Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնություններ կատարողներն անկախ պաշտոնից և զբաղեցրած դիրքից պետք է հանձնվեն ՀՀ արդարադատությանը». «Լուսավոր Հայաստան»

Հուլիս 30,2016 10:41

Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի հայտարարությունը հուլիսի 29-ին Երևանի «Սարի թաղ» թաղամասում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ

Լուսավոր Հայաստան կուսակցությունը խստորեն դատապարտում է հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի թաղ» թաղամասում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների և բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ կիրառված խայտառակ բռնությունների և առանց որևէ իրավական հիմքի օգտագործված հատուկ միջոցների դեպքերը:

Ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում տուժել են նաև բողոքի ցույցերին չմասնակցած «Սարի թաղի» բնակիչներ, լուսաձայնային նռնակներն ու ծխանռնակներն ընկել են տարածքի տների վրա, որի արդյունքում բռնկվել են  հրդեհներ:

Հիվանդանոցներ է տեղափոխվել տարբեր աստիճանի վնասվածքներով և այրվածքներով շուրջ 60 տուժած քաղաքացի: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների տուժածների մեջ կան մանկահասակ երեխաներ:

Բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ իրականացվել են թիրախային և նպատակային բռնություններ, որի արդյունքում լրագրողներին հասցվել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, կոտրվել տեսախցիկներ և խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը։ Տասնյակ քաղաքացիներ ենթարկվել են անմարդկային բռնությունների քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Բազմաթիվ քաղաքացիներ առանց որևէ հիմնավորման բերման են ենթարկել:

Լուսավոր Հայաստան կուսակցությունը գտնում է, որ հատուկ միջոցների կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ անթույլատրելի է և այն պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում, սակայն անցած տաս օրերի ընթացքում այն դարձել է ոստիկանության աշխատաոճի անբաժանելի մասը: Մինչդեռ ՀՀ օրենսդրության պահանջներն այլ են։

«Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ոստիկանության զորքերի զինծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն և մարտական տեխնիկա` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:

Օրենքի նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելիս ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է՝

1) դրանք գործադրելու մասին նախազգուշացնել իրավախախտողներին՝ բավարար ժամանակ տալով նրանց իր օրինական պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կամ մարտական տեխնիկա գործադրելու հապաղումը անմիջական սպառնալիք է ստեղծում իր, քաղաքացիների, զինծառայողների կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների կյանքի ու առողջության համար կամ կարող է այլ ծանր հետևանքներ առաջացնել, կամ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնարին է, ինչպես նաև ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է՝ ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի: Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված է, որ Ոստիկանության զորքերը պարտավոր են սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի մասին սեղմ ժամկետում հայտնել տուժածների մերձավոր ազգականներին:

Կուսակցությունը գտնում է, որ ոստիկանության կողմից փորձ չի արվել այլ միջոցներով կատարել իր պարտականությունները և առանց նախազգուշացման չդիմել բացառիկ միջոցի, այն է՝ հատուկ միջոցների կիրառմանը խիտ բնակեցված թաղամասում:

Տվյալ պարագայում, ոստիկանությունը որևէ կերպ փորձ չի արել նվազագույնի հասցնել հատուկ միջոցների կիրառման արդյունքում քաղաքացիներին և հարակից տներին և այլոց գույքին պատճառվող վնասը, ինչը դրսևորվում է նրանով, որ խիտ բնակեցված տարածքում կիրառվել են լուսաձայնային նռնակներ, ծխանռնակներ և այլ հատուկ միջոցներ:

Ավելին, պատճառվող վնասի նվազեցման նպատակով, ինչպես դա օրենքն է պահանջում, մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությունը չի ցուցաբերվել և հիվանդանոցից վնասվածքներ ստացած Դավիթ Սանասարյանը, առողջական վատ վիճակով բռնությամբ բերման է ենթարկվել, իսկ տուժածների մերձավոր ազգականները այլ աղբյուրներից են տեղեկացել է (այնինչ օրենքի պահանջն է, որ ոստիկանության զորքերը  գրավոր տեղեկացնեն) իրենց հարազատների հիվանդանոցում գտնվելու, մարմնական վնասվածք ստացած լինելու և առողջական վիճակի մասին:

Վերջին տասը օրերի ընթացքում քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունները, ակնհայտ անհիմն բերման ենթարկելու, քրեական գործեր հարուցելու նախադեպերը որևէ կերպ չեն նպաստում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը և ավելի են անկանխատեսելի դարձնում հետագա զարգացումները։

Լուսավոր Հայաստան կուսակցությունը ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է ձեռնպահ մնալ նոր բռնություններ ծնող և հրահրող գործողություններից և անհապաղ անցկացնել տեղի ունեցած դեպքերի մանրամասն և թափանցիկ քննություն, որի արդյունքում պետք է բացահայտվեն տեղի ունեցած իրավախախտումները, իսկ դրանք կատարողները անկախ պաշտոնից և զբաղեցրած դիրքից հանձնվեն ՀՀ արդարադատությանը։

Լուսավոր Հայաստան կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031