Լրահոս
Օրվա լրահոսը

Ստելլա Սարդարյան` անկախության սերնդի ջութակահարուհին Տավուշի Լուսաձոր գյուղից

Սեպտեմբեր 21,2016 14:20

«Անկախության սերունդ» համահայաստանյան երգչախումբն ու նվագախումբը համախմբում է 10-25 տարեկան մոտ 1100 պատանի և երիտասարդ երաժիշտների ամբողջ Հայաստանից և Արցախից։ Նրանք ծնվել, կրթություն են ստացել անկախ Հայաստանում և այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ներկայանալու են մեծ նախագծի շրջանակներում։

Սեպտեմբերի 21-ին տեղի ունենալիք աննախադեպ նախագծի մաս է կազմելու ջութակահարուհի Ստելլա Սարդարյանը՝ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղից։

18-ամյա Ստելլան երաժշտական կրթությունը ստացել է Լուսաձորում, ջութակ նվագում է 7 տարեկանից։ Այժմ ուսումը շարունակում է Դիլիջանում։ Ստելլան բազմամարդ ընտանիքում է ապրում։ Հինգ երեխաներից չորրորդն է։ Տանը միայն ինքն է երաժշտությամբ զբաղվում. «Ես շատ-շատ եմ սիրում իմ գործիքը, և ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ սիրած գործիքի հետ։ Միշտ առաջնայինը համարել եմ ջութակը։ Դասերից հետո տուն մտնելով՝ առաջինը ձեռքս եմ վերցրել ջութակը։ Ծնողներս էլ միշտ խրախուսել են ինձ, ուրախացել, որ նվիրված եմ իմ գործին»։

Երիտասարդ երաժիշտը նշում է, որ քոլեջից հետո եթե հնարավորություն ունենա, կշարունակի ուսումը Երևանի կոնսերվատորիայում։ Թեև ասում է, որ Երևանում ապրելը հեշտ չէ. «Քույրեր, եղբայր ունեմ։ Ու չգիտեմ՝ ինչպես կստացվի հետագայում կրթության հարցը»։

Ստելլան խոստովանում է, որ «Անկախության սերունդ» նվագախմբում աշխատելիս աննկարագրելի զգացումներ ունի. «Սա ինձ համար մեծ պատիվ է, ես իրոք երջանիկ եմ։ Միշտ երազել եմ, բայց մտքիս ծայրով անգամ չի անցել, որ հանդես կգամ օրկեստրում։ Սա մեծ փորձ է։ Ինձ տրված առաջին հնարավորությունն է, ու գուցե նաև ինձ օգնի առաջ գնալ երաժշտության ասպարեզում։ Ջութակին սիրահարված եմ, ապագաս առանց  ջութակի չեմ պատկերացնում։ Իմ առջև դրված ամենամեծ նպատակը բարձրակարգ երաժիշտ դառնալն է, չասեն՝ ուղղակի ջութակ նվագող եմ։ Ու ինձ թվում է, եթե պայքարեմ, շատ աշխատեմ, կհասնեմ իմ նպատակին»։

Նշենք, որ «Անկախության սերունդ» համահայաստանյան երգչախումբ-նվագախմբի համերգն այսօր ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել հեռուստատեսությամբ։

«Դասական երաժշտության աջակցություն»

հասարակական կազմակերպություն  հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930