Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես սովետի ջատագովը չեմ»

Հուլիս 11,2016 14:30

2016թ. մայիսի 11-ին, ծննդյան 65-ամյակի նախաշեմին (մայիսի 23), ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց Հայաստանի պատմության պետական թանգարանի հնագիտության բաժնի գիտաշխատող եւ ավանդապահ Կարինե Ավագյանը:

Կարինեի գործունեության, վաստակի մասին քչերը գիտեն: 2014թ. ֆրանսիական պոեզիայի դասական հեղինակների գործերից կատարված մի ծաղկաքաղ էր կատարել ու «Հավերժի թրթիռներ» վերնագրով թարգմանությունների հատընտիր մի ժողովածու է լույս ընծայել, որի առաջաբանը գրել է գրականագետ, թարգմանիչ Պարգեւ Շահբազյանը: Կարինե Ավագյանի բանաստեղծական տաղանդն արտահայտվել էր եւս իր երկու գրքերում` «Գերադասելին փշեպսակը» եւ «Սիրում ենք` կանք»: Նա գեղագիտական բարձրաճաշակությամբ աձամբ էր իր գրքերի շապիկները ձեւավորում` ընտրում համապատասխան նկար ու վերնագիր:
Նա շեշտում էր. «Ես սովետի ջատագովը չեմ»: Նա բազմաթիվ գրական հոդվածներով ու վերլուծություններով թղթակցել է ոչ միայն Հայաստանի, այլեւ Սփյուռքի թերթերին ու գիտական հանդեսներին, բազմաթիվ միջազգային ու հանրապետական գիտաժողովներում հանդես եկել զեկուցումներով: Այդ ամենին զուգահեռ նա մշտապես աշխատել է իր մասնագիտությամբ՝ հնագիտությամբ, հանդես է եկել հնագիտական թանգարանի հնագիտության բաժնի 1986-1997թթ. ժամանակավոր ցուցադրությունների վերաբերյալ գիտահանրամատչելի հոդվածներով:

«Թանգարանագետ դառնում ես, եթե ստեղծագործաբար եւ ամենայն պատասխանատվությամբ ես մոտենում գործիդ: Կարեւորը սկզբունքային վերաբերմունքն է գործին, քանզի համոզված եմ, որ ոչ մի տիտղոս չարժի Մարդ կոչումին», – սա Կարինե Ավագյան նվիրյալ աշխատող Մարդու համոզմունքն էր: Նա կրակոտ խառնվածքի տեր անձնավորություն էր, իսկական մտավորական ու նվիրյալ հայուհի: 1981թ. Վարազդատ Հարությունյանի նախաձեռնությամբ «Վասպուրական» հայրենասիրական միության ստեղծումից հետո նրա ակտիվ անդամներից էր, ինչպես եւ իր մայրը` Գոհար Շալջյանը, որը Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության ավագ տեսուչն էր եւ «Վասպուրական» հայրենակցական միության պատասխանատու աշխատակիցը:

Կարինե Ավագյան բազմազբաղ մտավորականը չէր խնայում իր թանկագին ժամանակը եւ անվճար, անշահախնդիր պարապել է ժամանակին ուսման ծարավ պատանիների հետ, որոնք բոլորն էլ նրա շնորհիվ բարձրագույն կրթություն ստացան:

Հայոց Գողգոթայի ուսումնասիրման նվիրյալ դստեր կյանքի ամենագլխավոր, տառապալից գործի դիպվածը եղավ այն, որ 1984թ. ապրիլին ցեղասպանության հիշատակմանը նվիրված պատի թերթ պատրաստելիս, Կարինեն իր բաժնի վարիչի խորհրդով օգտագործում է XIX դարի վերջի XX դարի սկզբի զարդարվեստը ներկայացնող ցուցափեղկում ցուցադրված համրիչը (թզբեհ): Այն 1965թ. Հայաստանի Պատմության պետական թանգարանին էր նվիրել Վարդերես Մուխթարի (թաղապետի) դուստրը` Էժենի Աթանեսյան-Գյուլբոլյանը, որը 1946թ. ամուսնու եւ մոր հետ Ֆրանսիայից ներգաղթել էր Հայաստան:
99 հատիկից բաղկացած համրիչի հատիկների վրա աքսորյալ-նահատակ Վարդերես Մուխթարի ձեռքով փորագրված էր 103 անուն (հատիկներից մեկի վրա 2, մյուսի վրա` 4 անուններ էին գրված): Դրանք պոլսահայ այն երեւելիների անուններն էին, որոնք 1915թ. ապրիլի 11-ին (նոր տոմարով` 24-ին) ձերբակալվել էին երիտթուրքական վարչակարգի կոմից եւ աքսորվել Չանղըրը: Նա համրիչի 71-րդ հատիկի վրա փորագրել էր նաեւ իր անունը: Համրիչի հատիկների շարքը կապող քարի վրա գրված էր «Չանղըրը, ի 1915, Ապրիլի 11, Յիշատակ»: Նրանց մեջ էին Կոմիտասը, Գասպար Չերազը, Ռուբեն Սեւակը, Դանիել Վարուժանը եւ այլ անվանի հայեր:

Առաջին անգամ համրիչի վերաբերյալ հասարակությանն առավել լայն տեղեկություն է տրվում Կարինե Ավագյանի պատրաստած պատի թերթով, որտեղ նա տեղադրում է նաեւ համրիչի լուսանկարը եւ այն մակագրում` «Վերագտնված մասունք»:
Կարինեն պարզում է, որ անգամ թանգարանում համրիչի վերաբերյալ լուրջ տեղեկություններ չկան, եղածն էլ թերի էր, նույնիսկ համրիչը փորագրողը ներկայացված էր ոչ ճիշտ, իբրեւ «Վարդերեսյան»: Կարինե Ավագյանը մեծ ցավ է զգում, երբ նման առարկան, որն աքսորյալը գաղտնի կարողացել էր ուղարկել իր հարազատներին եւ որը ներառում էր այնքան կարեւոր փաստագրություն, կարող էր նման անփույթ վերաբերմունքի արժանանար: Կարինեն գիտեր, որ «Վերագտնված մասունք» վերնագիրը իր համար խնդիրներ էր ստեղծելու իր աշխատավայրում:
Սակայն նա սկզբունքային անհատականություն էր:

Աքսորից փրկված Գրիգորիս Ծայրագույն վարդապետ Պալաքյանը (որի անունն արձանագրված էր համրիչի 99-րդ հատիկի վրա) վերադարձից հետո իր «Հայ Գողգոթա» գրքում ափսոսանք է հայտնում, որ Չանղըրըի 69 աքսորականի եւ Այաշ աքսորվածներից 62-ի մասին էր գրել: Կարինե Ավագյանը 1991թ. այդ գիրքն ընթերցելուց հետո գտել եւ ուսումնասիրել է Չանղըրըի 120-ից ավելի եւ Այաշի 90-ից ավելի աքսորականի ճակատագիր: Նա 1995թ. «Ազգ» թերթում հրապարակում է հայտ համայն Սփյուռքին` համրիչի գոյության մասին: Արձագանքները չեն ուշանում եւ Կարինե Ավագյանը շարունակում էր լրացնել իր ուսումնասիրությունները: 1995թ. «Գարուն» ամսագրում լույս է տեսնում «Անզուգական ցուցանմուշ կամ վերագտնված մասունք» նրա առաջին հոդվածը, իսկ 2002թ.` «Եղեռնահուշ մասունք կամ Խոստովանողք եւ Վկայք Խաչի» պատմագիտական աշխատանքը: Նկատենք, որ դեռեւս 2002թ. Կարինեի գրքի վերնագիրը Մեծ եղեռնի նահատակների սրբադասման խորհուրդն ուներ: Շարունակելով իր տառապալից աշխատանքը՝ Կարինե Ավագյանն իր միջոցներով այցելում է Հալեպ, Բեյրութ, Կ.Պոլիս (Ստամբուլ), Դեր-Զոր, ուսումնասիրություններ կատարում գրադարաններում, Անթիլիասի մատենադարանում: Գրքի հրատարակումից հետո Կարինե Ավագյանն այնքան նյութ էր հավաքել եւ հոդվածներ հրապարակել, որ գիրքը կրկնակի ծավալով կարող էր վերահրատարակվել:

Հայոց ցավի անհայտ էջեր բացահայտած նվիրյալի գործը դժբախտաբար անավարտ մնաց: Ափսոս:

Մի խումբ ընկերներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031