Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում են 2000 թվականից Փարիզի բարձր նորաձեւության ակադեմիայի իսկական անդամներ Գեւորգ եւ Վարդան Թառլոյանները

Սեպտեմբեր 07,2016 12:30

Փարիզի բարձր նորաձեւության ակադեմիան ունի 16 անդամ, որոնց թվում են Դիորը, Վերսաչեն, Վալենտինոն, Ջիվանշեն, Ժան Պոլ Գոտյեն եւ այլք:

«Առավոտը» Գեւորգ եւ Վարդան Թառլոյաններին հանդիպել էր երեք տարի առաջ: Մեզ հետ զրույցում («Առավոտ», 21.05.2013թ.) նրանք նշել էին, որ Հայաստանում արդեն ստեղծագործում են հիանալի մոդելյորներ եւ հավաստիացրել էին, թե փափագում են Երեւանում սալոն հիմնել, ինչը հնարավորություն կտա հայաստանցի կոլեգաների հետ միահամուռ ուժերով հայկական նորաձեւությունը ներկայացնել միջազգային ասպարեզում:

Gevprg_Vardan_Tarloyanner

Նաեւ շեշտել էին, թե դա հնարավոր կդառնա միայն մեր երկրում տեքստիլ արդյունաբերության զարգացման դեպքում: Թառլոյան եղբայրներն ասացին, որ այդ մտադրությունից չեն հրաժարվել, տեղեկացված են, որ արդեն Երեւանում բացվել են «Արտադրված է Հայաստանում» առեւտրի սրահներ, որտեղ վաճառվում է զուտ տեղական արտադրանք:

barcr_noradzevutyun_1

«Մենք դեռ չենք շտապում, որովհետեւ ունենք նախագծեր՝ կապված Հայաստանի հետ: Հավանաբար 2017թ. «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում ցուցադրություն կունենանք, որտեղ տեղ կգտնեն էսքիզներ եւ առաջին անգամ հայաստանցիները կծանոթանան մեր դիզայնով ստեղծված հագուստներին՝ քանդակային կերպարների միջոցով: Ցանկություն ունենք հանդիպելու նաեւ Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի հետ, որի նպատակն է հենց պատկերասրահում ներկայացնել 30 հագուստ մեր «Քամուց քշվածները» հավաքածուից: Ընդ որում, ժամանակին այդ ցուցադրությունը կայացել է Փարիզում, ազդված լինելով Մարգարետ Միտչելի համանուն երկից, որի համար հատուկ երաժշտություն էր գրել կոմպոզիտոր Ժերար Պրեսկուրվեկին»,- հայտնեց Գեւորգ Թառլոյանը: Եղբայրը՝ Վարդանը, մանրամասնեց՝ ինչ ասել է քանդակային կերպարներով հագուստ ներկայացնելը. «Դրանք նման չեն սրահների ցուցափեղկերում մանեքեններով հագուստներին: Զգեստը քանդակի վրա, ի տարբերություն մանեքենի, դիտվում է իբրեւ զուտ նորաձեւության նմուշ: Նման բան Հայաստանում դեռ չի արված: Առաջին անգամ մենք անցյալ տարի Փարիզում «Ժանսեմ պատկերասրահում» ներկայացրինք ոչ միայն մեր գեղանկարչական աշխատանքները, այլեւ «Հանդիպում» խորագրով մի քանի հագուստ քանդակային կերպարներով: Այցելուների թվում կային մեծահարուստներ, որոնք ցանկություն հայտնեցին գնել դրանք, բայց Ժանսեմի դուստրը, որը պատկերասրահի տնօրենն է եւ այդ հարցում իր ասելիքը որոշիչ էր, թույլ չտվեց»:

barcr_noradzevutyun_3
Փարիզի բարձր նորաձեւության ակադեմիայի իսկական անդամ լինելը հնարավորություն է տալիս տարվա ընթացքում Ֆրանսիայում 4 անգամ անցկացնել ցուցադրություն: Մեզ հայտնի է միայն 2006թ. երկու մասից բաղկացած՝ «Ինկվիզիցիա» եւ «Փախուստ» թեմաներով հավաքածուն, որը ժամանակին ցուցադրվեց նաեւ Հայաստանում՝ Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նոր հավաքածուներ ունեն եւ աշխատո՞ւմ են, արդյոք, մենեջերի հետ: «Նախ՝ մեր հագուստը հասցեագրված է համարձակ կանանց, անկասկած ստեղծագործում ենք ներշնչվելով հայկական հոգեւոր արժեքներով: Կար ժամանակ, որ Ֆրանսիայում համագործակցում էինք մենեջերի հետ: Բայց մենեջերն էլ իր հասույթն ունի, ինչը կազմում է 10%, եթե գումարենք նաեւ պետական հարկը՝ 45-50%, ապա մեզ՝ նաեւ մեր աշխատակիցներին, պարզապես շոշափելի գումար չի մնում»,- նշեց Վարդանը: Խնդրեցինք՝ եթե գաղտնիք չէ, մեկ օրինակ բերել: «Օրինակ, մենեջերի հետ աշխատեցինք հենց «Քամուց քշվածները» հավաքածուն ցուցադրելիս: Այն ներառում էր 240 հագուստ՝ 4 մլն եվրո արժողությամբ,- նշեց Գեւորգը, հետո էլ ժպտալով հավելեց,- դե, հանում-գումարումն էլ դուք կատարեք»:

barcr_noradzevutyun_2
Իսկ թե ակադեմիայի իսկական անդամ լինելը չի՞ ենթադրում նման հեղինակավոր հաստատության կողմից աջակցություն, մեր զրուցակիցների պատասխանը միանշանակ ոչ-ն էր: Ասվածն էլ փոքր-ինչ մանրամասնեցին: Կուտուրյեների ձեւակերպմամբ՝ մոդելյորը ինքը պետք է բանակցություններ վարի տեքստիլի՝ գործվածքի արտադրողների հետ: Նրանց հավաստիացմամբ՝ այդ գործում դիվանագետներ են թուրքերը, հնդիկներն ու չինացիները: «Վերջին շրջանում Ֆրանսիայում կարելի է հանդիպել արտադրված է Թուրքիայում, Հնդկաստանում կամ Չինաստանում պիտակներով հագուստների, օրինակ, Դիորի ամենօրյա հագուստի տեսականու մի մասի ձեւվածքը կատարվում է Փարիզում, իսկ հագուստի տեսք ստանում, ասենք՝ Թուրքիայում: Այստեղ մեկ գործոն է աշխատում՝ այդ երկրի աշխատուժը էժան է: Բայց արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ այդ արտադրանքը ապահովում է միջինից բարձր որակ»,- հավաստիացրեց Գեւորգ Թառլոյանը:

110147264 6700137

Եղբայրն էլ ավելի մանրամասնեց. «Փարիզում Opera Bastille-ի շրջակայքում գործում է վերնիսաժ, որտեղ, ի թիվս ճանաչված նկարիչների, մենք էլ վաճառքի ենք հանում մեր գեղանկարչական աշխատանքները: Այսպիսով կուտակում ենք որոշակի գումար՝ առաջիկա մեր ցուցադրությունների համար»: Ի դեպ, եղբայրները ժամանակին Հայաստանում մասնագիտացել են մանրանկարչության բնագավառում, 1991թ. հայտնվել Հոլանդիայում, հետո՝ Բելգիայում, իսկ 93-ից հաստատվել են Փարիզում:

barcr_noradzevutyun_5

Արվեստագետներին հիշեցնելով, որ իրենք հատկապես դասական երաժշտության սիրահար են, չե՞ն պատրաստվում համագործակցել հայաստանյան թատրոնների, ասենք՝ օպերայի կամ կոմեդիայի, կամ էլ՝ ժամանակակից որեւէ կոմպոզիտորի հետ: Կուտուրյեները նշեցին միայն, որ դա իրենց երազանքն է եւ առաջին իսկ հնարավորության դեպքում սիրով «կզգեստավորեն» օպերային կամ բալետային ներկայացում:

Գեւորգ եւ Վարդան Թառլոյանները զրույցի ընթացքում հավաստիացրին, որ իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում է հայաստանյան մշակութային կյանքը: «Երբեմն տեղեկանում ենք, որ Երեւանում այս կամ այն մշակութային միջոցառումը իրականացվել է ՀՀ նախագահի, իսկ հաճախ էլ՝ նրա տիկնոջ բարձր հովանու ներքո, ինչը ողջունելի է: Նման բան Ֆրանսիայում հաստատ չեք հանդիպի: Հավանաբար այստեղ դերակատարում ունի նախագահի տիկնոջ երաժիշտ լինելը»,- նշեց Գեւորգը: Մենք էլ նախ հետաքրքրվեցինք՝ արդյոք իրենց գոհացնո՞ւմ է ՀՀ նախագահի տիկնոջ կերպարը, հետո էլ հարցրինք՝ իսկ ի՞նչն է խանգարում, որ Ֆրանսուա Օլանդը կամ նրա տիկինը աջակցեն արվեստին: «Ռիտա Սարգսյանի հագուկապը միշտ գոհացրել է ոչ միայն մեզ, այլեւ մեր գործընկերներին: Ինչ վերաբերում է նախագահ Օլանդին, նրա ամուսնական ճակատագիրը հարթ չի ընթացել. երկու անգամ ամուսնալուծվել է, առաջին կինը՝ Սեգոլե Ղուայալը, Ֆրանսիայի բնապահպանության նախարարն է, երկրորդը՝ մասնագիտությամբ լրագրող Վալեղի Տղեյվայլեղը, որը վերջին շրջանում նախկին ամուսնուն վերաբերող «բաց տեքստերով» ողողել է ֆրանսիական մամուլը, ավելին՝ սկսել է արդեն նման բովանդակությամբ գրքեր հրատարակել: Հիմա գաղտնիք չէ՝ Օլանդը հանդիպում է ճանաչված դերասանուհի Ժուլիե Գալեի հետ, հավանաբար նրանք կամուսնանան»,- պատասխանեց Վարդանը: Ժպտալով էլ շեշտեց, թե ՀՀ նախագահի բախտը պարզապես բերել է:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում` Նմուշներ՝ Թառլոյանների հավաքածուներից

 

«Առավոտ»

06.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930