Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովն ընդունել է բանաձև

Օգոստոս 09,2016 15:27

Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովն ավարտել է իր աշխատանքները: Խորհրդաժողովի արդյունքների հիման վրա ընդունվել է բանաձև, որն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության և գիտության նախարարության համար` մոտակա երկու տարիների ընթացքում: Համաձայն բանաձևի` խորհրդաժողովին բարձրացված հիմնախնդիրների լուծման նպատակով ներկայացվել են մի շարք առաջարկություններ, մասնավորապես, մշակել Սփյուռքի ուսուցիչների հավաստագրման, մանկավարժական գործունեության մշտադիտարկման, ատեստավորման մեխանիզմներ, շարունակել Սփյուռքի մանկավարժների ամենամյա վերապատրաստումը Հայաստանում և համայնքներում (ինչպես առկա, այնպես էլ հեռավար)` արդիականացնելով դասընթացների ծրագրերը, բովանդակությունն ու կազմակերպման ձևերը:

Առաջարկություն է հնչել հետամուտ լինել Հայաստանի կողմից տրվող կրթական փաստաթղթերի, կոչումների և վկայականների միջազգային ճանաչմանը, ինչպես նաև տեղական մակարդակով ուսուցիչների վերապատրաստման, որակավորման բարելավման կամ լրացուցիչ մասնագիտացման նպատակով օգտագործել տվյալ երկրի բարձրագույն կրթական հաստատությունների հնարավորությունները: Բացի այդ, համաձայն բանաձևի` առաջարկվել է Սփյուռքի մեկօրյա ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար մշակել հայագիտական առարկաների քննությունների կազմակերպման եղանակներ, ուսումնասիրություններ իրականացնել Սփյուռքի սովորողների և ուսուցիչների շրջանում և դրանց արդյունքների հիման վրա մշակել հոգեբանական աջակցության և վերականգնողական աշխատանքների ծրագիր:

Ըստ մեկ այլ առաջարկի` նախատեսվում է մեկօրյա դպրոցներում աշակերտների ուսումնական պարապմունքներին զուգահեռ դասընթացներ կազմակերպել ծնողների համար՝ հաշվի առնելով նրանց ճանաչողական, կրթական և այլ պահանջմունքները, ինչպես նաև վերաիմաստավորել մեկօրյա դպրոցների դերը՝ որպես խնդիր դիտելով ոչ միայն սովորողներին գրաճանաչ դարձնելը, այլև անձի բազմակողմանի զարգացումը: Համաձայն բանաձևի հաջորդ կետի` առաջարկ է հնչել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սփյուռքահայ ուսուցիչների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել համապատասխան որակավորմամբ մագիստրոսական կրթություն ստանալու համար: ՀՀ կառավարության կողմից մշակութային մասնագիտություններով անվճար ուսուցման տեղեր տրամադրել սփյուռքահայերին,   ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կից ստեղծել Սփյուռքի դպրոցների կրթական խնդիրներով զբաղվող գիտամեթոդական հանձնաժողով, որը կիրականացնի դասագրքերի, ուսումնական և մեթոդական այլ նյութերի փորձաքննություն, գործածության երաշխավորում:

Բացի այդ, առաջարկվել է նպաստել ուսումնական նյութերի էլեկտրոնային պաշարների միասնական շտեմարանի հարստացմանը, ապահովել Հայաստանում հրատարակվող գրականության մասին տեղեկատվության տարածումը,   ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակներում նկարչության ուսուցիչ չունեցող դպրոցների սաների համար իրականացնել առցանց դասեր: Բանաձևի եզրափակիչ մասում առաջարկ է հնչել արտասահմանյան բուհերում հայոց լեզու ուսումնասիրող ուսանողների համար ստեղծել Հայաստանում մասնագիտական գիտելիքների ընդլայնման, ինչպես նաև ընդհանուր ճանաչողական ծրագրեր, քայլեր ձեռնարկել տարիքային խմբերի աշակերտների համար առցանց տարաբնույթ մրցույթներ կազմակերպելու ուղղությամբ, և վերջապես, նպաստել Հայաստանի հայագետների աշխատանքների օտար լեզուներով հրատարակմանը՝ արտասահմանյան երկրների և Հայաստանի հայագետների համագործակցությունն ամրապնդելու նպատակով:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031