նարցիսներն» այդ պատկերների մասին խոսում են երրորդ դեմքով:

Նարցիսիզմով տառապող մարդը չի տեսնում առանձին անձնավորություններ, նա մարդուն դիտարկում է որպես սեփական ինքնագնահատականը ճշգրտելու գործիք: Այդ առումով ամենատիպիկ դեպքն է ծնողների ու զավակների հարաբերությունները: «Նարցիս» ծնողը չի ցանկանում տեսնել կոնկրետ երեխայի, նրանց նպատակն է երեխայի միջոցով հասնել այն երազանքներին, որոնք ինքն անձամբ չի կարողացել իրականացնել: Երեխաներն այդպիսով դառնում են ծնողների չիրականացված հավակնությունների փորձադաշտ: Այդպես է աճեցվում մի նոր «նարցիս», որն իր հասցեին ցանկացած քննադատություն ընկալում է որպես իր հանդեպ նախանձի դրսեւորում: Նարցիսիզմով տառապողի պաշտպանական ռեակցիան է իդեալականացում-նսեմացում անընդհատ կրկնվող շղթան, որովհետեւ չկա եւ չի կարող լինել իդեալական հայելի, «մարդ-հայելուն» ցանկացած մոտեցում բերում է սեփական պատկերի խեղաթյուրման, հիասթափության եւ նսեմացման:

«Նարցիսն» այն կերպարն է, որի ձգտումները մշտապես ուղղված են դեպի դուրս: Պաթոլոգիական դեպքերի ժամանակ նա ամեն րոպե կարիք ունի, որ նրան շրջապատողները (գիտական լեզվով ասած՝ «սելֆ-օբյեկտները») իր մասին ինչ-որ պատկերացումներ կազմեն ու կարծիք արտահայտեն: «Նարցիսը» մշտապես կարիք ունի ստանալու «ինչպիսին եմ ես» հարցի պատասխանը: Բայց այդ կարծիքներից նա, միեւնույն է, չի կարողանում ստեղծել սեփական ամբողջական պատկերը, որովհետեւ ջրին ամեն մի հպում խեղաթյուրում է պատկերը:

Հիշո՞ւմ եք, երբ «Նվագախմբի տղաները» ֆիլմում ծառայակիցները ցանկանում են համոզել տիրացու Կիրակոսին (հրաշալի վարպետ Կիմ Երիցյանի կերպարին), որ նա հիվանդ է, տիրացուն հերթով արթնացնում է բոլորին եւ հարցնում է տղաների կարծիքը` իր տեսքի մասին: Երբ նա արթնացնում է մեկ այլ հրաշալի դերասան՝ Մայիս Ղարագյոզյանի հերոսին՝ Դինջին, եւ հարցնում է, թե ում է նման, վերջինս կիսաքնած պատասխանում է՝ «Մեր տան քութիկին»: Նարցիսիզմի հասցեին հնչած արժանի «դատավճիռ»:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930