Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետ կորած ամուսնու լուսանկարը երբեք պատից չի կախել. սպասում է

Հուլիս 07,2016 17:00

Մինչեւ հիմա գիտեմ, թե կողքիս է ամուսինս, կամ գիտեմ` հիմա կգա, երբեք չեմ պատկերացնում, որ էլ չկա»,- ասում ու ափսոսանքով լի հայացք է նետում ամուսնու` Արցախյան հերոսամարտի ժամանակ անհետ կորած Հրաչ Մակարյանի դիմանկարին, որին իր ձեռքերով գոբելենագործ տարբերակով «կենդանություն» էր տվել Անահիտ Մարկոսյանը:

Մինչեւ ամուսնու դիմանկարը ստեղծելը տիկին Անահիտը երկար է մտածել` չի համարձակվել, քանի որ, ըստ նրա, դեմքը գոբելենով դժվար է ստեղծել, իսկ գործելուց էլ անընդհատ մտքով վիճել է սիրելի ամուսնու հետ, թե ախ, էս ո՞ւր գնացիր, ինչո՞ւ չես գալիս, մեկ-մեկ էլ թաքուն բացել ամուսնու շորերն է տեսել, հոտը զգացել ու դարձյալ շարունակել գործել:

Անահիտ Մարկոսյանը պատմում է, որ երբեք ամուսնու նկարը լուսանկարի տարբերակով պատից չի կախել, որ վերջին հույսը չմարի իր մեջ, եւ միայն իր ձեռքերով ստեղծած գոբելենն է համարձակվել սենյակի պատից կախել. «Հիմա դիմանկարը պատից կախված այնպիսի տպավորություն է՝ կարծես միշտ մեզ հետ լինի, ոնց որ իմ ձեռքով կենդանացրեցի նրան»,- այսպես է իրեն սփոփում տիկին Անահիտը:

4-1-2
Անահիտ Մարկոսյանի ամուսինը անհետ կորած է համարվել 1992 թվականի սեպտեմբերի 28-ից. «Մեր գյուղից` Վանաշենից, ամուսնուս հետ եւս 3 հոգի անհետ կորան, իսկ այդ օրը՝ ընդհանուր 11 հոգի: 12 օր այդ տարածքը ադրբեջանցիների ձեռքն է եղել, հետո երբ մերոնք հետ վերցրեցին այդ տարածքները, 4 հայ զինվորների դիակ բերեցին, բայց մերոնք չկային, դրա համար մտածում ենք, որ կա, բայց եւ այդքան տարի անցել է, ի՞նչ իմանանք, լավ է նաեւ այդ հույսը կա, ու մտածում ենք, որ կենդանի է»,- ասում ու հիշում է այն օրը, երբ վերջին անգամ տեսել է ամուսնուն. «Գիշեր էր, նոր էին եկել հերթապահությունից, մինչ ղարաբաղյան մարտերը նա նաեւ ակտիվորեն մասնակցում էր Երասխի պաշտպանական մարտերին: Ընկերների հետ եկան, որ հանգստանան, եւ դեռ 2 ժամ էլ չէր անցել, երբ «գռուզավիկը» հետեւներից եկավ, որ տանի: Հրաչը երբեք մարտի գնալուց առաջ ինձ չէր ասում` հաջող, կարիք չէր լինում, իսկ վերջին անգամ ասեց, ու ես էլ դրանից շատ վատ զգացի: Ղարաբաղ գնալուն դեմ էի, ամեն դեպքում կին եմ, մտածում էի՝ ոչ մեկը մոտս չի, 4 երեխաների հետ դժվար է` ո՞ւր ես գնում, իսկ պատասխանը կարճ էր` այդ մասին այլեւս խոսք չլինի: Չէի պատկերացնում, թե ինչ բան է պատերազմը, չէի հավատում, որ էլ չի գա: Տեգրս որ գնում էր փնտրելու, հավատում էի, որ գտնելու է, ու ամեն անգամ ասում էի, որ գտնեք, կասես թող սափրվի, տենց մորուքով, երկար մազերով չթողնես գա, այն էլ` ո՛չ գտան, ո՛չ բերեցին: Չնայած մինչեւ ամուսնուս կորելը որ լսում էի` ինչ-որ մեկը զոհվել է` բերում են, չէի պատկերացնում, բայց որ անմիջապես ինձ եղավ, զգացի այդ ցավի խորությունը»:

Տիկին Անահիտի խոսքերով՝ 90-ական թվականներին տրանսպորտից օգտվելն էլ էր դժվար. «Մեզ տվել էին կտրոններ, որ անվճար երթեւեկենք, բայց ավտոբուսի վարորդները անընդհատ փնթփնթում էին, թե ի՞նչ է՝ սաղդ նստել եք, փող չեք տալիս, ասում էի՝ ոչինչ, չի հասկանում, թե ինչ է խոսում: Ախր, էդ մարդիկ իրենց ու իրենց ընտանիքների համար էլ են գնացել պատերազմ»:

Չնայած տիկին Անահիտի վիշտը մեծ է եղել, բայց իր ուժեղ բնավորության շնորհիվ 4 երեխաներին այնպես է պահել, որ, ինչպես ինքն է ասում` ոչ մի բանի կարիք չունենան. «Այդ տարիներին իրոք շատ դժվար էր, ընտանիքներ կային, որ տղամարդիկ տանն էին, բայց չէին կարողանում նորմալ ապրել: Մեծ երեխաս 18 տարեկան էր, փոքրը` 10, ո՞ւմ խնդրեի, որ ինձ օգնեին` ես խնդրել չեմ սիրում»,- ասում է տիկին Անահիտը եւ պատմում. «Մանկավարժ եմ աշխատել, բայց տարբեր տեսակի գործեր եմ արել, որ երեխեքս ոչ մի բանի պակաս չունենան` էլ հաց թխել, հող մշակել, էլ տաքսի քշել: Շատ դժվար էր գյուղում մենակ պահել ու մեծացնել 4 երեխաներին: Նոր տարվա օրերին հաց չեմ կերել, 5 օր անընդհատ տաքսի եմ քշել»:
Ամուսնու մեքենան տիկին Անահիտը չի թողել պարապ մնա ավտոտնակում` հանուն երեխաների սովորել է մեքենա վարել, եւ 2000 թվականից Վանաշենում միայն նրա մտքով է անցել, որ սեփական մեքենան օգտագործի ե՛ւ ի շահ հանրության, ե՛ւ ի շահ ընտանիքի: Այդ մեքենայով նաեւ երեխաներին է Երեւան, Էջմիածին դասի տարել` հետ բերել: Հիմա էլ, չնայած մրցակիցներ շատ ունի, բայց 65-ամյա տիկին Անահիտի հաճախորդները հավատարիմ են: Ասում է, որ համագյուղացիները հատկապես կանանց քաղաք կամ այլ տեղ ուղարկելու համար վստահում են միայն իրեն: Նա, ճիշտ է, մի քիչ նեղսրտում է, որ ամուսինը չկա, եւ նրա փոխարեն ինքն է մեքենան վարում, բայց երազում ամուսնուն տեսնելուց հետո սիրտը հանգստացել է. ամուսինը` Հրաչը, երազին կնոջը քաջալերել է, որ այդ ճանապարհով երեխաների հոգսերն է հոգում:

Հրաչը եւ Անահիտը արդեն 7 թոռ ունեն, առիթների դեպքում պատմում են իրենց հերոս պապիկի մասին: Տարիների ընթացքում տիկին Անահիտը հացի փուռ ու վարսավիրանոց է բացել:

Տիկին Անահիտի հետ ծանոթացանք օրերս` Տաթեւի վանական համալիրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կազմակերպած ցուցահանդեսի ժամանակ, որին մասնակցում էին Արարատի մարզի 9 անհետ կորած ազատամարտիկների կանայք: Ի դեպ, գոբելենի դասերը եւս ստացել էին ԿԽՄԿ-ի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակներում:

Տիկին Անահիտը մեկ տարվա ընթացքում սովորել եւ արդեն 26 գոբելեն աշխատանք ունի. «Եթե սկզբնական շրջանում 28 օր էր տեւում մեկ գործը ավարտելու համար, հիմա միջին չափի գործը հաշվել եմ` 30 ժամ է տեւում: Գործելու ընթացքում եղել է, որ մի պահ գործել եմ, հետո ընդհատել, գնացել եմ ճաշ եմ եփել, հետո նորից շարունակել գործելը, ընդհատել` հավերին կուտ տվել, էլի շարունակել, հետն էլ սերիալ եմ նայել` հիմա արդեն հերոսների ձայները տարբերում եմ եւ չեմ էլ նայում` ուղղակի լսում եմ»:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ»

06.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031