Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղանկարչական ցուցահանդես Բեռլինում և նոր պատկերասրահ Մոսկվայում

Մայիս 16,2016 08:15

Մայիսի 14-ի երեկոյան Բեռլինի «Կարլսհորստ» մշակույթի տան ցուցասրահը լեփ-լեցուն էր: Գերմանահայկական մշակութային օրերի շրջանակներում այստեղ բացվեց հայկական գեղանկարչության ցուցահանդես: «Չորս կյանքի ուղի. երկու արվեստագետ զույգ մեկ ավանդույթի մեջ» խորագրի ներքո ներկայացված էին ամուսիններ Հարություն և Արմինե Կալենցների, Մարիամ Ասլամազյանի և Նիկոլայ Նիկողոսյանի` ընդհանուր թվով 30 գործ` բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, աբստրակտ աշխատանքներ, այդ թվում նաև մի քանի փոքր բոլորաքանդակներ Նիկողոսյան քանդակագործից` «Պարույր Սևակ», «Թամարան Դավիթի հետ» և այլն:

GalencՑուցահանդեսի կազմակերպիչ «Հայ և եվրոպացի մասնագետների ասոցիացիայի»` ՀԵՄԱ, նախագահ Միքայել Մինասյանը ողջույնի խոսքով հանդես գալուց հետո ներկայացրեց վերջինս սպասարկողներին` բեռլինաբնակ Արչի (Հարություն) Գալենցին` Հարություն Կալենցի թոռանը և գերմանացի հայտնի արվեստաբան դր. Պետեր Միշելին:

Վերջինս իր ելույթի խոսքում նշեց, որ քաջածանոթ է սովետական արվեստին, հատկապես հայկականին: Պետեր Միշելն այն կարծիքին է, որ հայ կերպարվեստը նույնքան բարձրաճաշակ է, որքան հայ երգարվեստը. «Ցավոք հայ կերպարվեստը ավելի քիչ է արևմուտքի հանդիսատեսին ծանոթ, որովհետև չի ցուցադրվել, սովետական փակ դռները… Ներկայացված հեղինակների արվեստը սովետական իշխանությունների կողմից չի ընդունվել, մերժվել է այդ իսկ պատճառով այսօր Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում: Այս մարդկանց քաջության շնորհիվ, նաև նրանց ստեղծագործությունը հիմք հանդիսացավ, որ Հայաստանում հետագայում զարգացավ էքսպրեսիոնիզմն ու իմպրեսիոնիզմը»,- նշեց դր. Պետեր Միշելը:

Ցուցահանդեսին ներկա գտնվելու նպատակով Մոսկվայից ժամանել էր Նիկոլայ Նիկողոսյանի դուստրը` Գայանե Նիկողոսյանը (Արչի Գալենցի մորաքույրը), ով այս օրերին զբաղված է Մոսկվայում նորաստեղծ «Նիկո» մշակութային կենտրոնի գրանցման հարցերով: «Ես նախ այստեղ եմ, որ իմ զարմիկին աջակցեմ, ոգևորեմ, նա շատ է ջանացել այս ցուցահանդեսն անելու համար և այս ամենն ուզում էի անզեն աչքերով տեսնել, որ 97-ամյա հայրիկիս պատմեմ, քանի որ ինքը այս ցուցահանդեսին մասնակցում է: Եվ քանի որ նա արտասահմանում այնքան էլ շատ չի ցուցադրվել, սա մեզ համար շատ կարևոր միջոցառում է: Շատ ուրախ եմ, որ այստեղ ներկա են ոչ միայն հայ սփյուռքի ներկայացուցիչներ, այլ նաև գերմանացիներ: Նաև շատ ուրախ եմ, որ այստեղ տեսնում եմ իմ մորաքրոջ` Մարիամ Ասլամազյանի կտավները»,- մեզ հետ զրույցում նշեց Նիկողոսյանի դուստրը:

Անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչու և ինչպես ստեղծվեց «Նիկո» մշակութային կենտրոնը, Գայանե Նիկողոսյանը պատմեց, որ սովետական ժամանակներում տարիներ շարունակ հայրը` գեղանկարիչ և քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը բավականին պետպատվերներ է ունեցել, ֆինանսապես անկախ է եղել և չի վաճառել իր նկարներից շատերը, այդպիսով կարողացել է ստեղծել իր հավաքածուն և Մոսկվայի կենտրոնում կառուցել է մի շինություն, ուր այդ ամենն ամբողջացրել է:

«Մենք ուզում ենք, որ դա լինի ոչ թե իր նկարները ցուցադրող շենք, այլ գործող պատկերասրահ, որտեղ կներկայացվեն ոչ միայն իր աշխատանքները, այլ նաև հայ նկարիչների գործերը, տեղի կունենան հայկական ծրագրեր, մենք բաց ենք նաև այլոց համար: Ներկայացվելիք հավաքածուն արդեն կա, որում շատ հետաքրքիր գործեր կան` Սարյան, Բաժբեուկ-Մելիքյան և այլն»,- պարզաբանեց Գայանե Նիկողոսյանը:

Արչի Գալենցը, որն, ըստ էության, տրամադրել է այս ցուցահանդեսի ողջ նյութը, պատմեց, որ կտավներից շատերն ինքը բերել է Բեռլին վերանորոգման համար, մի մասը իր մեծերից գրությամբ նվեր ստացած գործեր են, որոշներն էլ իր հավաքածուի մաս են կազմում:

«Իմ ընտանիքում զույգ արվեստագետ ձևաչափը կա, և դա ինձ շատ հետաքրքրում է: Կուզեինք, որ ավելի շատ նկարիչների ցուցադրեինք, բայց բնականաբար շատ միջոցներ էին հարկավոր, դա անել առանց նախարարության, առանց դեսպանատան աջակցության շատ դժվար է: Հետևաբար որոշեցինք ցուցադրել այն գործերը, որոնք ուղղակի այստեղ էին»,- մեզ հետ զրույցում բացատրեց նկարիչ, արվեստաբան Արչի Գալենցը:

Արվեստագետներին ավելի հանգամանալից ներկայացնելու համար Արչի Գալենցի և Պետեր Միշելի ջանքերով կազմվել է պատկերագիրք` «Չորս կյանքի ուղի. երկու արվեստագետ զույգ մեկ ավանդույթի մեջ»:

«Մեծ ձեռքբերում էր, որ մեզ հետ համաձայնվեց համագործակցել հայտնի գերմանացի արվեստաբան Պետեր Միշելը, ով քաջածանոթ է սովետական արվեստին: Նրա հետ աշխատելու փորձն ունեի իմ ցուցահանդեսների հետ կապված: Նա մեզ շատ օգնեց կատալոգը ի մի բերելու հարցում, բոլոր արվեստագետների կյանքն ու ստեղծագործությունը վերլուծեց, որոշ հուշեր թարգմանեցինք, միայն ցավոք մեր ռեսուրսները չհերիքեցին, որ ամբողջը հայերեն ու անգլերեն էլ թարգմանեինք»,- նշեց Արչին:

Պատկերագրքում, որը տպագրվել է 750 օրինակով Բեռլինի «dr.ziehten» հրատարակչության կողմից, զետեղվել են ցուցահանդեսում կախված աշխատանքները, նկարիչների հայտնի գործերից, նաև այնպիսիները, որոնցից միայն լուսանկարն է պահպանվել, նրանց ցուցահանդեսների և իրենց մասին պատմող լուսանկարներ:

Cucahandes Berlin«Անցած տարի մշակույթի գծով մեր հանձնակատարը Արտակն էր Կիրակոսյան և այս մասով մենք հիմնականում երգեցողության շրջանակներում ներկայացանք, որը հրաշալի իրականացվեց: Այս տարի անցանք կերպարվեստի ոլորտ, որ ցույց տանք մեր գեղանկարչությունը, հատկապես փակ ժամանակների չլուսաբանված արվեստը երևան բերենք,- բացատրեց ՀԵՄԱ նախագահ Միքայել Մինասյանը,- սովետական ժամանակներում ամեն երկրից մեկ հայտնի դեմքի էին ներկայացնում ու մեզանից միայն Սարյանը դուրս եկավ, բա մնացածը… Այսօր մենք ասպարեզ բերեցինք, ցուցադրեցինք այս չորս գեղանկարիչներին և բուռն արձագանքը ինքներդ էլ տեսաք»:

Բեռլինում «Չորս կյանքի ուղի. երկու արվեստագետ զույգ մեկ ավանդույթի մեջ» խորագրով հայկական գեղանկարչական ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 3-ը:

 

Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Արվեստագիտության թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նժդեհ says:

    Այս ինչ լավ հոդված կարդացի… Արչի ջան, սրտանց շնորհավորում եմ, հաճելի է տեսնել ու լսել այս գեղեցիկ ու հաջողված իրադարձությունների մասին: Նորանոր հաջողություններ Ձեզ բոլորիդ,:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031