Վերջին շրջանում հաճախ է խոսվում Արցախի տարածքների՝ Ադրբեջանին հանձնելու, ինչ-որ փոխզիջումների՝ մեր ժողովրդի համար ոչ նպաստավոր երևույթների մասին: Սակայն բուն այդ տարածքներում բնակվողներն իրենց առօրյա հոգսերով են զբաղված և շենացնում են Հայոց երկիրը՝ անհրաժեշտության դեպքում նաև զենք վերցնում ու թիկունք դառնում առաջնագծի զինվորին: Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղը Հակարիի միջնամասում է՝ փռված գետի ձախափնյա հարթությունում: Գյուղը նաև կենտրոնի դեր է կատարում տարածքի բնակավայրերի համար՝ գտնվելով Բերձոր-Կովսական-Որոտան-Հադրութ խաչմերուկում: Ելնելով դրանից՝ կարևորվում է Իշխանաձորի զարգացումը:
Այստեղ են գործում տարածքի բուժկետը, «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ մասնաճյուղը, մեքենատրակտորային 2 կայան, 3 խանութ: Սիրիահայերի համար կառուցվել էր 12 բնակարան ունեցող շենք: Գյուղի առավել զարգացման նպատակով, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի առաջարկով, ԼՂՀ կառավարության, «Ազգային վիճակախաղ»-ի հասույթով և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ աջակցությամբ կառուցվեց Ազատամարտիկների նոր թաղամասը, որի շահագործումն իրականացավ վերջերս: Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի անմիջական գլխավորությամբ վերջին մի քանի ամսում շինարարությունն ավարտին հասցվեց, և օգոստոսի 6-ին, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, այլ պաշտոնատար անձերի, հարավային թևի համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների, բնակիչների, հյուրերի ներկայությամբ կայացավ 10 երեքսենյականոց առանձնատների և 8 բնակարանոց շենքի բնակարանամուտը: Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակից Ն. Մխիթարյանը հայտարարեց բնակարանամուտի հանդիսավոր բացումը:
Հնչեց Արցախի Օրհներգը, եղավ լռության րոպե՝ նվիրված Արցախյան գոյամարտի և ապրիլյան պատերազմական իրադարձությունների ժամանակ մարտիրոսված քաջորդիներին: Ներկաներին ողջունեց շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը.
Կարդացեք նաև
-Մեծարգո՛ պարոն Նախագահ, հարգարժա՛ն հյուրեր, սիրելի՛ բնակիչներ.
Հիրավի, այսօր պատմական օր է Իշխանաձորում: Շուտով մեր նահատակների արյամբ սրբացած այս հողի վրա, նվիրյալ Ազատամարտիկների անունը կրող նորակառույց թաղամասում բնակարանամուտ կնշի 16 ընտանիք: Ինչպես նաև տեղի կունենա 2 զույգի պսակադրության արարողություն: Տոնն առավել կարևորվում է, քանի որ վերջին ամիսներին այս տարածքների վերաբերյալ տարածվում են տարբեր կեղծ ու ստահոդ լուրեր: Այդ լուրերը տարածողներին մենք պատասխանելու ենք նորանոր բնակարանների կառուցմամբ, կենսական ծրագրերի իրականացմամբ, շրջանի շենացմամբ ու զարգացմամբ: Սիրելի՛ բնակիչներ, այս հողի վրա մենք ենք ապրում, ուրեմն մենք ենք այս հողի տերը, ուստի մենք ենք այս հողի ճակատագիրը որոշողը: Իսկ քաշաթաղցին ամեն առիթի դեպքում ապացուցել է, որ հայրենիքի կանչով ցանկացած պահի պատրաստ է իր ձեռքի բահն ու գրիչը փոխելու զենքով և իր կյանքի գնով պաշտպանելու իր հողն ու ջուրը, իր ընտանիքին ու երեխաներին:
Սիրելի հայրենակիցնե՛ր, ամենաջերմ շնորհակալություններս եմ ուղղում ձեզ՝ ձեր հայրենասիրության ու նվիրվածության համար: Քաշաթաղցին հիմնում է այգիներ, տնկում ծառեր, այդ թվում՝ հավերժության խորհրդանիշ հանդիսացող ընկուզենի, այն վստահությամբ, որ դրա բարիքներից օգտվելու են իր սերունդները: Քաշաթաղցին սիրում է խաղաղ ու ստեղծագործ աշխատանքը, իր ամենօրյա տքնաջան պայքարով արարում բերք ու բարիք, և ոչ մեկին թույլ չի տա խաթարելու իր անդորրը: Վստահ եմ, որ Ազատամարտիկների թաղամասում ծնվելու և մեծանալու են նոր Անդրանիկներ ու Չաուշներ, Բեկորներ ու Մոնթեներ, -ասաց Ս. Խաչատրյանը և շնորհակալական խոսք ուղղեց մեր երկրի իշխանություններին՝ Քաշաթաղի շրջանի զարգացումը որպես առաջնահերթություն դասելու, իրականացվող ու նախատեսվող ծրագրերի, այդ թվում՝ Իշխանաձորում Ազատամարտիկների թաղամասի կառուցումը նախաձեռնելու և իրականացնելու համար: Կրևորեց բարերարների աջակցությունը՝ նշելով «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, ով իր մասնակցությունն է ունեցել այս թաղամասի իրականացմանը, ում նվիրատվությամբ կառուցվում է Բերձորի հիվանդանոցը, շրջանում իրականացվում տարբեր սոցիալ-տնտեսական ծրագրեր: Շնորհակալություն հայտնեց «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին, որը 10 տարուց ավելի Քաշաթաղի շրջանում իրականացնում է տարբեր ծրագրեր: Հիմնադրամի կողմից է կառուցվել թաղամասի առանձնատներից մեկը, որի բանալիները հանձնվեցին սիրիահայ Արթին Ալմաջյանին: Ս. Խաչատրյանը շնորհակալական խոսք ուղղեց նաև բարերար Գուրգեն Մելիքյանին, «Հայրենասեր» կազմակերպությանը(ի դեմս Ստեփան Սարգսյանի և Նելլի Մարտիրոսյանի) և բոլոր շինարարներին, ովքեր ամառային այս սովորական օրն Իշխանաձորցու համար դարձրեցին տոն:
-Շնորհավորում եմ այսօր իրենց բնակարանամուտը նշողներին և մաղթում, որ Աստված պահապան լինի նրանց ընտանիքներին,-ելույթն ավարտեց շրջվարչակազմի ղեկավարը;
Բնկարանամուտը Տերունական աղոթքով օրհնեցին Հադրութի հոգևոր հովիվ Տեր Մաթևոս քահանա Դրավանցն ու օգնականը՝ բոլորին ցանկանալով Աստծո օրհնությունը, որ խաղաղությունը տիրի Հայոց երկնքում, որ այլևս պատերազմ չտեսնենք: Նոր թաղամասի բնակիչներին բնակարանների բանալիները հանձնեցին Արցախի Նախագահը, փոխվարչապետը, Ռալֆ Յիրիկյանը, քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը, շրջվարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանը: Նորապսակ զինվորական Գարիկ Մանգասարյանի բնակարանի կարմիր ժապավենը կտրեցին Ռ. Յիրիկյանը և Իշխանաձորի Հովհ. Թումանյանի անվ. միջն. դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի Սոսե Դանիելյանը: Հայոց բանակի զինվորականին ամուսնության և բնակարանամուտի առթիվ շնորհավորեցին Նախագահ Բակո Սահակյանը, նրան ուղեկցող պաշտոնատար անձինք, իշխանաձորցիները: Բնակարանամուտի հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ Գարիկ Մանգասարյան-Սառա Գրիգորյան և Դավիթ Սարդարյան-Աքսանա Առաքելյան զույգերի ամուսնության արարողությունը, որին մասնակից եղան Նախագահ Բակո Սահակյանը, նրան ուղեկցող պաշտոնատար անձինք, իշխանաձորցիներ, հարևան համայնքների ղեկավարներ, բնակիչներ: Հադրութի շրջանի հոգևոր հովիվը կատարեց պսակադրությունը, մաղթեց բարին և երջանիկ ապագա: Նորապսակները երկրի ղեկավարության կողմից շնորհավորանքների ու բարի մաղթանքի հետ ստացան նաև նվեր՝ հեռուստացույց: Հարսանյաց պարին մասնակից եղան շատերը, այդ թվում՝ Նախագահն ու կառավարության անդամները, Կովսականի «Թաթուլ» պարի խմբակի սաները: Օրը եզրափակվեց տոնական հրավառությամբ, որն ազդարարեց՝ Քաշաթաղը մեր տունն է, մեր հայրենիքը, և ոչ ոքի իրավունք չի տրված այն նորից օտարին հանձնել:
Զոհրաբ Ըռքոյան



























































