Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հեղինակավոր վերլուծաբանները դեմ են ցանկացած ձեւաչափով Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելուն

Ապրիլ 23,2016 18:14

Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ հրավիրված ճեպազրույց-քննարկման ընթացքում հանրապետության հեղինակավոր փորձագետներն ու վերլուծաբանները ամփոփեցին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության շուրջ միջազգային, տարածաշրջանային եւ ազգային զարգացումները:

ՄԱՀՀԻ հիմնադիր ղեկավար Ստեփան Սաֆարյանը սկզբում բոլոր մասնակիցների անունից վրդովմունք հայտնեց երեկ հանրահավաքի ընթացքում ԶԼՄ-ների նկատմամբ ոստիկանության անհասկանալի եւ բիրտ գործողությունների կապակցությամբ եւ պահանջեց անհապաղ պատժել այդ արաքը կատարողներին եւ հրաման արձակողներին:

«Մեր այսօրվա ճեպազրույց-քննարկումը հաջորդում է ՌԴ ԱԳ նախարարի Երեւան կատարած այցին եւ Երեւանում ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ հանդիպումներին: Կցանկանայի, որ մեր քննարկման խնդիրը լինեին այդ հանդիպումները, անդրադառնայինք վերջին շրջանում, հատկապես ապրիլյան ճակատամարտից հետո ղարաբաղյան կարգավորման շուրջ ընթացող զարգացումներին:

Կցանկանայի մի քանի ուղղություններ առանձնացնել, որոնք ամենեւին էլ պարտադիր չեն անդրադառնալու համար: Եթե ինքներդ հարկ կհամարեք, ձեր խոսքում անդրադարձեք: Առաջին խնդիրը, որ նկատելի է, բանակցությունները վերսկսելու հարցն է: Արդյոք արժե՞ բանակցություններ վերսկսել քառօրյա ճակատամարտից հետո:

Երկրորդ՝ եթե անգամ պատասխանն այո է, ո՞ւմ հետ բանակցել: Արդյոք այն, ինչ կատարվում է, ընդունելի է՞: Այսինքն, Լեռնային Ղարաբաղի անունից բանակցություններում պաշտոնական Երեւանին ներգրավելու փորձերը ընդունելի՞ են եւ ճի՞շտ:

Երրորդ՝ շատ էր խոսվում եւ ռուսաստանյան լրատվամիջոցները այցից առաջ շրջանառության մեջ դրեցին Լավրովի պլանների մասին տեղեկություններ: Այս հարցում հստակ ոչինչ հայտնի չէ: Բայց կարծեք թե, սկսած Հանրային Հեռուստատեսությամբ Էդուարդ նալբանդյանի հարցազրույցից, որը խոսում էր Կազանյան փաստաթղթից, վերջացրած երեկ Լավրովի արած հայտարարությունով, թե ցանկանում են վերադարձ լինի հինգ տարի առաջվա փաստաթղթին, արդյոք կարո՞ղ ենք վերադառնալ դրան եւ արդյոք վերադարձը դրան նշանակո՞ւմ է վերադարձ նախկին ձեւաչափին: Ի վերջո, այդ ձեւաչափում Լեռնային Ղարաբաղը ներկայացված է եղել Հայաստանի նախագահի միջոցով:

Նաեւ մեկ խնդիր. Ինչի՞ մասին չխոսվեց Երեւանում: Չխոսվե՞ց, թե՞ պարզապես շրջանցեցին: Մի քանի հարցադրումներ եւս: Ո՞ւր կտանեն մեզ զարգացումները: Արդյոք մենք կանգնած չենք մի իրավիճակի առջեւ, որն այդքան էլ հստակ չէ ղարաբաղյան խնդրի առումով: Ես սա ուզում եմ շեշտել մի բանի կտրվածքով:

2008 թվականին աշխարհը հայտարարեց, որ Կոսովոյի հարցով բանակցությունները արդյունք չեն տալիս եւ թույլատրվեց  Կոսովոյին ոչ միայն միակողմանի իր անկախությունը հռչակել, այլեւ աշխարհի մի զգալի հատված ճանաչեց Կոսովոն: Դա արվեց այն բանից հետո, երբ ակնհայտորեն բանակցությունները մտան փակուղի: 2008 թվականի ամռանը ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանն ինքը հայտարարեց, որ ճանաչում է Հարավային Օսիան, որովհետեւ Վրաստանի ներխուժումը այդ տարածաշրջաններ,  նշանակում է, որ կոնֆլիկտի այլ կարգավորումներ չեն լինելու: Սրա կողքին կա Ղրիմը, որտեղ Ռուսաստանն ըստ էության հայտարարեց, թե Ղրիմը եւս էթնիկական թշնամանքի տարածաշրջան վերածվել թույլ չտալու համար, ճանաչում է Ղրիմի ինքնորոշումը:

Ես այս օրինակները վկայակոչում եմ ոչ թե այն բանի համար, որ դրանք շատ նման են Ղարաբաղին: Համենայն դեպս ԼՂՀ պարագայում մենք ունենք ոչնչացված բանակցային գործընթաց, ունենք ռազմական ագրեսիայի փորձ:  Բայց ոչ Կոսովոյի, ոչ Աբխազիայի, ոչ Հարավային Օսիայի դեպքերի ֆոնին միջազգային վերաբերմունքը Հայաստանի համար չէ:

Բոլորս ենք հրաշալի հասկանում, որ Ռուսաստանը  Ադրբեջանի հետ կապված շահագրգռություններ ունի ու, թերեւս, իրեն չի կարող այս խնդիրների մասին խոսել թույլ տալ: Մենք կարծես կանգնած ենք այն ելակետում, որտեղ կարող էին կիրառվել թվարկված նախադեպերից ցանկացածը, բայց միջազգային հանրությունը, կարծեք, ուզում է շրջանցել ապրիլյան պատերազմի թեման եւ հասկացնել է տալիս, թե դուք դեռ պիտի շարունակեք բանակցել: Արդյոք այս ամենը, այդ թվում՝ պաշտոնական Երեւանի կողմից դա անտեսելը չե՞ն կարող խնդիրներ դառնալ», – ներածական խոսքում բանախոսներին այս թեմաներն առաջադրեց Ստեփան Սաֆարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930