Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Ալբերտ Բաղդասարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին ու Պետրոս Մակեյանին չի հրավիրել հարթակ

Օգոստոս 08,2016 19:15

«Պետրոս Մակեյանը ցույց է տալիս, որ ինքը ինֆորմացիայի չի տիրապետում: Երբ որ մարդը ինֆորմացիայի չի տիրապետում, փորձում է իր տրամաբանության շրջանակներում բացատրել ու բացատրությունը կեղծ է ստացվում»,- Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում այսպես արձագանքեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի քննադատությանը: Նա ասել էր, որ Ազատության հրապարակում խնդիր էր դրված հարթակը չկուսակցականացնել եւ որ իր համար հանելուկային մնաց Ալբերտ Բաղդասարյանի հայտնվելը եւ նախաձեռնությունը վերցնելը, որը խորհրդակցում էր քաղաքական տարբեր ուժերի հետ, բայց ոչ իր հետ: Նրան անհասկանալի է հարթակի ձեւավորման սկզբունքը:

Ալբերտ Բաղդասարյանը պարզաբանեց, թե ինչպես է ինքը հայտնվել հարթակում ու ինչու Մակեյանին չեն հրավիրել. «Հուլիսի 17-ի առավոտյան ես եւ Արմենակ Կյուրեղյանը գնդի մոտերքում էինք: Մեզ ձերբակալեցին, տարան 13 ժամ, պահեցին Արգավանդի ճանապարհին գտնվող ներքին զորքերի զորամասի ինչ-որ դահլիճում: Երբ մենք եկանք, տիրում էր քաոս: Մի երիտասարդ աղջիկ կար, որը փորձում էր կարգավորել ու չէր կարողանում, չէր ստացվում: Հետո Նիկոլ Փաշինյանն էր կարծես փորձում ուղղորդել: Ես դեռեւս 96-ին մի առաջարկ ունեի Վազգեն Մանուկյանին, որը ակտուալ է այսօր ու քիչ-քիչ ոմանք հասկանալով վերցնում են: Ես այդ սկզբունքով ֆեսբուքում առաջարկեցի, որ հարկավոր է ապակուսակցական շարժ ստեղծել ու մի մեծ ցուցակ առաջարկեցի, որ հավաքվենք, միասին քննարկեն, պատասխանատվություն վերցնենք ու առաջնորդենք: Ցուցակում մարդկանց անուններ էին գրված, որոնք ոչ թե գտնում էի, որ լավն էին, այլ որ յուրաքանչյուրը ինչ-որ ուղղություն էր ներկայացնում եւ ժողովրդի մոտ ընդունելի է: Բոլորը միասին 100 տոկոս ժողովրդի մոտ ընդունելի մարդիկ կդառնային: Բոլորին նամակ եմ գրել, Պետրոս Մակեյանը չի եղել այդ ցուցակում»:

Մենք ճշտեցինք՝ կուսակցական էր, դրա՞ համար՝ նա պատասխանեց, որ Մակեյանի անհրաժեշտությունը չի եղել. «Ինչպես նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի անհրաժեշտությունը չի եղել, դրա համար Պետրոս Մակեյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը չի եղել: Բայց կային Նախախորհրդարանից մարդիկ, Արա Պապյան, Լեւոն Բարսեղյան»:

Մեր հարցին՝ այն մարդիկ, որոնք մի անգամ փորձել են, չի ստացվել, նրանց չե՞ք ընդգրկել՝ Ալբերտ Բաղդասարյանը պատասխանեց. «Ինտուիտիվ ես համարել եմ, որ հիմա հասարակության մեջ իմ հրապարակած ցուցակը, որտեղ կային լայն շերտերի համար անհայտ մարդիկ, ընդունելի են: Կարծրատիպերից ազատ մարդիկ պետք է լինեն, համարել եմ եւ այդ սկզբունքներով եմ գրել: Ժառանգությունից Արմեն Մարտիրոսյանը նախնական ցուցակի մեջ չի եղել, բայց երբ հավաքվել ենք, ամենաակտիվ դրսեւորումը ինքն է ունեցել եւ մտել է խորհրդի կազմի մեջ: Ասեմ, որ նամակներիս շատ քիչ թվով մարդիկ արձագանքեցին, պատասխանում էին, որ արտասահմանում են գտնվում, մեծ հաճույքով կմիանային: Հայկ Մարուքյանին էի գրել՝ Կարգին Հայկոյին, արվեստագետներ, որոնք իրենց դրսեւորումներով ժողովրդի մոտ վստահության էլեմենտ ունեին»:

Ալբերտ Բաղդասարյանն ասաց, որ ցուցակի մարդիկ պետք է 3 սկզբունքի դավաճանած չլինեին. «1. այդ անհատները ոչ միայն չէին դատապարտել «Սասնա ծռերին», այլ գտել են, որ «Սասնա ծռերը» ժամանակի պահանջն էր: Պետրոս Մակեյանը այդպիսի հայտարարություն չի արել, նա ՀԱԿ-ի համակարգում է գործում, որը դատապարտել է տղաներին: Առաջինը անհրաժեշտ էր, որ նա տղաներին չդատապարտեր, այլ հայտարարեր, որ դա անհրաժեշտ երեւույթ էր: Հետո պետք է տղաների պահանջը լիներ տվյալ գործչի պահանջը եւ երրորդ սկզբունքն այն էր, որ նա կուսակցության անունից հանդես չի գալիս: Դրա համար առաջարկել ենք նաեւ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Փաշինյանը հրաժարվեց, ասեց՝ ես կուսակցական եմ եւ իմ գործունեությունը բացառապես կուսակցական խողովակներով է լինելու եւ Քաղաքացական պայմանագրի որոշումներով է առաջնորդվելու, ՔՊ-ում պետք է քննարկեին, որոշեին, որ ինքը գար: Ես համարում եմ, որ ազատագրական պայքարի մեջ կուսակցությունների դերը պառակտիչ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031