20-րդ դար։ Արմատացած կապիտալիզմ։ Երազանքի երկիր Ամերիկա, ուր յուրաքանչյուրին բարեկեցիկ կյանք է սպասվում։ Մեծ քաղաքից հեռու իր բախտից խռոված մեկը նետվում է գնացքի ռելսերին․․․
․․․Երկրագունդն անհանգիստ է։ Բնական աղետները ոչնչացնում են քաղաքակրթությունը։
Կիսամութ ստուդիայի «ռետրո» բազմոցից և սինթեզատորի սև-սպիտակ ստեղների կանոնավոր հաջորդականությունից է սկսվում ձայնային պերֆորմեր Ռաֆայել Գյոլեցյանի անկանոն, ընդհատակյա արվեստը։ Կցկտուր ռադիոալիքները, մատների հպումից խտանալով, դառնում են մեկ կոնցեպցիա։ «Պերֆորմանսի ամենակարևոր բաղադրիչը երևակայությունն է։ Կարող ես մտքով հասնել Մերկուրի կամ Պլատոն, հայտնվել գետի կամ մագմայի կողքին։ Երաժշտությունը կառուցվում է պատկերացումներից»,- նշում է արվեստագետը:

Նկատում է՝ հայ հանդիսատեսը դեռ չի հասել այն հոգեվիճակին, որը թույլ կտա առանց զարմանքի ընդունել այլընտրանքային արվեստը։ Այն նման է բորբոսի, որ տհաճություն է պատճառում. քչերն են բորբոսը որպես «էվոլյուցիոն էտապ» դիտարկում։
Այսօր Երևանի փողոցներում հաճախ կարելի է հանդիպել խորհրդային տարիների պերֆորմատիվ արվեստի ներկայացուցիչների, որոնք անհայտ են մնացել մեծ հանրությանը՝ ագրեսիվ արձագանքի արժանանալու մտավախության պատճառով։
Ռաֆայելի խոսքով՝ ուրբանիզացված ապրելակերպը ստիպում է մարդկանց չլսել միմյանց, դիմացինին «ֆիլտրել» ստանդարտներով։ Վախից է, միգուցե՝ փորձի պակասից․ «Շատերը խելագարի տեղ կդնեն միկրոֆոնով գոռացող արվեստագետին, որն ընդամենն իր ներսում կուտակված բացասական էներգիան է դուրս հանում։ Մի պարադոքս կա՝ եթե արվեստը չենք հասկանում, ուրեմն այն խորթ է և անպիտան։ Պետք չէ հասկանալ, պետք է ընդունել, որ մարդիկ տարբեր են»։
Ի պատասխան հարցի՝ արդյոք արվեստը կարո՞ղ է կործանիչ լինել, պերֆորմերը մեջբերում է անգլիացի երաժիշտ Բրայան Ինոյին, որը ռոք երաժշտությունը փոխակերպեց մեդիտացիայի, դարձրեց խաղաղեցնող։

Առաջին ձայնագրությունը նվիրված էր ակումբային կյանքի սիրահարներին (For clubbers, 2004 ): Վիրտուալ էմուլյատորներին ծանոթացավ «չինական մեծ էկրանով» համակարգչի և 56 կբ/վ արագությամբ անալոգային փոխարկիչի միջոցով։ Այդպես ծնվեցին Mystical forest, Eterna, Morphogenesis, Ancient world և այլ ստեղծագործություններ, որոնք ցուցադրվեցին Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Հնդկաստանում։
Ռաֆայելը ֆլեյտիստ է։ Վստահեցնում է՝ երաժշտական կրթությունն իր համար լսելի դարձրեց աշխարհում գոյություն չունեցող ձայները։
Դեռ դպրոցական նվագախմբում իմպրովիզներ էր անում։ Ծնողների հորդորով ինֆորմատիկա սովորեց, ապա՝ հնչյունային ռեժիսուրա։ Այժմ զբաղվում է ձայնային և գրաֆիկ դիզայնով, գրում սաունդթրեքեր, զուգահեռաբար ուսումնասիրում տեսողական պերֆորմանսի տարրերը։

Ի վերջո, համաձայնում ենք՝ բոլոր մարդիկ «աստվածային քանդակագործության» մի մասն են, նույնչափ հավասար և անկատար։
Հ․Գ․ Կիսամութ սենյակում օրն ավարտվում է։ Մի պահ անցյալից վերադառնում են վինիլային սկավառակները, որոնք ժամանակի հետ անպիտան դառնալով՝ ծաղկամանի էին վերածվում։ Հաջորդ հանդիպումը՝ անկախության տարիներից անհասցե մնացած «վինիլային» «Մելոդիա» ձայնագրության ստուդիայում։
Տեղեկանք
Պերֆորմանս (կատարողական արվեստ)՝ ժամանակակից արվեստի տեսակ, որը ցուցադրվող քանդակից կամ կտավից տարբերվում է տեղի, ժամանակի հստակ սահմանազատմամբ և արվեստագետ-հանդիսատես անմիջական շփումով։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ


















































