Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրենսգրքի անպատասխան մնացած 81առաջարկ

Մայիս 15,2016 13:48

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը եւ Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմը ՀՀ նոր ընտրական օրենսգրքի եւ հարակից իրավական ակտերի վերաբերյալ 81 առաջարկ են մշակել եւ հրապարակել:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, ստեղծվել է 2013 թվականի մայիսին, անդամներն են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, «Իրավունքի Եվրոպա միավորումը», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունները: Իսկ Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմում բացի այս երեքից ներգրավված են նաեւ այլ ՀԿ-ներ` «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոն», «Հայաստանի հելսինկյան կոմիտե», «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» եւ այլք:

ՀԿ-ների մշակած առաջարկների մի մասի վերաբերյալ իշխանության վերաբերմունքն արդեն հայտնի է: Օրինակ՝ առաջարկվում է «վերացնել ընտրողների ցուցակների հրապարակման վերաբերյալ արգելքը և սահմանել պարտականություն քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկություններ պարունակող ընտրողների ցուցակները թվայնացնելու և որոնման հնարավորությամբ ԿԸՀ պաշտոնական կայքէջում հրապարակելու մասին»: Նաեւ հիմնավորում է բերվում.

« Ինչպես ապացուցվել է բազմիցս՝ վերջին տարիների ընտրությունների դիտորդության ընթացքում, Հայաստանից բացակայող անձանց անունները օգտագործվում են՝ կեղծելու ընտրությունների արդյունքները: Դրա կանխարգելման համար առավել արդյունավետ և քիչ ծախսատար եղանակը ցուցակների հրապարակումն է՝ հնարավորություն տալով բոլոր քաղաքացիներին վերահսկելու ինչպես իրենց, այնպես էլ երկրից բացակայող իրենց ծանոթ-բարեկամների «մասնակցությունը»՝ բացառելով նրանց հաշվին ընտրությունների արդյունքների կեղծումը»:

Բայց իշխանությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ ընտրողների ցուցակները չեն հրապարակվի, մինչդեռ «դիտորդները և վստահված անձինք, անգամ վերահաշվարկի ցանկություն չունենալու դեպքում, այդ ցուցակներին ծանոթանալու իրավունք կունենան եւ կկարողանան ազատորեն քաղվածքներ անել»:

Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի, «տեղական ինքնակառավարման մարմինները սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ»:

ՀԿ-ները առաջարկում են. «թեև նման իրավակարգավորում առկա է, սակայն դրա արդյունավետությունը խիստ ցածր է: Նախ, այս պահանջը ՏԻՄ-երի համար պետք է դառնա պատվիրակված լիազորություն և պետությունը պետք է ապահովի դրա իրականացման ֆինանսավորումը: Եվ երկրորդ՝ այս պահանջի չկատարումը պետք է առաջացնի իրավական հետևանքներ` վարչական պատասխանատվություն»:

Ըստ նախագծի, «պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած թերթերը և ամսագրերը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պարտավոր են թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովել ոչ խտրական և ոչ կողմնակալ պայմաններ»: ՀԿ-ների առաջարկը. «առանց որևէ իրավական հետևանքի այս պահանջը կմնա որպես հռչակագրային դրույթ, ուստի անհրաժեշտ է սահմանել որոշակի սանկցիաներ այս պահանջի խախտման դեպքում: Սահմանել վարչական պատասխանատվություն օրենքով սահմանված պահանջը խախտելու դեպքում»:

Ըստ նախագծի, «նախընտրական հիմնադրամի հայտարարագրում նշվում են նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների ժամանակագրությունը, մուծված գումարի չափը»: ՀԿ-ների առաջարկը. «նախընտրական հիմնադրամի հայտարարագրերն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով անհրաժեշտ է դրանցում արտացոլել նաև հիմնադրամում մուծումներ կատարած անձանց տվյալները, այդ թվում՝ աշխատանքի վայրը»:

Նախագծով սահմանված է. «դիտորդներն իրենց անձնական դիտարկումները կարող են ներկայացնել ընտրական հանձնաժողովներին դիտորդական առաքելության զեկույցի միջոցով: Դիտորդների բոլոր եզրահանգումների համար պետք է հիմք հանդիսանան իրենց անձնական դիտարկումները»: Սա անընդունելի է ՀԿ-ների համար. «փորձ է արվում վերահսկելի դարձնել զեկույցները՝ դրանք սահմանափակելով միայն անմիջական անձնական դիտարկումներով: Դիտորդությունը լինում է երկարաժամկետ և կարճաժամկետ և դիտորդական առաքելությունը կարող է իր զեկույցում անդրադառնալ, օրինակ, քարոզչության ֆինանսավորմանը և որպես նյութ օգտագործել ԶԼՄ-ների հրապարակումները: Իսկ դա, փաստորեն, այս նախագծով կհամարվի զեկույցին ներկայացվող պահանջների խախտում: Նախագծից հանել դիտորդական առաքելությունների զեկույցներին ներկայացվող պահանջները»:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը եւ Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմը առաջարկում են նաեւ. վերացնել ընտրական հանձնաժողովի ներկա անդամների ձայների 2/3-ով ընդունված որոշմամբ դիտորդին կամ լրատվամիջոցի ներկայացուցչին տեղամասից դուրս հանելու իրավունքը, քվեարկությունը լուսաբանելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրման անհրաժեշտությունը, տեղական դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների՝ տեղամասում միաժամանակ գտնվելու թվային սահմանափակումը, նվազեցնել ընտրական գրավների շեմերը: Ըստ նախագծի՝ ամենամեծ ընտրագրավ մուծում է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունը նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկի չափ: Ամենափոքր մինչև 1 000 ընտրող ունեցող համայնքի ավագանու անդամի թեկնածուն` նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափ: ՀԿ-ները կարծում են, որ ընտրական գրավի շեմերը որևէ կերպ համադրելի չեն ՀՀ –ում սահմանված նվազագույն աշխատավարձի, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի և մարզերի ու համայնքների անհամաչափ զարգացվածության հետ ու հարկ է նվազեցնել ընտրական գրավի շեմերը:

Ընտրական օրենսգրքի նախագծի կողմակիցներն առայժմ չեն պատասխանել այս առաջարկներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031