Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի տասնյակ զոհերի համար պատասխանատվություն են կրում մեր երկրի կոռուպցիոներները»

Ապրիլ 09,2016 18:00

Երեկ երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Բաքվում հայտարարել է, թե շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին, Հայաստանում դժգոհության ալիք բարձրացավ: Այս դժգոհությունն, ըստ էության, արդարացի է. քաղաքական գործիչներն ու փորձագետներն ասում են՝ Հայաստանի ռազմավարական գործընկերը զինում է Ադրբեջանին, որն էլ այդ նույն զենքով հարձակվում է մեզ վրա: Ռուսաստանի վարած այս քաղաքականությունն անակնկալ չէր, փորձագետներն ասում են՝ սա մեզ դաս է եւ պետք է վերանայել մեր հարաբերություններն ու քաղաքականությունը:

Բացի Ռուսաստանին մեղադրելուց՝ մենք առաջին հերթին մեզ պետք է մեղադրենք. որեւէ միջազգային նորմ կամ պաշտոնական այլ պարտավորվածություն չկա, որ Հայաստանն էլ դարերով քթի տակ ունենալով Ադրբեջանի պես հակառակորդի՝ զինվեր մինչեւ ատամները, այն էլ ոչ թե 80-ականների զենքով, այլ ժամանակակից: Միայն թե սրան խանգարում էր մեր խղճուկ բյուջեն, որն այդպես էլ չի լցվում մեր երկրում առկա կոռուպցիայի բարձր մակարդակի, օլիգարխների կողմից թաքցվող հարկերի՝ ստվերային տնտեսության ու եղած փոքր բյուջեն չարդարացված ու անիմաստ պետական ծախսերի պատճառով:

«Այստեղ 2 կարծիք չի կարող լինել. այն շռայլ միջոցները, որ ծախսում էին հրավառությունների վրա, փողերը, որ լվանում էին պաշտոնյաները, բյուջեն, որ թալանում էին, այդ ամենը եթե չլինեին, հնարավոր կլիներ ժամանակակից եւ մեծ ծավալի սպառազինություն ձեռք բերել, սահմաններն արդիականացնել: Այս ողբերգության՝ մի քանի տասնյակ զոհերի համար ուղղակիորեն պատասխանատվություն են կրում այս երկրի կոռուպցիոներները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Նրա ներկայացմամբ՝ ժամանակն է մտածել համատեղ ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու մասին, որտեղ արտադրություն կլինի եւ սպառազինման խնդիրը հնարավոր կլինի լուծել. «Մենք պետք է ստեղծենք ձեռնարկություններ՝ հայտնի ընկերությունների հետ, ես վստահաբար կարող եմ ասել, որ այդպիսի ցանկություններ եւ առաջարկություններ կան: Եթե նման բան անենք, շատ հարցեր կլուծվեն»:
Եթե Լեռնային Ղարաբաղը չճանաչված պետություն է եւ ոչ համապատասխան բյուջե ունի, ոչ էլ պաշտոնապես կարող է զինտեխնիկա ձեռք բերել, ապա ինչպես Սաֆարյանն ասաց՝ Հայաստանը կարող է (ֆինանսներ ունենալու դեպքում) համարժեք զինտեխնիկա գնել եւ ԼՂՀ-ի հետ պաշտոնական համաձայնագրերի շրջանակում մատակարարել նրան զենք:

Պարոն Սաֆարյանը հիշեցրեց՝ երբ 1 տարի առաջ ՀՀ նախագահը Լատինական Ամերիկայում պաշտոնական մակարդակով բարձրացրեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, Ռուսաստանը նույնիսկ սա հաշվի չառավ եւ շարունակեց այդ երկրին զինել ու «բաց թողնել» մեզ վրա. «Հետեւաբար մեզ մնում է վերականգնել հավասարակշռությունը մեր հարաբերություններում, որովհետեւ եթե ՌԴ-ն որեւէ պարտավորվածություն չի զգում Հայաստանի առջեւ, չնայած որ ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամ ենք, ապա նույնպիսի պարտավորություն մենք չպիտի ունենանք եւ ազատ լինենք՝ ռազմատեխնիկական հարցերից մինչեւ այլ հարցեր: Մենք մտանք ԵՏՄ՝ անվտանգության նպատակներով, բայց այն ավելի խոցելի դարձավ: Մենք արդեն կանգնել ենք լայնածավալ պատերազմի շեմին եւ ոչ միայն ԵՏՄ, այլեւ ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցները մեր կողքին չեն՝ Ալիեւին առաջինը զանգահարեցին Բելառուսի, Ղազախստանի նախագահները, մինչեւ ապրիլի 5-ը ՌԴ նախագահ Պուտինը չզանգեց: Այս առումով խնդիրներ ունենք, եւ մեր ուժը մենք ենք ու բանակը, այդ բանակին լավ նայելու համար պետք է հանենք զինվորների ընտանիքները թշվառությունից եւ այլն»:

Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ մեր երկրի քաղաքական ուժերն արդեն պետք է հարց բարձրացնեն, որ ոչ մի դաշնակից չունենք. «Մենք մի քանի պարզ հարց պիտի դնենք՝ երկուշաբթի օրը Ռուսաստանն ու Հայաստանը խմում են ռազմավարական գործընկերության կենացը, երեքշաբթի Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, չորեքշաբթի այդ երկիրը կրակում է մեզ վրա, հինգշաբթի Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ փորձում է կարգավորել հարցը, հետո ապացուցում է, որ խումբը թույլ է, չի կարող, ուրբաթ օրը Ռուսատանն իր հովանու ներքո փորձում է դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Մենք պետք է հստակ ժամանակացույց ունենա՞նք, թե Ռուսաստանը որ օրերին ինչ գլխարկով է, կամ հստակ պահանջենք՝ ի վերջո կողմնորոշվի՝ մեզ համար ի՞նչ է՝ որպես Ադրբեջանին զինո՞ղ, որպես խաղաղապա՞հ, թե՞ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից»:

Սաֆարյանը շեշտեց, որ Հայաստանը հիմա պետք է շատ ակտիվ աշխատի եւ հասնի նրան, որ Ռուսաստանում էլ մի նոր «907 բանաձեւ» ընդունվի, որը կարգելի Ադրբեջանին սպառազինել: Հիշեցնենք, որ 1988 թվականից մեր տարածաշրջանում ռազմական հակամարտության սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը ընդունել է «Ազատության աջակցության ակտի» 907 բանաձեւը. այն արգելում է ԱՄՆ-ին Ադրբեջանին զենք վաճառել: Բաքուն երկար տարիներ է՝ չի կարողանում հասնել նրան, որ այդ բանաձեւը հանվի. սրա գործածությունը մասամբ է կասեցված, վաճառված սպառազինությունը կարող է օգտագործվել միայն Կասպից ծովը պահպանելիս:

Սաֆարյանն ասաց, որ Ռուսաստանի քաղաքական որոշ շրջանակներում կան մարդիկ, որոնք արձագանքելով ապրիլյան այս 4-օրյա պատերազմին՝ խիզախորեն ասացին՝ Ադրբեջանին վաճառած Ռուսաստանի զենքը մեր դաշնակցի՝ Հայաստանի դեմ է, պետք է թույլ չտալ շարունակել դա. «Այս իմաստով ոչ միայն պաշտոնական մակարդակով, այլեւ Ռուսաստանում պետք է գտնենք ադեկվատ շրջանակներ, որոնց հետ աշխատելու միջոցով կհասնենք նրան, որ Պետդուման սահմանի իր 907 բանաձեւը, որպեսզի Ռուսաստանում էլ արգելվի Ադրբեջանին զենք վաճառելը»:

Սաֆարյանը նկատեց, որ այս տարիների ընթացքում Ռուսաստանը ցույց տվեց, որ եղել եւ մնում է Կովկասում որպես իմպերիալիստական քաղաքականություն վարող, մեր վախկոտության պատճառով թույլ ենք տվել, որ հարաբերություններն աղճատվեն այն աստիճանի, որ դառնան տիրոջ եւ վասալի հարաբերություններ. «Հայաստանը շատ դեպքերում պատրաստ է անգամ իր շահերը զոհաբերելով՝ հարգել Ռուսաստանի շահերը, եւ ամեն տեսակի քաղաքական զիջումների գնացինք, բայց նույնպիսի հարգանք եւ զգայունություն չստացանք Ռուսաստանի կողմից Հայաստանի շահերի նկատմամբ»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

09.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930